«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ast:Xeroglíficu (ociu)
Տող 113. Տող 113.
[[Կատեգորիա:Գլուխկոտրուկներ|Նկարելուկ]]
[[Կատեգորիա:Գլուխկոտրուկներ|Նկարելուկ]]


[[ast:Xeroglíficu (ociu)]]
[[da:Rebus]]
[[da:Rebus]]
[[de:Bilderrätsel]]
[[de:Bilderrätsel]]

17:27, 12 Մայիսի 2012-ի տարբերակ

Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման: Օտար բառով սա հայտնի է ռեբուս անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է ոչ թե բառերով, այլ իրերով): Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է նկարելուկ բառը (նկար + հանելուկ):[1]

Պատմություն

Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ժայռապատկերները, սեպագիր արձանագրությունները, գաղափարագրերը, մեհենագրերը (հիերոգլիֆները), տապանագրերն ու որմնագրերը: Իսկ առաջին նկարելուկները ծնվել են Ֆրանսիայում XV դարում: Սկզբնապես Պիկարդիայում (պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա դիմակահանդեսների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ De rebus, quae geruntur, բառացիորեն՝ կատարվող գործերի մասին): Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների վահաններին, ազնվականների զինանշաններին, մեդալներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա: Միայն հետագայում ռեբուս բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս: Նկարելուկի առաջին ժողովածուն լույս է տեսել Ֆրանսիայում 1582 թ. (կազմող՝ Է. Տաբուրո):

Ռուսերեն լեզվով առաջին նկարելուկը տպագրվել է 1845 թ. պետերբուրգյան «Սովրեմեննիկ» ամսագրում: Հայերեն լեզվով նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան: Նույնիսկ «Հայկական սովետական հանրագիտարանում» (ՀՍՀ) և 4-հատորյա «Ինչ է: Ով է» մանկական հանրագիտարանում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան: Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Երևան, 1969), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Երևան, 1975), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթում:

Նկարելուկը զարգացում ապրեց, երբ սկսեց լույս տեսնել «9-րդ Հրաշալիք» շաբաթաթերթը (առաջին համարը՝ 1994 թ.): Հրանտ Վարդանյանի և Վաչագան Սարգսյանի առաջարկով շրջանառության մեջ դրվեց հայերեն «նկարելուկ» բառը, որը դիմացավ տարիների փորձությանը և այժմ լայնորեն օգտագործվում է: Իր գոյության ընթացքում թերթը կիրառել է նկարելուկներ կազմելու բազմաբնույթ եղանակներ ու հնարքներ: Թերթում ստեղծված ավանդույթների հիման վրա գրվեց Վաչագան Սարգսյանի և Հրանտ Վարդանյանի «Նկարելուկները հայերենում» գիրքը:[1]

Նկարելուկի տեսակները

Պատկերային նկարելուկներ

Սրանք ամենապարզունակ նկարելուկներն են: Կազմվում են այն դեպքում, երբ տվյալ բառը հնարավոր է մասնատել այնպիսի բաղադրիչների, որոնցից յուրաքանչյուրը կարող է պատկերվել որևէ նկարի տեսքով: Օրինակ, ՍՈԽԱԿ բառը նկարելուկի միջոցով ներկայացված է նկարելուկ 1-ում, ԶԱՆԳԱԿ բառը՝ նկարելուկ 2-ում:


Տառապատկերային նկարելուկներ

Նկարելուկների այս տիպը կազմելու հիմքում հայոց լեզվի ընձեռած հնարավորություններն են, տեսանելի և անտես կապերն ու շաղկապները, տառանուններն ու հոլովական վերջավորությունները, հոգնակերտ ու ժխտական մասնիկները և այլն: Նկարելուկը կազմող նկարները, տառերը, պատկերները, նշանները կոչվում են նկարելուկի բաղադրիչներ։ Նկարելուկով կարելի է արտահայտել ցանկացած բառ, միտք, տեքստ: Բնական է, որ ձեռնտու է ծածկագրել ոչ թե յուրաքանչյուր տառը, այլ միանգամից մի քանի տառ, բառ կամ էլ բառեր: Իսկ լավագույն տարբերակն այն է, երբ նկարելուկում պատկերված բաղադրիչների թիվը նվազագույնն է, իսկ չպատկերված, բայց կռահվող մասերինը՝ առավելագույնը: Կռահման շնորհիվ բաղադրիչների թիվը կրճատելու համար օգտագործում են բաղադրիչի դիրքը կամ բաղադրիչների փոխադարձ դիրքերը, նախածանցներ, նախդիրներ, կապեր, շաղկապներ, հոլովական վերջավորություններ և այլն: Հայերենի նախդիրները (առ, ընդ, զ, ըստ, ի, ց) քիչ են, և նրանցով նկարելուկ կազմելը չափազանց դժվար է: Փոխարենը լայն հնարավորություններ են ընձեռում հայերենի կապերն ու հոլովական վերջավորությունները: Օրինակ` նկարելուկ 3-ում պատկերված են Տ-եր, այսինքն՝ ՏԵՐ բառը: Սակայն, նկատի առնելով Տ-երի երկու խմբավորումը, այս նույն նկարելուկը կարելի է կարդալ նաև Տ-եր Տ-եր, այսինքն՝ ՏԵՐՏԵՐ: Նկարելուկ 4-ը կարելի է վերծանել երկու ձևով. և´ Ց՝ Ց-ում (ՑՑՈՒՄ), և´ Ց-ն՝ Ց-ում (ՑՆՑՈՒՄ): Նկարելուկ 5-ի պատասխանն է` ՍՊԻՏԱԿ (Ս` Պ-ի տակ): Նկարելուկում հայերենի տառանունների կիրառման օրինակ է նկարելուկ 6-ը: Հիշելով և կողք կողքի գրելով նշված տառերի անունները` ստանում ենք հետևյալ շարքը. ՍԵԴԱՆՈՒՇԱՔԵՆՈՒՇԱՆՈՒՄԵՆ: Ճիշտ տեղերում «կտրատելով» այդ շարքը ստանում ենք նկարելուկի պատասխանը. «Սեդան ու Շաքեն ուշանում են»:


Նկարելուկի այլ տեսակներ

«Գումարած-հանած» նկարելուկներ

Այս անվանումը նկարելուկն ստացել է այն պատճառով, որ այն կազմվում է գումարման և հանման մաթեմատիկական նշանների օգնությամբ՝ նախորդ բաղադրիչի անվանման տառերին ավելացնելով հաջորդի անվանման տառերը, կամ եղած տառերից հանելով հաջորդ բաղադրիչի անվանման տառերը: Օրինակ` նկարելուկ 7 (ԿԹԵԼ = ՁՈՒԿ - ՁՈՒ + ԹԱԿ - ԱԿ + ԵԼԱԿ - ԱԿ = ԵԼ):

­­Նկարելուկ 7


«Եգիպտական» նկարելուկներ

Սրանք նկարելուկի ամենից քիչ հանդիպող տեսակն են: Հին եգիպտական մեհենագրերի (հիերոգլիֆների) նման այդ նկարելուկներում տրվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները վերծանման ժամանակ դեն են նետվում, իսկ նրանց փոխարեն լուծողը պետք է ուրիշ ձայնավորներ տեղադրի՝ փորձելով ստանալ մտապահված արտահայտությունը: Սովորական նկարելուկների համեմատ այս նկարելուկը շատ ավելի պայմանական է, ուստի նրա վերծանման ժամանակ չափազանց մեծանում է ճիշտ կռահման նշանակությունը: Օրինակ` նկարելուկ 8-ում դուրս ենք գրում նկարելուկում եղած պատկերների անունները՝ ՄԵԽ, ԱԼԻՔ, ՈՒԼ, ԱՎԵՐԱԿ, ՈՒՍ, ԱՎԵԼ բառերը, որոնց ձայնավորները հեռացնելուց հետո մնում է ՄԽԼՔԼՎՐԿՍՎԼ տառաշարքը: Որոշակի դժվարությամբ կարելի է կռահել, որ այդ բաղաձայններով ծածկագրված է «ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ» առածը:

­­Նկարելուկ 8


Նրբանկարելուկներ

Նկարելուկի բարձրակետը կազմում են նրբանկարելուկները: Դրանց թվին կարելի է դասել այն նկարելուկները, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, լուծման անսպասելիությամբ և յուրօրինակությամբ: Ահա նման մի քանի օրինակներ: Նկարելուկ 9-ում պատկերված է ՉՈՐՍՈՒ բառը: Նկարելուկ 10-ում պետք է կռահել, որ անվի կենտրոնական շրջանագիծը ՕՂ է պատկերում (պատասխանը՝ ՕՂԱԿՈՒՄ): Նույն ձևով նկարելուկ 11-ում Ծ տառի ներսում պատկերված է Օ տառը (ՕԾՈՒՄ): Նկարելուկ 12-ում թեք (շեղ) գրված Բ-ն հուշում է ՇԵՂԲ պատասխանը: Եզակի է նկարելուկ 13-ը: Նրա առաջին բաղադրիչը որևէ նշանի նմանեցնելու և որևէ իմաստալի բառ ստանալու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Մինչդեռ պատասխանը հեշտությամբ ստացվում է, երբ գլխի ենք ընկնում, որ նշված բաղադրիչն ընդամենը Օ տառի ձախ կեսն է՝ կես օ: Այսինքն՝ նկարելուկի պատասխանն է ԿԵՍՕՐ բառը: Համարյա նման սկզբունքով է կազմված նկարելուկ 14-ը: Հիշելով, որ 50 քառ. մետրը ԱՐ-ի (այսինքն՝ 100 քառ. մետրի) կեսն է, ստանում ենք նկարելուկի պատասխանը՝ ԿԵՍԱՐ: Նկարելուկ 15-ում ընդամենը երկու տառի միջոցով գաղտնագրված է 10-տառանի մի բառ. պատասխանն ստացվում է երկու չպատկերված, բայց պատասխանում կարդացվող բառամասերի շնորհիվ (ԹԱՐՍ և ՏԱԿթարս ՈՒ՝ Շ-ի տակ, այսինքն՝ ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ։ Մաթեմատիկական աստիճանի գաղափարն է կիրառված նկարելուկ 16-ում, որը վերծանվում է այսպես. Հ-ի Ն աստիճան, այսինքն՝ ՀԻՆ ԱՍՏԻՃԱՆ։ Հետևյալ երկու նկարելուկներում կիրառված է գույն. նկարելուկ 17-ի պատասխանն է ՁԿԱՆ ԱՉՔ (Ձ + կանաչ Ք), նկարելուկ 18-ինը` ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ (կարմիր Գ-ին` Ի):


Նշանների կիրառումը նկարելուկներում

  • Նկարելուկներում հաճախ անհրաժեշտություն է ծագում բառի աջից կամ ձախից մեկ կամ երկու տառ հանել: Դրա համար այդ բառը պատկերող նկարի աջից կամ ձախից դրվում է համապատասխանաբար մեկ կամ երկու ստորակետ: Ընդ որում, եթե նկարի աջ կողմից դրվում է սովորական ստորակետ, ապա ձախ կողմից դրվում է հայելային շրջված ստորակետ: Օրինակ, նկարելուկ 19-ը կարդացվում է ՍԱՐ, որովհետև սարդ բառի վերջին տառը հանվում է ստորակետով:


  • Եթե նկարելուկում պատկերը գլխիվայր է կամ նրա վերևում դեպի ձախ ցույց տվող սլաք է դրված, ապա բառը պետք է կարդալ աջից ձախ: Օրինակ, ՆՈՒՇ բառը կարելի է ներկայացնել թե´ 20-րդ, թե´ 21-րդ նկարելուկներով:


  • Հաճախ ցանկալի բառն ստանալու համար անհրաժեշտ է լինում պատկերվող բառի մեջ մեկ կամ մի քանի տառ փոխարինել այլ տառով կամ տառերով: Այսպես, նկարելուկ 22-ով աթոռ բառի երկրորդ տառը փոխարինված է Խ-ով: Ստացվել է ԱԽՈՌ բառը: Նշենք, որ այս նկարելուկում կարելի էր գրել նաև Թ=Խ, և կստացվեր նույն պատասխանը:


  • Երբեմն նկարելուկում բառն ստանում են մեկ այլ բառից կամ նրա որոշ տառերից: Այդ դեպքում պատկերի մոտ դրվում են նրա անվանման այն տառերի համարները, որոնցով կազմվում է ծածկագրված բառը (նկարելուկ 23` ՎԱԳՐ-ից ստանում ենք ԳՐԱՎ):



Հետաքրքրաշարժ փաստեր

Նկարելուկները, որպես երեխաների տրամաբանությունը շարժող միջոց, լայնորեն կիրառվում են հանրակրթական դպրոցի տարրական դասարանների «Այբբենարան» և «Մայրենի-1, 2, 3, 4» դասագրքերում:

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ. «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Երևան, «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.: