Էլեկտրետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրետային խոսափող

Էլեկտրետները դիէլեկտրիկների տեսակ են։

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին անգլիացի ֆիզիկոս Օլիվեր Հևիսայդը (1850-1925 թթ.) առաջ է քաշել այն միտքը, որ, հաստատուն մագնիսների նման, բնության մեջ պետք է գոյություն ունենան «մշտապես բևեռացված դիէլեկտրիկներ»։ Անգլերեն «էլեկտրետ» բառը համապատասխանում է նույն անգլերեն «մագնետ»` մագնիս բառին (հայերեն, ըստ երևույթին, ճիշտ կլիներ անվանել էլեկտրիս)։ Թվում էր, թե հաստատուն մագնիսների նման էլեկտրետները կարող են պատրաստվել միայն սեգնետաէլեկտրիկներից։ Սակայն հետագայում պարզվեց, որ սեգնետաէլեկտրիկները, օժտված լինելով մնացորդային բևեռացմամբ, այդ վիճակը, որպես կանոն, երկար ժամանակ չեն պահպանում։ Բացի այդ` հայտնաբերվեցին բազմաթիվ դիէլեկտրիկներ, որոնք սեգնետաէլեկտրիկներ չեն, բայց էլեկտրական դաշտում բևեռացվելուց հետո երկար ժամանակ ընդունակ են պահպանելու իրենց էլեկտրականացված վիճակը։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրետներ պատրաստելու համար պինդ բևեռային դիէլեկտրիկը հալում և ապա տեղադրում են ուժեղ էլեկտրական դաշտում։ Դիէլեկտրիկի մոլեկուլները հալույթում հեշտությամբ կողմնորոշվում են. մոլեկուլների էլեկտրական մոմենտները ձգտում են դասավորվել դաշտի ուժագծերի երկայնքով։ Հալույթը սառեցնելուց և այնուհետև արտաքին էլեկտրական դաշտը վերացնելուց հետո պինդ դիէլեկտրիկում մոլեկուլների պտույտները դժվարանում են, և նրանք երկար ժամանակ՝ օրերի, նույնիսկ տարիների ընթացքում, պահպանում են կանոնավոր դասավորվածությունը։ Նկարագրված եղանակով առաջին էլեկտրետը պատրաստել է ճապոնացի ֆիզիկոս Մոտոտորո Յոգուչին (1879-1926 թթ.) անցյալ դարի քսանական թվականների սկզբին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրետները շրջապատված են էլեկտրական դաշտով, ուստի բնական է, որ առաջին հերթին այդ բյուրեղները պետք է կիրառվեին որպես հաստատուն էլեկտրական դաշտի (բայց ոչ հոսանքի) աղբյուր։ Էլեկտրետային խոսափողները և հեռախոսները, փոփոխական հոսանքի փոքր հզորության գեներատորները, էլեկտրաստատիկ վոլտաչափները, ծանրաչափները, խոնավաչափները և էլեկտրետների օգտոգործմամբ պատրաստմամբ բազմաթիվ այլ սարքեր լայն կիրառություն ունեն տեխնիկայում։ Էլեկտրետները կիրառվում են նաև հիշող սարքերում՝ էլեկտրական ազդանշաններ գրանցող էլեկտրետային էլեկտրաշարժիչներում։ Ֆոտոէլեկտրետներն օգտագործվում են էլեկտրալուսանկարչության մեջ՝ պատճենահանման նպատակով։ Բժշկության մեջ արհեստական սիրտ և արհեստական անոթներ ստեղծելիս օգտագործում են խողովակներ, որոնք պատրաստված են էլեկտրետային նյութերից։ Էլեկտրետային խողովակի մի կտորը կարող է փոխարինել այս կամ այն պատճառով «մաշված» և շարքից դուրս եկած կենդանի անոթին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆիզիկա 11» Էդիթ Պրինտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 28