Այլասիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այլասիրություն, ալտրուիզմ (altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։

Այլասիրություն, բարոյական սկզբունք, որն արտահայտում է ուրիշների, մասնավորապես՝ իր մերձավորների նկատմամբ մարդու անշահախնդիր հոգատարությունը, նրանց համար զոհողություն կատարելու ընդունակությունը։ Այլասիրություն փոքր ընդգրկում ունեցող, թերի, սահմանափակ հումանիզմ է, այն սահմանափակվում է առավելապես անձնական հարաբերությունների ոլորտով։

Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։

Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական պահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառությունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 191