Արխիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արխիվապահոցներ

Արխիվներ (լատին․՝ archivum-ատյան, պաշտոնատուն), ինքնուրույն հիմնարկություններ կամ բաժիններ հիմնարկություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, ուր պահվում են վավերագրեր, ինչպես նաև առանձին հիմնարկությունների ու անհատների գործունեության վերաբերյալ ժամանակի ընթացքում ստեղծված փաստաթղթերի հավաքածուներ։ Որպես աղբյուրների հավաքածու արխիվները ծառայում են գիտահետազոտական նպատակների, օգտագործվում տնտեսության և պետական կառավարման գործնական կարիքների համար։ Արխիվների հետքեր հայտնաբերվել են հին աշխարհի բոլոր պետություններում։ Եգիպտոսում և Փոքր Ասիայում հայտնաբերվել են օրենքներ, դատավարություններ, դիվանագիտական տեքստեր պարունակող մեծ արխիվներ՝ գրված կավե աղյուսների, փայտի, մետաղի, պապիրուսի, հետագայում՝ մագաղաթի վրա։ Հին Հունաստանում արխիվների հետքեր գտնվել են Կրետե կղզում։ Մեծ համբավ ուներ հին Աթենքի արխիվները։

Անտիկ աշխարհում և միջնադարում վավերագրերը պահվում էին հոգևոր հաստատություններում, պետական գրասենյակներում (դիվաններում)։ ԽՍՀՄ-ում հնագույն գրավոր հուշարձաններ (սեպագիր արձանագրություններ) հայտնաբերվել են Հայաստանում (Արին-բերդ, Կարմիր-բլուր, մ․թ․ա․ VIII-VI դարեր)։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ արխիվները եղել են նաև վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայկական թագավորություններում։ Կարևորագույն փաստաթղթերի արխիվային հավաքածուներ են եղել Կիլիկիայի Հայկական թագավորությունում։ Միջնադարյան Հայաստանի շատ վանքեր պահպանում էին երկրի քաղաքական, տնտեսական կյանքին վերաբերող բազմաթիվ պատմական փաստաթղթեր։ Հայտնի է, օրինակ, որ Տաթևի վանքի արխիվից մեծ չափով օգտվել է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը շարադրելիս։ Էջմիածնի արխիվը մեծ նյութ է տվել Սիմեոն Երևանցու «Զամբռ» պատմական աշխատությունը շարադրելու համար։ Սանահինի վանքի արխիվում պահպանվել են արժեքավոր նյութեր, որոնք ամփոփված են «Քյոթուկ»-ի մեջ։ Ռուսաստանում արխիվային գործի կենտրոնացումը կապված է Պետրոս Առաջինի անվան հետ (1720)։ Արխիվային գործը նոր բովանդակություն ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։

1918 թվականի հունիսի 1-ին Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ հրապարակված «Արխիվային գործի վերակառուցման ու կենտրոնացման մասին» դեկրետի հիման վրա ՌԽՖՍՀ-ում ստեղծվեց պետական միասնական արխիվային ֆոնդ։ Արխիվային գործը ԽՍՀՄ-ում ղեկավարում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Գլխավոր արխիվային վարչությունը։ 1962 թվականից ԽՍՀՄ-ում գործում էին 13 պետական կենտրոնական արխիվներ, որոնցից խոշորներն էին․ Հոկտեմբերյան հեղափոխության, ԽՍՀՄ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների պետական կենտրոնական արխիվները (ЦГАОР СССР), ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության պետական կենտրոնական արխիվները (ЦГАНХ СССР), Խորհրդային բանակի պետական կենտրոնական արխիվները (ЦГАСА), ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի պետական կենտրոնական արխիվները (ЦГАВМФ СССР), ԽՍՀՄ գրականության և արվեստի պետական կենտրոնական արխիվները (ЦГАЛИ СССР), Հնագույն ակտերի պետական կենտրոնական արխիվները (ЦГАДА), ԽՍՀՄ պատմության պետական արխիվներ (ЦГИА СССР), ԽՍՀՄ ռազմապատմական կենտրոնական արխիվները (ЦГВИА СССР), ԽՍՀՄ կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվները (ЦГАКФД СССР), Կենտրոնական կուսակցական արխիվները (ЦПА), Արտաքին գործերի մինիստրության արխիվները և այլն։ Գլխավոր արխիվային վարչությունը կապ էր պահպանում մոտ 60 երկրների արխիվների հետ։ Պետական կենտրոնական արխիվները դասվում են գիտահետազոտական հաստատությունների շարքը։ Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտը պատրաստում է արխիվային գործի մասնագետ պատմաբաններ։ Խորհրդային Հայաստանում արխիվային գործը հիմնադրվել է 1922 թվականին, երբ կառավարության հատուկ շրջաբերականով արգելվեց արխիվային նյութերի ապօրինի ոչնչացումը։

1923 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Կենտգործկոմի նախագահությունը որոշում ընդունեց ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվ հիմնելու մասին։ ՀԽՍՀ-ում գործում էին երեք պետական կենտրոնական արխիվներ։ Պետական կենտրոնական պատմական արխիվում հավաքված են ցարական ինքնակալության տեղական մարմինների, տնտեսության, մշակութային-լուսավորական, հասարակական, բարեգործական հիմնարկությունների ու կազմակերպությունների (1649-1920), բուրժուական ժամանակավոր կառավարության տեղական մարմինների և դաշնակցականների տիրապետության շրջանի (1917-1920) հիմնարկների ֆոնդերը։ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվում (ուներ մասնաճյուղեր Լենինականում, Կիրովականում, Կապանում, Էջմիածնում) պահպանվում են Խորհրդային Հայաստանի իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների, խոշոր գերատեսչությունների, տնտեսական հաստատությունների ու ձեռնարկությունների գիտա-պատմական և գործնական արխիվային նյութերը։ ՀԽՍՀ կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվում հիմնականում հավաքված են հայ ժողովրդի նախահեղափոխական և խորհրդային շրջանների պատմությունն արտացոլող ֆոտո և կինո փաստաթղթեր։

1973 թվիականի հունվարից ՀԽՍՀ-ում գործում է Հայկական պարբերական մամուլի պետական կենտրոնական արխիվը։ Հին ձեռագրերի հավաքածուները կենտրոնացված են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Երևանում գործում էր ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվը։ Հանրապետության քաղաքներում և շրջանային կենտրոններում կան պետական շրջանային (քաղաքային) արխիվներ, իսկ հիմնարկ-ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ գերատեսչական արխիվները։ ՀԽՍՀ-ում արխիվային գործը ղեկավարում է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արխիվային վարչությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխիվներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 67