Երկրի մագնիսական դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի մագնիսական դաշտի համակարգչային մոդելը։ Մագնիսական դաշտը պատկերող կապույտ ուժագծերն ուղղված են դեպի կենտրոն, դեղինը՝ հակառակ ուղղությամբ։ Երկրի միջուկի շուրջ գծերն ավելի խիտ են[1]։
Երկրի մագնիսական դաշտի սխեման

Երկրի մագնիսական դաշտ, գեոմագնիսական դաշտ, Երկրի շուրջը գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական մագնիսական դաշտ, որը ձգվում է տարածության մեջ՝ դիմագրավելով արեգակնային քամուն։ Երկրի մագնիսական դաշտը չի թողնում, որ Արեգակից եկող, օրգանական կյանքի համար կործանարար մասնիկների հոսքը հասնի Երկրի մակերևույթ։ Երկրի մագնիսականությունը պայմանավորված է այդ դաշտով։ Հաստատուն դաշտը (ծագման պատճառները դեռևս ստույգ բացահայտված չեն) Երկրի տարբեր կետերում տարբեր է և ենթարկվում է դանդաղ, դարավոր փոփոխությունների։ Այդ փոփոխությունների հետևանքով Երկրի մագնիսական բևեռները, որոնք չեն համընկնում աշխարհագրական բևեռների հետ, ժամանակի ընթացքում տեղաշարժվում են։ Հաստատուն մագնիսական դաշտը առաջին մոտավորությամբ կարելի է փոխարինել դիպոլի (մագնիսական մոմենտը՝ 8.3×1025 CGSM, Երկրի պտտման առանցքի հետ կազմած անկյունը՝ 11.5°) կամ համասեռ գնդի մագնիսական դաշտով։ Փոփոխական դաշտը կամ մագնիսական վարիացիան պայմանավորված է երկրի մակերևույթին և նրան հարող մթնոլորտի շերտերի էլեկտրական հոսանքներով և արեգակնային գործունեությամբ։

Մագնիսական փոթորիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սահուն պարբերական տատանումներից, Երկրի մագնիսական դաշտը երբեմն կարճ ժամանակում կտրուկ և զգալի չափով փոխվում է․ «մագնիսական փոթորիկ» կոչվող այս երևույթը կապված է Արեգակից իոնացված մասնիկների արտաժայթքման հետ։ Մագնիսական փոթորիկների մաքսիմումները կրկնվում են 11․5 տարին մեկ։ Այդ ժամանակամիջոցը համընկնում է արևաբծերի մաքսիմումների պարբերությանը։

Գեոմագնիսական դաշտի բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մագնիսական դաշտը տարածության յուրաքանչյուր կետում բնութագրվում է լարվածության վեկտորով, որի մեծությունն ու ուղղությունը որոշվում են X, Y, Z բաղադրիչներով (հյուսիսային, արևելյան և ուղղաձիգ) կամ երկրի մագնիսականության երեք տարրերով՝ լարվածության հորիզոնական բաղադրիչով, մագնիսական D խոտորումով (-ի կազմած անկյունը աշխարհագրական միջօրեականի հարթության հետ) և մագնիսական I հակումով (-ի կազմած անկյունը հորիզոնի հարթության հետ)։ Մերձհասարակածային մարզերում Երկրի մագնիսական դաշտի լրիվ լարվածության միջին արժեքը կազմում է 0,42 Է, դեպի բևեռներ այն մեծանում և հասսնում է 0,70 Է-ի։ Η, Z և D վարիացիաները չափող սարքերը կոչվում են մագնիսական վարիոմետրեր։ Մագնիսական վարիացիաների մեծությունը և ձևը կախված են դիտարկման տեղի լայնությունից, տարվա եղանակից և Արեգակի ակտիվությունից։ Մագնիսական վարիացիաների ուսումնասիրությունը նպաստում է Երկրի մագնիսականության և Երկրի ու Արեգակի ֆիզիկական կապերի բնույթի բացահայտմանը։

Ազդեցությունը և կիրառոթյունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մագնիսասֆերան կասեցնում է արեգակնային քամու ներթափանցումը

Երկրի մագնիսականության տարրերի տարածական բաշխումը քարտեզի վրա պատկերվում է իզոգծերի միջոցով։ Բաշխումը միջինից տարբեր է մագնիսական անոմալիաների շրջանում (տես անոմալիա), ուր մագնիսական դաշտի լարվածությունը զգալի մեծ է։

Տեղական կայուն անոմալիաները օգտագործվում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման համար (տես մագնիսահետաախուզություն)։ Պարզված է, որ մագնիսական դաշտի փոփոխությունները որոշակի ազդեցություն են թողնում օրգանական աշխարհի վրա (օրինակ, «մագնիսական փոթորիկների» ժամանակ գերակշռող են դառնում սիրտանոթայիև հիվանդությունները, վատանում է հիպերտոնիայով տառապողների վիճակը են)։ «Մագնիսական փոթորիկների» ժամանակ խանգարվում է ռադիոկապը և ընդվզում մագնիսական սլաքը, ուստի մագնիսական կանխատեսումներ են արվում ինքնաթիռներն ու նավերը ապակողմնորոշումից ապահովելու համար։

Երկրի մագնիսականության հետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նաև ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժամանակ։ Հնէամագնիսական հետազոտությունների հիման վրա կատարվում են շերտագրական համադրումներ, որոշվում երկրակեղհը կազմող բլոկների փոխադարձ տեղաշարժումների պարամետրերը։ Մագնիսաթելուրական զոնդումով պարզաբանվում է Երկրի ընդերքի վիճակը։

Երկրի մագնիսականության ուսումնասիրման հիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թեոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Glatzmaier, Gary. «The Geodynamo». University of California Santa Cruz. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 118