Աղյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղյուս, շինարարական, ուղղանկյուն զուգահեռանիստի ձևով կաղապարված արհեստական քար։ Աղյուսի ստանդարտ չափերն են 250 x 120 x 65 մմ³։ Ըստ սկզբնահումքի և պատրաստման եղանակի լինում է թրծած կավային, տրեպելային, թրծած կավա–տրեպելային, սիլիկատային (կրաավազային, կրակավային ևն)։ Ամենամեծ տարածումն ունի թրծած կավային և կրաավազային աղյուսներ։

Կավային աղյուս պատրաստվում է դյուրահալ ավազակավերից ու կավերից։ Լինում է սովորական, թեթև (ծակոտկեն, սնամեջ), ճանապարհային և այլ տեսակի։ Սովորական աղյուսի ամրության սահմանը սեղմելիս 50–200 կգ/սմ² է, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,6–0,7 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1700–1900 կգ/մ³։ Կավային աղյուս արտադրվում է գլխավորապես պլաստիկ կաղապարման և կիսաչոր մամլման եղանակներով։ Առաջին դեպքում կավը բաժնեչափվում, խառնվում է հավելանյութերի հետ և 18–25% խոնավությամբ կաղապարվում աղյուսամամլիչներով։ Աղյուսի չորացումը կատարվում է բնական կամ արհեստական չորանոցներում, իսկ թրծումը՝ օղակային կամ թունելային վառարաններում (900 °C–ից 1000 °C)։ Կիսաչոր մամլման եղանակի դեպքում հում աղյուսի թրծումը կատարվում է առանց նախնական չորացման։ Կավային աղյուս օգտագործվում է պատերի շարվածքի, տաքացման վառարանների, ծխնելույզների և կամարների կառուցման համար։

Սիլիկատային աղյուսներ պատրաստում են ավազի (92–95%) և կրի (5–8%) խառնուրդից՝ ջերմային մշակմամբ։ Ամրության սահմանը սեղմելիս՝ 75–200 կգ/սմ², ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,70–0,75 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1800–1900 կգ/մ³։ Սիլիկատային աղյուս օգտագործվում է նույն նպատակներով, ինչ որ կավայինը, սակայն 250 °C–ից ցածր ջերմաստիճանում և ոչ խոնավ պայմաններում։

Աղյուս գործածվել է հնագույն ժամանակներից որպես շինանյութ Բաբելոնում, Նինվեում, Ուրարտուում և այլուր։ Այդ երկրներում խոնավ աղյուսի վրա փորագրում էին և ապա թրծում։ Հայկական լեռնաշխարհում հում աղյուս (հարդախառը կամ առանց հարդի) կիրառվել է մ.թ.ա. VI հազարամյակից («Աղվեսի բներ» բնակավայր)։ Ուղղանկյուն հում աղյուսից պատրաստված կացարաններ հայտնաբերվել են Թեղուտում (մ.թ.ա. V–IV հազարամյակ), Գառնիի էնեոլիթյան (մ.թ.ա. III հազարամյակ) և հելլենիստական (մ.թ.ա. I դ.) շերտերում։ Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX–VII դդ., Արին-Բերդ, Կարմիր–բլուր) Աղյուս օգտագործվել է միջնաբերդի պարիսպներում։ Դվինում հայտնաբերված աղյուսի թրծման արհեստանոցները (IV–XIII դդ.) նույնպես վկայում են միջնադարյան Հայաստանում աղյուսի լայն կիրառման մասին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղյուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 259