Աշխատուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատուժ, ((անգլ.՝ Labor power, գերմ.՝ Arbeitskraft)), մարդու ֆիզիկական, կազմակերպական ու հոգևոր ընդունակությունների, ձեռք բերած գիտելիքների ու փորձի ամբողջությունն է, որ նա գործադրում է ամեն անգամ, երբ արտադրում է ինչ-որ սպառողական բարիք։ Հանդիսանում է Կառլ Մարքսի՝ կապիտալիստական քաղաքատնտեսության քննադատության հիմնական հասկացությունը։ Աշխատուժը ցանկացած արտադրաեղանակի արտադրողական ուժերի գլխավոր տարրն է, որն ապրանք է դառնում միայն կապիտալիզմի պայմաններում։ Դա բացատրվում է նրանով, որ աշխատողը զուրկ է արտադրության միջոցներից և գոյատևելու համար իր աշխատելու ընդունակությունն է վաճառում ձեռնարկատերերին աշխատավարձ ստանալու համար։

Արտադրության գործընթացում մարդը ոչ միայն ներգործում է բնության վրա, այլև հարստացնում է իր արտադրական փորձը, աշխատանքային հմտությունը։ Որոշակի հասարակական տնտեսական պայմաններում աշխատուժը դառնում է ապրանք։ Ստրուկը չէր կարող վաճառել իր աշխատուժը, որովհետև պատկանում էր ստրկատիրոջը և իր աշխատուժի ազատ տնօրինողը չէր։ Ճորտը նույնպես ագատ չէր տնօրինելու իր աշխատուժը, որովհետև անձնական կախվածության մեջ էր կալվածատիրոջից։ Որպեսզի աշխատուժը դառնա ապրանք, աշխատողը պետք է ազատ լինի իրավական տեսակետից և զուրկ՝ արտադրության միջոցներից, հետևաբար, նաև գոյամիջոցներից։

Աշխատուժը, լինելով առանձնահատուկ ապրանք, մյուս ապրանքների նման, ունի արժեք և սպառողական արժեք։ Աշխատուժի արժեքը որոշվում է դրա վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսված միջին աշխատաժամանակով։ Այդ պահանջմունքները պայմանավորված են ֆիզիոլոգիական, պատմական և բարոյական մի շարք գործոններով։ Աշխատավարձը աշխատուժի արժեքի փողային արտահայտությունն է կամ դրա գինը։ Աշխատուժն ապրանքի սպառողական արժեքն արտահայտվում է նրանով, որ այն ստեղծում է իր արժեքից ավելի մեծ արժեք (իր արժեքը + հավելյալ արժեք)։

Աշխատանքի շուկայում աշխատուժի վարձատրման առաջին գործոնն առաջարկի ու պահաջարկի փոխգործողությունն է։ Այստեղ աշխատուժի գինը և աշխատանքի քանակը որոշվում են պահանջարկի և առաջարկի փոխհարաբերությամբ։

Աշխատուժի գնի ձևավորման շուկայական երկրորդ գործոնը մրցակցությունն է և մոնոպոլիան։ Աշխատանքի շուկայում մրցակցությունը նպաստում է աշխատավարձի մակարդակի հավասարակշռմանը։

Աշխատուժի որակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատուժի որակը դա մարդու հատկությունների համախումբն է, որն ի հայտ է գալիս աշխատանքի գործընթացում և իր մեջ ներառում է աշխատողի որակավորումը և անձնական բնութագրիչները։ Աշխատուժի որակը բնորոշող հիմնական բնութագրիչներն են՝

  1. Մասնագիտական գիտելիքները որոշվում են մարդու զարգացման մակարդակով, որի հիմքը նրա մտավոր ունակություններն են, կրթությունը, փորձը։
  2. Հմտությունը որոշվում է մարդու ֆիզիկական և մտավոր կարողություններով, որոնք անհրաժեշտ են արտադրական առաջադրանքը կատարելու համար։ Հմտությունն արդյունք է մարդու ճկունության, փորձի և հարմարվելու ընդունակության։
  3. Բանիմացությունը, գիտակությունը, դրանք ընդհանուր և մասնագիտական պատրաստվածության մակարդակն են, որոնք հնարավորություն են տալիս միանշանակ արձագանքելու կոնկրետ աշխատատեղին ներկայացվող պահանջների փոփոխությանը։
  4. Պատասխանատվությունը որոշվում է բարեխղճությամբ, հուսալիությամբ և մանրակրկիտ գործելակերպով, որոնք անհրաժեշտ են զանազան արտադրական արտադրանքների կատարման համար՝ առանց նյութական և մարդկային վնասների։
  5. Տարիքը հանդիսանում է աշխատուժի որակի կարևոր անձնական բնութագրիչ, քանի որ մարդու աշխատանքային ակտիվության մակարդակը, նրա աշխատունակությունն ու ճանաչողական ունակությունները պայմանավորված են նրա կյանքի փուլի աստիճաններով։
  6. Առողջությունը դա ֆիզիկական, մտավոր և սոցիալական ինքնազգացողության վիճակ է։
  7. Մտավոր ունակությունները դրանք իր խելքն արդունավետ կիրառելու, հասկանալու, խորհելու, սովորելու, հիմնախնդիրները լուծելու ընդհանուր ընդունակությունն է։
  8. Հետաքրքրությունները դրանք աշխատուժի որակի ամենից կարևոր տարրերից մեկն են, քանի որ դրանցում ի հայտ են գալիս անհատի իմացական պահանջմունքներն ապահովող ուղղվածությունը՝ աշխատանքային գործունեության նպատակների հիման վրա։
  9. Բնավորությունը հանդիսանալով անհատի հոգեբանական կարևոր գծերից մեկը, էական ազդեցություն է ունենում աշխատուժի որակի վրա, քանի որ որոշում է մարդու պահվածքի ուղղվածությունը, նրա վերաբերմունքը գործին, իրերին, այլ մարդկանց և ինքն իրեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 479