«Հազար չքնաղ արևներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ GeoO տեղափոխեց էջը «Հազար չքնաղ արև»-ից «Հազար չքնաղ արևներ» առանց վերահղում թողնելու: 2020 թվականին այս անվամբ է լույս տեսել։
(Տարբերություն չկա)

20:25, 22 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Հազար չքնաղ արևներ
անգլ.՝ A Thousand Splendid Suns
Պատկեր:Հազար չքնաղ արևներ գրքի շապիկ.jpeg
ՀեղինակԽալեդ Հոսսեյնի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱֆղանստան
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչRiverhead Books և Simon & Schuster
Հրատարակման տարեթիվ2003 թ.

«Հազար չքնաղ արևներ»[1] (անգլ.՝ A Thousand Splendid Suns) 2007 թվականի վեպ է՝ գրված ազգությամբ աֆղան Խալեդ Հոսսեինիի կողմից։ The Kite Runner-ից հետո սա նրա երկրորդ վեպն է, որը պատմում է մեզ քսաներորդ դարի երկրորդ կեսի Աֆղանստանի մասին՝ բևեռվելով կանանց կյանքի վրա՝ ներկայացնելով նրանց դժվարությունները, տանջանքները։

Գիրքը լույս է ընծայվել 2007 թ. մայիսի 22-ին և գովասանքի է արժանացել Kirkus-ի, Publishers Weekly-ի, Booklist-ի, Library Journal-ի կողմից՝ դառնալով New York Times բեստսելլեր՝ լույս ընծայումից հետո հաջորդած տասնհինգ շաբաթների ընթացքում։ Վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակով, իսկ Columbia Pictures-ը մտադիր է այն վերածել նաև ֆիլմի։

Սյուժեն

Դեպքը տեղի է ունենում Աֆղանստանի Հերաթ քաղաքի արվարձաններում։ Հերոսուհիներից մեկը՝ Նանան ծնել էր Մարիամին։ Վերջինս Ջալիլի ապօրինի դուստրն էր։ Դրա համար իր մոր հետ ապրում էր առանձին՝ քոլբայում (հյուղակ)։ Իսկ նրա հայրը հարուստ բիզնեսմեն էր, ով ապրում էր Հերաթում և տնօրինում էր կինոթատրոն, ապրում էր մի գեղեցիկ տան մեջ։ Նա ուներ մոտ տասը երեխա, սակայն պարբերաբար այցելում էր իր աղջկան։ Նանայի ասելով՝ Ջալիլն անարժան հայր էր եղել։ Նանան երկու օր միայնակ, պառկած էր մնացել Մարիամին ծնելիս, և երբ լուրը հասել էր Ջալիլին, նա միայն շարժել էր ուսերը և ոչինչ չէր ձեռնարկել։ Մինչդեռ Ջալիլը պնդում էր հակառակը։

Մարիամի ուսուցիչն էր մոլլա Ֆաիզուլլահը, ով նրան Ղուրան կարդալ էր սովորեցնում։

Նանան մի անգամ ասել էր աղջկան, որ իր մորից բացի աշխարհում ոչինչ չունի. հայրը նրա վրա թքած ունի։ Այդպիսի ապօրինի աղջիկները կոչվում էին հարամի։ Սակայն մոտենում էր Մարիամի ծննդյան օրը, որին պետք է հայրը տաներ իր կինոթատրոն՝ միասին դիտելու Պինոկիոն։ Շատ սպասելուց հետո Մարիամը հագնում է իր կաթնագույն զգեստը, կապում կանաչ հիջաբ և իջնում Հերաթ՝ առանց մորը զգուշացնելու։ Մարիամը, իջնելով Հերաթ, տեսնում է մի ուրիշ աշխարհ՝ տեղի բարքերը, կենցաղը, մարդկանց։ Երբ գտնում է հոր տունը, նրան տեղեկացնում են, որ հայրը գործուղման մեջ է։ Սակայն նա գիշերում է իր հոր տան դիմաց։ Հայրը, պարզվում է, տանն էր, բայց չէր ուզում ընդունել իր հարամի դստերը, և երբ մյուս օրը պատահմամբ Մարիամը տեսնում է հոր դեմքը պատուհանից, մեծ ցավ է ապրում։ Երբ նրան տանում են տուն, նա տեսնում է մի ծառից կախված մարդու՝ Նանային։

Մոր մահվան մահից հետո նա ընդունվում է հոր կողմից, ում տանը ամեն ինչ արվում էր նրան մեկի հետ ամուսնացնելու և նրանից ձերբազատվելու համար։ Շուտով նրան ամուսնացնում են Քաբուլից եկած մի փաշթուն կոշկակարի հետ, ում անունը Ռաշիդ էր։ Այդ ժամանակ Մարիամը տասնհինգ տարեկան էր, իսկ Ռաշիդը՝ քառասունհինգ։ Իրեն տանելուց առաջ Մարիամն իր մեջ կուտակված ամբողջ ցավը արտահայտում է իր հոր առաջ՝ կոպտորեն հատուցելով նրան։ Հուսահատված հայրը կորչում է ամբոխի մեջ։

Քաբուլում առաջին անգամ Մարիամը հագնում է բուրքա։ Առաջին անգամ նա տեսնում է ժամանակակից հագնվող կանանց, որոնք չէին կրում գլխաշոր և հագնում էին կիսաշրջազգեստ։ Ռաշիդը անսիրտ, կոպիտ անձնավորություն էր։ Նա զզվանքով էր վերաբերվում այդպիսի կանանց և անգամ նախատում էր իր մոտ եկող ամուսնացած այն տղամարդկանց, ովքեր թողնում էին իրեն չափել իրենց կանանց մերկ ոտնաթաթերը՝ կոշիկ պատրաստելու համար։ Մարիամը ամաչում էր իր ամուսնու հետ կատարել իր ամուսնական պարտականությունները։ Ամուսնական առաջին գիշերի ժամանակ Ռաշիդը նրան ասում է, որ ամաչելու ոչինչ չկա, քանզի նույն կերպ Մուհամեդն է վարվել իր կանանց հետ։

Ռաշիդը սակայն հավատարիմ չէր իր կնոջը. մեկ անգամ, երբ Մարիամը հավաքում էր նրա սենյակը (նրանք միասին չէին քնում), գտնում է «Playboy» ամսագրեր, որտեղ պատկերված էին մերկ կանայք։ Դրանց տակը կար նաև մի տղայի՝ Յունուսի լուսանկար, ով, ըստ երևույթին, Ռաշիդի զավակն էր նախկին կնոջից։ Մարիամը, սակայն, յոթ անգամ հղիանում է, և ոչ մի անգամ չի կարողանում հաջողությամբ ծննդաբերել։ Իսկ մի անգամ, երբ հասարակական բաղնիքում Մարիամը բոլոր կանանց ներկայությամբ վիժում է երեխային, Ռաշիդը սկսում է նրան արհամարհել, ծեծել։ Նա կատաղում է կնոջ վրա, երբ վերջինս հարցնում է, թե կոմունիստ ինչ է նշանակում։ Իսկ երբ մի անգամ Մարիամը այնքան էլ լավ չի պատրաստում բրինձ, զայրացած Ռաշիդը նրան ծամել է տալիս խիճ, ավազ, մանր քարեր։ Երբ սենյակից Ռաշիդը դուրս է գալիս, Մարիամը հատակին թքում է ավազը՝ շաղախված արյունով և մի ջարդված սեղանատամով։ Նույն այդ ժամանակ հարևանությամբ գտնվող տանը ծնվում է մի աղջիկ։

Գրքի երկրորդ գլխում պատմվում է հենց այդ աղջկա՝ Լայլայի մասին։ Նա Հաքիմի և Ֆարիբայի դուստրն էր։ Նա ուներ մանկության ընկեր՝ Թարիքը, ում սիրահարվում է դեռ դեռահասության շրջանում։ Երբ պատերազմ է սկսվում, Թարիքի ծնողները որոշում են լքել երկիրը։ Երբ նա սա պատմում է Լայլային, վերջինս սկսում է հարվածել նրան՝ իրեն լքելու պատճառով։ Սակայն ամեն հարվածից հետո տղան համբուրում է Լայլային, և նրա՝ երկիրը լքելուց առաջ Լայլան իրենից հղիանում է։ Շուտով՝ Թարիքի գնալուց հետո Քաբուլում սկսվում է պատերազմը։ Քաղաքը ենթարկվում է ռմբահարման։ Այն բաժանվել էր շրջանների, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում էր մի ջարդարար շեյխի կողմից։ Լայլան կորցնում է իր ընկերներին. նրա ընկերուհու՝ Գիթիի մայրը ողբալով հավաքում էր իր աղջկա մարմնի մասերը փողոցից։ Քաբուլցի երեք քույրերի բռնաբարել էին և կոկորդները կտրել։ Տաղամարդկանց առևանգում էին, էլեկտրահարում և կտրում էին ամորձիները։ Մարիամի մայրը, իմանալով իր երկու եղբորորդիների՝ Ահմադի և Նուր մահվան մասին, փակվել էր իր սենյակում և Ալլահին անդադար աղոթում էր, որ մուջահիրները հաղթեին։ Լայլան տանն էր դաս սովորում։ Չդիմանալով այսպիսի կյանքի՝ հայրը որոշում է ընտանիքի հետ լքել երկիրը։ Սակայն այդ օրը Լայլայի դիմաց իր տան վրա ռումբ է ընկնում, և նա կորցնում է իր ծնողներին։

Գրքի երրորդ մասում Ռաշիդն ու Մարիամը նրան խնամում են և կյանքը փրկում։ Շուտով գալիս է մի մարդ՝ Աբդուլ-Շարիֆը, ով տեղեկացնում է, որ Պակիստան անցնելիս մի ավտոբուս է պայթեցվել և դրա մեջ էր Թարիքի ընտանիքը։ Թարիքն իր հետ եղել էր հիվանդանոցում և շուտով մահացել էր։ Ռաշիդը նրան առաջարկում է դառնալ իր երկրորդ կինը, քանի որ նրա հիասքանչ գեղեցկության համար նրան կամ կբռնաբարեին կամ էլ, լավագույն դեպքում, իր վերջին ապաստանը կլիներ Փեշավարում հասարակաց տանը աշխատելը։ Լայլան համաձայնում է։ Սկզբնական շրջանում Մարիամը նրան խանդում էր և զզվում էր նրանից։ Ամուսնական գիշերից հետո (որպեսզի ոչ մի կասկած չլիներ) Լայլան կտրում է իր մատի մաշկը և արյունը քսում է իր վերմակին։ Շուտով նա ունենում է Ազիզային, ով, փաստորեն, իր և Թարիքի աղջիկն էր։ Շատ ժամանակ պահանջվեց, մինչև երկու կանանց միջև սկսվեցին նորմալ հարաբերություններ։ Շուտով Ազիզային միահամուռ ջանքերով խնամելը նրանց միացնում է իրար։ Երբ նրանք դրսում թեյ էին ըմպում, Մարիամը սկսում է պատմել իր անցյալի մասին։ Նրանք արդեն ընկերներ էին՝ չհաշված, որ Լայլան տասնհինգ տարի փոքր էր Մարիամից։

Շուտով Աֆղանստանում իշխանության են գալիս թալիբները, որոնք քարուքանդ են անում երկիրը։ Լայլան և Մարիամը որոշում են փախչել Աֆղանստանից։ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին նրանք մի տղամարդու խնդրում են անցկացնել իրենց որպես իր զարմուհիներ։ Կեղծիքը ոստիկանների կողմից բացահայտվում է, և երկու կանայք Ազիզայի հետ ետ են բերվում Քաբուլ, որտեղ Ռաշիդը սաստիկ կերպով նրանց ծեծում է, քաղցած պահում։ Պատուհանից Լայլան տեսնում է, թե ինչպես է Ռաշիդը արյունոտված Մարիամին քարշ տալիս բակում։ Լայլան շուտով Ռաշիդից ունենում է Զալմայիին՝ վերջինիս որդուն, ում հայրը բոլորից բարձր էր դասում և անչափ սիրում էր նրան։ Շուտով Ռաշիդը դառնում է անգործ, և Ազիզային ուղարկում են որբատուն։ Մարիամն ու Ռաշիդը գնում են մի հյուրանոց, որտեղից զանգում են Ջալիլին և տեղեկանում են, որ նա մահացել էր։ Մեկ անգամ Ջալիլը եկել էր Քաբուլ՝ Մարիամին այցելության, սակայն Մարիամի հպարտությունը թույլ չէր տվել իրեն ներել իր հորը։ Հայրը եկել էր իր աղջկան մի նամակ տալու։

Շուտով գալիս է Թարիքը. պարզվում է՝ նա չէր մահացել. Ռաշիդը խաբել էր Լայլային՝ վարձելով Աբդուլ-Շարիֆին և հնարելով նրա մահվան մասին այդ ամբողջ ստերը, որ տիրանար նրան։ Երբ մի անգամ գազազած Ռաշիդը, խանդելով Թարիքին, ով այցելում էր իր սիրուհուն, սկսում է խեղդել Լայլային, Մարիամը բահով սպանում է նրան։ Նրանք այլևս չէին կարող ապրել Քաբուլում, քանի որ նրանց կփնտրեին։ Եվ Մարիամը, իրեն զոհելով, մնում է տանը, որպեսզի միայն ինքը տուժեր, իսկ Լայլան երկու երեխաների և Թարիքի հետ ապաստան է գտնում Պակիստանում։ Մարիամին ձերբակալում են թալիբները և հրապարակայնորեն գնդակահարում են։ Լայլան շուտով այցելում է Հերաթ, որտեղ գտնում է մոլլա Ֆաիզուլլահի որդուն, որից իմանում է հին քոլբայի տեղը։ Այդ ամենը տեսնելով՝ նա տղայից վերցնում է նաև մի տուփ, որը Ջալիլը պետք է տար Մարիամին Քաբուլում, բայց, մերժվելով, տվել էր Ֆաիզուլլահին։ Դրա մեջ փողի ծրար կար, Պինոկիոյի կասետ, մի նամակ, որի մեջ Ջալիլը ներողություն էր խնդրում. նա մահացել էր նույն այն թվականին, երբ եկել էր Քաբուլ։

Կյանքը վերսկսվում է. Լայլան և Թարիքը Քաբուլում են ապրում։ Թալիբների իշխանությունն արդեն տապալված էր, իսկ Լայլան բարեգործ էր դարձել։ Մի օր նա տեսնում է մի հղփացած երիտասարդի, ով, շատ անփութորեն վարելով թանկարժեք իր մեքենան, անցնում է փողոցով։ Բայց Լայլան չի հուսահատվում այդպիսիներից և ապրում է հույսով։ Զալմային արդեն ընդունում էր Թարիքին որպես իր հայր։ Իսկ նա ևս մի երեխա էր սպասում։ Իսկ անունն արդեն ինքն ընտրել էր։

Հերոսները

Մարիամ. Նա ազգությամբ տաջիկ էր, ով ծնվել էր 1959 թ. Հերաթում։ Ապրելով ամբողջ կյանքը միայնակ՝ իր համար ամենամեծ հրաշքը Լայլան էր դարձել, ում համար էլ հետագայում զոհել էր իր կյանքը։ Երբ մի հրապարակում թալիբներն արդեն Կալաշնիկովը պարզել էին իր գլխին, նա հասկանում է, որ կյանք մուտք է գործել որպես հարամի, իսկ հիմա այն լքում էր որպես անձնվեր և բարձր մարդ։ Անչափ սիրել էր հորը. մանկության ժամանակ նա միշտ իր շունչը վայրկյաններով պահում էր՝ մտածելով, որ ամեն վայրկյանի համար Աստված նրան մեկական օր կտար իր հոր հետ անցկացնելու համար։

Նանա. Առաջ եղել էր Ջալիլի ծառան, որի հետ կապի միջոցով էլ ունեցել էր Մարիամին։ Լսելով դստեր՝ իրեն լքելու լուրը, կախվում է՝ մտածելով, որ նա դավաճանել է իրեն և ինքն արդեն միայնակ է։ Մինչ իր կյանքի վերջ մեղադրում էր Ջալիլին՝ իր հետ անարդարացի վարվելու համար։

Մոլլա Ֆաիզուլլահ. Սուֆի էր։ Լինելով Մարիամի ` Ղուրանի ուսուցիչը` սովորեցնում էր նրան նաև կյանքի դասեր։ Պատմում էր Մարիամին, որ մի անգամ կտրել էր ձմերուկը և մի կեսին տեսել դրա հատիկներով ստացված Allah", իսկ մյուսին՝ "Akbar" բառերը։

Ջալիլ. Շատ սխալ վարվելով իր դստեր հետ՝ անմիջապես զղջում է և իրեն մեղավոր զգում։

Ռաշիդ. Ազգությամբ փաշթուն է։ Վեպում հանդես է գալիս որպես գլխավոր անտագոնիստը։ Սակայն նրա մեջ դիտվում է նաև սիրելու ընդունակությունը։ Նա ամբողջ հոգով սիրում էր իր զավակին։ Անգամ այն ժամանակ, երբ թալիբները զավթել էին Քաբուլը և արգելում էին հեռուստատեսությունը, նա իր որդու համար մեծ դժվարությամբ (քանզի ինքն արդեն անգործ էր) ճարում է հեռուստացույց, որը նրանք վարպետորեն թաքցնում էին ստուգումների ժամանակ։ Նա անարդար մարդ էր, քանի որ Մարիամին արհամարհում էր, իսկ Լայլային անընդհատ ասում էր «մալիքա»` թագուհի։ Մարիամն ու Լայլան մշտապես տխրում էին, որ զրկել էին Զալմայիին իր հոր հետ շփվելուց։

Լեյլա. Մարիամի հետ վեպի ամենադրական կերպարներից է։ Նա ազգությամբ տաջիկ էր։ Ուներ ոսկե մազեր և այնպիսի կանաչ աչքեր, որ կարծես թանկարժեք քարեր լինեին։ Նա ոչ միայն գեղեցիկ էր, այլև առաջադեմ։ Իր հայրը միշտ իրեն սովորեցրել էր, որ երկիրը կարող է միայն զարգանալ այն ժամանակ, երբ այդ երկրի կանայք կրթված են։ Իր ընկերուհիները միշտ նրան ասում էին, որ հաստատ գիտեն` երբ մեծանան, կտեսնեն նրան մի թերթի մեջ։ Եվ այդպես էլ եղավ։ Լայլան նաև ըմբոստ էր։ Նա միշտ պատասխանում էր Ռաշիդին և հակահարված էր տալիս նրան։ Նա նաև հոգով էր ուժեղ։ Երբ պետք է ծնվեր Զալմային, թալիբներն արդեն զավթել էին Քաբուլը, և բժշկությունը նորմալ չէր գործում։ Ոչ մի հանգստացուցիչ և ոչ մի թրմեցուցիչ չկար։ Եվ Մարիամը, ով ծննդաբերելիս նրր մոտ էր և իր այտը մոտեցրել էր ընկերուհու այտին, միշտ զարմանում էր, թե ինչպես Լայլան կարողացավ որոշ ժամանակ չբղավել, երբ վիրահատական դանակները պատռեցին նրա փորը։ Նաև հայրենասեր էր, որը ժառանգել էր իր հորից, և մնաց Քաբուլում։

Թարիք. Փաշթուն էր, ով ծնվել էր 1976 թ.։ Ականի պատճառով կորցրել էր մեկ ոտքը։ Քաջ էր, նվիրվող։ Երբ Քաբուլում մի տղա՝ Քադիմ անունով, ջրցան հրացաններով մեզ էր կրակել Լայլայի գեղեցիկ մազերին, նա իր մի ոտքը հանել էր և ուժգին ծեծել նրան։ Սիրում էր Լայլային, սակայն երկու սիրահարների՝ Քաբուլում հանդիպելն այդքան էլ հեշտ չէր։ Դեռահասության տարիքում ծխում էր, քանի որ մտածում էր, թե դա սեքսուալ էր և հագնում էր նորաձև ջինսեր։ Միջամտում էր փողոցում կատարվող ամեն դեպքերի։

Հաքիմ. Լայլայի հայրը։ Կրթված և առաջադեմ մարդ էր։

Ֆարիբա. Լայլայի մայրը։ Գրքի սկզբում զվարթ կին էր։ Իսկ երբ իմանում է Ահմադի և Նուրի մահվան մասին, առանձնանում է իր սենյակում և չի մասնակցում ընտանեկան ոչ մի իրադարձության։ Իսկ իր ամուսնու հետ կապերն ամբողջովին խզում է։

Մեջբերումներ

Չէին կարող հաշվել նրա տանիքի վրա փայլող լուսինները,
Կամ էլ հազար հիասքանչ արեգակները, որոնք թաքնված են իր պատերի ներսում։

Սաիբ-է-Թաբրիզի

Նանա. «Սովորիր սա հիմա, սովորիր լավ, իմ աղջիկ. ինչպես կողմնացույցի սլաքն է ցույց տալիս դեպի հյուսիս, այնպես էլ տղամարդու մեղադրող ցուցամատն է միշտ ցույց տալիս կնոջը»։

Մարիամը հիշեց, որ մի անգամ Նանան ասել էր, որ ձյան ամեն փաթիլը աշխարհի ինչ-որ տեղ գտնվող մի կնոջ կողմից դուրս եկած հոգոց է։ Բոլոր հոգոցները ելնում են երկինք, միանալով դառնում են ամպ և փոխակերպվելով փաթիլների՝ անձայն կերպով իջնում են մարդկանց վրա։

Նա իմ աչքերի (noor) կրակն է և իմ սրտի (sultan) սուլթանը։

Բոլոր տանջանքներից, որոնց հետ մարդ արարածը պետք է առնչվեր, ոչ մեկ այնքան տանջող չէր թվում, ինչքան սովորական սպասելը... 13 օր՝ համարյա երկու շաբաթ։ Լայլան ժամանակի մասին հասկացել էր մի ֆունդամենտալ ճշմարտություն. ինչպես այն ակորդեոնը, որի վրա Թարիքի հայրը հին փաշթուական երգեր էր նվագում, ժամանակը լայնանում և կծկվում էր՝ կախված Թարիքի բացակայությունից և ներկայությունից։

Վերնագիրը

Խալեդ Հոսսեինին վերնագիրը վերցրել է 17-րդ դարի պարսիկ գրողից՝ Սաիբ- է-Թաբրիզիից.

Քաբուլի ամեն փողոց աչքի համար գրավիչ է
Բազարների, Եգիպտոսի անցնող քարավանների միջով
Չէին կարող հաշվել նրա տանիքի վրա փայլող լուսինները,
Կամ էլ հազար հիասքանչ արեգակները, որոնք թաքնված են իր պատերի ներսում։

Every street of Kabul is enthralling to the eye
Through the bazaars, caravans of Egypt pass
One could not count the moons that shimmer on her roofs
And the thousand splendid suns that hide behind her walls"

Գիրքը, անշուտ, նվիրված է կանանց։ Հազար հիասքանչ արեգակները Աֆղանստանի կանայք են, առանց որոնց հասարակությունը չի կարող գոյատևել։ Հոսսեինին 2003 թ. այցելել է Աֆղանստան և այնտեղ տեսել է այն կացությունը, որի մեջ ապրում են այդտեղի կանայք՝ դժվարությունները, սահմանափակումները, խտրականությունը և կոպտություննները՝ կապված սեռի հետ, ակտիվ կյանք վարելն արգելելը։ Այս ամենը նրան ոգեշնչեց գրելու այս գլուխգործոցը։

Երբ Հոսսեինին հարցրին ընդհանուր թեմաների մասին, որը կա իր նախկին վեպի այս վեպի միջև, նա պատասխանեց. «Երկու վեպերն էլ «բազմասերնդային» են, այսպիսով, ծնողի և երեխայի միջև հարաբերությունները՝ ամբողջ իրենց բարդություններով և հակասություններով, առաջնային թեմա է։ ...Ես շատ հետաքրքրված եմ այն ուղիով, որով ծնողն ու երեխան իրար սիրում են, հիասթափվում և ամենավերջում՝ հարգում միմյանց»...Առաջին վեպը հայր-որդի պատմություն էր, իսկ այս վեպը կարող է դիտվել որպես մայր-դուստր պատմություն։

Նա հայտնել էր նաև, որ իր առաջին վեպում բաց էր թողել մի մեծ հասարակություն, մի մեծ բնաշխարհ՝ լի պատմության համար հարուստ մտքերով։ Քաբուլ եղած ժամանակ տեսել էր չորս, հինգ, վեց երեխա ունեցող բուրքաներով կանանց, որոնք մուրում էին փոփոխություն։ Հիշում էր նրանց զույգերով ընթանալիս՝ ցնցոտիների մեջ երեխաների ուղեկցությամբ՝ մտածելով, թե ինչպես էր կյանքը նրանց այդ օրին հասցրել։ Նրանցից շատերի հետ էր նա խոսել. պատմություններն ուղղակի սրտաճմլիկ էին։ Նա անընդհատ հիշում էր այդ կենսունակ կանանց, երբ գրում էր իր երկրորդ վեպը։ Չնայած ոչ մի կին չէր ոգեշնչել Լայլայի և Մարիամի համար, նրանց ձայները, դեմքերը և գոյատևելու անհավանական պատմությունները միշտ իր հետ էին և վեպը գրելու իր մեծ ոգեշնչվածությունը նրանց հավաքական ոգուց էր եկել։

Նա երկու վեպերն էլ համարում էր սիրային, որտեղ սերն էր, որ հերոսներին միայնությունից դուրս հանում, տալիս է ուժ սահմանափակումների միջից դուրս ելնել, ազդել խոցելիության վրա և ամայացնող ինքնազոհաբերության գնալ։

Հոսսեինին խոստովանել է նաև, որ «Հազար հիասքանչ արեգակ» վեպն ավելի բարդ էր գրելը, քան իր առաջին վեպը, քանի որ ոչ ոք առաջին վեպին չէր սպասում։ Նա հայտնել է նաև, որ գիրքը գրելու ընթացքում պետք էր բևեռված լինել և Մարիամի և Լայլայի կյանքերի վրա։ Երբ 2006 թ. հոկտեմբերին գիրքը լույս ընծայվեց, այն համարվեց պատմություն «ընտանիքի, ընկերության, հավատքի և սիրո համար զոհաբերության մասին»։

Թալիբների իշխանությունն Աֆղանստանում և կանայք

Երբ թալիբներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին՝ սպանելով Նաջիբուլլահին, նրանք խոչընդոտեցին երկրի զարգացմանը։ Առաջին քայլը հենց ուղղված էր կանանց։ Նրանք սկսեցին թռուցիկներ բաժանել, որոնց մեջ գրված էր.

  • Մեր վաթանը (հայրենիքը) ճանաչվում է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն։ Սրանք այն օրենքներն են, որոնք մենք պետք է հարկադրենք ձեզ, և դուք պետք է հետևեք։
  • Բոլոր քաղաքացիները պետք է օրը հինգ անգամ աղոթեն։ Եթե աղոթքի պահին դուք ուրիշ բան անելիս լինեք, մեր կողմից կծեծվեք։
  • Բոլոր տղամարդիկ պետք է մորուք պահեն։ Ճիշտ երկարությունը՝ հաշված կզակից, չպետք է բռունցքի չափից քիչ լինի։ Եթե այսպես չապրեք, կծեծվեք։
  • Բոլոր տղաները պետք է կրեն չալմա։ Առաջին դասարանից մինչև վեցերորդը՝ տղաները պետք է կրեն սև, իսկ ավելի մեծերը՝ սպիտակ չալմա։ Բոլոր տղաները պետք է հագնեն իսլամական հագուստ։
  • Երգելն արգելված է։ Պարելն արգելված է։
  • Թուղթ խաղալը, շախմատ խաղալը. խաղամոլությունը, թռչող օձերն արգելված են։
  • Գիրք գրելը, ֆիլմեր դիտելը. նկարներ նկարելը արգելված են։
  • Թութակ պահելու դեպքում, կծեծվեք։ Ձեր թռչունները կսատկեն։
  • Գողանալու դեպքում ձեր ձեռքը դաստակի հաստվածում կկտրվի։
  • Կրկին գողանալու դեպքում ձեր ոտքերը կկտրեն։
  • Եթե մուսուլման չեք, երկրպագություն մի արեք այն վայրում, որտեղ կտեսնվեք մուսուլմանի կողմից։ Անելու դեպքում կձերբակալվեք։ Եթե բռնվեք ինչ-որ մի մուսուլմանի՝ ձեր հավատքի մեջ ներքաշելու մեջ, կհալածվեք։
  • Ուշադրություն, կանայք

Դուք միշտ պետք է մնաք ձեր տանը։ Կանանց վայել չէ անիմաստ տեղը զբոսնել փողոցներում։ Դուրս գալու դեպքում պետք է լինեք ձեր ամուսնու հետ։ Եթե միայնակ երևաք փողոցում, կծեծվեք և կուղղարկվեք տուն։

  • Ոչ մի դեպքում դուք չպետք է ցույց տաք ձեր դեմքը։ Դուք դրսում պետք է բուրքայով ծածկվեք։ Եթե այդպես չվարվեք, դաժանորեն կծեծվեք։
  • Օծանելիքն արգելված է։ Զարդերն արգելված են։ Զգլխիչ զգեստներ չպետք է կրեք։ Չպետք է խոսեք, մինչև չխոսեցնեն։ Տղամարդկանց աչքերին չպետք է նայեք։
  • Չպետք է ծիծաղեք հասարակության մեջ։ Չպետք է ներկեք մատները։ Եթե ներկեք, կկորցնեք այդ մատը։
  • Աղջիկներին արգելված է դպրոց գնալ։ Օրիորդաց բոլոր դպրոցները միանգամից կփակվեն։
  • Կանանց արգելված է աշխատել։
  • Եթե ամուսնական դավաճանություն իրագործեք, կքարկոծվեք մինչ մահ։
  • Լսեք։ Լավ լսեք։ Հնազանդվեք։ Ալլահ-ու-Աքբար։

Այս ամենից հետո թույլատրվեց միայն Ղուրան կարդալ, իսկ միջնադարյան պարսիկ գրողների՝ Հաֆեզ, Օմար Խայյամ և այլոց գրքերն այրում են։ Նրանք պայթեցնում են Քաբուլի պետական համալսարանը, թանգարանները։ Իսլամի անվան տակ պայթեցնում են նաև Բամիյանի հսկա Բուդդաները, որի վրա բարձրացել էին Թարիքը, Լայլան և իր հայրը։ Աֆղան սիրելի երգիչ Ահմադ Զահիրի գերեզմանը գնդակոծում են։ Հիվանդանոցները առանձնացվում են տղամարդկանց և կանանց միջև։ Իսկ երբ դրա դեմ ցույց է լինում, մարդկանց վրա կրակ է բաց թողնվում։ Իսկ նախկին Մարկո Պոլո ռեստորանը դառնում է մարդկանց հավատաքննելու վայր։

Գրաքննադատությունը

Լույս ընծայումին հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում գիրքը վաճառվել է մեկ միլիոն օրինակով՝ դառնալով New York Times բեստսելլեր տասնհինգ շաբաթների ընթացքում։ Լեվ Գրոսսմանը՝ Time ամսագրի խմբագիրը 2007 թ.-ի Top 10 ֆիքշն գրքերից երրորդ հորիզանականում դա դրեց՝ որակելով դա որպես « խիտ, հարուստ, ճնշմամբ փակված ուղեցույց` տանելու համար անտանելին»։

Columbia Pictures-ը տնօրինում է ֆիլմը նկարելու իրավունքները։ 2015 թ. նախատեսվում է փորձնական լույս ընծայելու տարեթիվը։

Ծանոթագրություններ

  1. «Խալեդ Հոսեյնի | Հարցազրույց «Հազար չքնաղ արևներ»-ի շուրջ | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-08-16-ին.