Արամեացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամեացիների ազգային դրոշը

Արամեացիներ (սիրիերեն՝ ܣܘܪ̈ܝܝܐ կամ ܐܪ̈ܡܝܐ), սեմական լեզվախմբին պատկանող էթնիկական խումբ։ Մ.թ.ա. XIV դարում դուրս գալով իրենց բնօրրանից՝ Արաբական թերակզուց, սկսել են բնակություն հաստատել Բաբելոնում, Միջագետքում, Հրեաստանում, Ասորիքում, Փյունիկիայում։
Արամեացիներն ընդհանուր անուն չունեին և կոչվում էին ըստ ցեղանունների։ Աքքադական արձանագրություններում հիշատակվում են «արամե» (քոչվոր) ընդհանուր անունով։
Մ.թ.ա. XI դ. սկզբին արամեացիներն անդամահատեցին և ժամանակավորապես անկման հասցրին հզոր Ասորեստանի տիրապետությունը՝ կլանելով տեղաբնիկ ցեղերի զգալի մասը։ Մ.թ.ա. I հազարամյակի սկզբին առավելապես արամեացվեցին Ասորիքը և Հյուսիսային Միջագետքը։ Ասորիքը մ.թ.ա. XI-VIII դարերում արամեացիների անունով կոչվում էր Արամ։
Մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կեսին արամեերենը Աքեմենյան աշխարհակալության պաշտոնական երկրորդ լեզուն էր, որի տարածման սահմանները ձգվում էին Կապադովկիայից մինչև Հինդոսի ափերը։ Աքեմենյանների անկումից հետո սեպագիրն իր տեղը զիջեց արամեական գրին։

Հայաստանում տակավին Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանում հիմնվել էին արամեական դիվանատներ, որոնք պահպանվեցին ընդհուպ մինչև մ.թ.ա. II դարերը։ Մեզ հասել են Արտաշես Ա թագավորի արամեական արձանագրությունները։

VII դարից հետո արամեացիները ձուլվեցին արաբներին՝ աստիճանաբար դադարելով ինքնուրույն ժողովուրդ լինելուց։ Արամեացիները փոքր քանակությամբ այժմ բնակվում են Սիրիայի լեռնային Մաալուլա, Ջուբադին, Սեյդնայա գյուղերում, Տուր-աբդին (Հյուսիսային Միջագետք) քաղաքի շրջակայքում, Հայաստանում և Կովկասի այլ վայրերում (ասորիներ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дьяконов И. М. Народы древней Передней Азии, в кн.։ Преднеазиатский этнографический сборник, т. 1, М. 1958.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 686