Դոտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոտացիա, պետության կողմից ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող դրամական միջոցներ նրանց ծախսերի և եկամուտների միջև եղած տարբերությունը ծածկելու համար։ Դոտացիա կարող է հատկացվել հիմնական արտադրանքը պլանային ինքնարժեքից ցածր գներով իրացնող հիմնարկ–ձեռնարկությունների, ինչպես և առանձին ոչ արտադրական ոլորտի կազմակերպությունների (օրինակ, թատրոնների) պլանային վնասները ծածկելու համար։

Դոտացիան կարող է նաև օգտագործվել որպես տեղական ինքնակառավարման մարմինների վրա ճնշում գործադրելու միջոց։ Այն ֆինանսական օգնության, օժանդակության ձև է, որը տրվում է անհատույց կարգով առանձին տեղական բյուջեներին՝ համահարթեցման սկզբունքով։ Այսինքն՝ բյուջեների եկամուտների ու ծախսերի միջև գոյացած ճեղքվածքը փակելու համար։ Դոտացիայի տրամադրումը չունի նպատակային բնույթ։ Դա նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենք են որոշում դոտացիոն գումարների օգտագործման ուղղությունները[1]։

Յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար տեղական բյուջեին ուղղվող դոտացիայի ծավալը որոշվում է հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից՝ կառավարության հանձնարարությամբ։ Այն սահմանվում է՝ հաշվի առնելով քաղաքի կամ գյուղի բյուջեի կանխատեսվող ծախսերի ու եկամուտների չափը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Լ. Բադանյան, Կ. Աբգարյան, Գ. Չատինյան, Ա. Մաթևոսյան և ուրիշներ,– Երևան, 2010, 124 էջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 440