Անաստասիո Սամոսա Դեբայլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիո Սամոսա Դեբայլե
իսպ.՝ Anastasio Somoza Debayle
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրԼեոն, Նիկարագուա
Մահացել էսեպտեմբերի 17, 1980(1980-09-17)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրԱսունսյոն, Պարագվայ
ԳերեզմանCaballero Rivero Woodlawn Park North Cemetery and Mausoleum
Քաղաքացիություն Նիկարագուա
ԿրթությունԱՄՆ Ռազմական ակադեմիա
ԵրկերNicaragua Betrayed?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինHope Portocarrero?
Ծնողներհայր՝ Anastasio Somoza García?, մայր՝ Salvadora Debayle?
Զբաղեցրած պաշտոններՆիկարագուայի նախագահ և Նիկարագուայի նախագահ
ԿուսակցությունNationalist Liberal Party?
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ և Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[4]
ԵրեխաներAnastasio Somoza Portocarrero?
 Anastasio Somoza Debayle Վիքիպահեստում

Անաստասիո Սամոսա Դեբայլե (իսպ.՝ Anastasio Somoza Debayle դեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][…], Լեոն, Նիկարագուա - սեպտեմբերի 17, 1980(1980-09-17)[1][2][3][…], Ասունսյոն, Պարագվայ), Նիկարագուայի 44-րդ և 45-րդ նախագահը, 1967 թվականի մայիսի 1-ից մինչև 1972 թվականի մայիսի 1-ը և 1974 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1979 թվականի հուլիսի 17-ը։ Փաստացի 1967 թվականից մինչև 1979 թվականը հանդիսացել է երկրի ղեկավար։ Սամոսաների ընտանեկան դինաստիայի վերջին ղեկավարն է եղել։ Դինաստիան երկիրը ղեկավարել է 1934 թվականից։ Եղել Է բռնապետ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծանունը՝ «Տաչիտ» (Tachito)։ Երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկի՝ Նիկարագուայի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ Անաստասիո Սամոսայի երրորդ որդին է եղել, և փաստացի 1934 թվականից՝ գեներալ Սանդինոյի սպանությունից հետո երկրի ղեկավարն է եղել։ Սկզբում սովորել է Քրիստոնեական եղբայրություն կաթոլիկ դպրոցում, հետո Նիկարագուայի և ԱՄՆ-ի զինվորական դպրոցներում։ 1946 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Վեստ Փոյնթ Զինվորական ակադեմիան։

Վերադառնալով Նիկարագուա՝ ընտանեկան բիզնեսի նկատմամբ վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել, (մասնավորապես գլխավորել է Dismotor ընկերությունը, դարձել է Mercedes-Benz ավտոմեքենաների ներմուծողը։ 1947 թվականին հոր կողմից նշանակվել է Ազգային գվարդիայի գրասենյակի ղեկավար[6]։ Ակտիվ մասնակցել է 1947 թվականի մայիսի 26-ի զինվորական հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվել է ընտրված նախագահ Լեոնարդո Արգուելո Բարրետոն։ Ավելի ուշ դարձել է զինվորական ակադեմիայի ղեկավարը։

1950 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ նա դարձել է 25 տարեկան, ամուսնացել է իր զարմուհու՝ Խոուպ Պորտոկարրերո Դեբայլեի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են 5 երեխա։ 1978 թվականին, երբ մամուլին հայտնի է դարձել մանրամասներ նրա սիրային կապերի մասին, զույգն ամուսնալուծվել է։

1956 թվականի սեպտեմբերին՝ հոր սպանությունից հետո երկրի նախագահ է դարձել Անաստասիոյի ավագ եղբայրը՝ Լուիս Սամոսան։ Անաստասիոն դարձել է Ազգային գվարդիայի հրամանատար։ Այդ պաշտոնում 1961 թվականին նա մասնակցել է Ազգային ազատագրական Սանդինիստական ճակատի կազմակերպած առաջին մարտական գործողություններին։ Եղբայրը սրտի հետ կապված հիվանդություններ է ունեցել, դրա համար էլ պաշտոնը հանձնել է նախ ժամանակավոր նախագահին, հետո Անաստասիոյին, որն այդ պաշտոնում ընտրվել է 1967 թվականի փետրվարի 5-ին։ Հունվարի 22-ին Մանագուայում Ա․ Սամոսայի հրամանով գնդակահարվել են ցուցարարներ, այդպիսի դեպք մինչ այդ երկրի պատմության մեջ չէր եղել (ավելի քան 50 հազար մասնակից) ընտրությունները չեղարկելու համար (զոհերի տվյալները տատանվում են 100-ից 1500 մարդ), հյուրանոցը, որտեղ թաքնվել էին ընդդիմության առաջնորդները գնդակոծվել են տանկերից, ավերվել են ընդդիմադիր թերթերի խմբագրությունները[7]։

Կառավարման ընթացքում տնտեսական ոլորտում լայնորեն ընդգրկվել է ԱՄՆ բանկային կապիտալը, կառուցվել են մասայական առևտրի կենտրոններ և ամերիկյան ոճով գիշերային ակումբներ (օրինակ Adlon ակումբը դարձել է Կենտրոնական Ամերիկայում խոշորագույնը)։ Աճել է արտասահմանյան տուրիզմը։ Սակայն ազգաբնակչության կենսամակարդակն անընդհատ իջել է, երկրում ծավալվել է պարտիզանական շարժումը։

1972 թվականին նա երկրի կառավարումը հանձնել է Ազգային կառավարման խունտային, որը բաղկացած էր 4 հոգուց՝ իրեն թողնելով Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը։ 1972 թվականի դեկտեմբերի Մանագուայի ավերիչ երկրաշարժից հետո նշանակվել է ազգային արտակարգ կոմիտեի նախագահ՝ արտակարգ իրավիճակները կարգավորելու լայն լիազորություններով, միաժամանակ Մանագուայի շրջանի զինվորական նահանգապետ, փաստացի երկրի ղեկավար։ Միջազգային մեծ արձագանք է ստացել նրա և նրա մերձավորների կողմից երկրաշարժի զոհերի համար ուղարկված միջազգային բազմամիլիոնանոց օգնության հափշտակումը, ինչպես նաև ազգային գվարդիայի անդամների կողմից դիակապտության բազմաթիվ դեպքերը[6][8]։ Այդ ժամանակ ղեկավարել է հատուկ ստեղծված ազգային վերականգնման նախարարությունը։

1974 թվականի սեպտեմբերի 1-ին նորից ընտրվել է նախագահ (ստանալով ձայների 93% ) և ստանձնել է պաշտոնը դեկտեմբերի 1-ին։
Զուգահեռաբար տիրապետել է տասնյակ ընկերությունների, կազմակերպությունների, ԱՄՆ-ում և Բահամյան կղզիներում ունեցել է բազմաթիվ սեփականություն, այլ լատինաամերիկյան պետությունների տնտեսությունների մեջ մեծ գումարներ է ներդրել, մի շարք ամերիկյան և եվրոպական բանկերի բաժնետեր է եղել, Nestlé ընկերության խոշոր բաժնետեր է եղել։ Միայն երկրի մայրաքաղաք Մանագուայում նա 130 սեփական օբյեկտ է ունեցել, ներառյալ տներ, առևտրի կենտրոններ, գիշերային ակումբներ։ Հետաքրքրվել է լեռնարդյունաբերությամբ, ունեցել է ոսկու հանքեր[9]։ Նիկարագուայի անասուններ արտահանող խոշորագույն ընկերությունը, երկրի ձկնորսական նավատորմը նրան են պատկանել, նրան էին նաև պատկանում Կոստա Ռիկայի ամենամեծ հյուրանոցը և իսպանական Կոստա-Բրավայի հյուրանոցների շարքը[10]։

Տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի հունվարի 10-ին, գվարդիականների կողմից «La Prensa» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Պեդրո Խոակին Չամորրոյի սպանությունից հետո (նրա կինը, ապագա նախագահ Վիոլետա Բարրիոս դե Չամորրո), երկրում սկիզբ է առել զինված ապստամբություն, որը գործող ռեժիմը ստիպված է եղել ինքնուրույն ճնշել։ Սամոսան դիմել է ԱՄՆ-ին՝ օգնության համար։ Նիկարագուայի փոխնախագահ Լուիս Պալասիոսը ելույթով հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսում, որտեղ խնդրել է․ «Դուք կանիծեք այն օրը, երբ քաջություն չունեցաք կասեցնելու խորհրդային իմպերիալիզմի զավթողականությունը աշխարհամասում», — սակայն ոչ ոքի չկարողացավ համոզել։ Սամոսային միայն մի քանի ամերիկացի զինվորականներ են անհատապես օգնել։ 1979 թվականի հունիսի վերջին Պենտագոնը 82-րդ դեսանտային զորքերը բերել է բարձր աստիճանի մարտական պատրաստվածության, բայց գործը դրանով էլ ավարտվել է։ Առաջատար ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ի կենտրոնական ամերիկյան քաղաքականության լիակատար տապալման մասին, նույնիսկ նշել են, որ դա «տանուլ տրված կռիվ է, որը հանգեցնելու է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմի դեպքում գլոբալ պարտության»։

1978 թվականի սեպտեմբերից, երբ սանդինիստների հետ կռիվը առավել ակտիվ բնույթ է ստացե, հրամայել է հրետանիով կրակել, ավիացիայով ռմբակոծել այն քաղաքներն ու բնակության վայրերը, որոնք գրավվել են սանդինիստների կողմից։ Համարվում է, որ Ազգային գվարդիայի և ոստիկանության կողմից զոհվել են մոտ 30 հազար (այլ տվյալներով՝ 50 հազար[9])խաղաղ բնակիչ։ Զինվորականների կողմից ամերիկացի լրագրող Բիլ Ստյուարտի սպանության նկարահանման և ԱՄՆ հեռուստաընկերություններով ցուցադրման հետևանքով կտրուկ նվազել է արտասահմանյան զինվորական օժանդակությունը Սամոսայի կառավարությանը և մեծացել է սանդինիստների նկատմամբ համակրանքը։

1979 թվականի հունիսի 29-ին Սամոսան Ազգային կոնգրեսին հրաժարականի նամակ է գրել։ Սակայն նա դա չի հանձնել, քանի որ ամերիկացի պաշտոնատար անձիք նրան ԱՄՆ-ում քաղաքական ապաստանի երաշխիքներ չեն տվել։ Հուլիսի 16-ին Սամոսան գրել է երկրորդ նմանօրինակ նամակը և այն հանձնել է Կոնգրեսին։

Հուլիսի 16-ի երեկոյան նա հրամայել է գերեզմանից հանել հոր՝ Անաստասիո Սամոսա Գարսիայի և ավագ եղբոր՝ Լուիս Սամոսա Դեբայլեի և ընտանիքի մյուս հանգուցյալների աճյունները, որոնք ղեկավարել են Նիկարագուան 42 տարիների ընթացքում[11]։ Դագաղները, կանխիկ գումարներով ու թանկարժեք իրերով պարկերը (բռնապետի անձնական ունեցվածքը գնահատվել է 400 միլիոն դոլար) բեռնել են Սամոսայի անձնական «Բոինգ» ինքնաթիռը, սրահը լցված է եղել նրա հարազատներով, հավատարիմ զինակիցներով և Ազգային գվարդիայի ավագ սպաներով։ Ինքը հուլիսի 17-ին գիշերը ժամը 2-ին թռչել է ուղղաթիռով՝ իր թաքստոցից։ Հանձնարարել է գնդապետ Ֆեդերիկո Մախիային կատարել Ազգային գվարդիայի հրամանատարի իր գործառույթները, իսկ խորհրդարանի ղեկավարին՝ Ֆրանսիսկո Ուրկույոյին՝ երկրի նախագահի պարտականությունները, բռնապետը փախել է ԱՄՆ։ Սակայն երկու օրից էլ քիչ գնդապետ Մախիան և ժամանակավոր նախագահ Ուրկույոն թռչել են Գվատեմալա, իսկ զինվորական հրամանատարությունը ցրվել է՝ թողնելով Ազգային գվարդիայի զինվորներին։

Հուլիսի 19-ին Մանագուա են ժամանել «Ազգային ազատագրման սանդինիստական ճակատի» (ԱԱՍՃ) պարտիզանական ջոկատի անդամները։

Արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ապրել է ԱՄՆ-ում, հետո՝ Բահամյան կղզիների իր վիլաներից մեկում, հետո Գվատեմալայի նախագահի՝ Ֆերնանդո Լուկաս Գարսիայի հրավերով մեկնել է Գվատեմալա։ Վերջում ընդունել է բռնապետ Ալֆրեդո Ստրեսների հրավերը և 1979 թվականի օգոստոսի 17-ին մեկնել է բնակվելու Պարագվայում։ Նրան ընկերակցել են խորթ եղբայրը՝ գեներալ Խոսե Սամոսան, զավակները՝ Անաստասիո Սամոսա Պորտոկարրերոն և Ռոբերտո Էդուարդո Սամոսա Պորտեկարրերոն, նրա երկար տարիների սիրուհի Դինորա Սեմպսոնը և երկու տասնյակ սպաներ։

Նա սիրուհու, երկու զարմիկների և մի քանի օգնականների հետ բնակվել է Ասունսյոնում՝ առանձնատան մեջ, որը նախկինում պատկանել է ՀԱՀ դեսպանատանը։ Անմիջապես Պարագվայում ձեռք է բերել անշարժ գույք, ավելի քան 25 հազար հեկտար հող և հյուրանոց։ Հայտարարվել է նաև, որ նա Բրազիլիայում 20 միլիոն դոլարով գնել է ֆերմա, քարածխի հանքեր՝ Կոլումբիայում և Vision ամսագիրը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրից փախչելուց հետո Անաստասիո Սամոսան հեռակա դատապարտվել է մահապատժի։ Դատավճիռն ի կատար է ածվել Ասունսյոնում, 1980 թվականի սեպտեմբերի 17-ին։ Զրահապատ «Mercedes-Benz W116», որում գտնվել է նախկին բռնապետը, Պարագվայի մայրաքաղաքի կենտրոնական հատվածով անցնելիս, կանգ է առել կարմիր լույսի տակ, հանկարծ նրա ճանապարհը կտրել է մի բեռնատար, որից ինքնաձիգներով կրակել են ավտոմեքենայի վրա։ Փամփուշտները կպել են զրահապատ «Մերսեդեսի»-ի դիմապակուն։ Հետո հարևան տնից, որտեղ նախապես ուսումնասիրել են Սամոսայի անցնելիք ուղին, տեղակայված են եղել դատավճիռն ի կատար ածող օպերատիվ խումբը, որոնք ՁՀՆ-7 ձեռքի հակատանկային նռնականետից արձակել են երկու կրակոց։ Նախկին բռնապետի դիակը ճանաչել են միայն ոտքերից[12]։ Հարձակվողներից մեկը ավելի ուշ բռնվել է և սպանվել Ստրեսների քաղաքական ոստիկանության կողմից, մնացած 6-ը թաքնվել են։ 2001 թվականին պարզվել է, որ բռնապետի մահապատժի սանկցիան տվել է ԱԱՍՃ-ի առաջնորդներից Տոմաս Բորխեն, իսկ օպերացիան իրականացրել են արգենտինացիների խումբը՝ Արգենտինայի ժողովրդական հեղափոխական բանակից՝ Էնրիկե Գորրիարանայի գլխավորությամբ։

Նրա աճյունը հուղարկավորվել է Մայամիում՝ ամերիկյան կառավարության թույլտվությամբ, քանի որ նրա կինն ԱՄՆ քաղաքացի է եղել և բնակվել է այնտեղ։ Համարվում է, որ մահվանից հետո նրա կարողությունը կազմել է 500 միլիոնից մինչև 1 միլիարդ ամերիկյան դոլար։

Լրացուցիչ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունեցել է 190 սմ հասակ[10]
  • Սիրուհու՝ Դինորա Սեմպսոնի հետ ծանոթացել է, երբ եղել է 37 տարեկան, իսկ Դինորան՝ 15 տարեկան։ Ամուսնալուծությունից հետո Դինորան փաստացի կնոջ կարգավիճակով ապրել է նրա հետ, ինչպես երկրում, այնպես էլ արտագաղթած ժամանակ։
  • Քանի որ մանկության և երիտասարդության ժամանակ երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, անգլերեն ավելի լավ է խոսել, քան իսպաներեն[10]։
  • Հայտնի արգենտինացի գրող Հուլիո Կորտասարը երազել է և պատրաստվել է գիրք գրել Սամոսայի սպանության մասին, սակայն նրա անսպասելի մահը ի չիք է դարձրել այդ պլանները։ Մնացել են միայն հիշողություններ Էնրիկե Գորրարանայի և Կորտասարի հանդիպման մասին, երբ նրանք զրուցել են մի քանի ժամ[10]։
  • Կինոյում նրա կերպարը կերտել են ԼԼոյդ Բատիստան՝ Ռենե Էնրիկեսի «Կրակի տակ» ֆիլմում (1983)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  5. «Загадки истории. Рубрика «Злодеи». «Наш сукин сын»». zagadki-istorii.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. 6,0 6,1 Tachito, el último Somoza de una dinastía sangrienta
  7. Сандинистская революция в Никарагуа. Предыстория и последствия
  8. 1972: Earthquake wreaks devastation in Nicaragua
  9. 9,0 9,1 ОПЕРАЦИЯ "РЕПТИЛИЯ"
  10. 10,0 10,1 10,2 10,3 ОПЕРАЦИЯ «РЕПТИЛИЯ»
  11. КЁНИГСБЕРГ И ТЕРРОРИСТЫ. Эсэсовцы из Восточной Пруссии не спасли диктатора Сомосу
  12. Операция «Рептилия»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիո Սամոսա Դեբայլե» հոդվածին։