Խաղարկային կինոյի ժանրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղարկային կինոյում ընդհանուր ժանրային դասակարգում գոյություն չունի։ Տարբեր կինոարվեստաբաններ ժանրերի իրենց ընդունելի ցուցակն են տալիս։ Այսպիսով կինոյի ժանրերի մասին խոսելը հարաբերական է։ Այս ցուցակը առավել ընդունված տարբերակն է։

  • Արկածային - արկածային կինոնկարում հերոսները հայտնվում են տարբեր բարդ և խճճված իրադրություններում, որտեղից դուրս են պրծնում իրենց հնարամտության, արագ կողմնորոշվելու և չարագործին խաբելու միջոցով։ Մեծ մասամբ կինոնկարը ավարտվում է « հեփի էնդ» - ով (անգլ. happy end - երջանիկ ավարտ)։
  • Գոթիկա (կամ նեոգոթիկա) - այս ժանրում կինոնկարներ են վամպիրների, ոգիների և այլոց մասին։ Կինոնկարները ընդհանրապես բնորոշվում են մռայլ մթնոլորտով, մութ տոներով և նեոգոթական ոճի շորերով և դեկորացիաներով։
  • Դետեկտիվ - այս ժանրի ստեղծագործությունները անպայման պարունակում են հանցավոր արարք, որին հետևում է քննությունը, գործի և հանցավորների բացահայտումը։ Որպես կանոն հանդիսատեսի մոտ պետք է առաջանա սեփական վարկած և հետաքննությունը վարելու ցանկություն։
  • Դրամա - ժանրին հատուկ է կոնֆլիկտային գործողությունները, երկխոսությունների և մենախոսությունների առատությունը։ Դրաման հիմնականում պատկերում էմարդու անձնական կյանքը և նրա հակասությունը հասարակության հետ։ Շատ անգամ շեշտը դրվում է համամարդկային հակասությունների վրա, որոնք արտացոլված են կոնկրետ հերոսների գործողություններում։
    • Ողբերգություն - ի տարբերություն թատերական ողբերգության, կինոյում նա առանձնանում է, որպես առանձին ժանր։ Ողբերգության հիմքը հանդիսանում է անձի ընդհարումը աշխարհի, հասարակության հետ։ Դա ուժեղ կրքերի և բնավորությունների պայքար է։ Սակայն, ի տարբերություն դրամայի, ողբերգությունը ավարտվում է գլխավոր հերոսի վախճանով։
  • Երաժշտական ֆիլմ - մյուզիքլ կամ օպերետ է, տեղափոխված թատերական բեմից էկրան։ Երաժշտական ֆիլմը հարուստ է երգերով, պարերով, հարուստ գեղեցիկ դեկորացիաներով և շորերով։ Պարտադիր առկա են մելոդրամայի էլեմենտները և հաճախ ավարտվում է « հեփի էնդ» - ով։
  • Էրոտիկ ֆիլմեր - այս ժանրը ուղղված է հիմնականում հանդիսատեսի մոտ սեքսուալ և էրոտիկ ֆանտազիաներ առաջացնելուն։ Հիմնականում ուղղված է տղամարդ հանդիսատեսին։ Անչափահասներին արգելվում է դիտումը։
    • Պոռնոֆիլմեր - էրոտիկ կինոնկարների ավելի բաց ձևն է։ Շատ երկրներում այս ժանրի կինոնկարների ցուցադրումը արգելված է։ Թույլատրվում է միայն ցուցադրումը փակ ակումբներում և ձայնագրությունների վաճառքը։
  • Ընտանեկան ֆիլմ - մանկական և այն կինոնկարներն են, որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով։ Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ։
  • Թրիլեր (անգլ. - թրթիռ) - այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում։ Ժանրը հստակ սահմաններ չունի։ Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա։ Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում։
    • Միստիկական թրիլեր - Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում։ Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ։ Հաճախ խոսքը օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան և այլնի մասին է։
    • Հոգեբանական թրիլեր - կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից։
    • Աղետ ֆիլմ - Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել։ Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի, օդանավի, գնացքի վթարներ և այլն)։
  • Կենսագրական ֆիլմ - կինոնկար է հիմնված հայտնի մարդու կենսագրականի վրա։
  • Կատակերգություն - այս ժանրի կինոնկարները նպատակ ունեն ծիծաղեցնել հանդիսատեսին, ժպիտ առաջացնել, բարելավել տրամադրությունը։
    • Իրադրության կատակերգություն - սա կատակերգության դասական տեսակն է, որտեղ հերոսները հիմնականում հայտնվում են ծիծաղելի, հետաքրքիր իրավիճակներում։
    • Պարոդիա - այս ժանրը հիմնականում ծաղրանքով անդրադառնում է, նախկինում նկարահանված հայտնի կինոնկարներին։
    • Ֆարս - թեթև բովանդակությամբ կինոկատակերգություն է, զուտ արտաքին կատակերգական հնարքներով։
  • Մարտաֆիլմ - «action movie» (էքշն ֆիլմ) այս ժանրը ցուցադրում է «բարին պետք է բռունցքներով լինի» դրույթը։ Կինոնկարները խորը բովանդակություն չունեն։ Գլխավոր հերոսը ընդհարվում է չարին, նրա ամենտարբեր ձևերին՝ հանցագործություն, կաշառակերություն, տերորիզմ, սպանություն։ Ուրիշ ելք չգտնելով հերոսը որոշում է դիմել բռնության հանուն բարու հաղթանակի։ Արդյունքում սպանվում են ոչ մեկ տասնյակ չարագործներ։ « Հեփի էնդ» - ը այս ֆիլմերի պարտադիր պայմանն է, չարը պետք է պատժվի։
    • Վեստեռն - այս ենթաժանրի դասական կինոնկարներում դեպքերը տեղի են ունենում Ամերիկայի Վայրի Արևմուտքում, XIX դարում։ Հակամարտությունռ հիմնականում ծագում է հանցագործների հրոսակախմբի և իշխանության ներկայացուցիչների կամ գլխագնի որսորդների (անգլ. bounty hunter) միջև։ Ինչպես սովորական մարտաֆիլմում հակամարտությունը լուծվում է կրակոցներով և բռնությամբ։ Վեստեռները տոգորված են ազատության և անկախության գաղափարներով, որը հատուկ էր Միացյալ Նահանգների արևմուտքին։
    • Գանգստերական - այս ենթաժանրի կինոնկարների գործողությունները հիմնականում տեղի են ունենում Միացյալ Նահանգներում 1930- ական թվականներին, գանգստերական խմբավորումների ծաղկման ժամանակ։ Հիմնական բովանդակությունը պայքարն է տարբեր խմբավորումների միջև։
    • Կարատե ֆիլմ - այս ենթաժանրի կինոնկարները քիչ են տարբերվում մարտաֆիլմերից, բայց կարատե կինոնկարների հերոսները պայքարում են հրազենով, այլ օգտագործում են արևելյան մարտարվեստի իրենց հմտությունները։
  • Մելոդրամա - այս ժանրի կինոնկարները բացահայտում են հերոսների հոգեկան և զգայնական աշխարհը հաճախ առավել վառ, էմոցիոնալ իրավիճակներում՝ բարու և չարի, սիրո և ատելության հակասության հիման վրա։
    • Սիրո պատմություն - նման կինոնկարներում պատկերվում է գեղեցիկ և խոր սեր, որ հաճախ չի ընդունում շրջակա միջավայրը և խանգարում են բարդ իրադրությունները։
  • Պատմական - այս ժանրի կինոնկարները կամ նկարագրում են կոնկրետ պատմական իրադրություններ, կամ էլ սյուժեն ներհյուսված է այդ իրադրությունների մեջ։
    • Պատերազմական - կինոնկարներ են պատերազմի մասին։ Հիմնականում հակապատերազմական շեշտադրում է։
  • Սարսափ ֆիլմեր - այս ժանրի կինոնկարները կոչված են վախեցնել հանդիսատեսին, ստեղծել լարված սարսափի մթնոլորտ, ինչ որ սարսափելի իրադրության կանխազգացում առաջացնել։ Սյուժեն հիմնականում կառուցված է հանգիստ քաղաքում սերիական մարդասպանի հայտնվելով։ Խաղաղ միջավայրում կարող է հայտնվել նաև գենետիկ մուտանտ, այլմոլորակայիններ, զոմբիներ և այլն։ Կինոնկարները հիմնականում հարուստ են մարդկային խեղված մարմիններ ցուցադրող սարսափազդու տեսարաններով։
  • Ֆանտաստիկ ֆիլմ - այս ժանրի կինոնկարներում երևակայականը գերիշխում է իրականությանը։ Գործողությունները տեղի են ունենում ապագայում, անցյալում կամ էլ «զուգահեռ կյանքում»։
    • Ֆենտեզի - ենթաժանր է, հիմքում հատուկ «հեքիաթային» հորնված աշխարհ է։ Այդ աշխարհը հիշեցնում է միջնադարը, բնակեցված է դիցաբանական էակներով, լցված ե կախարդությամբ և մոգությամբ։
    • Ֆանտասմագորիա - կինոնկարներ են իրականությունից կտրված ինչ որ մի բանի մասին, պատկերում են տարօրինակ երևույթներ, հիվանդագին ֆանտազիաներ։
    • Տիեզերական Օպերա - այս կինոնկարների գործողությունները տեղի են ունենում հեռու ապագայում, հեռավոր մոլորակների վրա, տիեզերական կայաններում։ Դասական օրինակը «Աստղային պատերազմներ» կինոնկարներն են։
    • Կիբերպանկ - ենթաժանր է, որի կենտրոնում համակարգիչներն են, բարձր տեխնոլոգիաները և պրոբլեմները, որոնք ծագում են գիտական առաջընթացի արդյունքները ճիշտ չօգտագործելուց։ Հիմնականում պատկերված է հակերների պայքարը հզոր տրանսազգային կորպորացիաների դեմ։
    • Պոստապոկալիպտիկա - ենթաժանր է, որը պատկերում է հասարակության կյանքը ինչ-որ գլոբալ աղետից հետո (օրինակ՝ գլոբալ տաքացում, համաշխարհային պատերազմ, մոլորակի բախումը աստերոիդի հետ և այլն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]