«Քիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Aram-van moved page Քթի խոռոչ to Քիթ
(Տարբերություն չկա)

16:11, 2 Մարտի 2012-ի տարբերակ

Քիթը մարդու և ողնաշարավոր կենդանիների շնչառական ուղիների սկզբնական հատվածն է: Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան: Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն: Այն կազմված է մկաններով ու մաշկով ծածկված ոսկրաաճառային կմախքից: Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը: Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր: Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր: Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է: Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ: Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառական նյարդի ճյուղերը: Քթի միջնապատը կազմում է խոռոչի աջ ու ձախ մասերի ներքին պատերը: Կողմնային պատերին կան գրեթե հորիզոնական ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ ու ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին, ստորին): Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ 4 զույգ ծոցերի (հայմորյան, ճակատային, սեպոսկրային և ծակոտկեն մաղոսկրային) հետ: Արտաքին անցուղում է քթարցունքային խողովակի բացվածքը, որով արցունքները հոսում են քթի խոռոչ: Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները: Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում: Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը: Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։