Իշպուինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշպուինի
Դիմանկար
Իշպուինի արքան կնոջ հետ
Ծնվել էՔ.ա. 9-րդ դար
Մահացել էՔ.ա. մոտ 806-805
ՔաղաքացիությունՎանի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունմիապետ
ԳործունեությունՎանի թագավորության թագավոր Ք.ա. մոտավոր 825-810
Ծնողներհայր՝ Սարդուրի Ա
Զբաղեցրած պաշտոններՎանի թագավորության արքա
ԵրեխաներՍարդուրի, Մենուա
 Ishpuini Վիքիպահեստում

Իշպուինի (ասորերեն՝ Ուշպինա (Ք.ա. 9-րդ դար-Ք.ա. մոտ 806/805, Վանի թագավորության թագավոր Ք.ա. մոտավոր 825-810 թվականներ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշպուինին Սարդուրի Ա-ի որդին էր։ Վերջինս Վանը դարձրել էր իր տերության մայրաքաղաքը։ Իշպուինին առաջինն էր, որ ուրարտական լեզվին փորձում է հարմարեցնել ասուրական բևեռագրերը։ Իրականում դա այնքան էլ հեշտ գործ չէր, քանի որ շատ դժվարություններ ու առանձնահատկություններ ուներ ուրարտերենի հնչյունական մասը. այդ լեզվի հարուստ հնչյունները ճիշտ չէին արտահայտում պաշտոնական նշանները։ Դրանով Իշպուինին հսկայական ծառայություն է մատուցում թե՛ Ուրարտուի, թե՛ Հայաստանի և թե՛ Հին Արևելքի պատմությանը, քանի որ մեր պատմական աղբյուրները հիմնականում այդ ուրարտական արձանագրություններն են։ Ուրարտերեն լեզվով Իշպուինիի մեզ հասած արձանագրությունները սահմանափակ թվով են և հիմնականում շինարարական բնույթ ունեն։ Մի կողմից շինարարական գործունեություն է ծավալել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և նրա շրջակայքում, մյուս կողմից` Արածանիի վերին հոսանքում։ Կառուցելով մի շարք ամրոցներ Իշպուինին գերազանցապես զբաղվել է երկրի պաշտպանունակության ամրապնդմամբ։ Ասուրական աղբյուրներում Իշպուինին հիշատակվում է Շամշի-Ադադ Ե (Ք.ա. 823-810 թվականներ) թագավորի կառավարման ժամանակաշրջանում։ Շամշի-Ադադը չի կարողանում վերականգնել Ասորեստանի երբեմնի հզորությունը և ի տարբերություն իր նախորդի՝ Շամշի-Ադադը  հրաժարվում է Ասորեստանի գերիշխանությունից անդրեփրատյան երկրներում, հատկապես Ասորիքում[2][3]։

Մենուայի հետ համատեղ գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշպուինիի օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր էին խաղում։ Իշպուինիի անվան հետ էին կապված գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները, իսկ երկրորդ շրջանում նրա հետ հեղինակակից է հանդես գալիս որդին՝ Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից։ Եթե Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում տեղի է ունեցել գրային բարեփոխում` տեղական սեպագրի ստեղծում, ապա նրա գահակալության երկրորդ շրջանում կատարվել է կրոնական բարեփոխում` ողջ թագավորության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով։ «Խալդյան դարպասի» վրա դիցարանի արձանագրումը հետագայում մեր ժողովուրդը կոչեց «Մհերի դուռ»։ Ք.ա. IX դարավերջի հարավհայաստանյան դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները։ Ռազմական ոլորտի բարեփոխումները սկսվեցին Իշպուինիի օրոք և շարունակվեցին Մենուայի օրոք։ Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով[4]։

Ուրարտուի սահմանները Իշպուինիի և Մենուայի օրոք ընդլայնվում են ոչ միայն հարավ-արևելյան, այլև հյուսիսային ուղղությամբ։ Ք.ա. 820-ական թվականների վերջին ընդլայնել է թագավորությունը Ուրմիո լճի ավազանի հարավում։ Արդինի-Մուսասիրը միացնում է իր թագավորությանը և պետության հոգևոր կենտրոնը դարձնում է Արդինի-Մուսասիրի համանուն կենտրոնը։ Կառուցվում էին պաշտամունքային շինություններ, ինչպես նաև երկրի նվաճումից հետո ուրարտական աստվածներին մատուցվում էին զոհեր։ Մեծահարուստ ավարով Վանի թագավորություն են վերադառնում Դիալայի ակունքներից, ուր նվաճել էին Բարշուա (Պարսուա) երկիրը։ Այս քայլով Ասորեստանը Ուրարտուից մարտահրավեր է ստանում` մոտենալով նրա արևելյան սահմաններին[3][4]։

Ուրարտական զորքերը պատմական Կղարջք (Կատարզա) և Արաքս գետի վերին հոսանք (Ուիտերուխի) են հասնում հյուսիսային ուղղությամբ ձեռնարկված արշավանքների ընթացքում։ Հիշյալ երկրների վրայով ուրարտական զորքերի հաղթարշավը չկարողացան կասեցնել նույնիսկ հյուսիսում ընկած Էթիունի հզոր ցեղային միության օգնությամբ։ Ուրարտական պետության համար այդ հաղթանակների արդյունքներն այնքան էական էին, որ Իշպուինին և Մենուան անհրաժեշտ են գտնում դրանք հավերժացնել բազմաթիվ արձանագրություններով, որոնցից պահպանվել են չորսը[3]։

Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը (PDF). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. 1975. էջ 38. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  2. Ղափանցյան, Գրիգոր (1940). Ուրարտուի պատմությունը. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 139.
  3. 3,0 3,1 3,2 Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. 1971. էջեր էջ 290-292.
  4. 4,0 4,1 «Մովսիսյան Ա. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  5. «Հայկական սովետական հանրագիտարան», Հատոր IV. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. 1978. էջ 377.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սարդուրի Ա
Ուրարտական արքա
Իշպուինի

մ.թ.ա. 828/825-810
Հաջորդող
Մենուա