Service Civil International

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SCI պատկերանշանը

Միջազգային քաղաքացիական ծառայություն (SCI), կամավորական միավորումների և խաղաղության համար շարժումների ոչ պետական կազմակերպություն։ Ունի 43 մասնաճյուղեր և խմբեր ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1920 թվականին շվեյցարացի ինժեներ Պիեր Սերեզոլի  կողմից։ Անգլալեզու մի շարք երկրներում այն գործում է  Միջազգային կամավորական  ծառայություն անվան տակ։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի մաքրում Կամբոջայում

SCI-ի աշխատանքը հիմնված է հետևյալ արժեքների վրա՝

  • Կամավորություն - գործել սեփական նախաձեռնությամբ, առանց նյութական շահագրգռվածության,  քաղաքացիական հասարակության շահերից ելնելով, որպես սոցիալական փոփոխության միջոց, ընդ որում գործունեությունը չի մրցակցում վճարովի աշխատանքի հետ
  • Ոչբռնություն - որպես սկզբունք և մեթոդ
  • Մարդու իրավունքներ- անհատի նկատմամբ հարգանք՝ հիմնված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա
  • Համերաշխություն - միջազգային համերաշխություն ինչպես ավելի արդար աշխարհի, այնպես էլ համերաշխություն մարդկանց միջև բոլոր մակարդակներում
  • Հարգանք շրջակա միջավայրի և էկոհամակարգի նկատմամբ, որի մաս ենք համարվում մենք և որից կախված ենք
  • Ներառականություն (անկեղծություն / ներգրավվածություն) - անկեղծ լինել բոլոր այն անձանց հետ, ովքեր կիսում են շարժման նպատակներն ու խնդիրները, անկախ սեռից, ռասայից, գույնից, կրոնից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից կամ քաղաքական կարծիքից և խտրականության ցանկացած այլ հնարավոր հիմքերից։
  • Իրավունքների և հնարավորությունների ընդլայնում - ժողովրդին հնարավորություն տալ հասկանալ և գործել`վերափոխել բոլոր մակարդակներում իրենց կյանքի վրա ազդող սոցիալական, մշակութային և տնտեսական կառույցները։
  • Համագործակցություն`տեղական համայնքների, ինչպես նաև տեղական, ազգային և միջազգային այլ շահագրգիռ կողմերի հետ` քաղաքացիական հասարակության դրական ներուժը զարգացնելու համար։

SCI-ն համարում է, որ բոլոր մարդիկ ի վիճակի են ապրել ներդաշնակ և փոխադարձ հարգանքի պայմաններում  և չդիմել բռնությունների որևէ ձևի՝ հակամարտությունները լուծելու համար։ Զբաղվել է ամբողջ աշխարհում կամավորական ծրագրերի կազմակերպմամբ՝ տարբեր մարդկանց հետ համագործակցության և կոոպերացման նպատակներով, նրանց  ծագման և մշակույթից անկախ՝ խաղաղություն հաստատելու նպատակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SCI-ն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ խաղաղություն ապահովելու և այն  պահպանելու համար։ Այն հիմնադրվել է շվեյցարացի արմատական պացիֆիստ Պիեռ Սերեզոլի կողմից, ով նախագիծը սկսել է տարբեր երկրների կամավորների հետ Բիլթհովենում,  1920 թվականին  «Հաշտեցման և եղբայրություն» առաջին միջազգային գիտաժողովին մասնակցելու ընթացքում[1]։

Հաշտությունից մինչև արտակարգ օգնություն (1920)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Սերեզոլը Վերդենում

Կամավորների առաջին միջազգային աշխատանքային ճամբարը կայացել Վերդենի ճակատամարտի վայրում՝ 1920 թվականին։ Կամավորների նպատակն էր վերականգնել Էսնես-ան-Արգոն գյուղը, որը համարվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հաշտության խորհրդանիշ։ Վերականգնմանը մասնակցում էին նաև միջազգային կամավորների մի փոքր խումբ, ինչպես նաև  գերմանացի երեք կամավորներ։ Աշխատանքների ընթացքում գյուղացիների համար կառուցվել են ժամանակավոր տներ և մաքրվել է գյուղատնտեսական նշանակության հողերը[2]։                 

1924 թվականին Սերեզոլը կազմակերպեց երկրորդ միջազգային աշխատանքային ճամբար Օրմոն-Դեուսյուում (Շվեյցարիա)` ձնահյուսի հետևանքները վերացնելու համար։ Կամավորական ծրագրերին մասնակցությունը խրախուսվում է որպես այլընտրանքային ծառայության ներդրման քաղաքական արշավին օժանդակելու միջոց։ Հետագա տարիներին միջազգային ճամբարների քանակը ակտիվորեն աճում է։ Դրանցից ամենամեծը կազմակերպվել է Լիխտենշտեյնում 1928 թվականին 28 երկրների ավելի քան 700 կամավորների մասնակցությամբ։ Նրանք զբաղվում էին 1927 թվականին տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղից հետո Հռենոսի հովտի մաքրման աշխատանքներով[2]։

Սոցիալական պարտավորությունների զարգացում (1931)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Սերեզոլը նստած է Բրինմավրի երեխաների շրջապատում

Սկզբում կամավորների ճամբարները ստեղծվում էին բնական աղետներից տուժած տարածաշրջաններին  օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այնուհետև, 1931 թվականին, SCI-ի գաղափարը զարգացավ, և միջազգային կամավորների ճամբարների հայեցակարգը կիրառվեց սոցիալական պատասխանատվության այլ ոլորտներում`

  • Համայնքների զարգացում- Ուելսում ածխի արդյունաբերության տնտեսական ճգնաժամի ընթացքում նախաձեռնվել է բնակավայրերի վերականգնման նախագիծ,  աղետալի վիճակում գտնվող Բրինման քաղաքում (Ուելս, Մեծ Բրիտանիա)։ Կամավորները կառուցեցին լողավազան և հանրային այգի։ Նախագծին մասնակցում  էին նաև գործազուրկ մարդիկ։
  • Զարգացման օժանդակություն- 1931 թվականին Սերեզոլը ծանոթացավ Գանդիի հետ, ով նրան առաջարկեց SCI-ն տեղափոխել Հնդկաստան։ 1934 թվականին նա ուղևորվեց Հնդկաստան ՝ 1934 թվականի Նեպալ-Բիհարի  երկրաշարժից տուժած տարածքներում ճամբարներ կազմակերպելու նպատակով։ Նմանատիպ նախագծեր իրականացվեցին  1935 և 1936 թվականներին։ Հետագայում կազմակերպությունն իր գործունեությունն իրականացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
  • Հումանիտար օգնություն. 1937 թվականին SCI-ի հումանիտար օգնության խմբին հանձնարարվեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1936-1939) ընթացքում փախստական դարձած երեխաներին։ Իսպանական մասում կազմակերպվել է բնակչության տարհանում, ինչպես նաև սննդի օգնության և հագուստի բաշխում։ Քսան տարի անց SCI-ն մարդասիրական օգնություն ցուցաբերեց Ալժիրի պատերազմի ընթացքում (1958-1962) թունիսցի  որբերին։

Միջազգային կազմակերպություն (1948)[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից ի վեր SCI-ն կամավորական ճամբարներ և միջոցառումներ է կազմակերպել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում՝ առանց պաշտոնական կառույց ունենալու։ Երկրորդ աշխարհամարտից հետո, միջազգային կամավորական ճամբարների գաղափարը տարածվեց այլ երկրներում, Փարիզի միջազգային քարտուղարության հետ հիմնադրվեց SCI դուստր ձեռնարկությունների միջազգային ասոցիացիա, բարելավվեցին կազմակերպության պայմանները (օրինակ ՝ կազմակերպվել է կամավոր ապահովագրություն)։ Զգալիորեն աճել էր աշխատանքային ճամբարների և կամավորների թիվը.

  • 1947 թվական՝ 46 ճամբար 9 երկրում
  • 1968 թվական՝ 298 ճամբար 24 երկրներում։

Ավելացավ նաև մասնաճյուղերի թիվը։ 60-ական թվականներին ստեղծվեցին կառույցներ՝ կազմակերպության գործունեությունը համակարգող  կառույցներ՝ Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրներում։

Հյուսիս-հարավ և զարգացման աջակցություն (1950)[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին SCI-ն զբաղվում էր Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փախստականների համար տներ   կառուցելով։ Միջազգային կամավորների խմբին միացան ավելի շատ տեղացի բնակիչներ։ Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա հակամարտությունը նրանց ոգևորեց 1951 թվականից Պակիստանում կազմակերպելու միջազգային ճամբարներ, ինչի արդյունքում, Ասիայում ստեղծվեցին SCI մի քանի տեղական մասնաճյուղեր և խմբեր։ Առնչվելով Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի անբարենպաստ և աղքատ տարածաշրջաններին՝ SCI-ն ձեռնամուխ եղավ զարգացման ու աջակցության ծրագրի մշակմանը և հավաքագրեց որակավորված կամավորների։ Զարգացման ամենամեծ ծրագիրը իրականացվել է Արևմտյան Ալժիրի Տլեմսեն նահանգում՝ Ալժիրում անկախության պատերազմից հետո (1954-1962)։ Սիմոնա Տաներ Շոմեն Ալժիրում աշխատել է որպես SCI կամավոր։ 1962-1968 թվականների ընթացքում SCI-ն վերականգնեց Բենի Համու գյուղը, ցուցաբերեց բժշկական օգնություն և աջակցեց մարդկության զարգացմանը` կազմակերպելով  տարրական կրթություն Սեբդու շրջանում։

Արևելք-Արևմուտք (1955)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սառը պատերազմին, SCI-ն համագործակցում էր Արևելյան դաշինքի հետ։ Որպես ոչ կոմունիստական կազմակերպություն՝ SCI-ի կամավորները մասնակցեցին աշխատանքային ճամբարի 1955 թվականին Վարշավայում (Լեհաստան) անցկացվող 5-րդ Համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Այդ ժամանակվանից ի վեր աշխատանքային ճամբարներ են կազմակերպվել Լեհաստանում (1955), Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (1956), ԽՍՀՄ-ում (1958), Հունգարիայում (1964), Չեխոսլովակիայում (1964) և Բուլղարիայում (1981) սոցիալիստական կամավորական  կազմակերպությունների  հետ համատեղ։ Այդ շփումները ամրապնդվեցին 70-ականներին։ 1972 թվականին SCI-ն ստեղծեց Արևելք-Արևմուտք հանձնաժողով՝ կամավորների փոխանակումը հեշտացնելու և սոցիալիստական երկրներում գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության բարելավման համար։ Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական տեղաշարժերի պատճառով, SCI-ի նոր նախաձեռնությունները սկսվեցին 1990 թվականին։

Վերակողմնորոշում  (1969)[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից ի վեր կազմակերպվել են սեմինարներ, աշխատաժողովներ և հանդիպումներ, որոնց հիման վրա էլ քննարկվել են  հասարակության համար SCI -ի աշխատանքի քաղաքական հետևանքները։ Դրանից հետո կազմակերպությունը հրաժարվեց զարգացման աջակցության մոտեցումից, որպես կամավորական ճամբարների հիմնական նպատակներից մեկը։ SCI -ի գործունեության հիմնական նպատակը եղել է միջազգային կամավորների սոցիալական և քաղաքական իրազեկվածության բարձրացումը։                        

Մասնավորապես, Հյուսիս-հարավը վերակողմնորոշվում է կրթության և համերաշխության զարգացման հայեցակարգի ուղղությամբ։ Նամիբիայի անկախության համար կազմակերպվել են մի շարք միջազգային արշավներ (1985-1992), որին հաջորդել է փախստականների միջազգային արշավը (1994-1997)։ Գործունեության ուղղության փոփոխությունը հանգեցրեց   կամավորների միջազգային փոխանակման ստանդարտացմանը։ 1970-ականների վերջերին ներդրվեց կամավորականների աշխատանքի տեղավորման ապակենտրոնացված համակարգ աշխատանքային ճամբարների համար, իսկ Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք փոխանակումները կենտրոնացված էին SCI-ի  եվրոպական և միջազգային համակարգման շնորհիվ։                            

1970-ականներին գործունեության ուղղության փոփոխությամբ SCI-ն վերափոխեց իր կառուցվածքը և ուշադրությունը կենտրոնացրեց որոշակի տարածաշրջանում միջազգային ճամբարները համակարգելու կամ հետաքրքրությունների որոշակի ոլորտում աշխատելու վրա։ 1997 թվականին սահմանադրական խոշոր փոփոխությունների արդյունքում ստեղծվեցին կամավորական աշխատանքային խմբեր, որոնք ներկայումս հաստատվում են ամեն տարի։ Տարածաշրջանային խմբեր գոյություն ունեն Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի (Աբա Յալա) և Հարավարևելյան Եվրոպայի (SABA) համար։ Այլ աշխատանքային խմբերը կենտրոնացել են հետևյալ թեմաների վրա.

  • Ներգաղթ և փախստականներ (1970 թվականից), ինչպես, օրինակ, Ներգաղթի եվրոպական կենտրոնը
  • Փոխանակում Արևելքի և Արևմուտքի միջև (1972 թվականից), ինչպիսն է Եվրոպական  գործունեության խումբը (GATE)
  • Գենդերային խնդիրներ (1983 թվականից), ինչպիսին է WIN-ը
  • Այլընտրանքային ծառայություն խղճի թելադրանքով (1984-1990)
  • Երիտասարդություն և գործազրկություն (1985 թվականից) YUWG
  • Հյուսիս-հարավ փոխանակում (1987 թվականից),  օրինակ՝ SEED-ը
  • Երկարաժամկետ կամավորական գործունեություն (1989 թվականից), օրինակ՝ LTRC
  • Բնապահպանական խնդիրներ (1998 թվականից)
  • Մարդու իրավունքներ (1998 թվականից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես՝ Rencontres de Bilthoven
  2. 2,0 2,1 «Historical Developement of SCI in the 20th century - Archives of Service Civil International». archives.sci.ngo. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ethelwyn Best, Bernhard Pike: International Voluntary Service for Peace 1920-1946, George Allen and Unwin, London, 1948
  • Arthur Gillette : One million volunteers: the story of volunteer youth service, Penguin Books, Harmondsworth, A pelican original, 1968, 258 p. on-line
  • Hélène Monastier, Alice Brügger: Paix, pelle et pioche, Histoire du Service Civil International, Editions du Service civil international, Switzerland, 1966
  • SCI : Service Civil International 1920-1990 - 70 years of Voluntary Service for Peace and Reconciliation, Verdun, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Service Civil International» հոդվածին։