Դավիթ Անհաղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Անհաղթ
Դավիթ Անհաղթ
Ծնվել է6-րդ դար Հերեթ, Հարք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն
Մահացել է6-րդ դար Հաղպատավանք, Հաղպատ
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, gnosiology?, իմացաբանություն, տրամաբանություն և կրոնի փիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն
Ազդվել էՊլատոն, Արիստոտել, Պյութագորաս և Օլիպիոդորոս Կրտսեր
 David Anhaght Վիքիպահեստում

Դավիթ Անհաղթ (6-րդ դար, Հերեթ, Հարք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - 6-րդ դար, Հաղպատավանք, Հաղպատ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունական դպրոցի գլխավորական գործիչներից։

Կյանք

Ըստ հին հայկական աղբյուրների՝ ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է V դարի 70-ական թվականներին, և մահացել է VI դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը V դարի վերջերին և VI դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։

Ստեղծագործություն

Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն լեզվով[1]։ Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։

Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։

Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։

Դավիթ Անհաղթի եկեղեցական գործունեություն

Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980, էջ 32
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Անհաղթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Անհաղթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 300