Կարթագենի հիմնադիր Դիդոնեն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարթագենի հիմնադիր Դիդոնեն
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Թըրներ[1]
տարի1815
բարձրություն155,5 սանտիմետր
լայնություն232 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Dido building Carthage, or The Rise of the Carthaginian Empire (NG498) Վիքիպահեստում

«Կարթագենի հիմնադիր Դիդոնեն» նաև «Դիդոնեն Կարթագենը հիմնադրելիս կամ Կարթագենի կայսրության ծաղկումը» (անգլ.՝ Dido building Carthage, or the rise of the Carthaginian Empire), անգլիացի նկարիչ, ռոմանտիկական բնանկարի վարպետ, ջրանկարիչ և փորագրիչ, ֆրանսիական իմպրեսիոնիստների նախակարապետ Ուիլյամ Թըրների նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1815 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 155,5 × 230 սմ։ 1856 թվականից ցայսօր «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[3] (Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Թըրները նկարը ստեղծելիս որպես սյուժե օգտագործել է Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմը։ Դիդոնեն Պիգմալիոնի՝ Տյուրոսի արքայի քույրն էր և Սիքեի Կինը։ Նա փախչում է Լիբիա այն բանից հետո, երբ գահի համար մղվող պայքարում ձեռնունայն մնաց։ Այստեղ, ըստ ավանդության, Դիդոնեն հիմնադրում է Կարթագեն քաղաքը։ Ուիլյամ Թըրները հաճախակի էր անդրադառնում դասական սյուժեներին, իսկ Դիդոնեի և Էնեասի պատմությունը նկարչի ամենասիրելի թեմաներից էր. մահվանից առաջ նա հասցրեց ստեղծել ևս չորս նկարներ այս նույն թեմայով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործության մեջ առավել ամբողջությամբ է պատկերված իդեալականացված աշխարհը, որն ըստ էության Ջոշուա Ռեյնոլդսի արվեստի տպավորության ներքո է ստեղծվել։ Նրա դասախոսությունները Ուիլյամ Թըրները լսել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ուսանելի տարիներին։

Հավատարիմ իր համոզմունքներին, ըստ որի գեղարվեստական ստեղծագործությունը պետք է ունենա խրատականություն, Ուիլյամ Թըրները հակասություն է դրել «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործության մեջ։ Մի կողմում երևում է Կարթագենի եռացող կյանքը, իսկ մյուս կողմում, ըստ մասնավորի աջ հատվածում, պատկերված է Սիքեի գերեզմանը։

Հնարավոր է, որ նկարում պատկերված անսովոր գունավորմամբ արևը վրձնելիս Թըրները տեսել է ինդոնեզական Տամբորա հրաբուխը[4]։ 1815 թվականի ապրիլին այդ հրաբուխի ժայթքման ժամանակ մթնոլորտ է արտանետվել ավելի քան 100 կիլոմետր խորանարդ մոխիր։ Այդ պատճառով փոխվել է կլիման Երկրի վրա. չափազանց երկարատև մառախուղներ էին գրանցվում, իսկ 1816 թվականի ամառը հայտնի դարձավ «Տարին առանց ամռան» անվանումով։

Անկասկած «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործությունը վրձնելիս Ուիլյամ Թըրները ազդվել է Կլոդ Լորենի պատմական կտավից, որը կոչվում է «Թագուհու մեկնումը». այս նկարը հեղինակը տեսել է դեռևս 1799 թվականին։ Տեսնելով այս նկարը լոնդոնցի կոլեկցիոներ Էնգերսթայնի մոտ, Թըրները լացել է։ Նկարի սեփականատերի հարցումներին ի պատասխան Թըրներն ասում է. «Դա այն պատճառով է, որ ես երբեք չէի կարողանա նկարել այսպիսի նկար»։ 1815 թվականին ավարտելով նկարը, Ուիլյամ Թըրները այն համարեց իր արվեստի գագաթնակետ և իր կտակում պայման դրեց, որ մեռնելիս մարմինը փաթաթեն այս նկարով։ Սակայն հետո հեղինակը փոխում է կտակը, քանի որ, ըստ նրա, հետո կրկին կհանեն մարմինը գերեզմանից, որպեսզի նկարը դուրս հանեն։

«Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործությունը շատ անգամներ ցանկացան գնել, սակայն հեղինակը անդրդվելի էր և մերժում էր բոլորին։ Նա իր այս կտավը կտակեց Ազգային պատկերասրահին պայմանով, որ այն միշտ տեղ գտնի «Թագուհու մեկնումը»[5] կտավի կողքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Уильям Тёрнер / Перевод с английского А. Е. Мосейченко. — М.: ЗАО «БММ», 2007. — 256 с. — 2000 экз. — ISBN 5-88353-278-0
  • Дзуффи С. Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 244. — 431 с. — ISBN 5-224-03922-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]