Կառնակի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառնակի տաճար
M17p
t
st
t
Z2
[1]
Տաճարային համալիրը և սրբազան լիճը
ԵրկիրԵգիպտոս
Քարտեզ
Քարտեզ

Կառնակի տաճար (Իպետ - Իսուտ[2],եգիպ.՝ Ipt-swt - «ընտրյալ վայր»)[1], Հին Եգիպտոսի խոշորագույն տաճարային համալիր, Նոր թագավորության գլխավոր պետական սրբավայր։ Համալիրն ընդգրկում է տաճարներ նվիրված Թեբեի երեք աստվածներին՝ գլխավոր աստված Ամոն - Ռային, նրա կնոջը՝ Մուտին և որդուն՝ Խոնսուին։ Գտնվում է հին Թեբեի տարածքում, ժամանակակից Կառնակ բնակավայրում, որը գտնվում է Նեղոսի արևելյան ափին, Լուքսորից 2,5 կմ հեռավորության վրա։

1979 թվականից այս տաճարը (Լուքսորի տաճարի և Թեբեի դամբարանադաշտի հետ) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեբեում Ամոն-Ռայի պաշտամունքի գոյության մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Միջին թագավորության շրջանին։ Այն ութանկյուն սյուն է՝ ստեղծված XI դինաստիայի Ինիոտեֆ II փարավոնի օրոք և գտնվում է Լուքսորի թանգարանում։ Տաճարային համալիրի պահպանված ամենահին շինությունը, այսպես կոչված, Սպիտակ կապելլան է (տաճար-տաղավար սպիտակ կրաքարից) կառուցված XII դինաստիայի օրոք Սենուսերտ I փարավոնի կառավարման տարիներին։

Շինարարական աշխատանքները մեծ ծավալի են հասել Նոր թագավորության շրջանում։ Տաճարի կառուցման առաջին խոշոր աշխատանքներն իրականացրել է XVIII դինաստիայի փարավոն Թութմոս I-ը, որի հրամանով կառուցվել են երեք պիլոնները (VI, V և IV), սյունասրահը, ոչ մեծ դահլիճը և երկու կոթողներ ասուանյան կարմիր գրանիտից, որոնցից մեկը մինչ այսօր պահպանված է իր տեղում։ Հին հուշարձանները շրջապատել են պատով՝ դարպասների մոտ կցելով ավազաքարից շինություններ ( IV և V պիլոններ)։ Նրա հաջորդի՝ Թութմոս II-ի օրոք կառուցվել է ևս մեկ պիլոն (VIII):

Տաճարն էապես նորոգել է Թութմոս I-ի դուստր և Թութմոս II-ի այրի, կին-փարավոն Հաթշեփսուտը։ Նա կառուցել է VIII պիլոնը, ընդարձակել Մուտ աստվածուհու տաճարը և իր հոր համալիրի կենտրոնում ավելացրել Կարմիր կապելլան՝ Ամոն -Ռայի սրբավայրը՝ կարմիր և սև գրանիտից, պատերին իր թագադրման տեսարանով հարթաքանդակներ։ Հետագայում Խատշեպսուտի տաճարը քանդվել և կիրառվել է որպես շինանյութ Ամենհոտեպ III-ի կողմից, վերակառուցվել հելլենիստական շրջանում (Ալեքսանդր Մակեդոնացու և Փիլիպ III Արիդեոսի օրոք), իսկ այսօր վերստեղծվել Տաճարների թանգարանում բաց երկնքի տակ։

Հաթշեփսուտը Կառնակում տեղադրել է չորս հսկայական կոթողներ, որից երկուսը Թութմոս I-ի պիլոնների միջև, ներառյալ մեր օրերը հասած կարմիր գրանիտից միակտորը՝ 30 մ բարձրությամբ։ Դրանք Եգիպտոսում երբևէ կառուցած ամենաբարձր օբելիսկներն էին, քանի դեռ Թութմոս III-ը չի ծածկում քարե շարվածքով։ Թագուհու օրոք Կառնակի համար պատրաստվում էր նաև ամենաբարձր օբելիսկը, որը, սակայն, անավարտ մնաց։ Նրա բարձրությունը պետք է լիներ 41,8 մետր, իսկ կշիռը՝ 1200 տոննա, որը երեք անգամ գերազանցում է Եգիպտոսում երբևէ կառուցվածներին։

Հաթշեփսուտի խորթ որդին՝ Թութմոս III-ը, ձգտելով գերազանցել իր նախորդին և վերացնել նրա մասին հիշողությունը, ավելացնում է VII պիլոնը նոր՝ լայնակի առանցքի երկայնքով՝ տաճարի ուղղանկյուն հատակագծին հաղորդելով Т- աձև տեսք։ Այդ պիլոնից արևելք 1903 թվականի պեղումների ընթացքում բացվել է գաղտնարան, որտեղ գտնվել են 17 հազար բրոնզե և 779 քարե արձաններ, ինչպես նաև դարերի ընթացքում հավաքված այլ ցուցանմուշներ՝ թվագրաված V դինաստիայից (XXVI դար մ.թ.ա.) մինչև Պտղոմեոսյանների շրջան։

Կառնակի տաճարային համալիրի հատակագիծը
Ամոն - Ռայի գլխավոր տաճարը
Սրբազան լիճը
Արձանասյուներով դահլիճ
Ոչխարագլուխ սֆինքսների փոքր ուղին տաճարի դիմաց

Թութմոս III-ի օրոք ավելացված շինություններից է փարավոնի արձաններով բակը, մեծ սուրբ լիճը նեղոսաչափով, երկու կոթող (այդ թվում Ստամբուլում գտնվող «Թեոդոսիոսի կոթողը») և Ահ-մենու-ն՝ հեբ- սեդ ծիսակատարության համար նախատեսված տոնակատարությունների սյունազարդ դահլիճը՝ շրջապատված բարձրաքանդակներով, որոնք պատկերում են փարավոնի հոբելյանական նվիրաբերումներն իր 61 նախնիներին։ Այդ «Կառնակյան արքայական ցուցակը» մեծ նշանակություն ունեցավ Հին Եգիպտոսի պատմության ժամանակագրությունը վերականգնելու համար։ Առաջին անգամ այն հիշատակվել է անգլիացի եգիպտագետ Ջեյմս Բյորտոնի կողմից 1825 թվականին[4], իսկ 1840 թվականին ֆրանսիացի եգիպտագետ Էմիլ Պրիսը գաղտնի ցուցադրել է ցուցակով բարձրաքանդակները և տարել Լուվր՝ կաշառելով եգիպտացի պաշտոնյային։ Ահ-մենու դահլիճի քանդակազարդ հսկա սյուները նմանօրինակը չունեն եգիպտական ճարտարապետության մեջ։ VI պիլոնի և Հաթշեփսուտի կառույցների միջև գտնվում է «Տարեգրությունների դահլիճը», որի պատերին փաստագրված է «Թութմոս III-ի տարեգրությունները»՝ գրիչ Տանինիի ռազմական ժամանակագրությունը, որը պատմում է փարավոնի 17 հաղթական արշավների մասին Առաջավոր Ասիայում։ Թութմոս III-ի օրոք Կառնակում Ամոն-Ռայի տաճարից հյուսիս կառուցվել է նաև Պտահ աստծու տաճարը, որի կառուցումն ավարտվել է հունա-հռոմեական շրջանում։

Այս փարավոնի կառավարումը Կառնակում արտացոլվել է նաև «Թութմոս III-ի բուսաբանական այգու» պատկերներում, որտեղ արտացոլված են Եգիպտոսի, ինչպես նաև նվաճված երկրների՝ Նուբիայի. Քանանի, Սիրիայի բույսերի ու կենդանիների պատկերներ։

Շինարարական առավել ակտիվ գործունեություն է ծավալվել Ամենհոտեպ III փարավոնի օրոք (մ.թ.ա. մոտ 1405–1367 թվականներ)։ Այդ ժամանակ Կառնակը կազմված էր աղյուսե պատերով շրջապատված երեք առանձին տաճարային համալիրներից՝ նվիրված Ամոն - Ռային, նրա կանաց՝ Մուտին (հարավում) և Մոնտուին (հյուսիսում)։ Ամոն - Ռայի տաճարից ոչ հեռու գտնվում էր լուսնայի աստվածություն Խոնսուի ոչ մեծ տաճարը (հարավ-արևմուտքում)։ Մուտ ատվածուհու տաճարի ներսում և դրսում կանգնեցված էին առյուծ-ստվածուհի Սեհմետի ավելի քան 600 արձաններ՝ երկուական մետր բարձրությամբ։ Սրբազան ջրավազանի մոտ ծագող արև Խեպրիի պատվին դրված էր սրբազան բզեզի հսկա քանդակը[5]։ Ամենհոտեպ III-ը հրմայում է տեղադրել III պիլոնը, իսկ նրա ճարտարապետ Ամենհոտեպ Կրտսերը կառուցում է գլխավոր սյունասրահի կենտրոնական սյունաշարը։

Ամոն - Ռայի տաճարից արևելք Էխնաթոն (Ամենհոտեպ IV) արքայի կողմից կառուցվում է արևային սկավառակի աստծուն՝ Աթոնին նվիրված տաճար, որին նա հռչակեց գլխավոր աստված իր թագավորության շրջանում (աթոնիզմ)։ Չափերը 120х200 մետր էին կազմում, որն ավելի մեծ էր քան Ամոն - Ռայի տաճարը։ Էխնաթոնի հրամանով այն բոլոր տաճարները, որոնք չէին պատկանում Աթոնին, փակվեցին։ Նրա մահից հետո՝ Հորեմհեբ արքայի օրոք, հին աստվածների տաճարները կրկին բացվեցին, իսկ Աթոնի սրբավայրը քանդվեց։ Աղյուսաբեկորներն օգտագործվեցին այլ տաճարների կառուցման համար։ Այդ քարաբեկորներից մի քանիսը կարելի է տեսնել Լուքսորի թանգարանում։

Հորեմհեբի օրոք ավելացվեցին II, IX և X պիլոնները, ինչպես նաև սֆինքսների ուղին։ XIX դինաստիայի արքաներ Սեթի I-ը և Ռամզես II-ը ավարտեցին սյունազարդ մեծ դահլիճի կառուցումը՝ Ամենհոտեպ III-ի սյունաշարի կողքին վեր խոյացան ևս 7 շարք սյուներ։ 1899 թվականին 11 սյուներ ընկան շղթայական փոխազդեցությամբ հիմքերի ողողման հետևանքով։ Ժորժ Լեգրենը՝ այդ ժամանակավա գլխավոր հնագետը, ղեկավարեց վերականգնողական աշխատանքները, որոնք ավարտվեցին 1902 թվականի մայիսին։

Դահլիճի պատերի բարձրաքանդակներըկոչված էին փառաբանելու փարավոնների սխրանքները խեթերի դեմ կռվում։ II պիլոնի առջև Ռամզես II-ը տեղադրեց իր հսկա արձանները, իսկ Նեղոսից մինչև տաճարի մուտք ձգվում էր ոչխարի գլխով սֆինքսների ուղին։ Ռամզես II-ի հաջորդ Մերնեպտահ փարավոնը տաճարի պատերի վրա թողել է «ծովի ժողովուրդների» դեմ մղած իր պատերազմների մասին «Կառնակյան մեծ արձանագրությունը», որը համարվում է Հին Եգիպտոսի մեծածավալ արձանագրություններից ամենաերկարը[6]։ Սեթի II-ը կառուցում է պիլոն Մուտի տաճարի առջև և ոչ մեծ սրբավայր թեբեյան երեք աստվածությունների պատվին։

XX արքայատոհմի փարավոն Ռամզես III-ն ավարտեց ևս երկու տաճար և սկսեց Խոնսուի մեհյանի վերակառուցումը, որն ավարտվեց հաջորդի օրոք (հետագայում Հերիհորը արտաքին բակում թողնում է իր արձանագրությունը, Պտղոմեոս III Էվերգետը կառուցում է մեր օրերը հասած մեծ դարպասները և պարիսպը, իսկ Նեկտանեբ I-ը՝ ոչ մեծ սյունասրահ. ի վերջո տաճարի մեծաթիվ ձևափոխումների արդյունքում այդտեղ կարելի տեսնել իրար հետ չհամընկնող տարրեր)։

Կառնակում կառուցողական խոշոր նախագծեր սկսեցին իրականացվել նուբիյան դինաստիայի փարավոն Թահարկայի օրոք, որը կառուցեց խոշոր տաճար - տաղավար II պիլոնի առջև, մեկն էլ՝ Մուտի տաճարի տարածքում։ XXVI—XXIX դինաստիաների փարավոնները վերանորոգում էին տաճարները և ավելացնում իրենց արձանագրությունները։

Նեկտանեբ I-ը համալիրը շրջափակեց հում աղյուսե շարվածքով պատով և կառուցեց I պիլոնը, որն այսօր մոտքն է համարվում։ Նեկտանեբ II-ը, չնայած պարկական ճնշումներին, կառուցեց պիլոն հին սրբավայրից արևելք, որը հայտնվեց կառույցի կենտրոնում։ Պարսից արքա Արտաքսերքսես III-ի նվաճումների հետևանքով առաջացած վնասները շտկվեցին առաջին Պտղոմեոսյանների կողմից։ Հելլենիստական այդ արքայատոհմի օրոք էլ հայտնվեց Իպետ աստվածուհու սրբարանը, Խոնսուի տաճարի առջևի դարպասները, Մոնտուի, Մուտի և Պտահի տաճարների առջևի պիլոնները։ Սակայն վերջին Պտղոմեոսյանների օրոք սկսվեց տաճարի անկումը, որն ավարտվեց մ.թ.ա. 27 թվականի երկրաշարժով։

Շինարարական աշխատանքները Կառնակում շարունակվեցին վերջին դինաստիաների փարավոնների օրոք նաև հունա-հռոմեական շրջանում։ Վերջին տիրակալը, որ կառուցել է նրա տարծքում, Հռոմի Դոմիցիանոս կայսրն էր (81–96 թվականներ մ.թ.ա.)[5]:

Կոստանդիանոս Մեծի կողմից քրիստոնեության ընդունումից հետո և Կոստանդիանոս II-ի կողմից հեթանոսական տաճարների փակումից հետո հինեգիպտոսյան տաճարների մնացորդներն ամայացան։ Թեև, այդ ժամանակ Կառնակն արդեն լքված էր, և նրա տաճարային համալիրն օգտագործվում էր քրիստոնյաների կողմից։ Ամենվառ օրինակը Թութմոս III-ի տոնախմբությունների դահլիճի կիրառումն էր. նրա պատերին հայտնվում են ղպտական գրություններ և սրբերի պատկերներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնսուի տաճարի պիլոնը

Համալիրի առավել նշանակալի կառույցը համարվում է Ամոն-Ռայի տաճարը՝ իր 10 պիլոններով, որից խոշորագույնն ունի 113 մետր երկարություն, 15 մետր լայնություն և մոտ 45 մետր բարձրություն։ Տաճարի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 30 հեկտար (530, 515, 530 և 610 մետր կողմերով քառանկյուն)։ Բացի պիլոններից տաճարին վեհաշուք տեսք է հաղորդում սյունազարդ դահլիճը, որի կառուցումը սկսվել է Հորեմհեբի և ավարտվել Սեթի I-ի ու Ռամզես II-ի կառավարման տարիներին։ Տաճարը կազմված է պարիսպով շրջապատված երեք առանձին մասերից՝ նվիրված Ամոնին (Իպետ - սուտ), Մոնտու աստծուն (2,34 հա հրապարակ) և Մուտ աստվածուհուն (9,2 հա հրապարակ)։

Հասարակ ժողովրդին թույլատրում էին մտնել միայն տաճարի բակ, իսկ սյունասրահ կարող էին մուտք գործել միայն ընտրյալները՝ բարձրաստիճան պաշտոնյաները, զորահրամանատարները, գրիչները[5]։

Բացի այս երեքից Էխնաթոնի կողմից կառուցվել է նաև Աթոնին նվիրված տաճար։

Ամոնին նվիրված մասում գտնվում են՝

  • Ամոն - Ռայի գլխավոր տաճարը
  • Խոնսու աստծո տաճարը (80х30 մետր չափերով։ Շինարարությունը սկսվել է Ռամզես III-ի օրոք, շարունակվել Ռամզես IV-ի, Ռամզես XI-ի և ավարտվել Հերիհերի օրոք)
  • Ռամզես II-ի «սրբազան գետանավը»
  • Իփետի տաճարը ( կառուցված Պտղոմեոս VIII-ի օրոք)
  • Պտահ աստծո ոչ մեծ տաճարը
  • Ամենհոտեպ II-ի տաճարը

Այստեղ է գտնվում նաև, այսպես կոչված, Սպիտակ կապելլան (պահպանված ամենահին կառույցը՝ կառուցված Սենուսերտ I-ի կողմից), Կարմիր կապելլան (կառուցված Հաթշեփսուտ թագուհու օրոք, զարդարված թագադրման արարողության, զոհաբերությունների և թեբեյան կրոնական ծիսակարգերի պատկերներով), Ալեբաստրե կապելլան (կառուցված Թութմոս IV-ի կողմից), Ռամզես III-ի տաճարը։ Կենտրոնական տաճարից հարավ փռված է 120х77 մետր չափեր ունեցող սրբազան լիճը։ Լճի մակարդակը պահպանվում էր գետնաջրերի շնորհիվ։ Կից շինությունում պահվում էին սագեր՝ Ամոնի սուրբ թռչունները։ Քրմերը լճի ջուրն օգտագործում էինր աստվածների արձանները լավանալու սրբազան արարողության համար։

Մուտ աստվածուհուն նվիրված հատվածը գտնվում է Ամոն-Ռայի կենտրոնական տաճարից 350 մետր հարավ և նրա հետ կապված է 66 ոչխարագլուխ սֆինքսների ուղիով, ունի 250×350 մետր չափ։ Այստեղ է գտնվում է Մուտի տաճարը՝ Սրբազան լճով երեք կողմից շրջապատված, ինչպես նաև Ռամզես III- ի տաճարը և «ծննդատունը»։ Մուտ աստվածուհու տաճարի գլխավոր մուտքը կառուցվել է Սեթի I- օրոք։ Կից գտնվում է Կամուտեֆ տաճարը։ 1840 թվականին այս տաճարները նշանակալիորեն քանդվել են՝ քարերը որպես շինանյութ օգտագործելու նպատակով գործարանի կառուվման համար։

Անտիկ շրջանում Կառնակի տաճարը կապվեց Լուքսորի հետ սֆինսքսուղու միջոցով։ Կառնակում այս ուղին ավարտվում էր տասներորդ պիլոնի մոտ։ Սֆինքսների այդ երկու կիլոմետրանոց ուղին վերանորոգման ընթացքում է:

Տաճարի կենտրոնական սյունասրահը
Ռամզես II-ի արձանը դստեր՝ Մերիտ-Ամոնի հետ

Կրոնական ծիսակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամզես III-ի պատկերը Խոնսուի տաճարում

Երբ Ամոն - Ռայի պաշտամունքը դարձավ պետական, Միջին թագավորության փարավոնները սկսում են տաճարային համլիրի կառուցումը, որտեղ Ամոնի քրմերը կարող էին շքեղությամբ և հանդիսավորությամբ կատարել ամենօրյա ծիսական արարողությունները։ Կառուցվեցին նաև տաճարներ Ամոնի կնոջ՝ Մուտ աստվածուհու, որդու՝ լուսնի աստված Խոնսուի համար։ Միասին նրանք կազմում էին, այսպես կոչված, Թեբեյան երրորդությունը։ Բացի նրանցից Կառնակում կառուցվեց նաև Մոնտու աստծո տաճարը, որը XI դինաստիայի օրոք դարձավ Թեբեի հովանավոր աստված։

Նոր թագավորության շրջանում ամեն տարի նշվում էր Օփեթ տոնը՝ Ամոնի և Մուտի խորհրդանշական ամուսնությունը։ Այս աստվածների և նրանց որդի՝ Խոնսուի պատկերով գետանավակները բերում էին Կառնակից Լուքսոր (եգիպ.՝ Jpt-rst)[7], որոնց միջև հեռավորությունը մոտ 2 կմ էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 James P. Allen Middle Egyptian: An Introduction to the Language and Culture of Hieroglyphs. — Cambridge University Press, 2000. — С. 454. — 530 с. — ISBN 9780521774833
  2. Ольга Игоревна Павлова Амон Фиванский: ранняя история культа, В-XVII династии. — М.: Наука, 1984. — С. 73. — 175 с.
  3. «Ancient Thebes with its Necropolis» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. Burton, James Excerpta Hieroglypica. — Cairo: Plate Ia, 1825.
  5. 5,0 5,1 5,2 Карнак / А. П. Горкин. — Энциклопедия «Искусство». Часть 2. Д-К (с иллюстрациями). — М.: РОСМЭН, 2007. — 497 с. — ISBN 978-5-353-02798-0
  6. Roberson, Joshua, Manassa, Colleen The Great Karnak Inscription of Merneptah: Grand Strategy in the 13th Century BC. Yale Egyptological Studies, Vol. 5(անգլ.) // Journal of the American Research Center in Egypt. — Т. 40. — ISSN 0065-9991.
  7. И. С. Кацнельсон Мероэ: История, история культуры, язык древнего Судана. — Наука, 1977. — С. 137. — 320 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառնակի տաճար» հոդվածին։