Դերասան (Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերասան
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1904[1]
բարձրություն196 սանտիմետր
լայնություն115 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ

«Դերասան» (ֆր.՝ L'Acteur), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձված յուղաներկով Փարիզում 1904-1905 թվականների ձմռանը՝ վարդագույն շրջանի սկզբում։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Նկարի չափսերն են՝ 196,2 × 115,3 սմ[2]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատո-Լավուար. մոավոր 1910 թվական

1904 թվականին Պիկասոն հանգրվանել էր Մոնմարտր աղքատ թաղամասում՝ նկարիչների, թափառաշրջիկ կրկեսի դերասանների և փողոցային արտիստների շրջանում։ Նա ապրում էր բոհեմական հանրակացարանում՝ Ռավինյան փողոցի թիվ 13 տանը։ Գետային բեռնանավերի հետ (որոնց վրա լվացվում էր լվացքը) արտաքին նմանության պատճառով շենքը անվանում էին Բատո-Լավուար (նավ- լվացքատուն)։ Այստեղ Պիկասոն հանդիպել է Ֆերնանդ Օլիվիեին՝ բարձրահասակ և մռայլ մի աղջկա, որը դարձել է նրա առաջին մեծ սերը[3]։ Ֆերնանդայի հետ կյանքը աստիճանաբար դուրս է մղել կապույտ շրջանի մռայլ գույները։ Պիկասոն վերջապես հաղթահարել է դեպրեսիան։ Նրա պալիտրայում հայտնվել են վարդագույն և ոսկեգույն-մոխրագույն երանգներ։ Նկարների նոր հերոսներ են դարձել թափառող կատակերգակները, կրկեսային ակրոբատները և ատլետները։

Նկարում պատկերված է դերասանը՝ վարդագույն տրիկոյով և կապույտ կիսագուլպաներով։ Նա կանգնած է թիկունքով դեպի հանդիսատեսը։ Նրա գլուխը շրջված է դեպի աջ, բերանը կիսաբաց է։ Դերասանը ինչ-որ բան է ասում, հնարավոր է՝ բանաստեղծություն։ Նրա մեծ աչքերը տեղադրված են սև հոնքերի տակ։ Գեղանի երկարավուն կազմվածքը և ձեռքերի անսովոր խաղը հիշեցնում են «կապույտ շրջանի» աշխատանքները, որոնք իրենց ոճով նման էին իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի նկարներին։

Նկարի առաջին սեփականատերն Է դարձել Պիկասոյի ընկերը՝ ֆրանսո-ամերիկյան հարուստ նկարիչ Ֆրենկ Բյորթի Հավիլանդը։ Այնուհետև այն ձեռք է բերել գերմանացի արդյունաբերող Պոլ Լեֆմանը։ 1938 թվականին նրա ընտանիքը ստիպված էր ֆաշիստական Գերմանիայից փախչել նախ Իտալիա, ապա՝ Շվեյցարիա։ Լեֆմանը փողի կարիք է ունեցել և կտավը 12 000 դոլարով վաճառել Է Պիկասոյի դիլերներին։ 1952 թվականին կտավը Մետրոպոլիտեն թանգարանին է հանձնել ամերիկյան ավտոմոբիլային մագնատ Ուոլթեր Քրայսլերի ժառանգորդ Թելմա Քրայսլեր Ֆոյը[2]։

2010 թվականին Մետրոպոլիտեն թանգարանի այցելուն, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է հենց նկարի վրա, ինչի հետևանքով կտավի ստորին աջ անկյունում մոտ 15 սանտիմետր երկարությամբ պատռվածք է առաջացել։ Նկարը ուղարկվել է վերանորոգման։ Հենց այդ ժամանակ էլ փորձագետները ներկի շերտի տակ մեկ այլ աշխատանք են հայտնաբերել՝ բնապատկեր ջրով, ժայռերով և մարդու կերպարանքով։ Բնապատկերը արված էր մեկ այլ նկարչի, ամենայն հավանականությամբ, Պիկասոյի ժամանակակիցներից մեկի կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.metmuseum.org/art/collection/search/488690
  2. 2,0 2,1 2,2 «The Actor». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «ФЕРНАНДА ОЛИВЬЕ». PICASSOLIVE. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.