Գուելի զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուելի զբոսայգի
իսպ.՝ Parque Güell
Տեսակհուշարձանների այգի և պուրակ
Մասն էWorks of Antoni Gaudí?
Երկիր Իսպանիա[1]
ՎարչատարածքLa Salut?[1]
Աշխարհագրական տեղադրաումCarmel Hill?
Բացվել է1926
ՃարտարապետԱնտոնիո Գաուդի
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ
Մակերես10,79 հեկտար և 9,4 հեկտար
Անվանված էEusebio Güell?
Գուելի զբոսայգիը գտնվում է Իսպանիաում
Գուելի զբոսայգի
Գուելի զբոսայգիը գտնվում է Երկիրում
Գուելի զբոսայգի

Գուելի զբոսայգի (իսպ.՝ Parque Güell, կատ.՝ Parc Güell), զբոսայգի Բարսելոնայի հյուսիսային մասում։ Ստեղծել է Անտոնիո Գաուդին 1900-1914 թվականներին։ Իրենից ներկայացնում է այգիների և բնակելի գոտիների համակցություն, զբոսայգու մակերեսը 17.18 հա է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակներում Անգլիայի քաղաքաշինության կոնցեպցիայի քաղաք-այգի մոդայիկ ոճով, որպես կանաչ բնակելի գոտի, Գուելի այգու ստեղծումը մտադրել էր Էուսեբի Գուելը։ Հենց այդ պատճառով զբոսայգու կատալոնական «Parc» բառը գրվում է անգլերեն ձևով՝ «Park»: Իր նախագծի իրականացման համար 1901 թվականին Գուելը ձեռք է բերում 15 հա հող, որը բաժանվում է 62 հողակտորի՝ մասնավոր առանձնատների կառուցման համար։ Բոլոր հողակտորները հանվում են վաճառքի, բայց հաջողվում է վաճառել միայն երկուսը. քաղաքի կենտրոնից հեռու գտնվող անապատային տեղանքը չէր գրավում բարսելոնացիներին։

Զբոսայգու ստեղծման աշխատանքներն սկսվում են 1901 թվականին և տարվում են 3 փուլով։ Առաջին փուլում կատարվում են Բարսելոնայի վերին՝ սարերին մոտ հատվածում գտնվող «Ճաղատ սար» բլրի լանջերի ամրացման և հարմարեցման աշխատանքները։ Երկրորդ փուլում կառուցվում են ներքին մերձատար ճանապարհները, մուտքային տաղավարները և տարածքը շրջապատող պատերը։ Ապագա բնակիչների հավաքի և ժամանցի համար ստեղծվում է վերին կենտրոնական էսպլանադայով շուկայի սյունաշարը և վեր է բարձրացվում բնակելի տան օրինակը՝ ապագա գնորդներին ցուցադրելու համար։ 1910-1913 թվականներին նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ ստեղծվում է հայտնի ոլորապտույտ նստարանը և պլանավորվում է վաճառված հողատարածքների վրա մի քանի առանձնատների կառուցումը։ Նոր շենքերը պետք է դառնային արդեն եղած երկու տների լրացումը, որոնցից մեկը պատկանում էր Գաուդիի ընկերոջը՝ փաստաբան Մարտի Տրիաս ի Դոմենեկին և կատարվել էր ճարտարապետ Ժուլի Բատլևելի (կատ.՝ Juli Batllevell i Arús) նախագծով, իսկ երկրորդը կառուցել էր Ֆրանսեսկ Բերենգերը (կատ.՝ Francesc d'Assís Berenguer i Mestres) և հանվել էր վաճառքի։ Քանի որ գնորդներ չգտնվեցին, Գուելի խորհրդով, 1906 թվականին տունը գնեց ինքը՝ Գաուդին, որտեղ նա ապրեց մինչ 1925 թվականը։ Զբոսայգու տարածքի երրորդ տունը, որն օրինակ էր ծառայում պոտենցիալ գնորդների համար, գնում է Գուելը և մի քանի վերափոխումներ հետո այն 1910 թվականին դարձնում է իր նստավայրը։ Բոլոր տները պահպանվել են մինչև մեր օրերը։ Գուելի նստավայրը ժամանակի ընթացքում դառնում է քաղաքային դպրոց, Գաուդիի նախկին առանձնատանը այժմ տեղակայված է նրա նվամբ տուն-թանգարանը, իսկ Տրիաս ի Դոմենեկի տունը մինչ մեր օրերը պատկանում է այդ ընտանիքին։ Նախագծի տնտեսական անհաջողությունները ստիպեցին Գուելի ժառանգներին զբոսայգին վաճառել Բարսելոնայի քաղաքապետարանին, որն էլ այն քաղաքային զբոսայգի դարձրեց։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգու մուտքի մոտ երկու տաղավարները

Միանգամայն ֆանտաստիկ ձևի երկու տնակներով կենտրոնական մուտքը հանդիսանում է զբոսայգու ամենից հիասքանչ անկյունը։ Գաուդիին բնորոշ հնգաճառագայթ խաչով պսակավորված դեկորատիվ աշտարակով աջ տաղավարը նախատեսված էր որպես զբոսայգու վարչակազմի գրասենյակ, ձախը կառուցված էր դռնապանի համար։ Այդ հեքիաթային տնակների անսովոր զարդաքանդակները դրանց դարձնում է ավելի շուտ քանդակագործական, քան ճարտարապետական ստեղծագործություններ։ Շատրվաններով մուտքային սանդուղքը տանում է դեպի հիպոոճային դահլիճ՝ հայտնի «Հարյուր սյուներով դահլիճ» անվամբ:Սանդուղքի ներքևի սանդուղահարթակում տեղադրված է Գաուդիի սիրելի կերպարը՝ խճանկարե Սալամանդրան, միջին սանդուղահարթակը զարդարված է քառաշերտ կատալոնական դրոշով և օձի գլխով մեդալիոնով, իսկ հիպոոճային դահլիճի վերևում տեղակայված վերին սանդղավանդում, որը հանդիսանում է զբոսայգու ամբողջության կենտրոնը, գտնվում է երկար, ծովային օձի ձևով ոլորված նստարանը։ Այդ նստարանի զարդաքանդակի ստեղծման ժամանակ Գաուդին համագործակցում էր իր աշակերտներից մեկի՝ Ժոզեֆ Մարիա Ժուժոլի (կատ.՝ Josep Maria Jujol i Gibert) հետ։ Հենց նա էլ կերամիկական հախճասալիկների կոտորտանքներից, ջարդված ապակուց և այլ շինարարական թափոններից ստեղծել է հայտնի կոլաժները՝ առաջ անցնելով աբստրակցիոնիզմի և սյուռեալիզմի շատ ստեղծագործություններից։ Նստարանի կողապատկերին տրվել է նստած մարդու ուրվապատկերին համընկնող հատուկ ձև։ Գաուդին դրան հասել է նստեցնելով բանվորին չչորացող կավի վրա և այդ կերպ ստացել մեջքի կորությունը։

«Հարյուր սյուներով դահլիճ»-ն իրականում պարունակում է 86 դորիական սյուներ և ունի լավ ձայնալսելիություն (ակուստիկա), ինչը հաճախ օգտագործում են տեղացի երաժիշտները:Նրա տարօրինակ ձև ունեցող առաստաղը զարդարված է խճանկարով և զբոսայգու նստարանի նույն կերամիկական երեսպատմամբ կեղծ ամրոցով (կողպեքով)։ Զբոսայգում գլխավոր հրապարակից և նրա շուրջը ձգված է հետիոտն ճանապարհների ու արահետների ցանցը, որը տանում է դեպի տեղի քարերով Գաուդիի կառուցած զբոսանքի ալեաները և իր արտասովոր տեսքի համար ստացել է «Թռչնաբույն» անվանումը։

Զբոսայգու տարածքում է գտնվում Գաուդիի տուն-թանգարանը։ Այն 1963 թվականին բացվել է նրա նախկին առանձնատանը ճարտարապետի ընկերների կազմակերպության կողմից և ունի Գաուդիի ստեղծած կահույքի օրինակներ, Բալիոյի տան, Միլայի տան կահույք։

1962 թվականին գուելի զբոսայգու ճարտարապետական ամբողջությունը հայտարարվեց Բարսելոնայի Գեղարվեստական հուշարձան, 1969 թվականին՝ ազգային նշանակության հուշարձան, իսկ 1984 թվականին Գուելի զբոսայգին Անտոնիո Գաուդիի այլ ստեղծագործությունների հետ միասին մտավ ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ Գաուդին Հրատարակչություն՝ Editorial Escudo de Oro, S.A. Barcelona ISBN 84-378-2269-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուելի զբոսայգի» հոդվածին։