«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: es:Timoteo II de Alejandría |
||
Տող 24. | Տող 24. | ||
[[el:Τιμόθεος Β΄ Αλεξανδρείας]] |
[[el:Τιμόθεος Β΄ Αλεξανδρείας]] |
||
[[en:Pope Timothy II of Alexandria]] |
[[en:Pope Timothy II of Alexandria]] |
||
[[es:Timoteo II de Alejandría]] |
|||
[[fr:Timothée II d'Alexandrie]] |
[[fr:Timothée II d'Alexandrie]] |
||
[[it:Timoteo II di Alessandria]] |
[[it:Timoteo II di Alessandria]] |
18:53, 16 Մարտի 2012-ի տարբերակ
Տիմոթեոս Կուզ (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի պատրիարք (457–460, 476–477): V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է հականեստորական և հակաքաղկեդոնական պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ Կյուրեղ Ալեքսանդրացու և Դիոսկորոսի զինակիցը: 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն: Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում: «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և Վարդան Այգեկցու «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները:
«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի երկերից բազմաթիվ քաղվածքներ, որոնց զգալի մասի բնագրերը չեն պահպանվել: Ուշագրավեն հատկապես աղանդավոր հեղինակների՝ Պողոս Սամոստացու (III դ.), Նեստորի (V դ.), Թեոդորետի (IV դ.) աշխատություններից կատարված քաղվածքները: VII դ. սկզբին Վրաց եկեղեցու քաղկեդոնականություն ընդունելու կապակցությամբ գրված Մովսես Ցուրտավեցու «Պատճառք Դժողովոյն երկաբնակացն» գրության մեջ «Հակաճառութիւնը» դասակարգվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը մերժող հինգ կարևոր գրությունների շարքում՝ բյուզ. Զենոն կայսրի «Հենոտիկոնի», բյուզանդական կայսր Անաստասի, Հայոց Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի և Անտիոքի պատրիարք Պետրոս Անտիոքացու (Թափիչ) թղթերի հետ միասին:
«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն էª Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին:
«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը: Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմ. իրադարձությունների, հակաքաղկեդոն. գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին:
«Հակաճառութեան» հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոն. վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը: Մի շարք ուսումնասիրողներ (Ե. Տեր-Մինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն. Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ «Հակաճառութիւնը» հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564-ին: Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. ՏերՄկրտչյ ան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք: Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը:
Աղբյուր
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |