Բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբառ, լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ[1]։ Հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ Բարբառը բնութագրվում է տարածքային ու գործառական սահմանափակությամբ, զարգացման նվազ հեռանկարով, ստորադաս վիճակով։ Լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները հաճախ արտալեզվական են, չեն հիմնվում ներկառուցվածքային տարբերությունների վրա։ Լեզվական երկու մոտ համակարգեր, անկախ մերձավորության ու փոխհասկանալիության աստիճանից, բարբառներ են, եթե նրանց կրողներն ունեն միասնական էթնիկական ինքնագիտակություն ու ինքնանվանում և, ընդհակառակը, լեզուներ են, եթե նրանց կրողներն իրենց համարում են տարբեր ժողովուրդներ։ Նոր հայերենի շատ բարբառներ (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն։

Բարբառների առաջացման պատճառներն են՝ լեզվական հանրությունների տարանջատումը, միախառնումը, վերաբնակեցումը, աշխարհագրական խոչընդոտները, վարչական բաժանումները, դավանափոխությունը, այլալեզու միջավայրը։ Համազգային շրջանում բարբառները վերաճում են լեզվի տարածքային-սոցիալական տարբերակի և գրական լեզվի ուժեղ ազդեցության տակ կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիչները։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Մերձակից բարբառները կազմում են բարբառախմբեր։

Հայերեն բարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն բարբառների թիվը շուրջ 50 է։ 1915 թ.-ի Մեծ Եղեռնի և տեղահանության հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան։

Ստորև բերված են հայերեն բարբառներից մի քանի օրինակ. Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը ներկայացված է տարբեր բարբառներով, ըստ Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքի։

Բնօրինակը

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մշո բարբառ

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի։

Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր։ Կընիգ չուզէր։

- Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ։

Բըլէ Համբօն լըլսէց։

Գյումրու Կարնո բարբառ

Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ։

Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար։ Հըմը կընիգը չէր հուզէ։

- Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ։

Հըմը Համբօն չըլսէց։

Զեյթունի բարբառ

Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի։

Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա։ Գընըգն ա օյզօր չօ գունէյ։

- Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը։

Ամմա Համփօյը չի լըսից։

Մեղրու բարբառ

Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ։

Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի։ Կընէկը հօժար չէ լու։

- Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը։

Համա Համբօ լիսուլ չի։

Ղարաբաղի բարբառ

Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ։

Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի։ Ամա կընէկը ռազի չար։

- Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը։

Ամա Համբօն անգուճ չըկալավ։

Կապանի խոսվածք

Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած։

Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ։ Ամա կընէկը ռազի չի լյա։

- Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը։

Ամա Համբօն անջուկ չի րա։

Մարտունու բարբառ (Վարդենիկի)

«Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե։ Համբոն գուզեր հուր տըսներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա։ Կնիկ ջամաձայնվեր։ -Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ, -գիլեր կնիկ։ Բայց Համբոն անգաճ չէրեց»։

Վարդենիսի բարբառ

«Գեղցի Համբոյ տուն կռիվ էր հընգե։ Համբոն հուզում էր հուրա տասներկու տարեկան Գիքորին տաներ քաղաք, մե գ'öրծի տեր, օր իսան դ'առնա, գ'öրծ էնա։ Կնիկ ջամաձայնվեր։ -Չեմ հուզէ, իմ քöռփա ճըժուն էտ անիծվուկ աշխար մի թալ,-լալում էր կնիկ։ Բայց Համբոն չ՚լսում էր։»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 59.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1-ին, Երևան, 1990 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 310