Թրաֆիքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնություն կանանց նկատմամբ
Խնդիրներ
Սպանություն
Սեռական հանցագործություն և բռնաբարություն
Առնչվող թեմաներ
«Դադարեցրե՛ք մարդկանց թրաֆիքինգը»

Թրաֆիքինգը, մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։

Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամենաշահաբեր հանցավոր բիզնեսը։ 2004թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ ամերիկյան դոլլար։ 2005 թ. Պատրիկ Բելսերը տարեկան շահույթը գնահատել է 31.6 միլիարդ ամերիկյան դոլլար։
Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։
Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։
Մինչդեռ թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի պահվում են և կատարում հարկադրական աշխատանք։ Վերջինիս բնույթը նկարագրված է Թրաֆիքինգի մասին արձանագրության (1) կետում, և շատ հաճախ զոհերը ընդհանրապես վարձատրություն չեն ստանում, կամ ստանում են շատ չնչին գումար՝ կատարած աշխատանքի դիմաց։
Թրաֆիքինգի զոհ դարձած մարդը հարկադրված այսպիսի աշխատանք կատարում է մի քանի «ոլորտներում».

  • աշխատանք պարտքի դիմաց, օրինակ՝ որպես վճար՝ որևէ երկիր իրեն տեղափոխելու համար,
  • աշխատանք բռնի ուժով, այսինքն, երբ ուղղակիորեն տնօրինում են մարդուն,
  • սեռական բռնություն, ովքեր հիմնականում ծառայում են հենց թրաֆիքինգի կազմակերպիչներին։ Զոհերը հիմնականում դեռահասներ, որբեր կամ պատանիներ են, կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ովքեր ավելի խոցելի են. գտնվում են հոգեպես կամ ֆինանսապես ծանր վիճակում։
  • անչափահասների աշխատանք, երեխաներին հասցնում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և բարոյական մեծ վնասներ, զրկում է կրթությունից, զարգացումից և ընտանիք ունենալուց։

Ճիշտ է, բուն թրաֆիքինգի համար մի վայրից մյուսը գնալն անհրաժեշտ պայման չէ, բայց զոհերի համար «աշխատատեղեր» գտնող հանցագործները սփռված են տարբեր երկրներում և ճանապարհորդում են նշված նպատակով։ Խարդախությամբ, խաբեությամբ նրանք աշխատանքի են տեղավորում զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական աշխատանքի բնույթի և իրական աշխատավարձի չափի մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]