«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.
[[Կատեգորիա:Հայ քերականներ]]
[[Կատեգորիա:Հայ քերականներ]]
[[Կատեգորիա:Հայ մշակութային գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ մշակութային գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ աստվածաբաններ]]

16:17, 18 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Ստեփանոս Սյունեցի
Ծնվել է685
ԾննդավայրԴվին
Մահացել էհուլիսի 21, 735
Մահվան վայրԵղեգնաձոր
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, աստվածաբան, քերական, գրող, կոմպոզիտոր և երաժշտության տեսաբան
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Ստեփանոս Սյունեցի (685, Դվին - հուլիսի 21, 735, Եղեգնաձոր), հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ։

Կրթություն

Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան Դվինում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել Գեղարքունյաց գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ Հայաստանում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել: Ստեփանոսն ուսումնառության է մեկնում Կոստանդնուպոլիս, ապա Աթենք և Հռոմ, սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:

Եպիսկոպոսական ձեռնադրություն

Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալում՝ խորհրդատու և համագործակից ունենալով հայազգի գիտնական իշխան Դավիթ Հյուպատոսին: Սա բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուզանդական արքունիքում՝ կայսերական սեղանապետն էր: Այնուհետև, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վերադառնալով Դվին՝ Ստեփանոս Սյունեցին տեսավ Հայաստանը՝ արաբներից ավերված և քարուքանդ արված, զրկված հայրենի իշխաններից, որոնցից շուրջ ութ հարյուր հոգու արաբներն այրել էին Նախիջևանի եկեղեցում: Վախճանվել էր նաև Սյունյաց Հովհան եպիսկոպոսը, և իշխաններ Բաբգենի ու Քուրդի խնդրանքով կաթողիկոս Դավիթ Ա Արամոնեցին (728-741 թթ.) Ստեփանոս Սյունեցուն ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում Սյունյաց մետրոպոլիտության աթոռում:

Հոգևոր և մշակութային գործունեություն

Ստեփանոս Սյունեցին ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ Ստեփանոս Սյունեցին անզուգական է իր նոր մոտիվներով, երաժշտական արվեստով ու թարմությամբ: Նա նոր հնչեղություն մտցրեց հայոց հոգևոր երգի մեջ: Հին Շարակնոցի առաջաբանում կարդում ենք Սյունեցու անունը: Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանզի նա է գրել նաև Մարտիրոսաց շարականները: Դրանք թեև վերագրվել են 11-րդ դարի կաթողիկոս Պետրոս Գետադարձին, սակայն Մարտիրոսաց շարականների մարտական մոտիվները, ոճը և լեզուն միանգամայն անհարիր են, այսպես կոչված, Հանգստյան շարականների ոգու և ոճի հետ, որոնք հեղինակել է Գետադարձը: Հանգստյան շարականներում ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և 11-րդ դարի լեզվաձևերն ու ոճերը: Ի դեպ, Շարակնոցում հանդիպում է ևս մեկ Ստեփանոս Սյունեցի, որ իբրև ապրել է 5-րդ դարում, սակայն ոչ մի այլ տեղում հիշատակություն չկա նրա մասին, և պետք է ենթադրել, որ խոսքը նույն Ստեփանոսի մասին է: Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:

Աշխատություններ

Ստեփանոս Սյունեցին Դավիթ կաթողիկոսի պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում: Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել Դիոնիսիոս Արիոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։

Մահ

Ստեփանոս Օրբելյանը մանրամասն հաղորդում է Սյունեցու ողբերգական մահվան հանգամանքները, որտեղ իմանում ենք, որ Եղեգյաց ձոր գավառի Մոզ ավանում մի անառակ կնոջ երեք անգամ զգուշացնում է հեռու կանգնել մեղքի ճանապարհից, և երբ նա չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ կյանքը, Ստեփանոս Սյունեցին սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում (թե ինչպիսի՝ պատմիչը չի նշում): Դրանից հետո նա գնում է Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում հանգստանալու, քանզի սաստիկ շոգ էր: Այնտեղ կարգադրում է խփել իր վրանը, իսկ իր մահիճը դնում է մի ուռենու վրա (հավանաբար ծառի ճյուղերին ամրացված մահիճ է եղե) և առանձին մնալով աղոթում է ու ննջում: Իսկ անառակ կինը, որոշած լինելով վրեժ լուծել, նաև որպեսզի ինքը ազատորեն գործի, իր սիրեկանի հետ գալիս է այնտեղ, սուրը տալիս է նրա ձեռքը և ուղարկում սպանելու: Երբ երկու անգամ տղամարդը բարձրանում է ծառը և չի կարողանում սպանել (ըստ պատմիչի՝ հրաշափառ տեսլիքի պատճառով), անառակ կինն ինքն է սուրը վերցնում, բարձրանում ծառը և հարվածելով սրբի որովայնին՝ սպանում: Նշանավոր հոգևորականն ու շարականագիրը թաղվում է Վայոց ձորում գտնվող Թանահատի վանքում՝ հայոց թվականության 184 թվականին (735 թ.): Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանից հետո քառասուն օր գավառը ցնցվում էր ուժեղ երկրաշարժից, ինչի պատճառով տներն ու ապարանքները դառնում էին իրենց բնակիչների գերեզմանները, և օդում տարածվում է մարդկանց վայոցը: Դրանից հետո էլ գավառը կոչվեց Վայոց ձոր:

Աղբյուրներ

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ստեփանոս Սյունեցի