Թաջ Մահալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաջ Մահալ (այլ կիրառումներ)
Թաջ Մահալ
հինդի՝ ताज महल
ուրդու՝ تاج مَحَل
պարս.՝ تاج محل
Հիմնական տվյալներ
Տեսակդամբարան, դամբարան և տեսարժան վայր
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունԱգրա[2][3][4]
Դավանանքիսլամ
Հիմնական ամսաթվերը1631
Ժառանգության կարգավիճակազգային նշանակության հուշարձան և Համաշխարհային ժառանգություն
ԱնվանվածՄումթազ Մահալ[5]
ՃարտարապետAhmad Lahori?
ՀիմնադիրՇահ Ջահան[1]
ՊատվիրողՇահ Ջահան
Ճարտարապետական ոճիսլամական ճարտարապետություն, պարսկական ճարտարապետություն և Mughal architecture?
Հիմնադրված1631
Կառուցման արժեք32 000 000 $
Բարձրություն73 մետր
Շինանյութմարմար
Մակերես17 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Taj Mahal Վիքիպահեստում
tajmahal.gov.in(անգլ.)(հինդի)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 252
ռուս..անգլ..ֆր.

Թաջ Մահալ (հնդկերեն՝ ताज महल; պարսկերեն՝ تاج محل, /ˌtɑːdʒ məˈhɑːl, ˌtɑːʒ-/[6], թարգմանաբար՝ «Պալատի թագ»[7]), փղոսկրասպիտակ դամբարան Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին։ Հիմնադրվել է 1632 թվականին Շահ Ջահան մողոլ կայսեր (կառավարել է 1628-1658 թվականներին) կողմից իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս (հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը)։ Դամբարանը, որը ունի 74 մետր բարձրություն և հինգ գմբեթներ, իսկ չորս անկյունների մոտ տեղակայված են չորս մինարեներ (դրանք փոքր-ինչ թեքված են, որ կործանվելու դեպքում չվնասեն դամբարանը), գտնվում է 17 հա տարածք[8] զբաղեցնող համալիրի կենտրոնում, որ ներառում է նաև մզկիթ և հյուրատուն և տեղակայված է երեք կողմից ատամնավոր պարսպով շրջապատված այգում։

Դամբարանի կառուցումը հիմնականում ավարտվել է 1943 թվականին, սակայն առանձին աշխատանքներ շարունակվել են ևս տասը տարի, և համարվում է, որ Թաջ Մահալի կառուցումն ավարտվել է 1953 թվականին։ Համալիրի կառուցման համար ծախսվել է այն ժամանակվա գումարով շուրջ 32 մլն ռուփի, ինչը 2015 թվականին կլիներ մոտ 52,8 մլրդ ռուփի (827 մլն դոլար)։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են շուրջ 20 հազար արհեստավորներ ու վարպետներ[9] ճարտարապետների խորհրդի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկված են եղել Դեշենով Անուն, Մակրամատ Հանան և Ուստադ Ահմադ Լահաուրին։ Վերջինս եղել է պալատական ճարտարապետ և նախագծի հիմնական հեղինակը[10]։

Թաջ Մահալը (որին կարճ անվանում են նաև պարզապես «Թաջ») համարվում է մոնղոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշը, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր[11][12]։ 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թաջ Մահալը ճանաչել է համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այն կոչելով ««մուսուլմանական արվեստի մարգարիտ Հնդկաստանում, ժառանգության համընդհանուր ճանաչում ունեցող գլուխգործոցներից մեկը, որով հիանում են ամբողջ աշխարհում»։ Ամեն տարի Թաջ Մահալ է այցելում շուրջ 7-8 մլն մարդ։ 2007 թվականին այն հայտարարվել է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքները» (անգլ.՝ New7Wonders of the World, 2000-2007) նախաձեռնության հաղթող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջ Մահալի կառուցումը հանձնարարվել է Շահ Ջահանի կողմից 1631 թվականին ի հիշատակ իր կնոջ՝ պարսից արքայադուստր Մումթազ Մահալի, որ մահացել է իրենց 14-րդ երեխային՝ Գաուհարա Բեգումին (1631-1706) ծննդաբերելիս[13]։ Շինարարությունն սկսվել է 1632 թվականին[14]։ Կայսերական պալատի փաստաթղթերում ներկայացված է Շահ Ջահանի տառապանքը կնոջ մահվանից հետո և նրանց սիրո պատմությունը, որն էլ ոգեշնչել է ստեղծելու Թաջ Մահալը[15][16]։

Թաջ Մահալը կառուցվել է պարսպով շրջապատված Ագրա քաղաքից հարավ ընկած տարածքում։ Շահ Ջահանը մահարաջա Ջայ Սինգհին պատկանող այդ տարածքը փոխանակել է Ագրայի կենտրոնում գտնվող մեծ պալատի հետ[17]։ Մոտ 1,2 հա տարածքը փորվել է, հողը փոխվել է ներսփռման նվազեցման նպատակով, գետինը բարձրացվել է 50 մետր գետի ափի մակադակից։ Դամբարանի տեղակայման տարածքում փորվել են ջրհորներ, որոնք, լցվելով որմնաքարով, ձևավորել են կառույցի հիմքը։ Բամբուկի փոխարեն աշխատողները կառուցել են աղյուսե հսկայական լաստակ։ Վերջինս այնքան մեծ է եղել, որ վարպետները գնահատել են, թե այն ապամոնտաժելու համար կպահանջվեն տարիներ[18]։

Թաջ Մահալը կառուցելու համար անհրաժեշտ շինանյութը բերվել է ամբողջ Հնդկաստանից և Ասիայից։ Համարվում է, որ ավելի քան հազար փիղ է օգտագործվել շինանյութերի տեղափոխման համար։ Կիսաթափանցիկ սպիտակ մարմարը բեվել է Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Մակրանա քաղաքից, հասպիսը՝ Փանջաբից, նեֆրիտն ու բյուրեղապակին՝ Չինաստանից։ Փիրուզը բերվել է Տիբեթից, լաջվարդը՝ Աֆղանստանից, շափյուղան՝ Շրի Լանկայից, իսկ սարդիոնը՝ Արաբիայից։ Ընդհանուր առմամբ քսանութ տեսակի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր են ներդրվագվել սպիտակ մարմարի մեջ։

Ըստ ավանդության՝ Շահ Ջահանը հայտարարել է, թե յուրաքանչյուր ոք կարող է լաստակից վերցնել և իրեն պահել այնքան աղյուս, որքան ցանկանում է, և արդյունքում գյուղացիներն այն քանդել են մեկ գիշերվա ընթացքում։ Մարմարի և այլ շինանյութերի՝ շինհրապարակ տեղափոխման համար կառուցվել է 15 կմ երկարությամբ թեք հարթություն, և քսան կամ երեսուն ցուլեր քաշել են քարակտորները հատուկ սայլերով[19]։ Քարակտորներն անհրաժեշտ բարձրության հասցնելու համար օգտագործվել է բարդ կառուցվածք ունեցող փայտե ճախրանվակային համակարգ։ Շինարարության համար անհրաժեշտ ջուրը վերցվել է գետից պարանների և անասունների ուժի օգտագործմամբ, լցվել մեծ շտեմարանի մեջ, որտեղից այն անցել է երեք հարակից բաքեր, որոնցից էլ խողովակներով մատակարարվել է ամբողջ համալիրին։

Դամբարանի կառուցումն ավարտվել է 1643 թվականին[14], իսկ այգին ու շրջակա կառույցները՝ մինարեները, մզկիթը, ջավաբն ու մուտքը, վերջնական տեսքի են բերվել շուրջ տասը տարի անց[20]։ Համալիրի կառուցման համար ծախսվել է շուրջ 32 մլն հնդկական ռուփի[14], ինչը 2015 թվականի արժեքով կլիներ շուրջ 52,8 միլիարդ ռուփի ($827 մլն)[21]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլ Համիդ Լահաուրին իր «Բադշահնամա» գրքում Թաջ Մահալը կոչում է ռաուզա-ի մունավարա, որ նշանակում է լուսավոր կամ հռչակավոր դամբարան[22]։ Թաջ Մահալի կառուցումն ավարտելուց կարճ ժամանակ անց Շահ Ջահանը գահընկեց է արվել իր որդու՝ Աուրանգզեբի կողմից և տնային կալանքի ենթարկվել Ագրայի ամրոցի մոտակայքում։ Մահվանից հետո նա թաղվել է Թաջ Մահալում՝ կնոջ կողքին[23]։ 18-րդ դարում Բհարատպուրի Ջատ տիրակալները ներխուժել են Ագրա և հարձակվել Թաջ Մահալի վրա։ Նրանք տարել են երկու ջահերը (մեկը ագաթից, մյուսը՝ արծաթից), որ կախված էին գլխավոր կենոտաֆի վրա, ինչպես նաև ոսկե և արծաթե ցանց։ Մողոլական պատմագիր Կանդոն նշել է, որ գլխավոր գմբեթի 4,6 մետր բարձրություն ունեցող ֆլերոնի ոսկե ծածկույթը նույնպես հանվել է այդ ժամանակ[24]։

Մինչ 19-րդ դարի վերջը կառույցների մի մասը հայտնվել է անմխիթար վիճակում։ 1857 թվականի Հնդկական ապստամբության ժամանակ Թաջ Մահալն ավերվել է բրիտանացի զինվորների և պետական պաշտոնյաների կողմից, ովքեր տարել են դրա պատերի վրայի թանկարժեք քարերն ու լաջվարդը։ 19-րդ դարի վերջին բրիտանական փոխարքա Լորդ Քերզոնը պատվիրել է վերակառուցման լայնամասշտաբ նախագիծ, որ ավարտին է հասցվել 1908 թվականին[25][26]։ Նա նաև պատվիրել է մեծ ջահ ներսի սրահի համար, որ պատրաստվել է Կահիրեի մզկիթի ջահի օրինակով։ Այդ ժամանակ այգին վերափոխվել է, և ստեղծվել են բրիտանական ոճի սիզամարգեր, որ շարունակում են մնալ մինչ օրս։

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանական լաստակ պատերազմի ժամանակ

1942 թվականին կառավարությունը կառուցել է տվել պաշտպանական լաստակ, որը դամբարանը պետք է պաշտպաներ ճապոնական օդային ուժերի սպասվող հարձակումից[27][28]։ Պակիստանա-հնդկական պատերազմի ժամանակ նույնպես կառուցվել է լաստակ ռմբակոծիչների օդաչուներին շփոթեցնելու նպատակով[29]։

Հետագա տարիներին հուշարձանին սպառնացող վտանգը եղել է շրջակա միջավայրի աղտոտումը Ջամնա գետի ափերին, ներառյալ թթվային անձրևը[30] Մաթհուրայի նավթամշակման գործարանի պատճառով[31], որի դեմ հանդես է եկել Հնդկաստանի գերագույն դատարանը[32]։ Աղտոտման պատճառով Թաջ Մահալն ստացել է դեղին գույն։ Աղտոտման վերահսկմանը նպաստելու նպատակով Հնդկաստանի կառավարությունն ստեղծել է Թաջ տրապեցիում գոտին, և դամբարանի շրջակա 10 400 կմ² տարածքում սահմանվել են արտանետումների խիստ չափանիշներ[33]։

21-րդ դարում Թաջ Մահալին սպառնացող հիմնական վտանգը Ջամնայի ջրավազանի ստորգետնյա ջրերի մակարդակի անկումն է, որ իջնում է տարեկան 1,5 մետրով։ 2010 թվականին դամբարանի վրա հայտնվել են ճաքեր, իսկ նրա շուրջը տեղակայված մինարեները ցույց են տվել թեքվելու նշաններ, քանի որ դամբարանի փայտե հիմքը կարող է փտել ջրի անբավարարության պատճառով։ Սակայն քաղաքական գործիչները նշել են, թե մինարեները նախագծվել են մի քիչ դեպի դուրս թեքված, որպեսզի երկրաշարժի դեպքում չընկնեն դամբարանի վրա։ 2011 թվականին հայտարարվել է, թե որոշ կանխատեսումների համաձայն՝ դամբարանը կկործանվի 5 տարվա ընթացքում[34][35]։

Ճարտարապետություն և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջ Մահալը միավորել և զարգացրել է պարսկական և վաղ մողոլական ճարտարապետական ավանդույթները։ Հատկապես ներշնչման աղբյուր են ծառայել Թեմուրյանների և Մողոլների կողմից ստեղծված կառույցները, ներառյալ Գուր-Էմիրը (Լենկթեմուրի դամբարանը Սամարղանդում)[36], Հումայունի դամբարանը, Իթմադ Ուդ Դաուլահի դամբարանը (երբեմն կոչվում է Փոքր Թաջ) և Շահ Ջահանի Ջամա Մասջիդը Դելիում։ Նախկինում Մողոլների շինությունները հիմնականում կառուցվում էին կարմիր ավազաքարից, սակայն Շահ Ջահանը խթանել է սպիտակ մարմարի օգտագործումը՝ ներզարդված կիսաթանկարժեք քարերով։ Նրա հովանու ներքո ստեղծված կառույցները ներկայացնում են նրբաճաշակության նոր մակարդակ[37]

Շահ Ջահան և Մումթազ Մահալ
Շահ Ջահան
Շահ Ջահանը գլոբուսի վրա, Սմիթսոնյան ինստիտուտ

Դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը գտնվում է Թաջ Մահալի ընդհանուր համալիրի կենտրոնում։ Այն սպիտակ մարմարից կառուցված շենք է, որ տեղակայված է հենահարթակի վրա և ներկայացնում է այվանով (կամարաձև մուտք) սիմետրիկ կառույց, որ պսակվում է մեծ գմբեթով։ Մողոլների դամբարանների մեծ մասի նման Թաջ Մահալի հիմնական տարրերը նույնպես ունեն պարսկական ծագում[38]։

Հիմնական կառույցն ունի եզրահատված անկյուններ և ներկայացնում է ոչ համաչափ ութանկյուն, որի չորս երկար կողմերն ունեն մոտ 55 մետր երկարություն։ Այվանը երկու կողմից շրջանակված է հսկայական պիշտաքով կամ կամարակապ անցումով։ Երկու կողմերում կան միանման ձևավորված կամարակապ պատշգամբներ։ Պիշտաքների մոտիվը կրկնված է եզրահատված անկյունների հատվածներում, ինչի շնորհիվ կառույցի դիզայնը լիովին սիմետրիկ է բոլոր կողմերից։ Դամբարանը շրջապատում են չորս մինարեները, որ տեղակայված են հենահարթակի չորս անկյուններում՝ դամբարանի եզրահատված անկյունների դիմաց։ Գլխավոր կառույցում են գտնվում Մումթազ Մահալի և Շահ Ջահանի կեղծ սարկոֆագները. իսկական գերեզմանները գտնվում են ստորին մակարդակում[39]։

Դամբարան
Թաջ Մահալը գլխավոր մուտքի մոտից
Թաջ Մահալը գլխավոր մուտքի մոտից  
Դմբարանը և շրջապատող չորս մինարեները
Դմբարանը և շրջապատող չորս մինարեները  
Մեծ գմբեթը ներսի կողմից
Մեծ գմբեթը ներսի կողմից  
Մումթազ Մահալի և Շահ Ջահանի կեղծ սարկոֆագները
Մումթազ Մահալի և Շահ Ջահանի կեղծ սարկոֆագները  
Մումթազ Մահալի և Շահ Ջահանի իսկական գերեզմանները
Մումթազ Մահալի և Շահ Ջահանի իսկական գերեզմանները  
Գմբեթները և դեկորատիվ սրաձողերը
Գմբեթները և դեկորատիվ սրաձողերը  

Դամբարանի առավել տպավորիչ առանձնահատկությունն այն ծածկող մարմարե գմբեթն է։ Վերջինս ունի գրեթե 35 մ բարձրություն, ինչը մոտ է հատակի երկարությանը։ Իր ձևի շնորհիվ գնբեթը հաճախ կոչվում է աոխուկանման գմբեթ կամ ամրուդ (գուավանման գմբեթ)[40]։ Գմբեթի գագաթը զարդարված է լոտոսանման դիզայնով, ինչը նույնպես ընդգծում է նրա բարձրությունը։ Մեծ գմբեթի ջևը կրկնում են չորս փոքր գմբեթները, որ տեղակայված են անկյուններում։ Գմբեթը փոքր-ինչ ասիմետրիկ է[41]։ Դրանց սյունաձև հիմքերով լույս է ներթափանցում դամբարանի ներս։ Դեկորատիվ երկար սրաձողերը, որ բարձրանում են հիմնական պատերի ծայրերին, կրկին վիզուալ տեսանկյունից ընդգծում են գմբեթի բարձրությունը։ Լոտոսի մոտիվը կրկնվում է փոքր գմբեթների և սրաձողերի վրա։ Մեծ և փոքր գմբեթների վրա կան ոսկեզօծ ֆլերոններ, որոնք ներկայացնում են պարսկական և հնդկական դեկորատիվ տարրերի խառնուրդ։

Գլխավոր ֆլերոնը սկզբում պատրաստված է ոսկուց, սակայն 19-րդ դարի սկզբում փոխարինվել է ոսկեզօծ բրոնզե տարբերակով։ Այն պարսկական և հնդկական ավանդույթների միաձուլման վառ օրինակ է[42]։ Ֆլերոնի վրա տեղադրված է լուսին, ինչը մուսուլմանական ավանդական մոտիվ է, որի ծայրերն ուղղված են դեպի երկինք[43]։

Մինարեները, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 40 մետր բարձրություն, ցուցադրում են նախագծի հեղինակի հակումը դեպի համաչափությունները։ Դրանք կառուցվել են որպես գործող մինարեներ. վերջիններս մզկիթների ավանդական մաս են, որոնք օգտագործվում են մուսուլման հավատացյալներին աղոթքի կանչելու համար։ Յուրաքանչյուր մինարե բաժանված է երեք հավասար մասերի երկու գործող պատշգամբների միջոցով։ Աշտարակի գագաթին գտնվում է վերջին պատշգամբը, որի վերևում բարձրանում է դամբարանի փոքր գմբեթների նման գմբեթ։ Վերջինս նույնպես կրում է լոտոսի դիզայն և ոսկեզօծ ֆլերոն։ Մինարեները կառուցված են հենահարթակից մի փոքր դուրս, որպեսզի փլուզման դեպքում (ինչը հաճախ էր պատահում այդ ժամանակվա բարձր կառույցներում) դրանցից պոկված քարերն ընկնեն դամբարանից հեռու։

Արտաքին ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջ Մահալի արտաքին ձևավորումը լավագույններից մեկն է մողոլական ճարտարապետության մեջ։ Մակերեսի փոփոխմանը զուգահեռ զարդարանքները նույնպես փոխվել են համամասնաբար։ Դեկորատիվ տարրերը ստեղծվել են ներկելու միջոցով, սվաղմամբ, քարերի ներդրմամբ և փորագրմամբ։ Քանի որ իսլամն արգելում է օգտագործել մադակերպ տարրեր, որպես զարդարանք կիրառվել են գեղագրական տարրեր, վերացական պատկերներ և բուսական մոտիվներ։ Ներսում ներկայացված են հատվածներ Ղուրանից, որ ներառում են դեկորատիվ տարրեր։ Վերջին ժամանակներում ենթադրվել է, որ այդ հատվածներն ընտրվել են Ամանաթ Խանի կողմից[44][45]։

Գլխավոր մուտքի վրայի գրությունը հետևյալն է. «Օ՜ Հոգի, որ հանգստացել ես։ Վերադարձիր Աստծո մոտ խաղաղությամբ Նրա հետ, և Նա խաղաղությամբ քեզ հետ»[45]։ Գեղագրությունն ստեղծվել է 1609 թվականին Աբդուլ Հաք անունով գեղագրի կողմից։ Շահ Ջահանը նրան շնորհել է Ամանաթ Խան տիտղոսը՝ որպես երախտագիտություն իր «ապշեցուցիչ վարպետության» համար[46]։ Ղուրանից վերցված տողերի կողքին՝ գլխավոր գմբեթի հիմքի մոտ, գրված է. «Գրվել է աննշան արարածի՝ Ամանաթ Խան Շիրազիի կողմից»[47]։ Գեղագրության մեծ մասը արված է թուլութ գրատեսակով հասպիսով կամ սև մարմարով[46], որ ներդրված են սպիտակ մարմարե քարի մեջ։ Ավելի բարձր գրություններն արված են մի քիչ ավելի մեծ տառատեսակով, որպեսզի նվազեցվի խոտորման էֆեկտը ներքևից նայելիս։

Վերացական պատկերներն օգտագործվել են ամենուր, հատկապես հենահարթակի, մինարեների, մուտքի, մզկիթի, ջավաբի և համեմատաբար ավելի քիչ դամբարանի վրա։ Ավազաքարե կառույցների գմբեթների ու կամարների վրա արված զարդարանքները ստեղծում են բարդ երկրաչափական պատկերներ։ Եղևնաձև շարված դրվագազարդերը տեղակայված են կառույցի հատվածների միացումներում։ Սպիտակ դրվագազարդերն օգտագործվել են ավազաքարե կառույցներում, մուգ կամ սև դրվագազարդերը՝ սպիտակ մարմարից կառուցված շինություններում։ Վնասված հատվածները ներկվել են հակադիր գույներով, ինչի շնորհիվ ստեղծվել է երկրաչափական զարդանախշերի բարդ համախումբ։ Հատակը և շավիղները կառուցվել են հակադիր գույների սալիկներով կամ մանրահատակի կաղապարով բլոկներով։

Դամբարանի ստորին պատերին սպիտակ մարմարից դադոներ են՝ զարդարված ծաղիկներ և խաղողի վազեր պատկերող ռեալիստական խորաքանդակներով։ Մարմարը հղկվել է, որպեսզի ընդգծվի փորագրությունների մանրամասնությունները։ Դադոյի շրջանակները և կամարակապ մուտքերը զարդարվել են խաղողի վազերի, ծաղիկների և մրգերի պատկերներով։ Ներդրվագված են դեղին մարմար, հասպիս և նեֆրիտ, որ հղկվել են և հավասարեցվել պատերի մակերևույթին[46]

Արտաքին ձևավորման դետալներ
Դամբարանի գմբեթը և մինարե
Դամբարանի գմբեթը և մինարե  
Ֆլերոն՝ Մողոլների տերության թամգան
Ֆլերոն՝ Մողոլների տերության թամգան  
Գեղագրություն պարսկական բանաստեղծություններից
Գեղագրություն պարսկական բանաստեղծություններից  
Բուսական մոտիվներ
Բուսական մոտիվներ  
Արաբական այաաթի գեղագրություն
Արաբական այաաթի գեղագրություն  
Մարմարե վանդակ
Մարմարե վանդակ  

Ներքին ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաջ Մահալ դամբարանի ներքին ձևավորումը դուրս է գալիս ավանդական դեկորատիվ տարրերի սահմաններից։ Օգտագործվել է ոչ թե pietra dura տեխնիկա, այլ զարդարված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով[48]։ Դամբարանի գլխավոր կառույցը ներսից ութանկյուն է, որի դիզայնը թույլ է տալիս մտնել ցանկացած կողմից, սակայն օգտագործվում է միայն դեպի այգին բացվող հարավային դուռը։ Ութ պիշտաքներ բարձրանում են հատակից, և ինչպես դրսի կողմից է, ամեն մի ստորին պիշտաքի վերևում՝ սկսած պատի կեսից, բարձրանում է երկրորդը[49]։ Չորս կենտրոնական վերին կամարները կազմում են պատշգամբներ կամ դիտահրապարակներ, և յուրաքանչյուր պատշգամբի պատուհան ունի ջալի մարմարից, որոնցով լույս է թափանցում ներս։ Դրանից բացի, լույս է ներթափանցում նաև տանիքի անցքերով, որոնք ծածկված են չատրիներով անկյուններում։ Ութանկյուն մարմարե ցանցերը կամ ջալիները, որ ծածկում են կենոտաֆները, պատրաստված են մարմարե ութ սալերից։ Ներքին մակերեսի մնացած մասը ձևավորված է կիսաթանկարժեք քարերից արված զարդարանքներով, որ ձևավորում են ոլորվող վազեր, մրգեր և ծաղիկներ։ Պատերից յուրաքանչյուրը զարդարված է դադո խորաքանդակներով[50]։

Մուսուլմանական ավանդույթներն արգելում են մանրամասն զարդարել գերեզմանները։ Այդ պատճառով էլ Մումթազ Մահալի և Շահ Ջահանի մարմինները դրվել են համեմատաբար հասարակ գետնադամբարանում, իսկ նրանց դեմքերը շրջված են աջ՝ դեպի Մեքքա։ Մումթազ Մահալի կենոտաֆը գտնվում է ներքին սրահի ուղիղ կենտրոնում՝ 1,5x2 մետր չափերով մարմարե ուղղանկյուն պատվանդանի վրա։ Ե՛վ պատվանդանը, և՛ աճյունասափորը խնամքով զարդարված են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով։ Աճյունասափորի վրայի փորագրությունները պատմում են Մումթազ Մահալի մասին և գովերգում նրան։ Աճյունասափորի վրա կա բարձրացված շեղանկյուն հատված, որ ներկայացնում է գրելու տախտակ։ Շահ Ջահանի կենոտաֆը տեղակայված է Մումթազ Մահալի շիրմի արևմտյան կողմում, և դա միակն ասիմետրիկ տարրն է ողջ համալիրում։ Շահ Ջահանի կենոտաֆը ավելի մեծ է, քան իր կնոջինը, սակայն բաղկացած է նույն մասերից. ավելի մեծ աճյունասափորը տեղադրված է մի քիչ ավելի բարձր պատվանդանի վրա, որ զարդարված է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով և նրա մասին պատմող փորագրություններով։ Աճյունասափորի վրա փոքր գրչատուփի ավանդական քանդակ է[49]։

Գրչատուփը և գրելու տախտակը Մողոլների շիրիմների ավանդական տարրեր են և զարդարում են տղամարդու և կնոջ շիրիմները համապատասխանաբար։ Ալլահի 99 անունները փորագրված են Մումթազ Մահալի իրական դամբարանում։ Գետնադամբարանի ներսում արված գրություններից է` «Օ՜ Ազնվական, Օ՜ Փառահեղ, Օ՜ Վսեմ, Օ՜ Միակ, Օ՜ Հավերժական, Օ՜ Փառավոր...»։ Շահ Ջահանի դամբարանում առկա է հետևյալ գրությունը. «Նա մեկնեց այս աշխարհից Հավերժության հանդիսասրահ Ռաջաբ ամսի քսանվեցի գիշերը, Հիջրիի 1076 թվականին»[51]։

Ներքին դիզայնի տարրեր
Մարմարի վրա քանդակված ծաղիկներ
Մարմարի վրա քանդակված ծաղիկներ  
Ջալիի ձևավորում ներսից
Ջալիի ձևավորում ներսից  
Հատված ներքին ձևավորումից
Հատված ներքին ձևավորումից  
Հատակի ձևավորում
Հատակի ձևավորում  
Ջալիի դետալ
Ջալիի դետալ  

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավիղներ ջրավազանի մոտ

Համալիրը տեղակայված է 300 մետրանոց քառակուսի չարբախի կամ մողոլական այգու շուրջ։ Այգում կառուցվել են բարձրացված ուղիներ, որոնք այգու չորս մասերից յուրաքանչյուրը բաժանում են 16 պարտերների կամ ծաղկաթմբերի։ Դամբարանի և մուտքի կիսաճանապարհին՝ այգու կենտրոնում, տեղակայված է մարմարե արտացոլող ջրավազանը, որում արտացոլվում է դամբարանը։ Ջրավազանը կոչվում է «ալ Հավդ ալ-Կաուտար» որպես հղում Մուհամմադին խոստացված «Առատության ջրավազանի»[52]։

Դրանից բացի, այգում կան ծառուղիներ, որտեղ նշված են ծառերի տարածված և գիտական անվանումները[53], ինչպես նաև շատրվաններ։ Չարբախ այգին, որի դիզայնի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել պարսկական այգիները, Հնդկաստան է ներմուծվել առաջին Մողոլ կայսեր՝ Բաբուրի կողմից։ Այն խորհրդանշում է Ջանահից (Դրախտ) հոսող չորս գետերը և արտացոլում Դրախտային այգին, որ վերցվել է Պարսկական պարիդաեզայից, ինչը նշանակում է «պարսպապատ այգի»։ Մողոլների դարաշրջանի միստիկական իսլամական տեքստերում դրախտը նկարագրվում է որպես առատության կատարյալ այգի, որի կենտրոնում գտնվող աղբյուրից կամ սարից հոսում են չորս գետեր՝ այգին բաժանելով հյուսիսային, արևմտյան, հարավային և արևելյան հատվածների։

Մողոլական չարբախների մեծ մասն ուղղանկյուն են, իսկ նրանց կենտրոնում տեղակայված է դամբարան կամ տաղավար։ Թաջ Մահալի այգին եզակի է նրանով, որ այնտեղ գլխավոր կառույցը՝ դամբարանը, տեղակայված է ոչ թե կենտրոնում, այլ այգու վերջում։ Ջամնայի մյուս ափին Մահթաբ Բաղի կամ «Լուսնի լույսի այգու» բացահայտումից հետո Հնդկաստանի հնագիտական վարչության կողմից նշվել է, թե Ջամնա գետն ինքը ներառվել է այգու դիզայնի մեջ և դիտարկվել է որպես Դրախտի չորս գետերից մեկը[54]։ Պլանավորման և ճարտարապետական տեսանկյուններից Շալիմար այգիների հետ ունեցած նմանությունների հիման վրա ենթադրվել է, որ երկու այգիներն էլ կարող են նախագծված լինել նույն ճարտարապետի՝ Ալի Մարդանի կողմից[55]։ Վաղ շրջանի աղբյուրներում նկարագրվում է Թաջ Մահալի այգու հարուստ բուսականությունը, ներառյալ մեծ քանակի վարդերը, նարգիզները և պտղատու ծառերը[56]։ Մողոլական տերության անկմանը զուգահեռ Թաջ Մահալն ու նրա այգին նույնպես անկում են ապրել։ Մինչ 19-րդ դարի վերջը Բրիտանական կայսրության վերահսկողության տակ էր գտնվում Հնդկաստանի տարածքի ավելի քան երեք հինգերորդը[57], այդ թվում նաև Թաջ Մահալը։ Նրանք փոխել են կանաչապատման ձևը՝ այն ավելի շատ նմանեցնելով Լոնդոնի սիզամարգերին[58]։

Հարակից կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մուտքը

Թաջ Մահալ համալիրը երեք կողմից շրջապատված է կարմիր ավազաքարից ատամնավոր պարսպով, իսկ գետի կողմում պատ չկա։ Պարսպից դուրս տեղակայված են մի քանի այլ դամբարաններ, որոնց թվում են Շահ Ջահանի մյուս կանանց դամբարանները և Մումթազի սիրելի ծառայի ավելի մեծ դամբարանը[59]։

Գլխավոր մուտքը (դարվազա) մոնումենտալ կառույց է, որ ստեղծվել է հիմնականում մարմարից և հիշեցնում է ավելի վաղ շրջանի մողոլական ճարտարապետությունը։ Այն նման է գլխավոր դամբարանի կամարակապ մուտքին, իսկ նրա պիշտաքները կրում են այն գեղագրություններից, որ զարդարում են դամբարանը։ Կամարակապ առաստաղն ու պատերը զարդարում են երկրաչափական բարդ պատկերներ, որ հանդիպում են համալիրի մյուս ավազաքարե շինություններում[60]։

Համալիրի ծայրերում՝ դամբարանի երկու կողմերում, տեղակայված են կարմիր ավազաքարե երկու մեծ շինություններ։ Դրանք հետևի կողմից զուգահեռ են արևմտյան և արևելյան պատերին։ Արևմտյան կառույցը մզկիթ է, իսկ մյուսը՝ ջավաբ, որը, ինչպես ենթադրվում է, կառուցվել է ճարտարապետական հավասարակշռության պահպանման համար, չնայած կարող էին օգտագործվել որպես հյուրատուն։ Այդ երկու կառույցները տարբերվում են նրանով, որ ջավաբը չունի միհրաբ (որմնախորշ մզկիթի պատին, որ ուղղված է դեպի Մեքքա), ինչպես նաև հատակի դիզայնով. մզկիթի հատակին առանձնացված են 569 աղոթքի գորգերի տեղեր սև մարմարից։ Մզկիթի հիմնական դիզայնն իր երկար սրահով և երեք գմբեթներով նման է Շահ Ջահանի ստեղծած այլ կառույցների, մասնավորապես Մասջիդ-ի Ջահան-Նումա կամ Ջամա Մասջիդ մզկիթին, որ գտնվում է Դելիում։ Այդ շրջանի մողոլական մզկիթների սրահը բաժանված է երեք մասի՝ հիմնական սրբավայրը և երկու ավելի փոքր հատվածներ դրա կողքերին։ Թաջ Մահալում այդ հատվածներից յուրաքանչյուրը պսակվում է գմբեթով։ Դամբարանին հարակից շինությունների կառուցումն ավարտվել է 1653 թվականին[20]։

Թաջ Մահալն ու նրան կից շինությունները Ջամնա գետի (հյուսիս) կողմից
Թաջ Մահալն ու նրան կից շինությունները Ջամնա գետի (հյուսիս) կողմից


Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելուներ Թաջ Մահալում

Թաջ Մահալը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ 2001 թվականին Թաջ Մահալ է այցելել ավելի քան 2 միլիոն մարդ[61], իսկ 2014 թվականին նրանց թիվը հասել է շուրջ 7-8 միլիոնի[62]։ Այնտեղ գործում է արժեքային երկու համակարգ. Հնդկաստանի բնակիչները վճարում են ավելի քիչ, օտարերկրացիները՝ համեմատաբար ավելի թանկ։ Ավելի շատ զբոսաշրջիկներ Թաջ Մահալ այցելում են զով ամիսներին՝ հոկտեմբերին, նոյեմբերին և փետրվարին։ Մթնոլորտն աղտոտող տրանսպորտային միջոցների մոտենալը համալիրին արգելված է, այդ պատճառով էլ մեքենաների կայանման վայրից մինչև դամբարան զբոսաշրջիկները գնում են ոտքով կամ էլեկտրական ավտոբուսով։ Կհավասպուրաները (հյուսիսային բակեր) նույնպես վերականգնվել են և հասանելի են զբոսաշրջիկների այցելության համար[63][64]։

Թաջ Մահալից հարավ գտնվող փոքր քաղաքը, որ հայտնի է որպես Թաջ Գանջի կամ Մումթազաբադ, սկզբում ունեցել է քարվանսարաներ, շուկաներ ու խանութներ և հիմնադրվել է այցելուների և աշխատողների կարիքների բավարարման համար[65]։ Թաջ Մահալը հաճախ ընդգրկվում է ճանապարհորդական ուղեցույցներում որպես այցելության համար երաշխավորվող վայրեր, ինչպես նաև Աշխարհի նոր յոթ հրաշալիքների տարբեր ցանկերում, որոնցից մեկը կազմվել է 2007 թվականին 100 մլն մասնակցի քվեարկության արդյունքում[66]։

Համալիրն այցելությունների համար հասանելի է ժամը 06։00-19։00 աշխատանքային օրերին, բացի ուրբաթից, երբ այն բաց է մզկիթում աղոթողների համար ժամը 12։00-14։00։ Համալիրը գիշերը կարելի է այցելել լիալուսնի ժամանակ և նրան նախորդող ու հաջորդող երկու օրերին[67], բացառությամբ ուրբաթ օրերի և Ռամադանի ամսի։ Անվտանգության նկատառումներով[68] Թաջ Մահալ կարելի է տանել միայն հինգ իրեր՝ թափանցիկ շշերով ջուր, փոքր տեսախցիկ, անշարժ տեղադրվող տեսախցիկներ, բջջային հեռախոսներ և կանացի փոքր պայուսակներ[69]։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Բատիստ Տավերնիե, Թաջ Մահալի եվրոպացի առաջին այցելուներից մեկը

Կառուցման ժամանակից ի վեր Թաջ Մահալը հիացմունքի աղբյուր է եղել ոչ միայն Հնդկաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ինչի պատճառով անձնական ու էմոցիոնալ գնահատականները մթագնել են հուշարձանին տրված գիտական գնահատականները[70]։ Երկար տարիներ տարածված լեգենդի համաձայն՝ Շահ Ջահանը ծրագրել է կառուցել սև մարմարից դամբարան՝ Սև Թաջ Մահալ, Ջամնա գետի մյուս ափին՝ Թաջ Մահալի դիմաց[71]։ Այդ միտքը տարածվել է Ժան-Բատիստ Տավերնիեի աշխատանքներից, որն այցելել է Ագրա 1665 թվականին։ Ենթադրվում է, որ Շահ Ջահանը գահընկեց է արվել իր որդու՝ Աուրանգզեբի կողմից, նախքան կսկսեր դրա շինարարությունը։ Գետի մյուս ափին՝ Լուսնի այգում կամ Մահթաբ բաղում հայտնաբերված սևացած մարմարի ավերակները նպաստել են այն կարծիքի ամրապնդմանը, թե այդ լեգենդը հավաստի է։ Սակայն 1990-ական թվականներին կատարված պեղումները ցույց են տվել, որ դրանք ոչ թե սև, այլ սևացած սպիտակ մարմարի կտորներ են[72]։ Սև դամբարանի մասի լեգենդի ստեղծման ավելի հավաստի պատճառներ են հայտնաբերվել 2006 թվականին, երբ հնագետների կողմից վերականգնվել է Լուսնի այգու ջրավազանի մի մասը, որի մեջ կարելի է տեսնել սպիտակ դամբարանի մուգ արտացոլանքը[73]։

Չկան վկայություններ այն պնդման վերաբերյալ, թե իբր Շահ Ջահանը մահապատժի է ենթարկել կամ անդամահատել տվել դամբարանի շինարարությանը մասնակցած ճարտարապետների ու վարպետների։ Ըստ որոշ աղբյուրների՝ շինարարության մասնակիցները ստորագրել են պայմանագիր, որ հետագայում չեն մասնակցի նմանատիպ նախագծի։ Նման պատմություններ տարածվել են բազմաթիվ հայտնի շինությունների հետ կապված[74]։ Չկա վկայություն նաև այն պնդման համար, թե Լորդ Ուիլյամ Բենտինկը, որը եղել է Հնդկաստանի գեներալ-նահանգապետը 1830-ական թվականներին, ցանկացել է քանդել Թաջ Մահալն ու մարմարը վաճառել աճուրդով։ Բենտինկի կենսագիր Ջոն Ռոսելին նշել է, թե այդ պատմությունն սկիզբ է առել նրանից, որ Բենտինկը վաճառել է Ագրայի ամրաշինությունների քարերից[75]։

2000 թվականին Հնդկաստանի գերագույն դատարանը մերժել է հնդիկ գրող Պ. Ն. Օուկի հայցը[76], որով նա պահանջում էր հայտարարել, թե Թաջ Մահալը կառուցել է հնդիկ թագավորը[74][77]։ 2005 թվականին նմանատիպ հայցը մերժել է Ալահաբադի բարձրագույն դատարանը։ Այդ դեպքերի պատճառը եղել է սոցիալական աշխատող և քարոզիչ Ամար Նաթ Միշրան, որ ասել է, թե Թաջ Մահալը կառուցվել է Հնդկաստանի Պարման Դև թագավորի կողմից 1196 թվականին[78]։

2017 թվականի տվյալներով՝ դատարանի կողմից մերժվել են մի քանի հայցեր, որոնք պահանջել են Թափ Մահալը հայտարարել հինդուիստական տաճար՝ ոգեշնչվելով Օուկի տեսությունից[79][80]։ 2017 թվականի օգոստոսին Հնդկաստանի հնագիտական վարչությունը հայտարարել է, թե ոչ մի ապացույց չկա այն մասին, որ դամբարանի կառույցը երբևէ եղել է տաճար[81]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Taj Mahal original name was Tejo Mahalaya, Ancient Siva Temple built in 1155 AD
  2. Adams P. C., Ghose R. India.com: the construction of a space between // Prog. Hum. Geogr. / N. CastreeSAGE Publishing, 2003. — Vol. 27, Iss. 4. — P. 414—437. — ISSN 0309-1325; 1477-0288doi:10.1191/0309132503PH437OA
  3. archINFORM (գերմ.) — 1994.
  4. TAJ MAHAL // History — 1995.
  5. Name of Taj Mahal
  6. Wells, John C. (1990). Longman pronunciation dictionary. Harlow, England: Longman. էջ 704. ISBN 0-582-05383-8. entry "Taj Mahal".
  7. Akbar S. Ahmed (1998). Islam Today: A Short Introduction to the Muslim World. I.B.Tauris. էջ 94. ISBN 978-0-85771-380-3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին.
  8. «UNESCO Taj Mahal». UNESCO Culture World Heritage Centre, World Heritage List. UNESCO. 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. Тадж-Махал
  10. UNESCO advisory body evaluation.
  11. Hasan, Parween (1994 թ․ նոյեմբեր), «Review of Mughal Architecture: Its outline and its history», The Journal of Asian Studies, 53 (4): 1301
  12. Lesley A. DuTemple, «The Taj Mahal», Lerner Publishing Group (March 2003). pg 26: «The Taj Mahal, a spectacular example of Moghul architecture, blends Islamic, Hindu and Persian styles»
  13. «Taj Mahal». Treasures of the World. Public Broadcasting Service. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  14. 14,0 14,1 14,2 Sarkar, Jadunath (Sir) (1919). Studies in Mughal India. Calcutta M.C. Sarkar. էջեր 30, 31. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  15. Muhammad Abdullah Chaghtai Le Tadj Mahal D'Agra (Hindi). Histoire et description (Brussels) 1938 p. 46.
  16. 'Abd al-Hamid Lahawri Badshah Namah Ed. Maulawis Kabir al-Din Ahmad and 'Abd al-Rahim under the superintendence of William Nassau Lees. Vol. I Calcutta 1867 pp. 384-9 ; Muhammad Salih Kambo Amal-i-Sal\lih or Shah Jahan Namah Ed. Ghulam Yazdani Vol.I (Calcutta) 1923 p. 275.
  17. Chaghtai Le Tadj Mahal p54; Lahawri Badshah Namah Vol.1 p. 403.
  18. «Jstor». Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  19. David Carroll; Newsweek, inc. Book Division (1973). The Taj Mahal. Newsweek. էջ 64. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. «In order to transport materials, a ten-mile-long ramp of tamped earth was built through Agra, and on it trudged an unending parade of elephants and bullock carts dragging blocks of marble to the building site.»
  20. 20,0 20,1 «Creation History of Taj Mahal». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «WolframAlpha Computational Knowledge Engine». WolframAlpha. Wolfram Alpha LLC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  22. Tillotson, Giles (2008). Taj Mahal. Cambridge, Mass.: Harvard University Press. էջ 14. ISBN 978-0-674-06365-5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  23. Gascoigne, Bamber (1971). The Great Mughals. New York:Harper&Row. p. 243.
  24. «Perils the Taj has faced». The Tribune (Chandigarh). 2003 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  25. Lord Curzon's Brass Lamp Արխիվացված 1 Փետրվար 2009 Wayback Machine.
  26. Yapp, Peter (1983). The Traveller's Dictionary of Quotations. London:Routledge Kegan & Paul. p. 460.
  27. «Scaffolding from NatGeo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  28. Lesley A. DuTemple (2003). The Taj Mahal. Twenty-First Century Books. էջեր 96 pages. ISBN 978-0-8225-4694-8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  29. «BBC, Taj Mahal». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  30. Acid Rain and the Taj Mahal Արխիվացված 1 Փետրվար 2009 Wayback Machine.
  31. Oil Refinery Impact on Taj Mahal Արխիվացված 14 Մայիս 2009 Wayback Machine.
  32. «Supreme Court Oppose». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  33. «UNESCO». UNESCO. 1997 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  34. «Taj Mahal could collapse within five years because wooden foundations are rotting». Daily Mail. 2011 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  35. «Taj Mahal could collapse within two to five years». Fox News. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  36. Chaghtai Le Tadj Mahal p. 146.
  37. Copplestone, p. 166.
  38. «Taj Mahal Mausoleum from Britannica». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  39. «ASI». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  40. «Onion domes, bulbous domes». strombergarchitectural.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  41. Ahuja, Dilip R.; Rajani, M.B. (2016). «On the symmetry of the central dome of the Taj Mahal» (PDF). Current Science. 110 (6): 996–997.
  42. «'The Taj!' EXTERIORS». Official WebSite of Taj Mahal. U.P. Tourism. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  43. Tillitson, G.H.R. (1990). Architectural Guide to Mughal India, Chronicle Books.
  44. Taj Mahal Calligraphy Արխիվացված 1 Դեկտեմբեր 2016 Wayback Machine.
  45. 45,0 45,1 Koch, p. 100.
  46. 46,0 46,1 46,2 Anon. «The Taj mahal». Islamic architecture. Islamic Arts and Architecture Organization. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  47. «Visiting the Taj - calligraphy». Treasures of the World. Public Broadcasting Service. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  48. «Economic times article». Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  49. 49,0 49,1 Vikas Khatri (2012). Greatest Wonders of the World. V S Publishers. էջ 128. ISBN 9381588309. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին.
  50. Alī Jāvīd, Tabassum Javeed (2008). World Heritage Monuments and Related Edifices in India, Volume 1. Algora Publishing. էջ 309. ISBN 978-0-87586-483-9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին.
  51. «Taj.net». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  52. Begley, Wayne E. (1979 թ․ մարտ). «The Myth of the Taj Mahal and a New Theory of Its Symbolic Meaning». The Art Bulletin. 61 (1): 14. doi:10.2307/3049862.
  53. «The plants growing throughout the Taj Mahal complex». India Tourism. indiatourism.ws. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  54. Wright, Karen (2000 թ․ հուլիսի 1). «Works in Progress». Discover. Waukesha, WI, USA: Kalmbach Publishing. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  55. Allan, John (1958). The Cambridge Shorter History of India (First ed.). Cambridge: S. Chand, 288 pages. p. 318.
  56. The Taj by Jerry Camarillo Dunn Jr Արխիվացված 13 Սեպտեմբեր 2007 Wayback Machine.
  57. Royals, Sue (1996). Our Global Village – India. India: Lorenz Educational Press. էջ 7. ISBN 978-1-4291-1107-2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  58. Koch, p. 139.
  59. «Thetajindia.weebly.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  60. «Indiatribune.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  61. UNESCO (2002). «Periodic Reporting Exercise On The Application Of The World Heritage Convention» (PDF). UNESCO. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  62. «Archaeological Survey of India Agra working on compiling visual archives on Taj Mahal». The Economic Times. 2015 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  63. Koch, p. 120.
  64. Koch, p. 254.
  65. Koch, pp. 201–208.
  66. Travel Correspondent (2007 թ․ հուլիսի 9). «New Seven Wonders of the World announced». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  67. «Archaeological Survey of India: Night Viewings of Taj Mahal». Asi.nic.in. 2004 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  68. DNA India: Going to the Taj? This is all you can carry Արխիվացված 14 Հունվար 2008 Wayback Machine.
  69. tajmahal
  70. Koch, p. 231.
  71. Asher, p. 210.
  72. Koch, p. 249.
  73. Warrior Empire: The Mughals of India (2006) A+E Television Network.
  74. 74,0 74,1 Koch, p. 239.
  75. Rosselli, J., Lord William Bentinck the making of a Liberal Imperialist, 1774–1839, London Chatto and Windus for Sussex University Press 1974, p. 283.
  76. Writ Petition (Civil) 336 of 2000, P.N. OAK vs. U.O.I. & Ors.
  77. The Hindu, 14 July 2000: Plea to rewrite Taj history dismissed Արխիվացված 16 Մայիս 2013 Wayback Machine ("counsel for the petitioner [...] withdrew the petition")
  78. «Taj Mahal part of an ancient temple: UP BJP chief». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  79. Siraj Qureshi, "Another court petition challenges Taj Mahal's story as a symbol of love" Արխիվացված 16 Հոկտեմբեր 2017 Wayback Machine, India Today, 12 August 2017.
  80. "Is Taj Mahal a mausoleum or a Shiva temple? CIC asks govt to clarify" Արխիվացված 26 Օգոստոս 2017 Wayback Machine, Hindustan Times, 10 August 2017.
  81. BJP's Vinay Katiyar now calls Taj Mahal a Hindu temple - a 'bee in bonnet' theory that Supreme Court once rejected Արխիվացված 19 Հոկտեմբեր 2017 Wayback Machine India Today

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Asher, Catherine B. Architecture of Mughal India New Cambridge History of India I.4, Cambridge University Press 1992 0-521-26728-5.
  • Bernier, Françoi' Travels in the Moghul Empire A.D. 1657–1668 (Westminster: Archibald Constable & Co.) 1891.
  • Carroll, David (1971). The Taj Mahal, Newsweek Books 0-88225-024-8.
  • Chaghtai, Muhammad Abdullah Le Tadj Mahal d'Agra (Inde). Histoire et description (Brussels: Editions de la Connaissance) 1938.
  • Copplestone, Trewin. (ed). (1963). World architecture — An illustrated history. Hamlyn, London.
  • Gascoigne, Bamber (1971). The Great Moguls, Harper & Row.
  • Havel, E.B. (1913). Indian Architecture: Its Psychology, Structure and History, John Murray.
  • Kambo, Muhammad Salih Amal-i-Salih or Shah Jahan Namah Ed. Ghulam Yazdani (Calcutta: Baptist Mission Press) Vol.I 1923. Vol. II 1927.
  • Koch, Ebba (2006) [Aug 2006]. The Complete Taj Mahal: And the Riverfront Gardens of Agra (First ed.). Thames & Hudson Ltd., 288 pages. ISBN 0-500-34209-1.
  • Lahawri, 'Abd al-Hamid Badshah Namah Ed. Maulawis Kabir al-Din Ahmad and 'Abd al-Rahim under the superintendence of Major W.N. Lees. (Calcutta: College Press) Vol. I 1867 Vol. II 1868.
  • Lall, John (1992). Taj Mahal, Tiger International Press.
  • Preston, Diana & Michael (2007) [2007]. A Teardrop on the Cheek of Time (First ed.). London: Doubleday, 354 pages. ISBN 978-0-385-60947-0.
  • Rothfarb, Ed (1998). In the Land of the Taj Mahal, Henry Holt 0-8050-5299-2.
  • Saksena, Banarsi Prasad History of Shahjahan of Dihli (Allahabad: The Indian Press Ltd.) 1932.
  • Spiller, R (1994). "Agricultural Sites of the Taj Mahal", Chronicle Books.
  • Stall, B (1995). Agra and Fathepur Sikri, Millennium.
  • Stierlin, Henri [editor] & Volwahsen, Andreas (1990). Architecture of the World: Islamic India, Taschen.
  • Tillitson, G.H.R. (1990). Architectural Guide to Mughal India, Chronicle Books.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Թաջ Մահալին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաջ Մահալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141