Երվանդ Դ Վերջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Դ Վերջին
Ծնվել է՝մ.թ.ա. 3-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 200
Վախճանի վայրԱրմավիր, Այրարատ, Մեծ Հայք
Արմավիր
ՏոհմԵրվանդունիներ
գերիշխան
ՀայրԱրշամ

Երվանդ Դ Վերջին (Երվանդ Արշակունի[1], Օրոնտես[1][2], մ.թ.ա. 3-րդ դար - մ. թ. ա. 200, Արմավիր, Այրարատ, Մեծ Հայք[1]), Մեծ Հայքի արքա (220-201), Երվանդունիների արքայական հարստության վերջին թագավորը Մեծ Հայքում։ Մորական կողմից Արշակունի[1]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Դ Վերջինը Ստրաբոնի հիշատակած վերջին Օրոնտես թագավորն է[1]։ Ըստ նրա Երվանդը հայտնի յոթ պարսիկներից մեկի՝ Հյուդարնեսի շառավիղն էր[3][4]։

Գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբից հայկական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Մեծ Հայքի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Ըստ Մովսես Խորենացու գրի առած ավանդության Մեծ Հայքին տիրացած Վաղարշակ Արշակունու որդի՝ հայոց թագավոր Արշակի մահից հետո, հայ ավագանու նախաձեռնությամբ Մեծ Հայքի գահին նստած Երվանդ Դ-ն, Արշակի որդիներից կասկած ունենալով՝ բոլորին կոտորում է։ Այդ կոտորածից փրկվում է միայն մանկահասակ Արտաշեսը, որին իր դայակ Սմբատ Բագրատունին փախցնում է Պարթևստան։ Երվանդը օրինական թագավորական հարստության՝ Երվանդունիների տան ներկայացուցիչն էր[1]։ Երվանդ Դ-ն վախենալով չափահաս դարձած Արտաշեսի վրեժխնդրությունից, ամեն կերպ ջանացել է նրան իր ձեռքը գցել և սպանել։ Այդ նպատակով Երվանդ Դ-ն վարկաբեկել է երիտասարդ Արտաշեսին Պարթևական տիրակալի առջև, ասելով որ Արտաշեսը ոչ թե նրանց նախնի Արշակ Քաջի ցեղից է, այլ ծագումով մար է և ոչ մի կապ չունի պարթևների հետ։ Երվանդ Դ-ի ջանքերով՝ Պարթևական վերնախավի կողմից արհամարհական ու թշնամական վերաբերմունքի արժանանալով՝ Արտաշեսը ստիպված է լինում հեռանալ Պարթևստանից ու ծառայության անցնել Սելևկյան Անտիոքոս III Մեծ-ի բանակում։ Անտիոքոս III-ը նպատակ ունենալով վերջնական վերացնել Մեծ Հայքի Երվանդունիների թագավորությունը, օգտագործում է Արտաշեսի և Երվանդ Դ-ի անձնական թշնամանքն ու պատերազմ հրահրում նրանց միջև։

Տապալում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 201 թվականին, օգտվելով Երվանդ Վերջինի դեմ ծավալված դժգոհություններից, նրա տոհմից մորական կողմից սերված Արտաշեսը տապալում է նրան և հետագայում հիմք դնում Արտաշեսյան արքայատանը[1]։ Երվանդավանի մոտ Երվանդ Դ-ի և Արտաշեսի զորաբանակների միջև տեղի ունեցած ճակատամարտում Երվանդ Դ-ի բանակը պարտվում է, իսկ Երվանդ Դ-ն զոհվում։ Բագարանը գրավելիս սպանվում է նաև Երվանդ Դ-ի եղբայր՝ քրմապետ Երվազը։ Իր գործողություններն արդարացնելու համար, Արտաշեսը շարունակում է իր տունը անվանել «Երվանդական»[1]։

Շինարարական աշխատանքներ Մեծ Հայքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Նոր մայրաքաղաքի միջնաբերդը նա բարձր պարիսպներով է շրջապատում։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եղբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պ. Հովհաննիսյան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր Ա, էջ 190
  2. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 433, 437.
  3. «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պ. Հովհաննիսյան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր Ա, էջ 221, 222
  4. «Աշխարհագրություն», Ստրաբոն, XI, 14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 639