Դինոզավրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Dinosauria
Ռիչարդ Օուեն, 1842


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դինոզավրներ (լատին․՝ Dinosauria, հին հունարեն՝ δεινός-ից - սարսափելի և σαῦρος-ից - սողուն), ցամաքային ողնաշարավոր կենդանիների ոչնչացած ենթակարգ, որոնք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի՝ սկսած տրիասյան շրջանի վերջից (մոտ 225.000.000 տարի առաջ) մինչև կավճի շրջանի ավարտը (մոտ 65.000.000 տարի առաջ), երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ։ Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր մայրցամաքներում։ Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ[1], որոնք բաժանվում են երկու խմբի՝ թռչնանմաններ և սողունանմաններ։ Դինոզավրերը Երկիր մոլորակի ամենահանելուկային կենդանիներն են, որոնց ոչ մի մարդ չի տեսել, քանի որ գլխովին անհետացել են այն ժամանակ, երբ մարդը դեռ գոյություն չուներ երկրի վրա։ Դինոզավրերը շուրջ 160 միլիոն տարի իշխել են Երկրի կենդանական աշխարհում` բնակեցնելու բոլոր մայրցամաքներն ու որոշ խոշոր կղզիներ։ Քարացած մնացորդներ հայտնաբերվել են բոլոր աշխարհամասերում։ Կան ինչպես բուսակեր, այնպես էլ գիշատիչ տեսակներ։ Դինոզավրերը ոսկրե կմախքով և հաստ մաշկով ցամաքային սողուններ են, որոնց ձագերը լույս աշխարհ են գալիս ձվադրությամբ։ Մարմնի երկարությունը 20սմ-ից մինչև 40 է։ Դինոզավրերի, ինչպես նաև անհետացած այլ կենդանիների ու բույսերի քարացած մնացորդներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է հնէաբանություն (պալեոնտոլոգիա)։ Հնէաբանները պեղում են ապարաշերտերը` փորձելով գտնել միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա բնակված օրգանիզմների մնացորդներ և պարզաբանում, թե որ կենդանուն են դրանք պատկանում։ Այդ տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր գիտությանը հայտնի է դինոզավրերի 1000-ից ավելի տեսակ։ Երկար տարիներ ուսումնասիրելով դինոզավրերի կմախքի առանձնահատկությունները` գիտնականներն ուշադրություն են դարձրել այս կենդանիների կոնքոսկրի կառուցվածքին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինոզավրներ տաքսոնը առաջին անգամ կիրառվել է 1842 թվականին Սըր Ռիչարդ Օուենի կողմից, ով օգտագործել է այն՝ նկատի ունենալով Անգլիայում և ամբողջ աշխարհում հայտնի սաուրյան սողունների ոչնչացված ենթակարգը կամ տրիբան։ Հասկացությունը փոխառնվել է հունարեն δεινός (դեյնոս, որը նշանակում է «ահավոր», «ամուր», «վախենալու չափ հսկա») և σαῦρος (սաուրոս, որը նշանակում է «մողես» կամ «սողուն») բառերից։ Դինոզավրեր անվանումը հաճախ կիրառվում է դինոզավրների ատամները, ճանկերը և այլ սարսափելի ֆիզիկական հատկանիշները վկայակոչելու համար, այն դեպքում, երբ Օուենը այդ բառով մտադիր է եղել միայն ընդգծել նրանց չափերը և մեծությունը։

Դինոզավրերի հիմնական խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կոնքոսկրերի անատոմիական կառուցվածքի՝ գիտնականները դինոզավրերին բաժանել են 2 խմբի՝ «մողեսակոնքներ» (զաուրիխիա), քանի որ կոնքազդրային հոդերի կառուցվածքը նման է ժամանակակից շատ սողունների (օրինակ՝ կոկորդիլոսների) կառուցվածքին, «թռչնակոնքներ» (օրնիթիխիա)՝ կոնքագոտու կառուցվածքը հիշեցնում է թռչուններինը։ Նրանք ունեցել են նաև այլ տարբերություններ. մողեսակոնք դինոզավրերի ատամներն աճել են բերանի առաջային մասում։ Նրանք կարողացել են միսը բռնել, կծել և պատառոտել, սակայն չեն կարողացել ծամել։ Դինոզավրերի բոլոր գիշատիչ տեսակները պատկանել են այդ խմբին։ Թռչնակոնքների առաջային ատամները բացակայել են, եղել են հետին ատամներ, որոնցով կարողացել են աղալ կոպիտ բուսական կերը, սակայն խոտաբույսերով չեն սնվել, որովհետև վերջիններս մեր մոլորակի վրա ի հայտ են եկել դինոզավրերի ոչնչանալուց հետո։ Այս խմբի շատ ներկայացուցիչներ ունեցել են լավ զարգացած զրահ՝ զինված ոսկրային ելուստներով ու փշերով։

Դինոզավրերի տաքարյունության և սառնարյունության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ հարցում գիտնականները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել։ Սառնարյուն կենդանիների (օրինակ՝ մողեսների) կենսագործունեությունը կախված է արևի ջերմությունից, իսկ տաքարյունները (օրինակ՝ թռչուններն ու կաթնասունները) կարող են մշտապես ակտիվ լինել։ Քանի որ այդ ժամանակաշրջանում կլիման Երկրի վրա եղել է ավելի տաք, սառնարյուն դինոզավրերը կարող էին ակտիվ լինել օրվա մեծ մասը։ Խոշոր սողունները կարող էին ջերմությունը պահպանել ամբողջ գիշերվա ընթացքում, քանի որ նրանց զանգվածեղ մարմինը սառչում էր շատ դանդաղ։ Հավանաբար, հենց այդ պատճառով դինոզավրերի մեծամասնությունն ունեցել է հսկա չափեր։ Նրանց ավելի փոքր ներկայացուցիչների մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող էր պահպանվել ակտիվ կենսագործունեության հաշվին, կամ էլ իրականում նրանք կարող էին լինել տաքարյուն։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու են դինոզավրերն անհետացել Երկրի երեսից։ 160 միլիոն տարվա ընթացքում որոշ տեսակներ ոչնչացան, միայն կավճի ժամանակաշրջանի վերջում ի հայտ եկան նորերը։ Իրականում ոչ ոք չգիտի, թե որքան է տևել դինոզավրերի ոչնչացման ընթացքը. դա կարող էր տեղի ունենալ միլիոնավոր տարիների ընթացքում կամ բոլորովին կարճատև ժամանակահատվածում։ Այդ շրջանում ոչնչացել են նաև կենդանիների ուրիշ խմբեր։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դինոզավրերի անհետացումը համընկել է կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետ. հնարավոր է՝ նախկինում գերիշխող սողունները չեն հարմարվել գոյության նոր պայմաններին։ Ուրիշները համարում են, որ Երկիրը բախվել է հսկա աստղակերպի, որի պատճառով փոշու մեծ ամպ է բարձրացել և ամիսներ ու տարիներ շարունակ խանգարել է արևի ճառագայթների թափանցմանը։ Արդյունքում Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ամենուրեք ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը։ Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա։ Դինոզավրերի մասին տեղեկությունները հիմնված են նրանց բրածո մնացուկների պեղումների վրա։ Հսկա մողեսների նոր տեսակ հայտնաբերելով՝ գիտնականները հետազոտում են նրանց ոսկրերի կառուցվածքը և այդ վերլուծության հիման վրա վերականգնում են անհետացած սողունների արտաքին տեսքը, տեղաշարժման միջոցները, նախկինում հայտնի տեսակների հետ ազգակցությունը։ Հաստատված է, որ դինոզավրերի որոշ տեսակներ հոտեր են կազմել։ Տերևների, միջատների ու փափկամարմինների խեցիների բրածո մնացորդների ուսումնասիրությամբ գիտնականները կարողանում են պարզել այդ ժամանակաշրջանում կլիմայի և բույսերի տեսակային կազմի առանձնահատկությունները։ Ատամների բրածո մնացուկների հետազոտությամբ հաջողվում է հաստատել դինոզավրերի գիշատիչ կամ բուսակեր լինելը։ Գտնվել են այդ սողունների մի քանի ձվեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դինոզավրերի որոշ տեսակներ, ինչպես նաև նրանց ժամանակակից ազգակիցների մեծամասնությունը խնամք չեն տարել սերունդների նկատմամբ։ Ստացված բոլոր տեղեկությունները հնարավորություն են տալիս դինոզավրերի մասին շատ բան իմանալ, սակայն առայժմ հայտնի չեն նրանց գունավորումը, ձայներ արձակելու ունակությունը, կյանքի տևողությունը. այսօր էլ գիտնականները փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրանոզավրն ապրել է Հյուսիսային Ամերիկայում 50 միլիոն տարի առաջ։ Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սմ-անոց սուր ատամներ։ Նա զոհին չի հետապնդել, այլ նրա վրա հարձակվել է դարանից։
  • Տրիասի ժամանակաշրջանի վերջում, մոտ 220 միլիոն տարի առաջ, հանկարծակի վրա հասած ջրհեղեղը անակնկալի է բերել կոէլոզավրերի հոտին։ 1947 թվականին գիտնականները հայտնաբերել են նրանց քարացած մնացուկները։
  • Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են դինոզավրերի։ Մասնագետները համոզված են, որ դրանք պատկանել են դինոզավրերի խմբերի։ Հայտնաբերվել են նաև շատ մեծ թվով միասին թաղված դինոզավրեր։ Այդ գերեզմաններից մեկը պարունակում էր 10000 բադակտուց մայազավրեր։ Սրանից կարելի է եզրակացնել, որ զավրոպոդներն էլ են ապրել խմբերով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դինոզավրեր, BBC, սեպտեմբերի 17, 2008
  2. 1000 հարց հարց ու պատասխան, ՄԱՆՄԱՐ, 2001 թ․, ISBN 978-9939-62-042-8<
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինոզավրեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինոզավրեր» հոդվածին։