Արտաշես Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Բ
Մեծ Հայքի Արքայից արքա
Իշխանությունմ.թ.ա. 30մ.թ.ա. 20
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար կամ անհայտ[1]
Մահացել է՝մ. թ. ա. 20[1]
ՀաջորդողՏիգրան Գ
ՈւղեկիցՀրահատ Դ-ի դուստրը
ՏոհմԱրտաշեսյան
գերիշխան
ՀայրԱրտավազդ Բ

Արտաշես Բ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 60ական.– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։ Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։ Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։ Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Բ-ն հոր՝ Արտավազդ Բ-ի գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է։ Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են։ Արտաշեսը ստիպված հեռանում է Պարթևստան, որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ։ Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով Հռոմում տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն։ Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր։ Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ «Արքայից արքա» մակագրությամբ։ Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից Ատրպատականի նվաճումը։ Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին։ Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին։ Շուտով Օկտավիանոսին հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա։ Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել։ Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է։ Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 139

։