Ալեքսանդր Հումբոլդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Հումբոլդտ
Alexander Humboldt
Ծնվել էսեպտեմբերի 14, 1769(1769-09-14)[1][2][3][…]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5][6]
Մահացել էմայիսի 6, 1859(1859-05-06)[1][2][6][…] (89 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[5]
ԳերեզմանSchloss Tegel
Բնակության վայր(եր)rue Jacob? և New Chambers?[7]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն[8]
Դավանանքլյութերականություն
Մասնագիտություներկրաբան, ճանապարհորդ հետազոտող, բուսաբան, աշխարհագրագետ, սենեկապետ, օվկիանոսագետ, ժողովրդագիր, հրաբխագետ, գրող ճանապարհորդ, գիտական գրող, օդերևութաբան, Խորագետ, մեկենաս, կենդանաբան, բնագետ, հանքաբան, աստղագետ, կլիմայաբան, ազգագրագետ, գիտնական, botanical collector, թռչնաբան, world traveler, տնտեսագետ, քաղաքական գործիչ և գրող
ԳործակիցNatural History Museum, Berlin?
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբուսաբանություն, Տնտեսագիտական աշխարհագրություն, աշխարհագրություն, Օդերևութաբանություն, բուսաբանություն, կենդանաբանություն և ֆիզիկա
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Դանցիգի հետազոտական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հայրենական շղակույթի սիլեզիական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության ընկերների վարշավյան ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն, Ամերիկայի հնավաճառության միություն[9], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[10] և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԱլմա Մաթեր Վիադրինա, Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա, Գյոթինգենի համալսարան[11] և Ենայի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1], գերմաներեն[1][12] և իսպաներեն[13]
Գիտական ղեկավարԳեորգ Լիխտենբերգ[14]
Եղել է գիտական ղեկավարՅոհան Վիլհելմ Ռիթեր[15] և Հերման Աբիխ
Հայտնի աշակերտներՅոհան Վիլհելմ Ռիթեր[11]
Ազդվել էՖրիդրիխ Շելինգ
Պարգևներ
ՀայրԱլեքսանդր Գեորգ ֆոն Հումբոլդտ
ՄայրՄարիե-Ելիզաբեթ ֆոն Հումբոլդտ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Humb.
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander von Humboldt Վիքիպահեստում

Ալեքսանդր Հումբոլտ, լրիվ անուն ազգանունը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Հենրիխ Ալեքսանդր ֆոն Հումբոլտ (գերմ.՝ Friedrich Wilhelm Heinrich Alexander Freiherr von Humboldt, սեպտեմբերի 14, 1769, Բեռլին - մայիսի 6, 1859, Բեռլին), գերմանացի գիտնական, ֆիզիկոս, ճանապարհորդ, աշխարհագրագետ, բնախույզ, կենսաբան և բուսաբան։

Հումբոլդտի կյանքն ու ուսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի հայտնի բնախույզ և մեծ ճանապարհորդ Ալեքսանդր Ֆրիդրիխ Վիլհելմ Հումբոլդտը ծնվել է 1769 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բեռլինում, պրուսական ոչ հարուստ ազնվականի ընտանիքում։ Նա լեզվաբան Վիլհելմ Հումբոլդտի փոքր եղբայրն է։ Մանկությունը Հումբոլդտները անցկացրել են Տելեգայում, որը ընտանեկան ամրոց է, պատկանում էր Հումբոլդտների մորը։ Այս ամրոցը շրջապատված էր մեծ պուրակով, որտեղ կային աշխարհի տարբեր տեսակի բույսեր։ Մանկության տարիներին Հումբոլդտը կազմում էր հերբարիումներ, միգուցե այստեղից էլ սկսվել է սերը բույսերի նկատմամբ։ Սկզբնական շրջանում եղբայրների դաստիարակությամբ զբաղվել են բուսաբան Կարլ Վիլդենովը։ Ապա տեղափոխվել են Բեռլին, որտեղ մասնավոր ուսուցիչներ են հրավիրել, ուսումնասիրում են հունարեն, բուսաբանություն և տեխնոլոգիա, միաժամանակ նաև՝ այլ գիտություններ՝ միևնույն խորությամբ։ 1787-1788 թվականներին դասախոսություններ է լսել Օդեր-Ֆրանկֆուրտի համալսարանի կամերային ֆակուլտետում, ապա տեղափոխվում է Բեռլին։ Գյոթինգենի համալսարանում նա մնաց մինչև 1790 թ.։ 1790 թ. ճանապարհորդություններ է կատարել Ֆորստերի հետ. Մայնցից Հռենոսով անցնում է Հոլանդիա, ապա Անգլիա և Ֆրանսիա։ Աշխարհագրություն սովորելու ցանկությունը նրան տանում է Ֆրեյբուրգի լեռնային ակադեմիա, որտեղ դասախոսություն էր կարդում Վերները։ Հենց ակադեմիայի տարիներին նա ավելի մանրակրկիտ ուսումնասիրեց Ռուսաստանը և որոշեց մի օր այցելել այդ երկիր։ Նա այստեղ մնում է մինչև 1791 թ., և Ֆրեյբուրգի ակադեմիան ավարտելուց հետո ավարտվում է նաև նրա ակադեմիական կրթությունը։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեցին Հումբոլդտի հզոր ունակությունները։ Նա տիրապետում էր մի քանի լեզվի, ուներ գիտական մեծ բազա։ 1792 թ. գարնանը նա նշանակվում է Բեռլինի լեռնային գործերի դեպարտամենտի ասսեսոր, ապա նշանակվում է լեռնային գործերի ղեկավար։ Այս գործը հնարավորություն է տալիս նրան հնարավորություն ավելի մանրամասն ուսումնասիրել երկրաբանություն և երկրագիտություն։ Այս շրջանի ամենախոշոր աշխատանքներից մեկը կենդանիների վրա էլեկտրական հոսանք անցկացնելու մեթոդներն էին, որոնք ամփոփված են «Փորձեր գրգռված ջղերի և նյարդային թելիկների վրա» գրքում, որը տպագրվել է 1797-1799 թթ.։ Այս փորձերի մեծ մասը անց են կացվել բժիշկ Շալերնի կողմից՝ Հումբոլդտի մարմնի վրա։ Այս տարիներին է նա գրում նաև Հռենոսի հանքերի մասին աշխատությունը, որը մեծ ուշադրություն է գրավում։ Ֆրանսիայի Ազգային ակադեմիան մտադրվում է կազմակերպել շուրջրերկրյա ճամփորդություն, որին հրավիրում են մասնակցելու նաև Հումբոլդտին։ Բայց քանի որ այս ճամփորդությունը անընդհատ ձգձգվում է, Հումբոլդտը Բոնպլանի հետ մեկնում է Իսպանիա։ Այստեղ նրանք ուսումնասիրում են Իսպանիայի մեծ մասը և վայելում իսպանական թագավորի աջակցությունը։ Որից հետո թույլտվություն են ստանում իսպանական գաղութներ այցելելու։ Դեպի Հարավային Ամերիկա, Մեքսիկա կատարած ճամփորդությունից նա վերադառնում է շուրջ 5 տարի անց։

Վերադարձից հետո նա որոշում է մնալ Փարիզում և մշակել այդ նյութերը։ 1805 թ. նա մեկնում է եղբոր մոտ, իսկ հետագա երկու տարիները ապրում է Բեռլինում, ապա խնդրում է պրուսական թագավորին Փարիզում ապրելու թույլտվություն տալ և ստանում է դրական պատասխան։ Որից հետո նա ապրում է Ֆրանսիայում շուրջ 20 տարի՝ (1809-1827 թթ.)։ Նա այս ամբողջ տարիներին զբաղվել է գիտական աշխատանքով։ Հումբոլդտը առավոտյան ժամը 7-ից ոտքի վրա էր, մի ժամ անց նա արդեն իր ընկեր Արագոյի մոտ էր կամ ինստիտուտում, որտեղ աշխատում էր 11-12-ը, սնվում էր “ոտի վրա” և կրկին աշխատում։ Երեկոյան յոթի կողմերը նա ընթրում էր, ապա այցելում ծանոթներին կամ սալոններ, տուն էր վերադառնում կեսգիշերին և աշխատում մինչև ուշ գիշեր։ Իր կենսակերպի մասին նա ասել է. “Պարբերական քունը համարվում է հնացած ենթագիտակցություն Հումբոլդտ ընտանիքում”։ Այս կենսակերպով նա ապրեց մինչև խոր ծերություն և որ զարմանալի է՝ միշտ առողջ և կենսախինդ էր։

Գիտական գործունեությունը չէր խանգարում Հումբոլդտին հետաքրքրվել նաև քաղաքականությամբ, նորություններով, նաև առօրյա խոսակցություններով և բամբասանքներով։ Պատահական չէր, որ պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմը սիրում էր ժամանակը անցկացնել Հումբոլդտի հետ, ով ոչ միայն հետաքրքիր զրուցակից էր, այլ նաև կատակասեր մարդ։ Եվ այդ պատճառով նա 1826 թ. հրավիրեց Հումբոլդտին ապրելու Բեռլինում, որտեղ նա կարդում է ֆիզիկական աշխարհագրության վերաբերյալ դասախոսություններ, որին մասնակցելու էին գալիս նաև եվրոպական այլ երկրներից։ Դասախոսությունները տևել են 1827 թ. նոյեմբերի 3-ից մինչև 1828 թ. ապրիլի 26-ը։ Դրանից հետո Հումբոլդտին պարգևատրեցին “Ողջ աշխարհը վառ ճառագայթներով լուսավորող” մեդալով։ Ապա մեկնում է Ռուսաստան՝ ռուսական ցարի հրավերով, որը բխում էր “երկրի և պետության շահերից”։ 1832 թվականից Հումբոլդտը ապրում էր Բեռլինում։

1842 թ. նա պարգևատրվում է զինվորական վաստակի համար։ Նա ստանում է բազմաթիվ պարգևներ և մեդալներ, նրա անունն անմահացել է աշխարահագրական քարտեզի վրա, կենդանաբանության և բուսաբանության դասագրքերում, բազմաթիվ լեռներ, գետեր կրում են նրա անունը։ Նրան այցելում էին պարզապես այդ մեծությունը տեսնելու համար։ Հումբոլդտի աշխատանքների գագաթնակետը նրա “Կոսմոս” աշխատությունն է, որն մնաց անավարտ։ Հումբոլդտը հանրագիտակ էր, նա բոլոր բնագավառներում մասնագետ էր, կարելի է ասել, բացառություն է կազմում միայն բարձրագույն մաթեմատիկան։

1845 թ. լույս է տեսնում առաջին հատորը, իսկ հինգերորդից մնում է անավարտ՝ կապված մահվան հետ։ Նույնիսկ կյանքի վերջին տարիներին նա վարում էր այն կենսակերպը, ինչ երիտասարդության ժամանակ։ Հումբոլդտը իր մահկանացուն կնքեց 1859 թ. մայիսի 6-ին, ժամը 14.30։

Հումբոլդտի գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գիտական գործունեությունը սկսվում է 80-ական թվականների վերջերից. 1790 թ. հրատարակվում է նրա առաջին գիտական աշխատությունը՝ “Հանքաբանական դիտումներ հռենոսյան մի քանի բազալտների նկատմամբ” վերնագրով։ Դրանից երեք տարի անց, 1793 թ. հրատարակվում է նրա երկրորդ խոշոր աշխատությունը՝ “Ֆրեյբուրգի ստորերկրյա ֆլորան”, 1799 թ.՝ երրորդ աշխատությունը՝ “Ստորերկրյա գազերի մասին” և այլ աշխատություններ։

Հումբոլդտը 90-ականների վերջերին ստանալով պատկառելի ժառանգություն՝ թողնում է ծառայությունը և սկսում է իր երկարատև ու բեղմնավոր ճանապարհորդությունները։ Նա ֆրանսիական բուսաբան Է. Բոնպլանի հետ նախ 1798 թ. այցելում է Իսպանիա, ապա հաջորդ տարում ուղևորվում Ամերիկա։ Նրանք երկուսը միասին մոտ հինգ տարի շարունակ ուղևորություններ են կատարում Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում։ Իր այդ ճանապարհորդությունների ընթացքում տարբեր բնագավառների վերաբերող հարուստ նյութեր հավաքելու հետ միասին կատարում է բարձր գիտականություն ունեցող մի շարք դիտումներ և եզրակացություններ, որոնք նրա հետազոտություններին տալիս են նոր, նախորդ ժամանակաշրջանների բոլոր հետազոտություններից էականորեն տարբերվող բնույթ։ 1799-1804 թթ. ընթացքում կատարած երկարատև ճանապարհորդություններից հետո Հումբոլդտը իր հավաքած հարուստ նյութերով վերադառնում է Եվրոպա։ Նա շուրջ 20 տարի ապրում է Փարիզում, և ֆրանսիական մի շարք գիտնականների հետ միասին կատարում է իր բերած նյութերի մշակում։ Նա այդ հետազոտությունների արդյունքները ամփոփում է 30 հատորից կազմված “Ճանապարհորդություն Նոր Աշխարհի արևադարձային շրջաններում` կատարված 1799-1804 թթ.”: Սակայն չնայած այն հանգամանքին, որ ստացվել է բավականին ծավալուն աշխատանք, այնունամենայնիվ, այն մնացել է անավարտ։ Նրա այդ աշխատությունն ընդգրկում է բազմաթիվ հարցեր տարբեր բնագավառներից, այսպես օրինակ` դրանում տրված են նրա այցելած երկրների բուսականության նկարագրությունը, կատարած աստղաբաշխական դիտումները, եռանկյունաչափական չափումները, կենդանական դիտումները, քաղաքական աշխարհագրության որոշ հարցեր, երկրաբականան դիտումներ և այլն։ 1807 թ. լույս է տեսնում մեծ ընդունելություն և լայն տարածում գտած նրա աշխատություններից մեկը՝ “Բնության պատկերներ” վերնագրով, որը բովանդակում է աշխարհագրական և կենսաբանական մի շարք հարցեր ու նկարագրություններ։

Ռուսաստան կատարած արշավախմբի մասին նրա կատարած դիտողությունները ամփոփված են “Հատվածներ Ասիայի երկրաբանությունից և կլիմայաբանությունից” գրքում, որը կազմված է երկու հատորից և տպագրվել է 1831 թ.։ Իր և ուղեկիցներից մեկի՝ Ռոզեի աշխատության հիման վրա նա գրում է “Կենտրոնական Ասիա” եռհատոր աշխատությունը՝ 1843 թ., որն ընդգրկում է արշավախմբի և ուղևորությունների նկարագրությունը, և նրա կատարած հետազոտությունները։ Ռուսաստանում կատարած ուղևորությունից Բեռլին վերադառնալուց հետո Հումբոլդտը ձեռնամուխ է լինում իր ամենանշանավոր աշխատություններից մեկին՝ “Կոսմոսը” կազմելու աշխատանքներին։ Այդ աշխատության համար հիմք են ծառայել 1827 թ. Բեռլինի համալասրանում ֆիզիկական աշխարահագրության գծով նրա կատարած դասախոսությունները։ Դա սոսկ ֆիզիկական աշխարհագրություն չպետք է լիներ։ Հեղինակը մտադրվել էր այդ հոյակապ աշխատության մեջ տալ տիեզերքի և երկրին մասին այն բոլոր գիտելիքները, որոնք գոյություն ունեին իր ապրած ժամանակներում։ Սակայն հեղինակի իղձը մնում է անկատար, աշխատության կազմումը ձգձգվում է տասնյակ տարիներ։ Հումբոլդտը դեռ զբաղված էր այդ աշխատության 5-րդ մասին կազմամբ, երբ վրա է հասնում մահը։ “Կոսմոսի” անավարտ հատվածները դեռ գիտնականի կենդանության օրոք արդեն մեծ հասարակայնություն էին վայելում։

Հումբոլդտի գիտական արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Հումբոլդտի ճամփորդությունը Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարի վերջերին Հարավային Ամերիկայի լայնատարած բազմաթիվ շրջանները մնում էին կամ միանգամայն անհայտ և կամ համենայն դեպս շատ քիչ ուսումնասիրված։ Բացառություն էին կազմում միայն առափնյա որոշ շրջաններ։ Այդ է պատճառը, որ կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի նման, Հարավային Ամերիկան ևս XIX դարի սկզբներին իր վրա է գրավում բազմաթիվ ճանապարհորդների ուշադրությունը։ 1799 թ. Հումբոլդտը մեկնում է երկարատև ճամփորդության դեպի Հարավային, Կենտրոնական Ամերիկա և Մեքսիկա՝ “Պիսսարո” նավով՝ Կոլումբոսի անցած երթուղով։

Հարավային Ամերիկայի գիտական ուսումնասիրությունն սկսվում է Ալեքսանդր Հումբոլդտի՝ XIX դարի սկզբներին այնտեղ կատարած ճանապարհորդությամբ, որի շնորհիվ նա պարզաբանում է այդ աշխարհամասի երկրաբանական կառուցվածքի, հրաբուխներին, բնակլիմայական պայմաններին և այլ բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր։ Սակայն Հարավային Ամերիկայի ուսումնասիրության գործում մեծ աշխարհագետի այդ աշխատանքները միայն սկիզբն էին այն հսկայական թափի ուսումնասիրությնների ու ճանապարհորդությունների, որոնք նրա անմիջական նախաձեռնությամբ և ազդեցությամբ կազմակերպվեցին XIX դարի առաջին կեսի ընթացքում։

Հումբոլդտը այստեղ տվել է մի շարք աշխարհագրական օբյեկտների լայնությունն ու երկարությունը և շուրջ 700 հիպսոմետրիկական չափումներ է կատարել։ Նրանք բարձրացել են Սիլլա հրաբխի վրա, իսկ Գուախարա քարանձավում գտնված կենդանիների մնացորդը ուղարկել են Ֆրանսիա՝ հնէաբան Ժորժ Կյուվիեին, ապացուցել են Ամազոնի և Օրինոկոյի միացման վարկածը, գծվել է այս գետերի հոսքի քարտեզը, ճամփորդության ընթացքում նրանց բազմաթիվ զրկանքներ են հետապնդել, վերջացել է սնունդը, հաճախ սնվել են մրջյուններով, բույսերի արմատներով։ Բայց ի վերջո հասնելով տեղ ամբողջ ուսումնասիրության արդյունքները հանձնել են իսպանական մի նավի, որը սակայն խորտակվել է։ Միաժամանակ նա կատարել է նաև ազգագրական, լեզվական, պատմական, քաղաքական նշումներ։ Հասնելով Կուբա կղզի՝ նրանց լուր է հասնում, որ ֆրանսիական արշավախումբը ձեռնարկում է շուրջերկրյա ճամփորդություն, որին մասնակցելու համար նրանք կտրում անցնում են ցամաքային մասով Ամերիկան և ճամփորդությունից ուշանում են Բոնպլանի հիվանդության պատճառով։ Ապա կրկին ճանապարհ ընկան Անդերով դեպի Կիտո։ Այստեղ հաստատվելով կատարում են ուսումնասիրություններ. ընդ որում, նա առաջինն էր, որ վերծանեց հին հնդկական նյութերը։ Եվ եկավ այն եզրակցության, որ այստեղ գոյություն է ունեցել բավականին զարգացած մի մշակութային երկիր։ Գիտնականները բարձրանում են Չիմբորասո լեռը, որն համարում են աշխարհի ամենաբարձր լեռը, քանի որ դեռևս Էվերեստը հայտնաբերված չէր։ Բարձրանալով շուրջ վեց հազար կիլոմետր՝ նրանց առջև բացվում է մի հոյակապ տեսարան։ Այստեղից Հումբոլդտը եզրակացնում է, որ կլիմայաստեղծ հիմնական գործոնը ոչ թե օվկիանոսի ջուրն է, այլ այնտեղ ընթացող պրոցեսները։ Ապա Կիտոյից ճանապարհվում են Պերու՝ ոտքով, ձիով, առաջին պատահած ձևով։ Նրանք ճանապարհին ուսումնասիրում են Կահամարկա սարահարթը։ Անդերի բարձր գագաթից տեսնելով Խաղաղ օվկիանոսը՝ Հումբոլդտը իջնում է նրա ափը ինկերի քարակերտ ճանապարհով։ Նրան հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ արևադարձերում գրանցվել էր ջրի այդպիսի ցածր ջերմաստիճան։ Եվ այստեղից էլ նա կատարեց եզրակացություն, որ այդտեղով անցնում է սառը հոսանք։

Հարավային Ամերիկայի երկրների մեջ Եվրոպայում ամենավառ հետաքրքրությունն առաջացրեց Բրազիլիան՝ իր անծայրածիր տարածություններով։ Ալեքսանդր Հումբոլդտը Ամերիկայի Եվրոպա վերադառնալուց և վերջինիս մասին հաղորդում անելուց հետո գիտնականների շրջանում առաջանում է բուռն ձգտում Բրազիլիան ուսումնասիրելու։

Վենեսուելայի առաջին գիտական ուսումնասիրողը համարվում է Ալեքսանդր Հումբոլդտը։ Նա հասարակ ճանապարհորդ չէր և ոչ էլ գիտության մեջ միջակություն։ Նա իր դիտումների և այլ աղբյուրների տվյալների հիման վրա կարողացել է տալ Ամերիկայի բնական պայմանների բնորոշ գծերը՝ դրանք դիտելով խոր գիտական առումով։ Նրանից հետո Վենեսուելայի ուսումնասիրությունը ընդհատվում է շատ երկար ժամանակով։

Հումբոլդտի այցելությունը Մեքսիկա և Կենտրոնական Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թ. մարտին նրանք հասնում են Մեքսիկա։ Ամբողջ ճանապարհին նրանք ուսումնասիրում են ջրի ջերմաստիճանը, և Հումբոլդտը գտնվում է, որ այդ տաք հոսանքը գալիս է արևադարձային շրջաններից։ Հումբոլդտը հերքում է այն տեսակետը, որ կլիմայի վրա Անդերի սառույցներն են թողնում ազդեցություն, առաջ է քաշում բարիկական մարզերի տեսակետը։

Նա մի քանի ճանապարհորդություններ կատարելու հետ միասին ամփոփում է Մեքսիկայի մասին եղած այն բոլոր տվյալները, որոնք հավաքվել էին նախորդ ճանապարհորդների կողմից։ Այդ երկու աղբյուրների հիման վրա տաղանդավոր աշխարհագետը կարողանում է տալ երկրի ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի և հողային ծածակի ընդհանուր և ամփոփ նկարագրությունը։ Ալեքսանդր Հումբոլդտի հետաքրքության շրջանակները լայն են։ Նա նշված հարցերից բացի ուսումանասիրում է նաև երկրի բնական երևույթները, հրաբուխները, աղբյուրները, կլիման, բուսական աշխարհը, բնական հարստությունները, երկրագործությունն ու արդյունաբերությունը։ Այդ է պատճառը, որ աշխարահագրության պատմության մեջ շատ հաճախ է գործածվում այն պարադոքսը, թե “Ալեքսանդր Հումբոլդտը կատարել է “Մեքսիկայի երկրորդ” հայտնագործությունը”։

Ալեքսանդր Հումբոլդտով երկրի գիտական ուսումնասիրությունը միայն սկսվում է։ Դրա ուսումնասիրման գործը լայն թափ է ստանում անկախացումից հետո, երբ հիմնվում է Մեքսիկայի “Ազգային աշխարհագրական ինստիտուտը”։ Սակայն անկախության հռչակումից հետո էլ Մեքսիկայի ուսումնասիրման բնագավառում շարունակում են գլխավոր դեր խաղալ օտարերկրյա գիտնականները։ Տեղական և օտարերկրյա գիտնականների շնորհիվ XIX դարի 2-րդ կեսին և XX դարի առաջին քառորդի ընթացքում Մեքսիկական բարձրավանդակը ենթարկվում է գիտական մանրամասն ուսումնասիրության բառիս այժմյան իմաստով։ Մյուս երկրների նման Մեքսիկան ևս ուսումնասիրում է երկրաբանական, աշխարհագրական, բուսաբանական, կենդանաբանական, ազգագրական, հնէագիտական և այլ առումներով։ Կենտրոնական Ամերիկայի ուսումնասիրությունը նրա հայտնագործումից ի վեր Մեքսիկայի ուսումնասիրության նման մենաշնորհ կերպով գտնվում է գերազանցապես իսպանացիների ձեռքին, որոնք սակայն դարեր շարունակ նկարագրական բնույթի հուշերից բացի գիտական որևէ լուրջ աշխատանք չտվեցին։ Կենտրոնական Ամերիկայի գիտական ուսումնասիրությունը սկսվում է միայն XVIII և XIX դարի սահամագլխին։ Նրա գիտական գիտական ուսումնասիորության հիմնադիրը դարձյալ համարվում է Ալեքսանդր Հումբոլդտը, որը XIX դարի սկզբներին այցելել է Կենտրոնական Ամերիկայի երկրները, և չնայած շատ կարճ է մնացել այնտեղ, այնուամենայնիվ կարողացել է հին աղբյուրների և իր անձնական դիտումների հիման վրա տալ դրանց ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի և հողերի առանձնահատկությունները։ Ալեքսանդր Հումբոլդտից հետո Կենտրոնական Ամերիկայի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև այլ ճանապարհորդներ և գիտնականներ։ Ալեքսանդր Հումբոլտը Կենտրոնական Ամերիկայի ուսումնասիրություններից հետո հասնում է մինչև ԱՄՆ, որտեղ տեղի է ունեցել նրա և հետագայում ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հետ, ով այդ ժամանակ զբաղված էր “Մարդու իրավունքների մասին” դեկլարացիան գրելով։ Նրանք ունեին հետաքրքրության ընդհանուր շրջանակներ և ստացվում էր հետաքրքրիր զրույց։ 1799-1804 թթ. ընթացքում կատարած երկարատև ճանապարհորդություններից հետո Հումբոլդտը իր հավաքած հարուստ նյութերով վերադառնում է Եվրոպա։

Հումբոլդտի կատարած ճամփորդությունը մինչև չինական սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս թագավոր Նիկոլայ 1-ը հրավիրեց Հումբոլդտին դեպի Արևելք։ Այս հրավերը իսկը գիտնականի սրտով էր։ 1829 թ. ապրիլի 12-ին Հումբոլդտը դուրս է գալիս Բեռլինից և մայիսի մեկին հասնում Պետերբուրգ, որտեղից մեկնում են Մոսկվա, ապա Վլադիմիր և Նիժնի Նովգորոդ։ Այստեղից Վոլգայով անցնում են Կազան, այստեղից Պերմ և Եկատերինբուրգ։ Հենց այստեղից էլ սկսվեց իսկական ճամփորդությունը։ Մի քանի շաբաթ ճանապարհորդները անցնում էին Ուրալյան լեռներով՝ ուսումնասիրելով նրա երկրաբանությունը։ Ապա ուղղություն են վերցնում Սիբիր։ Վերջին կանգառը Աստրախանն էր. պատճառն այն էր, որ “Հումբոլդտը չէր ուզում մեռնել` առանց Կասպից ծովը տեսնելու”։ Ուստի նրանք ուղղություն վերցրեցին դեպի Կասպից ծով, և 1829 թ. նոյեմբերի 13-ին վերադարձան Պետերբուրգ։ Քանի որ այս ճամփորդությունը հովանավորում էր ինքը թագավորը, այն հարմարավետ էր և տվեց հրաշալի արդյունքներ։ Այդ արդյունքները ամփոփվեցին Փարիզում։ Ռուսաստանի այցելությունը իհարկե այնքան տպավորիչ չէր, որքան Ամերիկայի ուսումնասիրությունը, սակայն այն ևս կարելի է համարել նախադեպը չունեցող։ 23 շաբաթվա ընթացքում ճանապարհի երկարությունը կազմում է 15,5 հազար վերստ, որից 700-ը գետային ճանապարհով, 100-ը՝ Կասպից ծովով։ Ռուսաստանյան օրերին նա ունենում է մի շարք հանդիպումներ ռուս նշանավորների հետ։ Այսպես, Պետերբուրգում հանդիպում է Չադաևի, ապա 30-ամյա Պուշկինի հետ։ Բնականաբար, Պուշկինին ևս հետաքրքրիր էր հանդիպել մեծ բանաստեղծ Գյոթեի ընկերոջ, մեծ աշխարհագետի, բնախույզի հետ։

Վերադարձ հայրենիք և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում կատարած ուղևորությունից Բեռլին վերադառնալուց հետո Հումբոլդտը ձեռնամուխ է լինում իր ամենանշանավոր աշխատություններից մեկին՝ “Կոսմոսը” կազմելու աշխատանքներին։ Այդ աշխատության համար հիմք են ծառայել 1827 թ. Բեռլինի համալասրանում ֆիզիկական աշխարահագրության գծով նրա կատարած դասախոսությունները։ Դա սոսկ ֆիզիկական աշխարհագրություն չպետք է լիներ։ Հեղինակը մտադրվել էր այդ հոյակապ աշխատության մեջ տալ տիեզերքի և երկրին մասին այն բոլոր գիտելիքները, որոնք գոյություն ունեին իր ապրած ժամանակներում։ Սակայն հեղինակի իղձը մնում է անկատար, աշխատության կազմումը ձգձգվում է տասնյակ տարիներ։ Հումբոլդտը դեռ զբաղված էր այդ աշխատության 5-րդ մասին կազմամբ, երբ վրա է հասնում մահը։ “Կոսմոսի” անավարտ հատվածները դեռ գիտնականի կենդանության օրոք արդեն մեծ հասարակայնություն էին վայելում։ 90-ամյա ծերունում վերջին նախադասությունը, որ նա գրել է ռուս դերասանուհի Ն. Պավլովային, դառնում է իր վերջին գրավոր նախադասությունը։ Դեռ 20 տարի առաջ նա դերասանուհուն հրավիրել են իրեն հյուր, և կյանքի վերջին տարիներին ստանում է դրական պատասխան։ Այդ պատասխանին նա գրում է. “Իսկ ուրիշը ձեզ այսքան երկար չէր սպասի”։ Հումբոլդտը մահկանացուն կնքեց մայիսի վեցին, նրան թաղեցին մեծ շուքով որպես ազգի իսկական հերոսի։ Նա թաղված է իր հայրենի Բեռլինում։

Հումբոլդտի դերը աշխարհագրության զարգացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Հումբոլտը համարվում է այժմյան բույսերի աշխարհագրության, գեոֆիզիկայի, ջրագրության հիմնադիրներից մեկը։ Նա տերերային մատերիալիստ էր, իր քաղաքական հայացքներով՝ չափավոր լիբերալ։

Իր աշխատություններով Հումբոլդտը աշխարհագրությունը մեծապես առաջ է մղել։ Նա դրել է գիտական երկրագրության հիմքը և տվել ֆիզիկական աշխարհագրության ընդհանուր հիմունքները։ Հումբոլդտը զբաղվել է նաև բնագիտական գիտելիքների մասսայականացման պատվաբեր աշխատանքով։ Ամբողջ աշխարհի գիտական հասարակությունը բարձր է գնահատում նրա ծառայությունը և նրան աշխարհագրության զարգացման բնագավառում տալիս է հազվագյուտ տեղերից մեկը։ Հումբոլդտի անունով են կոչվել աշխարհագրական մի շարք օբյեկտներ՝ Կենտրոնական Ասիայում, Գրենլանդիայում, Ավստրալիայում և այլն։ Նրա աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և ջերմ ընդունելություն գտել երկրագնդի բոլոր մասերում։ Դեռ ուսանողական տարիներին նա ուսումնասիրեց օդի քիմիական բաղադրությունը, որը բավականին ճշգրիտ էր, ապա օդի ջերմաստիճանը, եկավ այն եզրակացության, որ բույսերի տարածվածությունը խիստ կապված է ջերմաստիճանի հետ։ Մինչև Ալեքսանդր Հումբոլդտը բուսական աշխարհագրությունը որպես առանձին գիտություն գոյություն չուներ։ Բուսաբանական աշխարհագրության հիմքում Հումբոլդտը դրեց կլիմայական տարբերությունները, բացահայտեց հասարակածից դեպի բևեռներ դրանց ձգվածության պատճառները, բնութագրեց բնական զոնաները, ինչպես նաև առաջ քաշեց վերընթաց գոտիականության գաղափարը։

Զգալի ուսումնասիրություններ նա կատարեց նաև երկրի ձգողականության վերաբերյալ։ Նա առաջինն էր, որ ապացուցեց, որ դա ևս փոփոխվում է՝ կախված աշխարհագրական լայնությունից։ Հենց նրան է պատկանում “մագնիսական փոթորիկներ” տերմինը։

Աշխարհագրական առումով մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում 1829 թ. նրա կատարած ճամփորդությունը դեպի Ուրալ և Ալթայ՝ մինչև չինական սահմանը։ Այս ճանապարհորդության ընթացքում նա հետազոտել է Ուրալի պլատինի հանքավայրերը և կարծիք հայտնել, որ այդ շրջանում կան նաև ալմաստի հանքավայրեր։ Նրա այդ հետևությունը հետագայում հաստատվեց Ուրալում ալմաստի հանքերի հայտնագործումով։ Իր կատարած ուսումնասիրությունների հիման վրա Հումբոլդտը սահմանում է նաև Կենտրոնական Ասիայի ռելիեֆի հիմնական առանձնահատկությունները և վերադարձի ճանապարհին կարևոր դիտումներ կատարում Կասպից ծովի մասին։ Արշավախմբի մասին նրա կատարած դիտողությունները ամփոփված են “Հատվածներ Ասիայի երկրաբանությունից և կլիմայաբանությունից” գրքում, որը կազմված է երկու հատորից և տպագրվել է 1831 թ.։ Իր և ուղեկիցներից մեկի՝ Ռոզեի աշխատության հիման վրա նա գրում է “Կենտրոնական Ասիա” եռհատոր աշխատությունը՝ 1843 թ., որն ընդգրկում է արշավախմբի և ուղևորությունների նկարագրությունը, և նրա կատարած հետազոտությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Խ. Հակոբյան “Աշխարհագրության համառոտ պատմություն”, “Լույս” հրատ., Երևան, 1976 թ.
  • Самин Д. К. 100 великих ученых. - М.։ Вече, 2000
  • Лугинин С.Ф. А. Гумбольдт. СПб., 1860.
  • Сафонов В.А. Александр Гумбольдт. М.։ Молодая гвардия (ЖЗЛ), 1959.
  • Скурла Г. Александр Гумбольдт. М.։ Молодая гвардия (ЖЗЛ), 1985.
  • Де Терра Г. Александр Гумбольдт и его время. М.։ ИИЛ. 1961.
  • Есаков В.А. Александр Гумбольдт в России. М.։ Изд-во АН СССР, 1960.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 640