Ամրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամրություն՝ պինդ նյութերի՝ տարբեր ուժերի ներգործությունից չքայքայվելու հատկություն։ Հաճախ ամրություն է համարվում նաև նյութերի՝ բեռնվածքների ազդեցությանը դիմադրելու հատկությունը (առանց զգալի մնացորդային դեֆորմացիաների առաջացման)։

Պինդ մարմինների ամրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինդ մարմինների ամրությամբ պայմանավորված է նյութը կազմող ատոմների (մոլեկուլների, իոնների) փոխազդեցությամբ։ Այդ պատճառով ամրությունը որոշվում է նյութի կառուցվածքով (բազմաբյուրեղ նյութերի համար՝ ատոմների քիմիական կապի ուժի բնույթով, բյուրեղային ցանցի տիպով, բյուրեղների չափերով, փոխդասավորությամբ ու փոխադարձ կապերով, իսկ ամորֆ նյութերի համար՝ ատոմների ու մոլեկուլների փոխդասավորությամբ և փոխազդեցության բնույթով)։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրությունը կախված է նաև.

  • ջերմաստիճանից,
  • բեռնավորման արագությունից,
  • բեռնավորումը և բեռնաթափումը կրկնելու հաճախականությունից և տևողությունից,
  • լարված վիճակի բնույթից,
  • շրջապատող միջավայրի ազդեցությունից և այլն։

Ամրության քանակական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրության քանակական բնութագրերը մեխանիկական այն լարումներն են, որոնց ազդեցությունից սկսում է նյութի քայքայումը կամ երևան են գալիս նկատելի մնացորդային դեֆորմացիաներ, այսինքն՝ ամրությունը քանակապես բնութագրվում է ամրության սահմանով (քայքայմանը նախորդող առավելագույն լարման հարաբերությունը նմուշի սկզբնական կտրվածքին), հոսունության սահմանով, հոգնածության սահմանով, սողքի սահմանով։ Քանի որ ամրությունը կախված է բեռնավորման տևողությունից, այս սահմանները տվյալ պինդ նյութի համար հաստատուն չեն։ Լարումների մեծացմանը զուգընթաց արագանում է նյութի քայքայումը։

Տեսական արժեքի հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինդ մարմինների ամրության տեսական արժեքի հաշվարկը հիմնված է միջատոմային բոլոր կապերի միաժամանակյա խզման վրա և զգալիորեն տարբերվում է ամրության իրական արժեքից։ Պինդ մարմինների ամրության տեսական արժեքը 1/10 E կարգի մեծություն է (E Յունգի մոդուլն է)։ Օրինակ պողպատի ամրությունը 350 կգ/մմ2 է կամ 1/60 E, երկաթի շատ բարակ թելերի ամրությունը մինչև 1000 կգ/մմ2 կարգի մեծություն է կամ 1/20 E։

Տեսական և տեխնիկական արժեքների տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրության տեսական և տեխնիկական արժեքների տարբերությունը կախված է նյութում եղած արատների քանակից, բաշխումից, մակերևույթի վիճակից, դիսլոկացիաներից ևն։ Կիրառական մեխանիկայի կարևոր հարցերից է պինդ նյութերի ամրությունը մեծացնելու խնդիրը։ Տեխնիկական նյութերի, հատկապես պողպատի, ամրությունը զգալիորեն մեծացվում է ջերմային, ջերմամեխանիկական մշակմամբ, լեգիրմամբ, ամրանավորմամբ և այլն։ Պոլիմերային նյութերի ամրությունը մեծացվում է միջմոլեկուլսւյին ուժեղ փոխազդեցության և որոշակի բյուրեղացման (կապրոն և այլն) աստիճան ունեցող նոր նյութերի սինթեզմամբ, ինչպես նաև ամրանավորող նյութերի ներմուծմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 334