Ժայռոտ լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռոտ լեռներ
Տեսակլեռնահամակարգ
Երկիր Կանադա և  ԱՄՆ
Վարչատարածքային միավորԲրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Այդահո, Մոնտանա, Վայոմինգ, Յուտա, Կոլորադո և Նյու Մեքսիկո
Նյութփոխակերպված ապար, Մագմատիկ ապարներ և նստվածքային ապար
ԼեռնաշղթաԿորդիլերներ
Բարձրություն (ԲԾՄ)4401 մետր
Երկարություն3000 կմ
Մեծագույն գագաթԷլբերտ
Ժայռոտ լեռներ (Հյուսիսային Ամերիկա)##
Ժայռոտ լեռներ (Հյուսիսային Ամերիկա)
Ժայռոտ լեռները Հյուսիսային Ամերիկայի քարտեզում

Ժայռոտ լեռներ (անգլ.՝ Rocky Mountains), լեռներ Հյուսիսային Ամերիկայի Կորդիլերների համակարգում, ԱՄՆ֊ի և Կանադայի արևմուտքում՝ հյուսիսային լայնության 60 և 32օ աստիճանների միջև։ Սկիզբ առնելով Բրիտանական Կոլումբիայից (արևմտյան Կանադա)՝ Ժայռոտ Լեռները ձգվում են 4800կմ՝ հասնելով մինչև Միացյալ Նահանգների հարավ-արևելք՝ Նյու Մեքսիկո[1]։ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ավազանների ջրբաժան է։ Գտնվելով հյուսիսամերիկյան Կորդիլերների համակարգում ժայռոտ Լեռները ինչ-որ կերպ տարբերվում են նույն համակարգում գտնվող խաղաղօվկիանոսյան ափամերձ Կասկադյան և Սիեռա Նևադա լեռնաշղթաներից, որոնք գտնվում են դեպի ավելի արևմտյան մասում։ Բարձրությունը մինչև 4399 մ է (Էլբերտ լեռը՝ հարավում)։ Ժայռոտ լեռները կազմավորվել են 80-55 միլիոն տարի առաջ՝ Լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում, երբ մի շարք սալեր սկսեցին սահել Հյուսիս-ամերիկյան պլատֆորմի ներքևից։ Ստորգետնյա գոտիների սահքի անկյունը մակերեսային էր և դա հանգեցրեց Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում լեռների լայն գոտու ձևավորմանը։ Այդ ժամանակվանից սկսած հետագա տեկտոնական ակտիվությունը և սառցադաշտային էրոզիան Ժայռոտ լեռներում ձևավորել են տպավորիչ գագաթներ ու հովիտներ։ Վերջին սառցե դարաշրջանի ավարտին մարդիկ սկսեցին բնակություն հաստատել լեռնաշղթայի տարածքում։ Եվրոպացի Ալեքսանդր Մաքենզիի և ամերիկացի Լուիսի և Քլարկի հետազոտություններից հետո հայտնաբերվեցին հանքանյութեր և նստվածքներ, որոնք վկայում էին վաղնջական ժամանակներում լեռնաշղթայի տնտեսական շահագործման մասին, թեև այնտեղ երբևէ խիտ բնակչություն չի ապրել։ Լեռնաշղթայի տարածքում կազմակերպվել են ազգային պարկեր, հանրային պուրակներ և անտառներ, որոնք դարձել են զբոսաշրջիկների սիրելի գրավչավայրերը, հատկապես արշավների, վրանային հանգստի, լեռնագնացության, ձկնորսության, որսորդության, լեռնային հեծանվավազքի, դահուկասահքի և սնոուբորդի սիրահարների համար։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործել են ֆրանկոկանադացի Ֆրանսուա և Լուի Ժոզեֆ դը Վարեն դը Լա Վերանդրի եղբայրները 1743 թվականին՝ «Արևմտյան ծով» (Խաղաղ օվկիանոսի ենթադրվող ընդարձակ ծով) տանող ճանապարհը որոնելիս, և անվանել Montanges Rocheuses[2][3] (ֆրանսերեն բառացի՝ «Ժայռոտ լեռներ»)։ Բառապատճենմամբ անգլերեն կոչվում են Rocky Mountains[4]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հաճախ արվող սահմանումների Ժայռոտ լեռները ձգվում են Բրիտանական Կոլումբիայի Լիարդ գետից[5] մինչև Ռիո Գրանդե (Նյու Մեքսիկո)։ Լեռնաշղթայի լայնությունը տարածվում է 110-480 կմ։ Ժայռոտ լեռները նշանավոր են նրանով, որ այնտեղ են գտնվում Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասի ամենաբարձր գագաթները։ Բարձրագույն գագաթը Էլբերտ լեռն է Կոլորադոյում (4401 մ)։ Կանադական ժայռոտ լեռների բարձրագույն գագաթը Ռոբսոն լեռն է Բրիտանական Կոլումբիայում (3954 մ)։

Ռոբսոն լեռը Բրիտանական Կոլումբիայում

Ժայռոտ լեռների արևելյան ծայրը վեր է խոյանում է կենտրոնական Հյուսիսային Ամերիկայի Մեծ հարթավայրերի վերին մասի վրա՝ ներառյալ Նյու Մեքսիկոյի Սանրե դե Քրիստո լեռնաշղթան և Կոլորադոն, Կոլորադոյի Ճակատային, Քամու գետ, Վայոմինգի Մեծ եղջյուր, Աբսարոկա, Արջի ատամ լեռնաշղթաները և Մոնտանայի Ժայռոտ լեռներն ու Ալբերտայի Քլարկ ռեյնջը։ Ժայռոտ լեռների արևմտյան մասը ներառում է այնպիսի լեռնաշղթաներ, ինչպես Սոլթ Լեյք Սիթիի մոտակա Ուոսաչ և Այդահոյի և Մոնտանայի սահմանի երկայնքով ձգվող Բիթեռութս լեռնաշղթաները։ Արևմտյան մասում այս ենթալեռնաշղթաները անջատվում են այլլեռնաշղթաներից Մեծ ավազանով և Կոլումբիական սարավանդով։ Կանադայում ժայռոտ լեռների արևմտյան ծայրամասը ձևավորում է այսպես կոչված «հազար լեռնագագաթների հովիտը», որը ձգվում է Բրիտանական Կոլումբիայի երկարությամբ՝ արևմտյան Մոնտանայի Ֆլաթհեդ գետի ակունքամերձ հովտից մինչև Լիարդ գետի հարավային ափը[6]։ Աշխարհագրագետները Կանադական ժայռոտ լեռները բաժանում են երեք մասի՝ Կոնտինենտալ, Հարթ և Մուսկվա լեռնաշղթաներ։ Ժայռոտ լեռները չեն տարածվում մինչև Յուկոն, Ալյասկա կամ կենտրոնական Բրիտանական Կոլումբիա։ Այստեղ, Լիարդ գետից այն կողմ, ձգվում են ուրիշ լեռնաշղթաներ՝ Սելվին լեռները Յուկոնում և Բրուքսը Ալյասկայում, որոնք, սակայն, Ժայռոտ լեռների մաս չեն կազմում, թեև դրանք Կորդիլերների մաս են կազմում։ Երկու Ամերիկաների մայրցամաքային բաժանման գիծը ձգվում է Ժայռոտ լեռներում և նշում է այն սահմանագիծը, որից ջուրը հոսում է կամ դեպի Խաղաղ կամ՝ Ատլանտյան օվկիանոս։ Մոնտանայի Սառցադաշտային ազգային պարկում գտնվող Եռաբաժան լեռնագագաթը այդպես է կոչվում, քանի որ այստեղից ջրերը հոսում են ոչ միայն Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներ, այլ նաև՝ Հուդզոնի ծոց։ Դեպի հյուսիս՝ Ալբերտայում, Աթաբասկան և այլ գետեր սնուցում են Մակենզի գետի ավազանը, որը հոսում է դեպի Բոֆորտի ծով՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Ժայռոտ լեռներում շատ խիտ չէ բնակչությունը, կազմելով մեկ կիլոմետրի վրա միջինը չորս մարդ։ Այստեղ քիչ են նաև քաղաքները, որոնց բնակչությունը հասնում է ընդամենը 50.000-ի։ Այնուամենայնիվ, 1950-90 թվականներին Ժայռոտ լեռների նահանգներում կտրուկ աճել է բնակչության թիվը։ Քառասուն տարվա ընթացքում Մոնտանայում բնակչությունն ավելացել է 35%-ով, Յուտայում և Կոլորադոյում՝ 150%-ով։ Վերջին քառասուն տարիների ընթացքում մի շարք լեռնային քաղաքների ու ավանների բնակչությունը կրկնապատկվել է։ Վայոմինգի Ջեքսոն քաղաքի բնակչությունը 40 տարում աճել է 260%-ով՝ 1.244 բնակչից դառնալով 4.472: Ժայռոտ լեռների ճակատային լեռնաշղթան Դենվերի մոտակայքում

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռոտ լեռների ապարներն առաջացել են նախքան տեկտոնիկ ուժերի ազդեցությամբ լեռների բարձրանալը։ Ամենահին ապարները մինչքեմբրյան փոխակերպված ապարներն են, որոնք կազմում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հիմքը։ Այդ ապարների մեջ կան նաև 1.7 միլիարդ տարեկան մինչքեմբրյան ծծմբային արգիլիթներ։ Պալեոզոյան դարաշրջանի ընթացքում Հյուսիսայի Ամերիկայի արևմտյան մասը ծածկված էր ծանծաղ ծովով, որտեղ կային մեծ քանակությամբ կրաքարի ու դոլոմիտի պաշարներ[7]։ Հարավային Ժայռոտ լեռներում, ներկայիս Կոլորադոյի մոտակայքում, այս հնագույն ապարները մոտավորապես 300 միլիոն տարի ենթարկվել են լեռնակազմական փոփոխությունների։ Այս փոփոխությունների հետևանքով առաջացան հնագույն Ժայռոտ լեռները։ Դրանք մեծ մասամբ բաղկացած էին մինչքեմբրյան փոխակերպված ապարներից, որոնք հարկադրաբար վեր էին խոյացել ծանծաղ ծովի կրաքարային շերտերից[8]։ Այդ լեռները քայքայվեցին ուշ պալեոզոյի և վաղ մեզոզոյի ընթացքում՝ թողնելով նստվածքային ապարների խոշոր պաշարներ։ Մոտավորապես 350 միլիոն տարի առաջ՝ Միսիսիպյան դարաշրջանում խզումային խախտումներով սահմանափակված տերեյնները սկսեցին բախվել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածին՝ առաջացնելով օրոգենի երկրաբանական գործընթացը[9]։ Շուրջ 270 միլիոն տարի սալերի բախումների ազդեցությունը կենտրոնացած էր Հյուսիսամերիկյան ափերի սահմանների մոտ՝ Ժայռոտ լեռների շրջանից դեպի արևմուտք[9]։ Ոչ ավելի վաղ, քան 80 միլիոն տարի առաջ, այդ ազդեցությունները հասան Ժայռոտ լեռներ[10]։ Ներկայիս Ժայռոտ լեռները բարձրացել են լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում՝ 80-55 միլիոն տարի առաջ[10]։ Կանադական Ժայռոտ լեռների դեպքում լեռնակազմական գործընթացը նման է փայտե հատակին գորգը քաշելուն[7]՝ գորգը կծկվում է և առաջացնում ծալքեր՝ լեռներ։ Կանադայում տերեյնները և սուբդուկցիան գորգը հրող ոտքն է, հնագույն լեռները գորգն են, իսկ մայրցամաքի կենտրոնական մասը կազմող կանադական վահանը՝ փայտե հատակը[7]։ Հարավում, որտեղ Ֆարալոնյան պլատֆորմը մակերեսային անկյան տակ անցել է Հյուսիսամերիկյան պլատֆորմի տակ, մի անսովոր սուբդուկցիա հավանաբար հանգեցրել է Միացյալ Նահանգների Ժայռոտ լեռների առաջացմանը։ Այս ցածր անկյունը արագացրել է հալման և լեռնագոյացման ազդեցությունը։ Գիտնականները մի վարկած են առաջարկում, ըստ որի սուբդուկցիոն սալի ծանծաղ անկյունը, իր վրա ունենալով մայրցամաքային ստվար զանգված, մեծացրել է բախումը և այլ ներգործություններ։ Հսկայական խզումները իրար վրա են դասավորել երկրակեղևի շերտերը՝ կազմավորելով Ժայռոտ լեռների վերին գագաթները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marston, Richard A.; Eardley, Armand J. «Rocky Mountains». Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. Akrigg, G. P. V.; Akrigg, Helen B. (1997). British Columbia Place Names (3rd ed.). Vancouver, BC: UBC Press. էջ 229. ISBN 978-0774806367. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Mardon, Ernest G.; Mardon, Austin A. (2010). Community Place Names of Alberta (3rd ed.). Edmonton, AB: Golden Meteorite Press. էջ 283. ISBN 9781897472170. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Gadd, Ben (1986). Handbook of the Canadian Rockies. Corax Press. էջ 1.
  6. Cannings, Richard (2007). The Rockies: A Natural History. Greystone/David Suzuki Foundation. էջ 5. ISBN 978-1-55365-285-4.
  7. 7,0 7,1 7,2 Gadd, Ben (2008). «Geology of the Rocky Mountains and Columbias» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  8. Chronic, Halka (1980). Roadside Geology of Colorado. ISBN 978-0-87842-105-3.
  9. 9,0 9,1 Blakely, Ron. «Geologic History of Western US». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին.
  10. 10,0 10,1 English, Joseph M.; Johnston, Stephen T. (2004). «The Laramide Orogeny: What Were the Driving Forces?» (PDF). International Geology Review. 46 (9): 833 838. Bibcode:2004IGRv...46..833E. doi:10.2747/0020-6814.46.9.833. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277