Անանուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանուխ (այլ կիրառումներ)


Անանուխ
Անանուխ
Անանուխ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ենթատրիբա Menthinae
Ցեղ Դաղձ (Mentha)
Տեսակ Անանուխ (M. ×piperita)
Միջազգային անվանում
Mentha ×piperita

Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։

Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Հենվելով ուկրաինական ժողովրդական բժշկության և սեփական փորձերի վրա, անանուխի վերաբերյալ ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նոսալները։Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնամուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6, տերևներում՝ 2.4 - 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 - 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։

2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը[1]։

Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ա. Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանուխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանուխ» հոդվածին։