CPAP սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CPAP բուժում. օդի հոսք առաջացնող մաս, խողովակ, դիմակ

Շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժման սարք (CPAP-սարք)՝ շնչուղիների դրական ճնշման օդափոխիչ է, որը օդի հոսանք է ապահովում հաստատուն թեթև ճնշման տակ՝ շարունակաբար բաց պահելով շնչուղիները։ Այս եղանակով բուժումը այլընտրանք է արտաշնչման ավարտի ճնշմանը (PEEP)։ Երկու դեպքում էլ թոքերում ապահովվում է ալվեոլների բաց լինելը, այսինքն՝ օդափոխության համար ներառվում է թոքի ավելի մեծ մակերես։ Տարբերությունն այն է, որ PEEP սարքերը առաջացնում են դրական ճնշում միայն արտաշնչման ավարտին, իսկ CPAP-ը օդի հոսքի շարունակական դրական ճնշում է ապահովում շնչառական ցիկլի (ներշնչում-արտաշնչում) ողջ ընթացքում։ Այսպիսով, միացված սարքի պարագայում օդափոխիչը ինքնին շնչառական ցիկլ չի առաջացնում, CPAP-ով հաղորդվող ճնշման մակարդակից բարձր ճնշում չի տրվում, և հիվանդները իրենք են իրականացնում սպոնտան շնչառական ակտ[1]։

CPAP-ը սովորաբար օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր ունեն շնչառական խնդիրներ։ Այդ հիվանդությունների շարքում է քնի ապնոէն։ CPAP-ը կարող է նաև օգտագործվել այն անհաս նորածինների համար, ում թոքերը դեռ չեն զարգացել ամբողջությամբ։ Օրինակ, շատ բժիշկներ կարող են կիրառել CPAP-ը շնչառական դիսթրես համախտանիշով նորածինների մոտ։ Այդ սարքի կիրառումը ասոցիացված է բրոնխաթոքային դիսպլազիայի զարգացման հաճախության մակարդակի իջեցման հետ։ Այն անհաս նորածինների մոտ, ում թոքերը դեռ լիովին զարգացած չեն, CPAP-ը բարձրացնում է ապրելիության մակարդակը և պակասեցնում թոքերի հասունացման խթանման համար կիրառվող ստերոիդային բուժման անհրաժեշտությունը։ Հետազոտողները հայտնաբերել են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, երբ CPAP-ը կարգավորում է շնչառության հաճախությունը և մեծացնում ապրելիության ցուցանիշը առաջնային թոքային հիվանդություններով երեխաների մոտ, բուժքույրերը կարող են սկսել խնամքի իրականացումը և շարունակել այն վերահսկվելով բժշկի կողմից օրական մեկ կամ երկու շրջայցերի ընթացքում[2]։

CPAP բուժման ժամանակ կիրառվող մեքենաները ստեղծված են այնպես, որ մատակարարեն հաստատուն օդի հոսք։ Որոշ CPAP սարքեր ունեն հավելյալ հնարավորություններ, օրինակ տաքացնող խոնավացուցիչներ։ CPAP ամենաէֆեկտիվ բուժման եղանակն է քնի օբստրուկտիվ ապնոէի համար, քանի որ սարքով ներմղվող օդի հոսքի ճնշումը կանխում է շնչուղիների կոլլապսն ու ամբողջական փակումը։

Չնայած նրան որ CPAP-ով օդի ներմղման համար առավել հաճախ կիրառվում են քթային դիմակներ, երեխաների ու մեծահասակների համար կան նաև այլ համարհամակարգեր։ Քթային CPAP-ը հաճախ դնում են երեխաներին, սակայն այս դեպքում սարքի կիրառումը վիճելի է։ Պատճառն այն է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ CPAP-ը նվազեցնում է օդափոխության ժամանակը, սակայն մեծացնում է պնևմոթորաքսի առաջացման հավանականությունը։ Բերանային և քթա-բերանային դիմակները հաճախ օգտագործվում են քթի փակվածության և քթային օբստրուկցիայի ժամանակ[3]։ Գոյություն ունեն նաև այնպիսի սարքեր, որտեղ համակցված են քթային դիմակն ու մաքզիլյար առաջբերման սարքերը։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնարավոր է օդի անցում ստամոքս այն կուլ տալու պատճառով։

Կարգավորումներ և չափումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CPAP
Այն ճնշումն է, որը շարունակաբար ներմղվում է առանց դադարների։ Այն առաջացնում է օդի հոսանք՝ գոյացնելով ճնշում։
  • PEEP
Արտաշնչման ավարտի ճնշումը (PEEP) թոքերի այն ճնշումն է, որն առկա է արտաշնչման ավարտին և բարձր է մթնոլորտային ճնշման մակարդակից։
  • Ramp
Այս հնարավորությունը առկա է բազմաթիվ սարքերում, ինչը թույլ է տալիս օգտագործողին նվազեցնել ճնշումը հասցնելով ամենացածր մակարդակին, ապա աստիճանաբար բարձրացնել այն։ Այս առանձնահատկության շնորհիվ հիվանդը ավելի հեշտ է քնով անցնում, քանի որ ստանում է առավել հարմարավետ ճնշում։
  • FIO2
Թթվածնի ֆրակցիոն տոկոսը ներշնչված թթվածնի այն ֆրակցիան է, որն ավելացվում է ներմղվող օդի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Werman, Howard A.; Karren, K; Mistovich, Joseph (2014). «Continuous Positive Airway Pressure(CPAP)». In Werman A. Howard; Mistovich J; Karren K (eds.). Prehospital Emergency Care, 10e. Pearson Education, Inc. էջ 242.
  2. Patrick, Wilson; Moresky, Rachel; Baiden, Frank; Brooks, Joshua; Morris, Marilyn; Giessler, Katie; Punguyire, Damien; Apio, Gavin; Agyeman-Ampromfi, Akua; Lopez-Pintado, Sara; Sylverken, Justice; Nyarko-Jectey, Kwadwo; Tagbor, Harry (June 2017). «Continuous positive airway pressure for children with undifferentiated respiratory distress in Ghana: an open-label, cluster, crossover trial». Lancet Global Health. 5: e615.
  3. Morley, C. J.; Davis, P. G.; Doyle, L. W.; Brion, L. P.; Hascoet, J. M.; Carlin, J. B.; Coin Trial, I. (2008). «Nasal CPAP or Intubation at Birth for Very Preterm Infants». New England Journal of Medicine. 358 (7): 700–708. doi:10.1056/NEJMoa072788. PMID 18272893.