Ագաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագաթ
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO₂
Շերտի գույնսպիտակ
Մոոսի կարծրություն6,75 ± 0
ԵնթակատեգորիաՔվարց և թանկարժեք քար

Ագաթ, միներալ, նուրբ շերտավոր քվարցի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով։ Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6, 5 է։ Առաջանում է հրաբխային ապարներում՝ ջրաջերմային սիլիկաթթվային լուծույթների նստեցմամբ։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։

Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի (հին հունարեն՝ Ἀχάτης) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ։ Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման։ Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար։ Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից։ Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք։

Ագաթի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրագույն ագաթ, Բրազիլիա, 10 սմ
Ագաթ, Չեխիա
Ագաթ, տեսականի
Ագաթ, Ռուբենս

Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ։ Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ։ Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափանցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղկենոքարերի բյուրեղացման արդյունք[1]։ Ագաթի հաստությունը կարող է լինել մինչև 1,5 մկմ։

Ֆիզիկո-քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծրությունը 6,5—7: Լինում է հարթ մակերևույթով, փայլուն կամ անփայլ։ Այս քարը դիտարկվում է որպես սիլիկահող, բայց ոչ միատարր, այլ մի քանի տարրերի խառնուրդ։ Թափանցիկ չի, եզրերում փոքր-ինչ հստակ է։ Ամենից հաճախ հանդիպում են կաթնագույն-սպիտակ գույնի ագաթներ։ Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաստիոնային ագաթ
  • Բրազիլական ագաթ (բարակ կոնցենտրիկ զոլերով)
  • Ակնային ագաթ
  • Երկնագույն ագաթ
  • Սև ագաթ («մոգական ագաթ»)
  • Կանաչավուն ագաթ
  • Փայտանման ագաթ
  • Շերտավոր ագաթ
  • Աստղափայլ ագաթ
  • Երփներանգ ագաթ

Հայրենիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ։ Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում Ուրալում, Մագնիտոգորսկում, Մագադանի մարզի Օլա բարձրավանդակում, Չուկոտյան թերակղզում, Մոսկվայի մարզում և այլուր։ Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում Ալմա գետից և Բոդրակից, Կարա Դագից։ Ագաթ հանդիպում է նաև Վրաստանի Ախալցխա, Հայաստանի Իջևան, Տաջիկստանի Ադրասման, Բրազիլիայի Մինաս Ժերայս քաղաքներում։ Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում Մոնղոլիայում, Ուրուգվայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռաֆալովկայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիդ Պ. Գեմմոլոգիա. — Մ.: Միր, 2003։
  • Սինկենկես Ջ. Թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի մշակման ձեռնարկ— Մ.: Միր, 1989։
  • Ֆերսման Ա. Պատմություններ գույների մասին —Մ.: Գիտություն, 1974։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 49
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթ» հոդվածին։