Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ
անգլ.՝ Absalom, Absalom!
ՀեղինակՈւիլյամ Ֆոլքներ
Անվանվել էԱբիսողոմ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
ԺանրԳոթական ճարտարապետություն և պատմական գեղարվեստական գրականություն
Թեմաստրկավաճառություն ԱՄՆ-ում
Բնօրինակ լեզուիսպաներեն
Կերպար(ներ)Թոմաս Սաթփեն
ՆախորդՓիլոն
ՀաջորդԱնպարտելին
Կազմի հեղինակՋորջ Սոթեր
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1936
OCLC407010
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20190331
Պարգև(ներ)

Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ (անգլ.՝ Absalom, Absalom!), ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին[1]։ Վեպի գործողությունները զարգանում են Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ, ընթացքում և հետո։ Այն պատմում է Ամերիկայի հարավում ապրող երեք ընտանիքների մասին՝ կենտրոնանալով Թոմաս Սաթփենի կյանքի վրա։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը Թոմաս Սաթփենի վերելքի և անկման պատմությունն է։ Նա ծնվել է Արևմտյան Վիրջինիայում, մեծացել աղքատության մեջ, տեղափոխվել է Միսսիսիպի հարստանալու և հզոր նահապետական ընտանիք ստեղծելու նպատակով։ Վեպը կառուցված է մեծ մասամբ Քվենթին Քոմփսոնի հիշողություններով, որոնք նա պատմել է Հարվարդի համալսարանի հանրակացարանի սենյակի հարևան Շրիվին։ Որոշ լրացումներ կատարվել են Ռոզա Քոլդֆիլդի և Քվենթինի հոր և պապի պատմություններով։ Ժամանակագրությունը վեպում պահպանված չէ։

Վեպը սկսվում է Ռոզայի պատմությունով, որի ունկնդիրն է Քվենթին Քոմփսոնը։ Վերջինիս պապը եղել է Սաթփենի ընկերը։ Քվենթինի հայրը պատմությունը լրացնում է որոշ մանրամասներով։ Հետո Քվենթինը վերապատմում է այն իր ընկերոջը։ Այսպես, ընթերցողը ի վերջո ավելի շատ տեղեկանում է Սաթփենի կյանքի մասին կերպարների տարբեր կարծիքների ու վերաբերմունքի, քան փաստերի մասին։

Թոմաս Սաթփենը ժամանել է Միսսիսիպի մի քանի ստրուկների և մի ճարտարապետի հետ, որը ինչ-ինչ պատճառներով ստիպված աշխատել է նրա համար։ Տեղաբնակ հնդկացիներից Սաթփենը ձեռք է բերել 100 մղոն քառակուսի հողատարածք, այնտեղ ստեղծել է մեծ կալվածք՝ շքեղ առանձնատնով։ Կալվածքը կոչվում է «Սաթփենի հարյուրակ»։ Իր ծրագիրը եզրափակելու համար նրան անհրաժեշտ էր կին, որը նրան զավակներ կպարգևեր։ Սաթփենը շահել է տեղացի առևտրականներից մեկի բարեհաճությունը և ամուսնացել նրա դստեր՝ Էլեն Քոլդֆիլդի հետ։ Բայց նրանց զավակների՝ Հենրիի և Ջուդիթի համար կանխորոշվել էր դժբախտ ճակատագիր։

Միսսիսիպիի համալսարանի ուսանող Հենրին մտերմանում է իր համակուրսեցու՝ Չարլզ Բոնի հետ, որը նրանից մեծ է 10 տարով։ Ծննդյան տոներին Հենրին Չարլզին հրավիրում է իրենց տուն։ Չարլզի և Ջուդիթի միջև սիրավեպ է սկսվում։ Բայց Թոմաս Սաթփենն իմանում է, որ Չարլզ Բոնը իր որդին է ավելի վաղ կնքված ամուսնությունից և փորձում է խանգարել նրանց միությանը։

Ժամանակին Սաթփենը հսկիչ է աշխատել Ֆրանսիական Վեստ Ինդիայի կալվածքներից մեկում։ Նա կարողացել է ճնշել տեղի ստրուկների ապստամբությունը և արժանացել կալվածքատիրոջ դստեր՝ Էուլալիա Բոնի ձեռքին։ Նա ունեցել է մեկ որդի՝ Չարլզ անունով։ Որդու ծնունդից հետո Սաթփենն իմացել է, որ իր կինը խառնածին է, խզել է ամուսնությունը և լքել կնոջն ու որդուն։ Սաթփենը Հենրիին ասում է, որ Չարլզն իր խորթ եղբայրն է։ Հենրին չի ցանկանում հավատալ նրան, հրաժարվում է ամեն ինչից ու Չարլզի հետ մեկնում է Նոր Օռլեան։ Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են Միսսիսիպի և անդամագրվում համալսարանական վաշտին, որը միանում է Քաղաքացիական պատերազմին։ Պատերազմի տարիներին Հենրին որոշում է թույլ տալ եղբոր ու քրոջ ամուսնությունը, բայց մտափոխվում է, երբ հայրը բացահայտում է գաղտնիքը՝ ասելով, որ Չարլզը կիսով սևամորթ է։ Պատերազմի ավարտին Հենրին առանձնատան դարպասի մոտ սպանում է Չարլզին ու փախչում։

Թոմաս Սաթփենը պատերազմից վերադառնալուց հետո փորձում է վերականգնել իր տոհմն ու առանձնատունը։ Նա ամուսնության առաջարկություն է անում իր մահացած կնոջ քրոջը՝ Ռոզա Քոլդֆիլդին, և ստանում նրա համաձայնությունը։ Բայց Սաթփենը անհամբեր էր ժառանգ ունենալու հարցում և փորձում է ստիպել կնոջը որդի ունենալ մինչև հարսանիքը։ Ռոզան վիրավորվում է և հեռանում։ Դրանից հետո Թոմաս Սաթփենը սիրավեպ է սկսում իր կալվածքում ապրող գաղթական Ուոշ Ջոնսի թոռնուհու՝ 15-ամյա Միլլի հետ։ Միլին աղջիկ է ունենում, ինչը հիասթափեցնում է Սաթփենին, որն իր տոհմի ժառանգորդին էր սպասում։ Ասելով, որ նրանք արժանի չեն անգամ ախոռում քնել իր ձիու կողքին, որը վերջերս արու քուռակ է ունեցել, Սաթփենը կնոջն ու երեխային կալվածքից դուրս է շպրտում։ Սաստիկ վրդովված Ուոշ Ջոնսը սպանում է Սաթփենին, թոռնուհուն և նորածնին, իսկ ձերբակալության ժամանակ ինքնասպան է լինում։

Պատմության վերջում Քվենթինը Ռոզային հետ է տանում «Սաթփենի հարյուրյակ», որը, նրանց կարծիքով, անբնակ պետք է լիներ։ Բայց պարզվում է, որ Հենրին վերադարձել է և ապրում է իր խորթ քրոջ՝ Քլիթեմնեսթրայի (Քլիթի) հետ, որը ծնվել է Թոմաս Սաթփենի՝ մի ստրուկ կնոջ հետ ունեցած կապից։ Հենրին առողջական շատ վատ վիճակում է լինում։ Երեք ամիս անց, երբ Ռոզան վերադառնում է՝ բժշկակական օգնություն բերելով, Քլիթին սխալմամբ կարծելով, թե օրենքի ներկայացուցիչներն են գալիս Հենրիի համար, հրկիզում է ամբողջ կալվածքն ու առանձնատունը, նաև իրեն ու խորթ եղբորը։ Միակ Սաթփենը, որ կենդանի է մնում, լինում է Ջիմ Բոնդը՝ Չարլզ Բոնի թոռը՝ հոգեկան խնդիրներով երիտասարդ, որը դառնում է «Սաթփենի հարյուրյակի» միակ բնակիչը։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլքների մյուս վեպերի նման «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը այլաբանորեն ներկայացնում է Ամերիկայի հարավի կյանքը։ Հեղինակը վեպի վերնագրով հղում է կատարում Դավիթ արքայի և նրա որդի Աբիսողոմի աստվածաշնչյան պատմությանը, որտեղ որդին ապստամբում է հոր դեմ[2]։ Թոմաս Սաթփենի պատմությունը արտացոլում է հարավի կալվածատիրական մշակույթի վերելքն ու անկումը։ «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպի քննարկման ժամանակ Ֆոլքներն այն միտքն է հայտնել, որ ստրկությունն է Հարավի անեծքը, իսկ Թոմաս Սաթփենի անեծքը նրա հավատամքն է, թե ինքը չափազանց ուժեղ է հասարակ մարդկային ընտանիքի մաս կազմելու համար[3]։

«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը կառուցված է ենթադրությունների և կարծիքների վրա, և անցյալի պատմության ճշգրիտ պատկերը անհնար է վերաստեղծել։ Ֆոլքները մեկնաբանել է, որ պատմողներից ոչ ոք փաստերը ճիշտ չի ներկայացնում և ոչ ոք չի կարողանում նայել ճշմարտության աչքերին, իսկ այնտեղ կա ճշմարտություն, որն ընթերցողը կարող է ի վերջո բացահայտել[4]։ Շատ քննադատներ փորձել են վերականգնել ճշմարտությունը տարբեր խաչվող պատմություններում, մյուսները փորձել են ցույց տալ, որ նման վերականգնում անհնար է կատարել, որովհետև վեպում շատ են փաստացի և տրամաբանական անհամապատասխանությունները։ Բայց որոշ քննադատներ համարում են, որ այս ստեղծագործությանը պետք է վերաբերվել որպես առասպելի ու նախատիպի, որի ֆաբուլան մեզ թույլ է տալիս որսալ առկայծումներ ենթագիտակցության խոր շերտերից և ավելի լավ հասկանալ մարդկանց` հարավցիներին ու Քվենթին Քոմփսոնին, որոնք այդ առասպելի կրողներն են կամ կառավարվում են դրանով[5]։

Տարբեր պատմողների մեկնաբանություններով վեպը արտահայտում է Ֆոլքների ժամանակի Հարավի պատմամշակութային ժամանակի ոգին, որտեղ միշտ ներկա է անցյալը։ Մարդիկ շարունակ վերհիշում են, անընդհատ պատմում ու վերապատմում՝ այդպիսով հեռանալով ճշմարտությունից ու նպաստելով առասպելի ստեղծմանը։

Ազդեցություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» և «Շառաչ և ցասում» վեպերի շնորհիվ Ֆոլքներն արժանացել է Նոբելյան մրցանակի։

1983 թվականին Աշխարհի ռեկորդների Գինեսի գրքում գրականության մեջ ամենաերկար նախադասություն ունեցող գիրք է ճանաչվել։ Վեցերորդ գլխում գրված նախադասությունը, որը սկսվում է «Ճիշտ հոր նման․․․» և վերջանում «աչքը չի կարող տեսնել ոչ մի կետից» բառերով, պարունակում է 1288 բառ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայերեն թարգմանությունը Սամվել Մկրտչյանի, Աբիսողո՛մ, Աբիսողո՛մ (վեպ), Ե., Անտարես, 2014, 444 էջ
  2. https://www.biblegateway.com/passage/?search=2+Samuel+15 |title=2 Samuel 15 |accessdate=2018-02-02
  3. Remarks on Absalom, Absalom!, p. 287. Books.google.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Remarks, p. 290. Books.google.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. See M. Boyd, The Reflexive Novel: Fiction as Critique, p. 68 ff.
  6. Jones, Josh (2014 թ․ հուլիսի 16). «5 Wonderfully Long Literary Sentences by Samuel Beckett, Virginia Woolf, F. Scott Fitzgerald & Other Masters of the Run-On». Open Culture. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]