Իցհակ Ռաբինի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իցհակ Ռաբինի սպանությունը
Իցհակ Ռաբին. 1986 թ.
Տեսակսպանություն և քաղաքական սպանություն
ԵրկիրԻսրայել
Գրոհի վայրԹել Ավիվ
ՏեղադրանքԹել Ավիվ
Գրոհի նպատակԻցհակ Ռաբին
Տարեթիվ1995 թ.նոյեմբերի 4
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ1
Ահաբեկիչների քանակմեկ
ԱհաբեկիչներԻգալ Ամիր

Իցհակ Ռաբին, իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ, սպանվել է 1995 թվականի նոյեմբերի 4-ին Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում։ 1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Իսրայելի Թագավորների հրապարակում (ներկայումս՝ Ռաբինի հրապարակ) հօգուտ խաղաղության գործընթացի բազմահազարանոց միտինգում ելույթ ունենալուց հետո Իցհակ Ռաբինը մոտեցավ մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին։ 40 րոպե անց նա մահացավ «Իխոլով» հիվանդանոցում։ Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ ուլտրաաջ կրոնական և քաղաքական ծայրահեղական. իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»։

1996 թվականի մարտի 27-ին դատարանը Իգալ Ամիրին դատապարտեց մենախցում ցմահ ազատազրկմամբ։

Ռաբինի սպանությունը ռեզոնանս առաջ բերեց ինչպես Իսրայելում, այնպես էլ աշխարհում։ Նրա թաղմանը մասնակցեցին մի շարք պետությունների ղեկավարներ, ներառյալ՝ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը և Հորդանանի թագավոր Հուսեյնը։

Ռաբինը թաղված է Երուսաղեմի Հերցելի լեռան վրա։

Հասարակության արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությունից հետո Իցհակ Ռաբինը ազգային խորհրդանիշ դարձավ իսրայելական ձախ ճամբարի համար։ Համընդհանուր վրդովմունքի մթնոլորտում մոռացվեց նրա վարած քաղաքականության ցածր վարկանիշը. հարցումները ցույց տվեցին, որ եթե ընտրություններն անցկացվեին սպանությունից անմիջապես հետո, ապա Ռաբինի իրավահաջորդ Շիմոն Պերեսը կստանար քվեների 60%-ը, իսկ ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն՝ 28 %-ը. նման հարաբերակցությունը Իսրայելում վերջին 30 տարիների ընթացքում աննախադեպ էր։

Սպանությունը դատապարտելու հարցում համընդհանուր համերաշխությունը պայմանավորված էր երկու գործոնով։ Մի կողմից ազդեցիկ ձախ շրջանակները ԶԼՄ-ներում այդ հանցագործության բարոյական պատասխանատվությունը դնում էին ամբողջ ազգային ճամբարի, և առաջին հերթին՝ կրոնական սիոնիստների վրա (քանի որ Իգալ Ամիրը այդ ճամբարի գաղափարակիրն էր)։ Սրա հետևանքը եղավ Ռաբինի քաղաքական հակառակորդների ճամբարի վրա հարձակումների ալիքը, ինչը հետագայում պատասխան արձագանք հարուցեց և ամրապնդեց իսրայելական հասարակության մեջ առկա պառակտումը[1]։

Ռաբինի հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի Հիշատակի օրվա օրենքի համաձայն՝ Խեշվան ամսվա 12-րդ օրը հրեական օրացույցով պաշտոնապես սահմանվել է Իցհակ Ռաբինի հիշատակի օր[2]։

2007 թվականի վերջի տվյալներով՝ Իցհակ Ռաբինի անունը կրում են[3]՝ 28 դպրոց, 8 ուսանողական քաղաք, 26 պողոտա, փողոց, ճանապարհ և կամուրջներ, 14 շրջաններ, 13 փոքր թաղամաս (դրանցից 4-ը Թել Ավիվում), 12 մանկապարտեզ, զբոսայգի և ծառ, որոնք տնկվել էին ի հիշատակ հանգուցյալ վարչապետի, 11 հրապարակ, 10 շենք և համալիր, դրանց թվում նաև թատրոն, 7 այգի, 3 հանրային կենտրոն, 3 ֆակուլտետ (Հայֆայում և Երուսաղեմում), 2 սինագոգ, 2 սպրոտային համալիր, վնասքաբանության 2 բաժին, 1 բնակավայր, 1 ռազմական բազա, 1 առևտրային համալիր, 1 հիվանդանոց, 1 էլեկտրակայան, ՀԱԿ Էյլաթում՝ Հորդանանի հետ սահմանին։ Դրանից բացի Թել Ավիվում կառուցված է Ռաբինի ժառանգության ուսումնասիրության հսկայական կենտրոն։

2009 թվականի նոյեմբերի 7-ին Թել Ավիվի կենտրոնակական հրապարակում 20-հազարանոց ցույց տեղի ունեցավ Իցհակ Ռաբինի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ։ Գլխավոր իրադարձություն դարձավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տեսահաղորդագրությունը, որտեղ նա խաղաղություն է մաղթում իսրայելցիներին և պաղեստինցիներին և խոնարհվում Իցհակ Ռաբինի արիության առջև[4]։

Այլընտրանքային վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իցհակ Ռաբինի և իր կնոջ գերեզմանը Երուսաղեմի Հերցելի լեռան վրա
Ռաբինի հուշարձանը Ակկոյում, «Աշխարհի դարպասներ»

Ռաբինի սպանությունը տարաբնույթ լուրեր և ասեկոսեներ առաջ բերեց։ Իգալ Ամիրը ընդհատակյա ուլտրաաջ ծայրահեղական «Էյալ» (Հուդայի առյուծներ) կազմակերպության անդամ էր, ինչը տեղիք տվեց ենթադրելու, որ դա դավադրություն էր։

Ինչպես Իսրայելի, այնպես էլ արտերկրյա տարբեր աղբյուրներ մատնացույց էին անում սպանության պաշտոնական վարկածի անհամապատասխանությունը և արտահայտում էին իրենց զարմանքը առ այն, որ Շաբակը (Անվտանգության Ծառայությունը) չի կարողացել կանխել կատարվածը, ինչն էլ բազում խոսակցություններ է հարուցել սպանության մեջ քաղաքական էշելոնի և անվտանգության ծառայության ներկայացուցիչների հնարավոր մասնակցության մասին։

Շաբակը պաշտոնապես հայտարարեց միայնակ-մարդասպանի, ում գործողությունները անհնար էր կանխատեսել, վերաբերյալ տարբերակը, որը, սակայն, բազմաթիվ կշտամբանքների արժանացավ։

Առանձնակի ուշագրավ էր այն փաստը, որ մարդասպանի մտերիմ ընկերը՝ Ավիշայ Ռավիվը, Շաբակի գործակալ էր[5], ով, ըստ վկաների ցուցմունքների, տեղյակ է եղել Ամիրի ծրագրերի մասին, բայց այդպես էլ նրան չի մատնել՝ չնայած հասարակական և քաղաքական շրջանակների բազմաթիվ պահանջների։ Արդյունքում ի հայտ եկան սպանության նպատակով դավադրության մեծ թվով վարկածներ, ըստ այդ՝ պաշտոնական տարբերակից տարբերվող վարկածների հրապարակվեցին հոդվածներ և լույս տեսան գրքեր։

Վարկածներից մեկը իր՝ «Ով է իսկապես սպանել Ռաբինին» գրքում ներկայացնում է Բարի Խամիշը։ Մասնավորապես, նա առաջ է քաշում այն տարբերակը, որ Ամիրը իսրայելական գաղտնի ծառայության գործակալ էր. ծառայությունը փորձում էր օգնել Ռաբինին մոտալուտ ընտրություններում և որոշում է մահափորձն օգտագործել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդող գործոն։ Ամիրը գաղտնի ծառայությունից ստացել էր «ոչ իրական» փամփուշտներ, բայց դրանք փոխարինել իսկականով։ Այդ պատճառով նրան թույլատրվել է նվազագույն հետավորությամբ մոտենալ Ռաբինին։ Ամիրը օգտագործել է առիթը, և սպանությունը կայացել է։

Ըստ մեկ այլ վարկածի, Ռաբինի մահափորձը ծրագրված է եղել Շիմոն Պերեսի՝ «Ավոդա»-ի (Իսրայելի աշխատանքային կուսակցություն) երկրորդ դեմքի կողմից։ Այս տարբերակը գաղտնի ծառայություններին մեղադրում է նրանում, որ նրանք ինքնակամ են փոխարինել Ամիրին տրված ոչ իսկական փամփուշտները իսկականով՝ չնայած Պերեսի նախնական ծրագրի։ Դատարկ փամփուշտների մասին խոսակցությունների հիմքում ընկած է այն, որ ամբոխից ինչ-որ մեկը փորձել է բոլորին հանգստացնել՝ գոռալով, որ փամփուշտները իրական չեն։

Այդուհանդերձ, կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովը, Իսրայելի գերագույն Դատարանի Նախագահ Մեիր Շամհարի գլխավորությամբ, չի գտել այս վարկածները հաստատող ապացույցներ։

Վերջին խոսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան Թել-Ավիվում Ռաբինի սպանության վայրում: Հուշարձանը կազմված է կոտրված քարերից և մարմնավորում է «քաղաքական ցնցումը, ինչն Իսրայելի համար դարձավ Ռաբինի սպանությունը»:

Հատված 1995 թվականի նոյեմբերի 4-ին Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում, հօգուտ խաղաղության գործընթացի բազմահազարանոց ցույցի ժամանակ արտասանած խոսքից[2]՝

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, ովքեր եկել են այստեղ`«Ոչ» ասելու բռնությանը և «Այո»՝ խաղաղությանը։

Ես բանակում ծառայել եմ քսանյոթ տարի։ Ես պայքարել եմ այնքան ժամանակ, մինչև չի հայտնվել խաղաղության հանդեպ առաջին հույսը։ Այսօր ես հավատում եմ, որ կա հնարավորություն, այն բավականին իրական է։

Ես միշտ հավատացել եմ, որ ժողովրդի մեծ մասը ձգտում է խաղաղ կյանքի և պատրաստ է շատ բաներ զոհելու հանուն դրա։

Բայց, ամենից առաջ, հենց իսրայելական ժողովուրդը ապացուցեց, որ խաղաղությունը հնարավոր է։ Պետք է շատ աղոթել, որ խաղաղություն լինի, սակայն միայն աղոթելը բավարար չէ։ Խաղաղություն կտիրի, երբ այն դառնա մեր ժողովրդի անկեղծ և միակ ձգտումը։

Խաղաղության գործընթացը կապված է դժվարությունների, երբեմն՝ շատ մեծ ցավի հետ։ Անցավ ճանապարհներ մեր ժողովրդին չեն մնացել, սակայն խաղաղ ճանապարհն ավելի լավ է, քան պատերազմի կածանները։

Իցհակ Ռաբին, 4-ը նոյեմբերի, 1995 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Глупый миф стал частью политического наследия Рабина» (ռուսերեն). «Маарив» // cursorinfo. 20.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 http://knesset.gov.il/laws/ru/Rabin.pdf Արխիվացված 2016-09-16 Wayback Machine Закон о Дне памяти Ицхака Рабина на сайте Кнессета.
  3. «К 10-летию убийства Рабина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  4. http://www.strana.co.il/text/2/45765(չաշխատող հղում) 14 годовщина со дня убийства Рабина: центральное событие — видеообращение Обамы
  5. http://www.7kanal.com/article.php3?id=1460 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine 58 вопросов Адира Зика. Адир Зик,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]