Դեղերի կենսամատչելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղերի կենսամատչելիություն կամ ԿՄ, օրգանիզմ ներերակային (ն/ե) ներմուծման դեպքում դեղանյութը լրիվ (100%-ով) ընկնում է արյան հոսքի մեջ (բացարձակ ԿՄ), այլ դեղաձևերի դեպքում դեղանյութն անցնում է բազմաթիվ կենսաարգելքներով (ստամոքսի լորձաթաղանթ, լյարդ, մկաններ...) և դրա միայն մի մասն է մտնում արյան մեջ (հարաբերական ԿՄ)։ Դեղաձևերի արդյունավետությունը որոշում են հենց այդ մասի մեծությամբ, որով և պայմանավորված է դեղի ԿՄ-ը։

Դեղի այն անփոփոխ քանակը, որն անկախ ներմուծման ձևից ներթափանցում է համակարգային արյան շրջանառության մեջ և հասնում է իր թիրախին, կոչվում է ԿՄ, ինչը դեղի անտեղի կորստի հիմնական ցուցանիշն է։ Ժամանակակից ֆարմակակինետիկական արտամոդելային պարամետրերից է ֆարմակակինետիկական կորից ներքև ընկած մակերեսը՝ AUC (անգլ.՝ area under curve, տես գրաֆիկը)։ Կորը կառուցում են օրգանիզմ ներմուծելուց հետո արյան մեջ դեղանյութի խտության և ժամանակի կախվածության հիման վրա։ Ներարկման դեղաձևի և այլ դեղաձևերի ֆարմակակինետիկական կորերից ներքև ընկած մակերեսների [AUC (1) և AUC (2)] համեմատությամբ որոշում են տվյալ դեղաձևի հարաբերական ԿՄ-ը։

Ներերարկային (1-ին) ներարկման և այլ դեղաձևերի (2-րդ) ֆարմակակինետիկական կորեր
  • C1, C2max – դեղանյութի առավելագույն խտությունը արյամ մեջ,
  • t’, t’’max – առավելագույն խտությանը հասնելու տևողությունը,
  • T0 – դեղի ներմուծման սկիզբը, tg φ անկյան tg-ը, էլիմինացման արագությունը։

Ցանկացած դեղաձևի հարաբերական ԿՄ-ն ընդունելի է, եթե այն կազմում է բացարձակ ԿՄ-ի ոչ պակաս քան 80%-ը։ Դեղի ԿՄ-ը կախված է կենսաֆարմացևտիկ գործոնների խելամիտ ընտրությունից, հիվանդի օրգանիզմի յուրահատկություններից, ստամոքսաղիքային, ներվային համակարգերի, միզուղիների, լյարդի վիճակից, հասակից, սեռից, սննդակարգից...:

Դեղերի ԿՄ-ը կարելի է սահմանել in vitro կամ in vivo եղանակներով։ In vitro եղանակը ընտրելիս ելնում են դեղանյութերի ներծծման և լուծելիության արագությունների միջև եղած հարաբերակցական կապից։ Այդ պատճառով լուծելի նյութերի համար լուծելիության արագության որոշման եղանակը ծառայում է որպես հիմնական միջոց դեղաձևից դեղանյութի անջատման արդյունավետությունը որոշելու համար և աշխատանքի սկզբունքը դեղաձևի մեխանիկական քայքայումն ու ջրում կամ կենսաբանական հեղուկ նմանակող ­(ըստ pH-ի) լուծիչի միջավայրում դեղանյութի դիֆուզումն է։ Անալիզն իրականացնում են քիմիական կամ ֆիզիկաքիմիական եղանակներով՝ դեղանյութի աստիճանական լուծման ընթացքում (ժամը մեկ անգամ) կամ լրիվ լուծվելուց հետո։ Եթե սահմանված ժամանակահատվածում դեղաձևից լուծիչի մեջ անցնում է դեղանյութի ամենաբարենպաստ քանակը, ապա դեղաձևից դեղանյութի անջատման արագությունը բավարարում է սահմանված պահանջներին։ In vivo եղանակներով ԿՄ-ը որոշում են թվով 12-ից ոչ պակաս առողջ կամավորների մոտ։ Այս փորձարկումների կարևորագույն փուլը քանակական վերլուծությունն է, ինչը in vitro եղանակների համեմատ բարդ է, քանի որ անալիզն անհրաժեշտ է իրականացնել կենսաբանական հեղուկներում՝ բազմաթիվ բնական միացությունների ներկայությամբ։ Դեղերի ԿՄ սահմանումը դեղի որակի գնահատման կարևոր չափանիշ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան, Ռ. Հ. Հակոբյան, Երևան, 2016, Dex.am Արխիվացված 2016-09-08 Wayback Machine,
  • Դեղագիտական քիմիա, դասագիրք, Ռ. Հ. Հակոբյան, Եր., 2011,