«Հայերն Ադրբեջանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ, ։ մ → ։ Մ oգտվելով ԱՎԲ
Տող 162. Տող 162.
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}


[[Կատեգորիա:Ադրբեջանահայեր]]
[[Կատեգորիա:Ադրբեջանահայ հասարակություն]]

20:38, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Հայերը ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում ապրել են հնագույն ժամանակներից։ 1979 թվականի տվյալներով Ադրբեջանում ապրում էր 475.500 հայ, սակայն 1988-1992 թվականներին Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերից հետո (Բաքվի ջարդեր, Սումգայիթի ջարդեր, Գանձակի ջարդեր) այնտեղ հայ համայնք այլևս գոյություն չունի չնայած որ ներկայիս Ադրբեջանում բնակվում է 2.000-3.000 հայ հիմնականում Բաքվում և գյուղերում։

Պատմություն

Հնագույն շրջանից մինչև 16-րդ դարը

Ադրբեջանի ներկայիս տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմականորեն կազմել է Աղվանք երկիրը։ Իսկ Կուրի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Կասպիական (այժմ՝ Թալիշի) լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմել են պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք և Այրարատ նահանգները։ 387-ին, Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո, Պարսկաստանը Փայտակարան նահանգը կցել է Ատրպատականին, իսկ Արցախ, Ուտիք նահանգներից և բուն Աղվանքից կազմել է Աղվանից մարզպանությունը։

5-րդ դարի վերջին հայ Առանշահիկների տոհմից Վաչագան Գ Բարեպաշտը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն ընդգրկել է Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես նաև Կուր գետի ձախափնյա մասում գտնվող Կամբեճան գավառը։ 1949-ին Մինգեչաուրի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական եկեղեցու ավերակներ, որի շինարարական արձանագրությունը կրում է 640 թվականը։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում (7-9-րդ դդ.) Արցախ և Ուտիք նահանգները վերամիավորվել են Հայաստանին, իսկ 9-րդ դարի վերջին քառորդից մտել Հայոց Բագրատունիների թագավորության կազմի մեջ։

Վաղ միջնադարում բուն Աղվանքը, Փայտակարանը ենթարկվել են պարսից արքունիքին, ապա 7-8-րդ դդ. անցել են արաբների տիրապետության տակ։ 9-րդ դարից սկսած՝ այս տարածքներում հայտնվել են տարբեր վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները. 11-15 դդ. սելջուկյան թուրքերին փոխարինել են մոնղոլները, ապա թուրքմենները և այլն։ Սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակաշրջանում (11-րդ դարի երկրորդ կես) վաչկատուն օղուզաթուրքմենական մի շարք ցեղեր Միջին Ասիայից զանգվածաբար թափանցել են Ատրպատական (արաբերեն՝ Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրի բեջան) և արևելյան Անդրկովկաս։ Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին ու պաշտոնյաներին, որոնք դրանք մեծ մասամբ վերածել են արոտավայրերի։ Ըստ հայկական աղբյուրների՝ «թուրքմանք» հավաքական անունով կոչվող իսլամադավան ցեղերի հոսքն ուժեղացել է հատկապես թաթար-մոնղոլական տիրապետության հաստատումից (13-րդ դարի կես) հետո և շարունակվել է մինչև 17-րդ դարը։

16-18-րդ դարեր

16-18-րդ դարերում Արևելյան Անդրկովկասը հայտնվել է մե՛րթ Սեֆյան Պարսկաստանի, մե՛րթ Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո։ Տեղաբնիկ հայերը մասամբ կոտորվել են, շատերը, չդիմանալով հրոսակների խժդժություններին, մղվել են լեռնային շրջաններ կամ արտագաղթել օտար երկրներ։ Մեծաթիվ հայեր բռնի կրոնափոխվել են։ Այնուամենայնիվ, ինչպես վկայում են պատմական տվյալները, Կուրի ձախափնյակում, Ապշերոնյան թերակղզում եղել են հայերի հոծ համայնքներ։ Արեշ-Արաշ (հետագայում՝ Էրմենի բազար՝ Հայկական բազար) բնակավայրում, որը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների խաչմերուկում և եղել խոշոր առևտրական կենտրոն, ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի վկայությամբ, 1640-ին եղել են 10 հազար հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք, 17 սրճարան և այլն։

19-րդ դարից ի վեր

Շամախեցի հայուհի, 1883 թ.

1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի հետևանքով հարավարևելյան Անդրկովկասը միացվել է Ռուսաստանին: Վերացվել են Պարսկաստանին ենթակա Բաքվի, Ղուբայի, Դերբենդի, Շիրվանի կամ Շամախու, Շաքիի խանությունները։ Նշված տարածքում 1846-ին ստեղծվել է Շամախու նահանգը (1859-ին վերանվանվել է Բաքվի նահանգ)։ Շաքիի և Արեշի գավառները ցարական կառավարության որոշակի քաղաքական նկատառումներով մտցրել է Կուրի աջափնյակում (բուն Հայաստանում) կազմավորված Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Երկրամասի հայ բնակչությունը, հայտնվելով այլազգի տարբեր իշխողների վարչական ենթակայության ներքո, հարկադրաբար կատարել է նրանց կողմից սահմանված օրենքներն ու հրամանները։ Այդուհանդերձ, ներքին ազգային կյանքում հայերն առաջնորդվել են Հայ եկեղեցու կանոններով և օրենքի ուժ ստացած ավանդույթներով։ Միջնադարում գործել է մելիքական սահմանակարգը (Մելիք Հասան, Մելիք Մելքում խան Չալապով և այլն), վիմագրերում հիշատակվում են նաև տանուտեր, աղա, բեկ, յուզբաշի (18-րդ դար) անվանումները, որոնք վկայությունն են որոշակի հասարակական-տնտեսական հարաբերությունների, մասնավորապես՝ գյուղական համայնքների ավագանի, տանուտերերի գոյության և այլն։ Արևելյան Անդրկովկասը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո տեղի հայությունը, բնականաբար, ենթարկվել է կայսրության օրենքներին, սակայն ներքին ազգային կյանքում պահպանել է ավանդույթները։ Ռուսաստանի տիրապետությունն օբյեկտիվորեն ապահովել է բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը։ Երկրամասում աշխուժացել է տնտեսական կյանքը։ 19-րդ դարի երկրորդ կեսին Ապշերոնյան թերակղզում հայտնաբերված նավթը վճռորոշ նշանակություն է ունեցել տարածաշրջանի տնտեսական աննախադեպ վերելքի համար։ Հայ արդյունաբերողները (Ա. Մանթաշյան, Փիթոև եղբայրներ, Տեր-Ակոպով, Գ. Տեր-Մարգարյան և այլք) մեծ դեր են խաղացել Ապշերոնյան թերակղզու նավթի արդյունահանման և վաճառքի կազմակերպման գործում։ Նրանք են կառուցել Բաքու-Բաթում առաջին նավթամուղը։ Կասպից ծովում բեռնափոխադրումներ են կատարվել բաքվեցի հայ մեծահարուստների «Մասիս», «Արարատ», «Անի», «Սևան», «Սյունիք» և հայանուն այլ նավեր։ Հայ վաճառականները նպաստել են Բաքվի առևտրի կազմակերպմանն ու միջազգային տնտեսական կապերի զարգացմանը։ Ծաղկում են ապրել շրջանի հայության տնտեսության ավանդական ճյուղերը՝ շերամապահությունն ու մետքասագործությունը, այգեգործությունը, խաղողագործությունը, արհեստները։ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգընթաց աշխուժացել է նաև երկրամասի հայաբնակ շրջանների մշակութային կյանքը։ Հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող բարեգործական, մշակութային, լուսավորական միություններ, բացվել դպրոցներ, գրադարաններ, հրատարակվել գրականություն և մամուլ։ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Ադրբեջանի հայության միջավայրում գործել էեն Ռուսական կայսրությունում գոյություն ունեցող բոլոր ազդեցիկ կուսակցությունների տեղական կազմակերպությունները։ ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն նշանակալի դեր են խաղացել տեղի հայության կյանքում։ Մասնավորապես՝ 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել և ղեկավարել է ՀՅԴ-ն։ 1918-ի ամռանը, երբ թուրքերը ներխուժել են Անդրկովկաս և շարժվել դեպի Բաքու՝ հրի ու սրի մատնելով հայկական շեները, հանդիպել են Բաքվի կոմունայի զորքերի դիմադրությանը, որոնց առաջին շարքերում կռվում էին հայկական զորամասերը։ 1918-20-ին Ադրբեջանում մուսավաթական իշխանության տիրապետության ժամանակ հայերը կրել են մարդկային և նյութական մեծ կորուստներ։ 1920-ի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվել է խորհրդային կարգեր։ 1991-ի օգոստոսի 28-ին Ադրբեջանը հայտարարվել է անկախ հանրապետություն։ 1979-ի մարդահամարով (1989-ի մարդահամարի տվյալները հավաստի չեն)՝ Ադրբեջանում ապրում էր 475,5 հազար հայ, որից գյուղական բնակչությունը՝ 116 հազար, քաղաքայինը՝ 359,5 հազար, ընդ որում՝ 215,8 հազար, Կիրովաբադում՝ 40,7 հազար, Սումգայիթում՝ 17 հազար, Մինգեչաուրում՝ 5,1 հազար, Շաքիում՝ 1,5 հազար։ 1960-70-ականներին գրեթե հայաթափվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, Ղազախի, Զաքաթալայի և այլ շրջաններ։ 1988-ի փետրվարին Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդի և հետագա ամիսների ազգամիջյան հարաբերությունների սրման պատճատով Ադրբեջանի ամբողջ տարածքում տեղի է ունեցել հայ բնակչության տեղահանություն և բռնագաղթ։ Փախստականների (շուրջ 350 հազար) մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանում, մի մասն էլ Ռուսաստանում և այլ երկրներում։ Հայերն մեծ ավանդ են ներդրել Ադրբեջանի տնտեսության, գիտության, կրթության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Բաքվի բուհերում դասավանդել են հայտնի գիտնականներ Բ. Դանիել-Բեկը (իրավագետ), Ա. Սարկիսովը, Ն. Մանասյանը, ակադեմիկոս Ս. Արզումանյանը (տնտեսագետ), Բաղդասարովը և Իոնեսյանը (նավթաքիմիկոսներ), հայր և որդի Ամիրջանովները (բժիշկներ) և գիտության տարբեր բնագավառների հարյուրավոր այլ մասնագետներ։ Քրեագետ Միրիմանովը շատ կարևոր գյուտ է արել մատնադրոշմման գործում։

Հայկական բնակչության տարածքային բաշխում

Հայերը Բաքվում

Բաքուն 1904 թ., ետին պլանում երևում է Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին

Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։

1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով՝ 22506 հայ։ 1915-ի տվյալներով՝ Բաքուն ունեցել է 86,5 հազար հայ բնակիչ։ 1970-ի տվյալներով՝ Բաքվի 1,27 միլիոն բնակչից ավելի քան 200 հազարը հայ էր, 1980-ականների վերջերին այստեղ բնակվել է շուրջ 300 հազար հայ։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։

Հայերը Զաքաթալայում

Զաքաթալա (պատմական Ճառ) քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի 1-ին տասնամյակում, սակայն շրջակա մի շարք բնակավայրերում հանդիպող ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռ միջնադարից։ Մինչև 17-րդ դարասկիզբը մեծաթիվ հայեր են բնակվել Դիպան, Բուխովու, Մամրուխ և այլ գյուղերում։ Ազգային և կրոնական հալածանքները 18-րդ դարի 1-ին կեսին հարկադրել են Զաքաթալայի Թալա, Ղում և Մարսան գյուղերի հայ բնակիչներին ընդունել իսլամ: Քաղաքում հաստատված հայերը (Գողթնից, Արցախից, Վրաստանից և այլն) 1851-ին կառուցել են Ս. Գևորգ եկեղեցին (պահպանվել է մինչև 1980-ականները), որին կից հիմնել Ս. Վարդանյան դպրոցը (գործել է մինչև 1953-ը)։ 1916-ին քաղաքն ուներ ավելի քան 4,5 հազար բնակիչ, որից 2165-ը՝ հայ զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստներով։ Զգալի թվով հայեր են բնակվել նաև մոտակա Կախ (Կախավան) գյուղաքաղաքում (19-րդ դարի վերջին՝ 480, 1916-ին՝ 365 բնակիչ, պահպանվել է եկեղեցին՝ հայ-վրացական համատեղ գերեզմանոցով)։ Զաքաթալայի հայ համայնքը անկում է ապրել 1918-20-ին Ադրբեջանում ծավալված հակահայկական խժդժությունների հետևանքով։ 1921-ին այստեղ մնացել էր 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին շարունակաբար նվազել է։ Վերջին 70 հայ ընտանիքները հարկադրված լքել են իրենց բնօրրանը 1988-ին։

Հայերը Շամախիում

Շամախիում (անունը հայտնի է II դարից՝ Սամախիոս ձևով) հայ բնակչության մասին հավաստի տվյալներ պահպանվել են 15-րդ դարից: 1471-1478 թվականներին այս շրջաններով անցել է իտալացի ճանապարհորդ Ջ. Բարբարոն. նա Շամախին տեղադրում է «Մեծ Հայաստանում»՝ նշելով․

- Լավ քաղաք է, ունի 4000-5000 տուն, պատրաստում է մետաքս, կտավ և ուրիշ բաներ իրենց եղանակով... և բնակիչների մեծ մասը հայ է:

Հայ փիլիսոփա, մանկավարժ Գրիգոր Տաթևացու (1346-1409) աշակերտներից մեկը եղել է Շամախուց («Հունան ի Շամախու»)։

Հայ աղջիկ Շամախուց

Շամախին եղել է համանուն թեմի կենտրոնը։ 16-րդ դարում Շամախու թեմի առաջնորդի նստավայրն էր Սաղիան (Սաղյան) գյուղի (Շամախուց 20 կմ հեռավորության վրա) Ս. Ստեփանոս Նախավկայի անունը կրող վանքը։ Տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիները ենթարկվել են Շամախու թեմին։ Ռուսական տիրապետության հաստատումից (19-րդ դարի սկիզբ) հետո Շամախու թեմը պահպանել է իր գոյությունն ու անվանումը մինչև 1920 թվականը, սակայն նրա ենթակայությունից դուրս են մնացել Շաքիի (Նուխի) և Արեշի եկեղեցիները։

1846 թվականին ստեղծվել է Շամախու նահանգը (Ռուսաստանի տիրապետության տակ անցած Շիրվանի և Շաքիի խանություններից), որը 1859 թվականին վերանվանվել է Բաքվի նահանգ՝ Բաքու կենտրոնով։ Նահանգային կենտրոն Շամախին կորցրել է իր նշանակությունը. պարբերաբար կրկնվող երկրաշարժերը (1668, 1806, 1828, 1859, 1902) նվազեցրել են բնակչության, մասնավորապես՝ հայերի թիվը։ Հայերի մեծ մասը տեղափոխվել է Բաքու, որը դարձել էր երկրամասի հայության տնտեսական, հասարակական ու հոգևոր մշակույթի կենտրոն։ Ըստ՝ 1818 թվականի վիճակագրական մի ցուցակի՝ հայեր ապրել են Շամախու մերձակա 38 գյուղերում, ինչպես նաև Նուխի քաղաքում և մերձակա 47 գյուղերում։

1916 թվականին Շամախիում ապրել է ավելի քան 4 500 հայ։ Քաղաքում գործել են տղաների և օրիորդաց (Ս. Սանդուխտյան) ծխական դպրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին։ Մեծաթիվ հայ բնակչություն է եղել նաև Շամախու գավառում։

1916 թվականին Շամախու և հարևան Գյոքչայի գավառներում (վարչականորեն՝ Բաքվի նահանգի կազմում) գոյություն ունեին 45 հայաբնակ գյուղեր և ավաններ՝ ավելի քան 35 000 հայ բնակչությամբ։ Աչքի ընկնող բնակավայրերից էին Մադրասա ավանը (4 600), Ավանաշեն (ավելի քան 1000), Գանձակ (1400), Գիրկ կամ Կիրկ (2000), Գյուրջիվան (1700), Զարգյարան (1600), Հնղար (ավելի քան 1000), Ղալագահ (2500), Վանք (1100), Ուշտալ (1500), Քարքանջ (1700), Քեշխուրդ (1100) գյուղերը։ 1918-1920 թվականներին Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերի կազմակերպած սպանդի և մուսաֆաթական Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով նշված գավառներում հայերի թիվը խիստ կրճատվել է (1921 թվականին՝ 10600)։ Շամախի քաղաքը գրեթե հայաթափվել է (հայերի զգալի մասը տեղափոխվել է Բաքու, ինչպես նաև մոտակա Գյոքչա գյուղաքաղաք)։

1844 թվականին հիմնվել է Շամախու հոգևոր սեմինարիան, 1869 թվականին՝ Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, 1864 թվականին՝ Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը, 1870 թվականին՝ Մադրասա գյուղի ծխական մեկդասյա դպրոցը, 1872 թվականին՝ Օրիորդաց ծխական դպրոցը։ 1916 թվականին Շամախիում գործել է 14 եկեղեցի, 1914-1915 ուսումնական տարում՝ 23 ծխական դպրոց։

Շամախիում են ծնվել Ալեքսանդր Շիրվանզադեն, Կոստան Զարյանը, Հովհաննես Աբելյանը և ուրիշներ։

Շամախիում հայ կյանքը վերջնականապես դադարել է 1988-1990 թվականներին. հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառով հայերը լքել են քաղաքը։

Հայերը Շաքիում

Շաքի (մինչև 1968 թվականը՝ Նուխի) քաղաքը, ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, եղել է եպիսկոպոսանիստ դեռևս 6-րդ դարում: 775-962 թվականներին Շաքիում իշխել են Տարոնից սերած Բագրատունիները. հայտնի են Սահլ Սմբատյանը, Գրիգոր Համամը, նրա թոռ Ատրներսեհը, Սևադա իշխանիկը։ 7-րդ դարում հիշատակվում է Շաքիի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Եղիազարի անունը (Աղվանից կաթողիկոս՝ 683-689 թթ)։ Մատենագրական, վիմագրական, ուղեգրական հարուստ տեղեկությունները վկայում են, որ Շաքիում բնակվել է հոծ հայ բնակչություն։ 16-րդ դարում Շաքիում իշխել է Լևինտի որդի Առաքել Միրզան, 17-րդ դարում՝ հայազգի Հաճի Չալաբին, ում հայրը բռնի մուսուլմանացած հայ երեց էր։ 16-րդ դարից դարից Շաքիի եկեղեցիներն ու վանքերը գտնվել են Շամախու թեմի ենթակայության տակ։

17-րդ դարի ճանապարհորդ-ուղեգրող Էվլիյա Չելեբին Շաքի քաղաքի մասին հաղորդում է.

- ...Ունի 3000 տուն, 7 մեհրաբջամի... Ունի նաև խան, բաղնիք և շուկա: Այգիներից և պարտեզներից աննման մետաքս է ստացվում:
Հայ աղջիկ Նուխիից

18-րդ դարի կեսին 19-րդ դարի սկզբին Շաքին եղել է Իրանի Շաքիի խանության կենտրոնը։ 1805 թվականին Ռուսաստանին միանալուց հետո Շաքիի խանությունը վերածվել է ռուսական վարչությանը ենթակա գավառի, 1840 թվականին՝ Շաքիի գավառ Կասպիական մարզի կազմում, 1859 թվականից եղել է Բաքվի, 1868 թվականից՝ Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառի կենտրոնը։ Շաքիի հայերը զբաղվել են արհեստներով, այգեգործությամբ, շերամապահությամբ։

1916 թվականին Շաքին ուներ ավելի քան 8000 հայ բնակիչ։ Գործել են Ս. Աստվածածին, Ս. Հռիփսիմե և Ս. Մինաս եկեղեցիները, տղաների և օրիորդաց (Ս. Մարիամյան) երկդասյան վարժարանները։ 19-րդ դարի վերջին քաղաքում գտնվող 16 մետաքսի ֆաբրիկաներից 6-ը պատկանել է հայերին։ Կարինցի բարերար Մկրտիչ Սանասարյանի (1818-1889) նյութական միջոցներով վարժարաններ են բացվել նաև Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նուխիի գավառում մինչև 1918 թվականը եղել են երեք տասնյակից ավելի հայաբնակ բնակավայրեր՝ ավելի քան 17000 բնակչությամբ։ Աչքի են ընկել Նիժ (շուրջ 3000) և Վարդաշեն (1600) գյուղաքաղաքները, Գյոքբուլաղ (1500), Դաշբուլաղ (2600), Թարաքա (ավելի քան 1000), Ճալեթ կամ Ճալուտ (1700), Յաղուբլու (1400), Չարղաթ (1300), Սաբաթլու (2800), Սոլթան-Նուխի (1100) գյուղերն ու ավանները։ Գավառի տարածքում պահպանվել էին հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ (Քիշի Ս. Եղիշե Առաքելո կամ Գիս, Ճալեթի, Բիդեիզի (Պարտեզի) Ս. Գևորգ և Ս. Գեղարդ վանքերը և այլն)։ Մեծաթիվ հայեր են բնակվել նաև հարևան Արեշի գավառում, որտեղ 1916 թվականին կային 20 հայաբնակ գյուղեր՝ շուրջ 20000 բնակչով։ Աչքի են ընկել Ամուրավան (1200), Գիրդադիլ (1100), Խոշկաշեն (ավելի քան 1000), Հավարիկ (շուրջ 1000), Մեծ Սոգյութլու կամ Ուռեկան (2800), Քանդակ (շուրջ 1000) բնակավայրերը։ 1918-1920 թվականներին Նուխիի և Արեշի գավառների հայությունը ևս թուրքական զորքերի և Ադրբեջանի կառավարության կողմից ենթարկվել է կոտորածների։ Հազարավոր հայեր հարկադրված գաղթել են ՀՀ (հիմնել են Նոր Արեշ և Վարդաշեն գյուղերը, այժմ՝ Երևանի շրջագծում) և Վրաստան (Կախեթի մարզում հիմնել են Սաբաթլո ավանը)։ 1921 թվականին նշված տարածքում հայերի թիվն արդեն չէր գերազանցում 5000-ը, որից 1628-ը՝ Շաքի քաղաքում։ Խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո ևս հայերը (թեև փոքրաթիվ) շարունակել են բնակվել Շաքիում։ 1980-ական թթ. վերջին սրված հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով հայերը լքել են քաղաքը և շրջակա գյուղերը։

Հայկական եկեղեցին Ադրբեջանում

Առաջին եկեղեցին

Հայկական գերեզմանոց Ջուղայում

Ժամանակակից Ադրբեջանի տարածքում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500 թվականին, Բաքվում[փա՞ստ]: Յուրաքանչյուր հայկական բնակավայր ունեցել է առնվազն մեկ եկեղեցի՝ շրջապատված սրբավայրերով ու ուխտատեղիով։ Հայկական եկեղեցիներն ընդգրկված են եղել Հայաստանյաց առաքելական եկեղեցու Շամախու թեմի մեջ։ Թեմի սկզբնավորման ստույգ թվականը հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ 16-րդ դարում այն գոյություն է ունեցել, և նրա ենթակայության ներքո են գտնվել Շաքիի (Նուխի) եկեղեցիներն ու վանքերը։ Շամախու թեմի առաջնորդանիստն էր 1660 թվականից Սաղիանի (Սաղյան) Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքը։

Բաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ցարական կառավարության 1835 թվականի մարտի 11-ի ընդունած կանոնադրությամբ («Պոլոժենիե»)՝ Կուրի ձախափնյակի հայահոծ շրջաններում ստեղծվել են Էջմիածնի Մայր աթոռին ենթակա երկու առաջնորդական թեմեր (Արցախի, Շամախու) և մեկ հաջորդական վիճակ։ Շամախու կամ Շիրվանի թեմն ընդգրկել է Գյոքչայի, Շամախու, Ղուբայի, Սաղիանի, Բաքվի շրջանները և Դերբենդ քաղաքը։ Կանոնադրությամբ Շաքին և Լենքորանը հանձնվել են Արցախի թեմին։ Թեմակալ առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի օրոք 1838 թվականին առաջնորդանիստը Սաղիանից տեղափոխվել է Շամախի, և տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1701 թվականին) դարձել է առաջնորդանիստ։ Նույն թվականից գործել է թեմի վիճակային ատյանը (կոնսիստորիա)։ 1853 թվականին թեմում գործել են 34 եկեղեցի, 31 հոգևորական։ 1869 թվականին Բաքվում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումից հետո, եկեղեցական գործերը վարելու նպատակով, 1872 թվականին Էջմիածնի Սինոդի հրամանագրով ստեղծվել է Բաքվի հայոց եկեղեցիների գործակալություն։ 1890 թվականին թեմի տարածքում կային հայաշատ բնակչություն ունեցող չորս քաղաք (Բաքու, Ղուբա, Շամախի, Դերբենդ), 48 հայկական գյուղ, 39 եկեղեցի և երկու վանք (Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա և 1688 թվականին հիմնված Մեյսարիի Ս. Աստվածածին)։ 1905 թվականին հիմնադրվել է Բաքվի հայոց ծխական հոգաբարձությունը։ Զբաղվել է եկեղեցիների, դպրոցական շենքերի, աղքատանոցների կառուցման, պահպանման ու վերաբացման աշխատանքներով։

Բաքվից 24 կմ հեռավորության վրա Բուզովնա նախկին հայկական գյուղում հայտնաբերվել են 12-13-րդ դարերի թվագրվող եկեղեցու ավերակներ։ Նույն ժամանակաշրջանին են պատկանում Զայզիտ գյուղի (Շաքիի շրջան) Ս. Գևորգ եկեղեցին, Ս. Եղիշե Առաքելոց վանքը և 1311 թվականին գյուղի մերձակայքում կառուցված մատուռը։ Ուռեկան (Մեծ Սյոկյութլու) գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1482 թվականին, նույն տեղում նույնանուն եկեղեցի է կառուցվել 1671 թվականին։

20-րդ դար

1914 թվականին թեմի տարածքում հայերի թիվը 133 000 էր։ 1916 թվականին գործել է 39 եկեղեցի, որից 14-ը՝ Շամախու, 17-ը՝ Գյոքչայի, 2-ը՝ Ղուբայի գավառներում, 5-ը՝ Բաքվում և 1-ը՝ Դերբենդում։ 1917-ից Բաքվում գործել է «Բաքվի հայ քահանաների միությունը»: 1918 թվականի մարտի վերջին Շամախիում բռնկված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ թաթարներն այրել են թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը։ Թեմը մեծ վնասներ է կրել 1918 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին, երբ թուրքական զորքերն արշավել են Բաքու և ճանապարհին ավերել հայկական բազմաթիվ գյուղեր, եկեղեցիներ ու վանքեր, կոտորել հազարավոր հայերի։ Թեմակալ Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը Գյոքչա և Շամախի գավառների կոտորածներից փրկված հայերի հետ գաղթել է Բաքու, Շամախուց Բաքու է տեղափոխել (1918 թվականին) թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձրել առաջնորդանիստ։

Հայ կանայք Գանձակից

Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը դադարել են գործելուց։ 1920 թվականի օգոստոսին թեմը ժամանակավորապես միացել է Գանձակի փոխանորդությանը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի սեպտեմբերի 3-ի կոնդակով՝ Տաշքենդի, Սամարղանդի, Անդիժանի, Կոկանդի, Աշխաբադի, Չարջոուի, Ղըզլ Արվադի, Նոր Բուխարայի, Կրասնովոդսկի և Չաքիչլարի հայկական եկեղեցիները, վանքերը, մատուռներն ու ուխտատեղիները միացվել են Շամախու թեմին և միասնաբար կոչվել Բաքվի և Թուրքեստանի թեմ։ 1921 թվականին Գանձակի փոխանորդությունն առանձնացվել է, և կազմվել համանուն առանձին թեմ։ 1922 թվականին ստեղծվել է Բաքվի և Թուրքեստանի թեմական խորհուրդը, իսկ 1926 թվականին Շամախիում կարճ ժամանակով գործել է «Շամախի քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու կրոնական համայնք» ընկերությունը։ 1927 թվականին Լենքորանը կրկին միացվել է Բաքվի և Թուրքեստանի թեմին։ 1930-ական թթ. Խորհրդային Միությունում եկեղեցու դեմ իշխանությունների վերսկսած հալածական քաղաքականության հետևանքով Ադրբեջանում և Միջին Ասիայում նույնպես ավերվել ու քանդվել են հայկական եկեղեցիները (Բաքվի Ս. Թադեոս և Բարդուղիմեոս, Շամախու Ս. Աստվածածին և այլն) աքսորվել և գնդակահարվել են մեծ թվով հոգևորականներ։

Հայրենական մեծ պատերազմից (1941-1945) հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը ձեռնամուխ է եղել Հայ եկեղեցու թեմերի վերակազմավորման և վերաբացման աշխատանքներին։ 1945 թվականին Արցախի ու Գանձակի թեմերը միավորվել են Բաքվի և Թուրքեստանի թեմին, որտեղ գործել են միայն Բաքվի և Գանձակի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (1945 թվականից)։ Թուրքեստանում (Միջին Ասիայում) հայկական գործող եկեղեցիներ չլինելու պատճառով թեմը կոչվել է Ադրբեջանի թեմ, առաջնորդանիստը մնացել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Թեմական խորհրդի հրավերով Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը հովվապետական այցելություններ է կատարել Ադրբեջանի թեմ (1957, 1962, 1969)։ 1988-1990 թվականներին Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայահալած քաղաքականության և շուրջ 350 000 հայերի բռնագաղթի պատճառով թեմը դադարել է գործելուց։ 1989 թվականի դեկտեմբերին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրկիզվել է ադրբեջանցի ազգայնամոլների ձեռքով։

Կրթություն

Դպրոց

Ադրբեջանում առաջին հայկական դպրոցները հիմնվել են եկեղեցիներին ու վանքերին կից կամ նրանց հովանավորությամբ։ 1844 թվականին հիմնվել է Շամախու հոգևոր ճեմարանը, 1860 թվականին Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով բացվել է Բաքվում առաջին հայկական դպրոցը, 1864 թվականին՝ մի շարք ծխական դպրոցներ և Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը, 1870 թվականին՝ Մադրասա գյուղի ծխական մեկդասյան դպրոցը և 1872 թվականին՝ օրիորդաց ծխական դպրոցը։ 1869 թվականին հիմնվել են Շամախու Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, Բաքվի Մեսրոպյան երկդասյան արական և Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցները, 1894 թվականին՝ Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցուն կից երկրորդ օրիորդաց դպրոցը։ Իգական դպրոցներ են բացվել նաև Վարդաշենում (1876), Ղուբայում (1882), Զաքաթալայում (1893), Նուխիում (1894), Խաչմասում (1895) և այլն։ 1872 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հատուկ կոնդակով հիմնվել է հայկական միջնակարգ հոգևոր ճեմարան։ 19-րդ դարի վերջին Բաքվում գործել են 12, 1914-15 թվականին ուսումնական տարում Շամախու թեմում՝ 23 (ծխական), 1930-50-ականներին միայն Բաքվում՝ 80 հայկական դպրոցներ։ Հետագա տարիներին ազգային կյանքը Ադրբեջանում անկում է ապրել։ Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թվականին։

Հասարակական-քաղաքական կյանք

Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանը

Ադրբեջանի հայության հասարակական-քաղաքական կյանքն առավել աշխույժ էր 19-րդ դարի վերջին տասնամյակներում և 20-րդի սկզբին։ Կենտրոնացված էր Բաքվում, որտեղ նավթարդյունաբերության արագ զարգացման շնորհիվ ստվարանում է բանվորության, տեխնիկական մտավորականության թիվը՝ հող ստեղծելով քաղաքական գործունեության համար։ Բաքվում գործում էին սոցիալ-դեմոկրատական, կադետական, էսէռների, կոմունիստական (բոլշևիկյան) և այլ կուսակցություններ, որոնց շարքերում, նաև ղեկավար մարմիններում, զգալի թվով հայեր են եղել։ Նշված կուսակցություններն առաջնորդվում էին ընդհանուր համառուսական կանոնադրությամբ, որը հեռու էր ազգային խնդիրներից։

Ադրբեջանում առաջնակարգ դեր են խաղացել բոլշևիկյան կուսակցության ականավոր ներկայացուցիչներ Ստեփան Շահումյանը (1918-ի Բաքվի կոմունայի նախագահ), Սուրեն Սպանդարյանը, Բոգդան Կնունյանցը, Անաստաս Միկոյանը և ուրիշներ։ ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն իրենց շարքերում ունեին աչքի ընկնող գործիչներ, որոնք 20-րդ դարի սկզբին նշանակալի դեր են խաղացել ինչպես Բաքվի, այնպես էլ Ադրբեջանի հայության կյանքում։ Մինչև Բաքվում Հայոց ազգային խորհրդի ստեղծումը հայության ազգային կյանքն այլ հասարակական կազմակերպությունների հետ տնօրինել է Հայոց ազգային բյուրոյի ներկայացուցչությունը։

Մշակույթ

Բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության հոգևոր և մշակութային կյանքը դարեր շարունակ ընթացել է համահայկական հունով՝ սերտորեն կապված ազգային կյանքին ու ավանդներին։ Հոգևոր-կրթական կենտրոնները հաճախ եղել են նաև գրչության օջախներ։ Մադրասա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում 1403-ին գրվել է մի մատյան, Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքում 1936-ին գրվել է մի «Աղոթամատույց», 1654-ին՝ ձեռագիր «Ժողովածու»: Մեյսարի գյուղում ստեղծվել են մի շարք մատյաններ, հայտնի են 1695-ին գրված «Ավետարանը», 17-րդ դարի «Ժողովածուն» և այլն։

Գրականություն

Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչմանն արժանացած Շիրվանզադեն

Ադրբեջանում հայ գրական կյանքը սկզբնավորվել է 19-րդ դարի 60-ականներին, Բաքվում։ Հայոց մարդասիրական ընկերության գրադարան-ընթերցարանում կազմակերպվել են գրական երեկոներ, որտեղ գրողները (Մ. Զոհրաբյան, Կ. Արզումանյան և այլք) ներկայացրել են իրենց ստեղծագործությունները։

1874-ին Բաքվում սկսել է տպագրվել «Սոխակ Հայաստանի» երգարանը (խմբագիր՝ Գրիգոր քահանա Գրիգորյան), որն ընդգրկել է նաև երկրամասի հայ աշուղների ու բանաստեղծների ստեղծագործությունները։ Բաքվում են ձևավորվել Ալեքսանդր Շիրվանզադեի գրական նախասիրությունները։ 1880-ականներին վերջին գործել է «Հույս» միությունը՝ նույնանուն ձեռագիր հանդեսով, որտեղ բանաստեղծական առաջին քայլերն է արել Հակոբ Հակոբյանը: 1890-ականների կեսին գրող-մանկավարժներ Ս. Հովվյանի, Ա. Նազարեթյան, Ս. Բալայանի ջանքերով կազմակերպվել է «Օջախ» գրական խմբակը, որի աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը:

1910-ականներին Բաքվում գործել է Հայ գրական-գեղարվեստական ակումբը, որի ջանքերով նշվել են հայ գրերի գյուտի 1500 և հայոց տպագրության 400-ամյակները։

1923-ին Բաքվում կազմակերպվել է «Հայարտուն» գրական-մշակութային կազմակերպությունը, որի գրական մասնաճյուղի հիման վրա գործել է Հայ պրոլետգրողների ասոցիացիան. 1925-ին լույս են տեսել «Հայարտուն» և «Վիշկա» գրական հանդեսները։ Եղիշե Չարենցի, Վահրամ Ալազանի և այլ գրողների այցելությունները նպաստել են Ադրբեջանի գրողների միության Բաքվի հայկական մասնաճյուղի ստեղծմանը։ Բաքվի գրական միջավայրում են ձևավորվել բանաստեղծներ Աշոտ Գրաշին, Թաթուլ Հուրյանը, Սամվել Գրիգորյանը, Համո Սահյանը, Աթանես Սենալը, արձակագիրներ Գարեգին Բեսը, Մարգար Դավթյանը, դրամատուրգներ Արշավիր Դարբնին, Արարատ Բարսեղյանը: Գրական կյանքին գործուն մասնակցություն են ունեցել քննադատներ Ս. Երզնկյանը, Ս. Մանուցյանը, Ա. Մկրտչյանը, Վարսենիկ Աղասյանը, Գևորգ Գրիգը, Պահարեն, գրականագետներ Ա. Պետրոսյանը, Համո Ամիրխանյանը, Գուրգեն Անտոնյանը և այլք։

Թատրոն և կինո

Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թվականին, երբ մեծահարուստ Ն. Կրասիլնիկյանի (Ն. Կրասիլնիկով) տանը սկսել է գործել ռեալական դպրոցի սաներից կազմված դերասանական խումբը։ Մարդասիրական ընկերության նախաձեռնությամբ և աջակցությամբ 1884 թվականին ստեղծվել է Բաքվի հայկական թատերական ընկերությունը, 1906 թվականին՝ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը, որն ունեցել է թատերախումբ։ Բաքվում գործել են հայ դերասանական լավագույն ուժերը՝ Սաֆրազյան ամուսինները, Գևորգ Տեր-Դավթյանը, Հովհաննես Աբելյանը, Գրիգոր Ավետյանը, Սիրանույշը, Գևորգ Պետրոսյանը, Պողոս Արաքսյանը, Արամ Վրույրը, Վարդուհին, Արուս Ոսկանյանը և այլք։ Հայ թատերական կյանքը տարբեր տարիների կազմակերպել և ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը: 1910-1920-ականններին Բաքվում գործել է Ամիրագոյի (Ամիրաղյան) օպերային խումբը, 1920-1949 թվականներին՝ Հայկական պետական թատրոնը, որտեղ բեմադրվել են հայ դասական ու ժամանակակից, ինչպես նաև ռուսական, համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերից։ 1928 թվականին բացվել է Հայկական երաժշտական թատրոնը (ղեկավար՝ Մուշեղ Սաղյան)։ 1923 թվականին Բաքվում հիմնվել է թատերական տեխնիկում, որը 1930-ականներին ունեցել է հայկական բաժանմունք։

Բաքվի հայկական թատրոնը նշանակալի դեր է խաղացել ազգային թատերական արվեստի զարգացման գործում։

Ադրբեջանի կինոյի զարգացման գործում մեծ ներդրում ունի կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանը. Բաքվի կինոստուդիայում նկարահանել է «Տունը հրաբխի վրա» (1928, Հայկինոյի հետ), «Սևիլ» (1929), «Սաբուհի» (1941) կինոնկարները։

Ճարտարապետություն

Հայազգի ճարտարապետ Նիկոլայ Բաևի հեղինակած Մայիլյանների թատրոնը Բաքվում (այժմ՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոն)

Հայ ճարտարապետներն ու շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։ Հատկապես նշանակալի է ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան (Սարկիսով), Նիկոլայ Բաև, Հ. Տեր-Հովհաննիսյանցի (Քաջազնունի), Ֆրեյդուն Աղալյանի ավանդը։ Նրանց կառուցած բնակելի տները, հասարակական ու մշակութային շիննությունները կանգուն են՝ այժմ էլ զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաքը։ Մայիլովների (Մայիլյանների) թատրոնի շքեղ շենքում (ճարտարապետ՝ Նիկոլայ Բաև, 1913) այժմ Բաքվի օպերայի և բալետի թատրոնն է։ Վեհաշուք կառույց է եղել Ս. Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին (ճարտարապետ՝ Հ. Տեր-Հովհաննիսյանց, 1910-1911), Գաբրիել Տեր-Միքելյանի նախագծով կառուցվել են Հասարակական ակումբի շենքը (այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա, 1910-1912), ծննդատունը (1899), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը (1902-1903, այժմ՝ «Մանկական աշխարհ» խանութ), Առևտրի ուսումնարանը (1905-1910, այժմ՝ Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտ), Ֆիզոթերապետիկ ինստիտուտը (1928-1935, Փարիզում արժանացել է «Մեծ մրցանակի» և ոսկե մեդալի), Յուզբաշյանների, Ադամյանների, Սադիխովների եկամտաբեր բնակելի տները և այլն։ Վարդան Սարգսյանի նախագծով կառուցվել է 10-ից ավելի շենք նավթագործների բանավաններում։ Նիկոլայ Բաևը 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարագետը, բացի Մայիլյանների թատրոնից, նրա նախագծով կառուցվել են հիվանդանոցային ավան (19 լազարեթ՝ 24 մասնաշենքով), մի շարք դպրոցներ, գիմնազիա, Սալիմանովի, Շերեմետևի և այլոց բնակելի տները, երկաթուղու Սաբունչի կայարանը (1927), Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Արմենիքենդի մի ամբողջ թաղամաս, որը նրա անունով կոչվել է «Բաևի» և այլն։ Ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի նախագծով կառուցվել է գիմնազիա, ծննդատուն, գանձատուն, բանվորական տունը և այլն։

Երաժշտություն

Ադրբեջանի հայության երաժշտական կյանքում մեծ դեր են ունեցել աշուղները։ Նրանք շրջել է բնակավայրից բնակավայր, մասնակցել աշուղական մրցումների։ Հայտնի են աշուղներ Փարսիի (16-րդ դար), Դոնիի (18-րդ դար), Ղազարի (19-րդ դար) անունները. ստեղծագործել և երգել են թուրքերեն: Հատկապես նշանավոր էր աշուղ Դոնին, որը համարվել է այդ շրջանի աշուղների վարպետը՝ ուսուցիչը։ Նրա երգերն ունեցել են հերոսական բնույթ, նվիրված են եղել Ասրի, Ջավադ, Ռոստոմ մելիքների քաջագործություններին։

19-րդ դարում է ապրել ու հայերենով ստեղծագործել աշուղ Սեյադը (Պետրոս Մադաթյան)։ 19-րդ դարի վերջում երաժշտական կյանքը կենտրոնացել է Բաքվում։ 1885 թվականին իր երգչախմբով ելույթներ է ունեցել Քրիստափոր Կարա-Մուրզան, 1886-ին Մակար Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր Պատարագը, 1908 թվականին դասախոսություններով և երգչախմբով հանդես է եկել Կոմիտասը:

Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» (1910-1917) հանդեսը։ 1926-1934 թվականներին Բաքվի Հայարտանը կից գործել է երաժշտական դպրոց։ Բաքվում է ապրել և ստեղծագործել երգահան Անուշավան Տեր-Ղևոնդյանը (1934-1938 թվականներին՝ Բաքվի կոնսերվատորիայի տնօրեն)։ 1920 թվականից մշակութային կազմակերպչական աշխատանքին մասնակցել է նաև դիրիժոր Հովհաննես Իոաննիսյանը, որը ստեղծել է ադրբեջանական ժողովրդական գործիքների առաջին նվագախումբը, նաև կանանց նույնաբնույթ նվագախմբեր։ Երաժշտական հաստատություններում աշխատել և ստեղծագործել են հայ երաժիշտ կատարողներ։ Բաքվում է ապրել և ստեղծագործել Անդրեյ Բաբաևը:

Կերպարվեստ

Ադրբեջանական ԽՍՀ զինանշանի հեղինակը Ռուբեն Շխկյանն է

Բաքվում բացվել են Գևորգ Բաշինջաղյանի (1885), Վարդգես Սուրենյանցի (1901) ցուցահանդեսները։ 20-րդ դարի սկզբից հայկական դպրոցներում իբրև առանձին առարկա դասավանդվել է նկարչություն: 1923 թվականին բացված Հայարտան նկարչական մասնաճյուղը կազմակերպել է ցուցահանդեսներ, քննարկումներ, որոնց մասնակցել են նկարիչներ Վարդան Տեր-Պողոսյանը, Էաչի Պռոշյանը, Մուշեղ Սաղյանը, Շ. Մանգասարովը և այլք։ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության զինանշանի հեղինակը նկարիչ-գրաֆիկ Ռուբեն Շխկյանն է։ Շուրջ կես դար Բաքվի գեղարվեստական ուսումնարանում նկարչություն է դասավանդել Ա. Հովհաննիսյանը (նաև Հայակակն թատրոնի նկարիչն էր)։ Նրա սաներից է նկարիչ Պետրոս Մալայանը: 1936 թվականին Ս. Աղաջանյանը հրավիրվել է Բաքու՝ ստեղծելու դիմանկարներ։ 1958 թվականին Բաքվում տեղադրվել է Ս. Մերկուրովի «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը (1924-1946)։

Տպագրություն

Բաքվի հայոց մարդասիրական ընկերության ջանքերով 1870 թվականին հիմնվել է Բաքվի առաջին հայկական տպարանը՝ «Արորը», որն իր գոյության 13 տարիների ընթացքում տպագրել է 20-ից ավելի գրքեր՝ «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 պրակներ, Մխիթար Գոշի, Օլիմպիանոսի և Եզովպոսի առակները, դասագրքեր և այլն։ 19-րդ դարի վերջին գործել են «Մալաֆյանց և ընկ.» (1874 թվականից), Ա. Ղասաբյանցի (1876-ից) տպարանները, այնուհետև բացվել են Ս. Տեր-Հովհաննիսյանցի, Հ. Գյուլբասարյանի, Ս. Շահբաղյանի, Ղազարյան եղբայրների տպարանները («Արորը» և շահբաղյանի տպարանը գործել են մինչև 1920 թվականը)։ 20-րդ դարի սկզբին հիմնվել են Ն. Երևանցյանի, Մ. Անտոնյանի, Ա. Թառայանի, Լ. Միրզոյանի, Կ. Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ», Կարապետյան եղբայրների տպարանները։ Բաքվում գործող մի շարք այլ տպարաններում («Տրուդ», «Տրուժեննիկ», «Բաքու») ևս տպագրվել են հայերեն գրքեր ու պարբերականներ։

Մամուլ

Սամվել Գրիգորյանը 1956-81-ին եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրը

Մինչև 1920 թվականը Բաքվում հրատարակվել է ավելի քան 80 անուն հայկական պարբերական։ Առաջինը 1874 թվականից Շուշիում լույս տեսնող «Հայկական աշխարհ» գրական-մանկավարժական ամսագիրն էր, որը շարունակվել է հրատարակվել Բաքվում, 1877-79 թվականներին։ Բաքվում են լույս տեսել «Կոչ-Դևեթ» (1906), «Օրեր» (1907), «Նոր խոսք» (1911-12), «Սոցիալ-դեմոկրատ» (1917), «Բանվորի խոսք» (1918), «Տեղեկատու» (1918) և բոլշևիկյան այլ պարբերականներ։ Այստեղ հրատարակվել են նաև գրական-հասարակական «Շեփոր» (1908), «Առավոտ» (1909), «Թատրոն և երաժշտություն» (1910-17), «Հայարտուն» (1925), «Կոմունիստ», «Գրական Ադրբեջան», «Ագիտատոր» (1966-88) և այլ պարբերականներ։

Գրականություն

  • Մ. Բարխուդարյանց, Պատմութիւն Աղուանից, հ. 2, Թիֆլիս, 1907:
  • Մ. Բարխուդարյանց, Աղուանից երկիր և դրացիք (Միջին Դաղստան), Թիֆլիս, 1893:
  • Ա. Երիցյանց, Ամենայն հայոց կաթողիկոսոութիւնը և Կովկասի Հայք XIX դարում, մաս 2, Թիֆլիս, 1895:
  • Գ. Ստեփանյան, Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանի հոգևոր և հասարակական գործունեությունը Բաքվի նահանգում 1918 թ., «Էջմիածին», 1994, թիվ 11-12:
  • Арустамян Б., Город утраченный - город утративший, «Армянский вестник», 1999, н. 1-2.
  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 17-30:

Ծանոթագրություններ