Էքսպրեսիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Մունկ. Ճիչ (1893)՝ էքսպրեսիոնիզմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը

Էքսպրեսիոնիզմ (լատին․՝ expressio, «արտահայտում» բառից), XX դարի առաջին կեսի գրականության և արվեստի ուղղություն, որը միակ իրականությունը համարում է մարդու ենթակայական (սուբյեկտիվ) հոգեկան կյանքը, իսկ նրա արտահայտումը, կերպարավորումը դիտում է որպես արվեստի գլխավոր նպատակ։

XX դարի սկզբներին Գերմանիայում սկիզբ առավ մի շարժում, որը գեղանկարչության մեջ դեմ էր ակադեմիզմին։ Դրա նախաձեռնողները Դրեզդենում Կամուրջ անունը կրող խմբում միավորված ուսանող ճարտարապետներ Կիրխները, Բրեյլը, Հեկելը, Շմիդտ-Ռոտլուֆը և այլք էին։ Նրանցից ոչ մեկը գեղանկարչության մեջ փորձ չուներ, և նրանց գեղարվեստական փորձարարությունները հանգեցրին էքսպրեսիոնիզմի ծնունդին՝ որպես նոր գեղարվեստական ուղղության։ Արվեստում և գրականության մեջ այդ նոր ուղղությունը, որն արտահայտվեց 1-ին համաշխարհային պատերազմի և դրանից հետո հեղափոխական ցնցումների ժամանակ, բուրժուական աշխարհի ճգնաժամի զգացողությունն էր։ Էքսպրեսիոնիզմը ժամանակաշրջանի սուր հակասությունների հետևանք էր, հասարակական հիասթափության պտուղ, տոտալ օտարվածության դեմ անհատականացված արտահայտություն։ Այդ անվանումը խմբի անդամները չտվեցին, այլ քննադատները՝ բնութագրելով դրա գերակշիռ հատկանիշը – գերլարված, բարձր հուզականությունը, արտահայտչականությունը։

ֆր.՝ Expression (արտահայտություն) տերմինը առաջին անգամ գործածեց Բեռլինում լույս տեսնող ՙՇտուրմ՚ էքսպրեսիոնիստական ամսագրի հրատարակիչ Վալդենը։ Էքսպրեսիոնիզմ տերմինը պետք է բնութագրեր այն արվեստի էությունը, որը իր առջև դրված խնդիրներով ու մեթոդներով հակառակ էր իր հնարավորությունները սպառած նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուղղություններին։

Էքսպրեսիոնիզմի մեջ արվեստը կարծես ավելի է հեռանում իրականության պատկերումից. գլխավորը հեղինակի սուբյեկտիվ պատկերացումների արտահայտությունն էր։ Նկարչի ճչացող ՙեսը՚ հետ է մղում փաստը, ՙպատկերը՚ փոխարինվում է ՙարտահայտմամբ՚։ Էքսպրեսիոնիզմի մեջ գերակշռում է իրեն արտահայտելու նկարչի ձգտումը, իր ներաշխարհը՝ առավելագույն մերկությամբ և սրությամբ։ Հաճախ էքսպրեսիոնիստի ներաշխարհը երևում է որպես հակասական, օբյեկտիվ իրականությանն ընդդիմացող, որը նա արտահայտում է կտրուկ աղճատված ձևով։ Դա կարող է համադրվել նկարչի անկեղծ ձգտումով՝ հաստատելու համամարդկային արժեքները, դատապարտել սպառազինությունները, հասարակական անարդարությունը և այլն։

Արվեստի բոլոր տեսակներում էքսպրեսիոնիստների ստեղծագործությունները տարբերվում են նյարդային աններդաշնակությամբ, անբնական համաչափությամբ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիստները դուրս են գալիս տոնայնության, մեղեդու սահմաններից, փնտրում և ստեղծում են նոր ձայնային համակարգեր (ապատոնայնություն)։ Էքսպրեսիոնիստական թատրոններում դերասանները հաճախ խաղում էին թեքված բեմական հրապարակներում. լուսարձակի ճառագայթը մթությունից էր հանում հանդիսասրահին դիմող հերոսին։ Էքսպրեսիոնիստների գրական ստեղծագործություններում բացակայում էին կենդանի բնավորությունները։ Պատահական չէ, որ գրականության մեջ գլխավոր ժանրերը քնարերգությունն էր և հրապարակախոսական դրաման, որոնք էքսպրեսիոնիստների գրչի տակ վերածվում էին հեղինակի կրքոտ մենախոսության։ Հետաքրքրական է, որ իր էության մեթոդը կերպարվեստում էքսպրեսիոնիզմը լիովին դրսևորեց գրաֆիկայում. աշխարհը դիտվում էր որպես սև-սպիտակի հակադրություն՝ չափազանց կտրուկ ու կոտրատված գծերով, դրանց խառնելով դետալների և գույների իրական բազմազանությունը։ (Ժորժ Գրոսս, Ֆոտելեր, Էրնստ Կիրխներ, Էդվարդ Մունկ, Ֆրանց Մարկ և այլն)։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գերմանացի էքսպրեսիոնիստների ստեղծագործությանը։ Գերմանացի նկարիչները Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հատկապես հետո մեծ ուժով էին արտահայտում իրենց հուսահատությունն ու անհամաձայնությունը, շրջապատող միջավայրի հանդեպ իրենց բողոքը, որը իր արտահայտչաձևերի սրությամբ երբեմն հասնում էր լիակատար ողբերգության։ Նրանց վրա մեծ ազդեցություն ունեցավ նորվեգացի Մունկի և շվեյցարացի Հոդլերի ստեղծագործությունը։ Նրանք ցուցադրում էին ձևերի զգայական ընկալման բնազդային չափազանցությունը, որը իմպուլսիվ փոխադրում էին հարթության վրա։

Հեռանալով Վան Գոգից և վճռորոշ քայլ անելով ՙպատկերումից դեպի արտահայտություն՚, էքսպրեսիոնիստները հաստատեցին, որ արվեստը ՙբացարձակ ազատություն է, որը հաղթահարում է իրականության նատուրալիզմն ու իդեալականացումը, բոլոր նախապաշարումներն ու պայմանականությունները և, առաջին հերթին, բարոյականության, հետևաբար և արհեստականորեն անջատված արտաքին ու ներքին իրականությունը։ Իրականությունն արտահայտվում է այնպես, ինչպես այն ընկալում է սուբյեկտը՚։

1-ին համաշխարհային պատերազմի տարիներին էքսպրեսիոնիստների ստեղծագործության գլխավոր թեման հակապատերազմական բողոքն էր։ Այն արտահայտվում էր դարաշրջանին բնորոշ ՙվերջի՚ և ՙսկզբի՚ հակադրմամբ, հին աշխարհի կործանման անհրաժեշտությամբ և հեղափոխության շնչի հաղորդմամբ, հեղափոխական շնչով համակված հին աշխարհի կործանման անհրաժեշտությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 100
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսպրեսիոնիզմ» հոդվածին։