«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 172. Տող 172.
[[Կատեգորիա:1916 Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:1916 Օսմանյան կայսրությունում]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր]]
[[Կատեգորիա:Կովկասյան արշավանքի ճակատամարտեր]]

07:43, 8 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Էրզրումի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմ
Թվական հունվարի 10-փետրվարի 16 1916
Վայր Էրզրում (Կարին), Արևմտյան Հայաստան
Պատճառ Ռուս-թուրքական հակամարտություն
Արդյունք Թուրքական զորքերի ջախջախում և Ռուսական կայսրության վճռական հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Թուրքական զորքերի նահանջ և Արևմտյան Հայաստանի զգալի մասի անցում Ռուսաստանին
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Նիկոլայ Յուդենիչ Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Աբդուլա Քերիմ փաշա
Կողմերի ուժեր
Կովկասյան բանակ:

290 000 սվին, 35 000 թուր, 150 բեռնատար ավտոմեքենա և 20 սավառնակ

Օսմանյան կայսրության III բանակ (Օսմանյան կայսրություն):

134 000 սվին և թուր

Ռազմական կորուստներ
8339 սպանված և վիրավոր 79 000 սպանված, վիրավոր և գերի
Էրզրում ամրոցի գրավման պլանը:

Էրզրումի ճակատամարտը (ռուս.՝ Эрзурумское сражение, Էրզրումսկոյե սրաժենիե, թուրքերեն՝ Erzurum Taarruzu, թուրքերեն՝ Erzurum Muharebesi, Էրզրում Թաարազու, Էրզրում Մուհարեբեսի, անգլ.՝ Battle of Erzurum), խոշոր ձմեռային հարձակում և ճակատամարտ մի կողմից՝ Արևմտյան Հայաստանի կարևորագույն կենտրոններում ամրացած թուրքական բանակի և մյուս կողմից՝ Ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև 1916 թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։ Ռուսական բանակի խոշորագույն հաջողություններից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռուսաստանի Կովկասյան բանակը ջախջախեց թուրքական III դաշտային բանակը և գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող Էրզրում կամ Կարին քաղաքը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը, դրանով իսկ իրեն ճանապարհ բացելով դեպի Օսմանյան կայսրության տարածքի խորքը:

Գործերի ընդհանուր վիճակ

Էրզրումը «դարպաս» էր դեպի Բասենի դաշտ և Եփրատի հովիտ: Էրզրումում հատվում էին հետևյալ կարևոր ուղիները.

Այդ իսկ պատճառով Առաջին աշխարհամարտի ժամանակ Էրզրումը՝

  1. միմյանց էր հանգուցակապում թուրքական ռազմաճակատը Կովկասում և թուրքական նավատորմը,
  2. թույլ էր տալիս մանևրել ուժերով և ռեզերվներով, քանզի Էրզրումում էին գտնվում թուրքական գլխավոր թիկունքային բազան և III բանակի ղեկավարման կենտրոնը:

Բնականաբար, նման կարևորության կետը լավ պաշտպանված էր: Էրզրում-Կարին քաղաքը նախկինում էլ իրենից ներկայացնում էր լավ ամրացված բերդաքաղաք, սակայն գերմանացիների օգնությամբ թուրքերն արդիականացրել էին հին ամրաշինական կառույցները, կառուցել էին նորերը, ավելացրել էին գնդացիրներ և հրետանի, և 1915 թվականի վերջին Էրզրումն իրենից ներկայացնում էր վիթխարի ամրացված շրջան, որը դժվարանցանելի լեռները՝ հզոր ամրաշինական կառույցների համադրմամբ վերածել էին անառիկ ամրոցի: Իր հերթին Էրզրումի նախադուռ՝ Բասենի դաշտ մուտք գործելու համար, պահանջվում էր գրավել ուժեղ Քյոփրի-քյոյի դիրքերը: Նրա հետևից լեռների միջև գտնվող նեղ վայրում ուղին փակում էր Հասան-Ղալա բերդը: Իսկ հյուսիսից Էրզրում-Կարինի հեռավոր մատույցներում ուղին փակում էին ամրացված բնակավայրեր՝ Թորթումը, Վեյչիհասը, Շաքլյարին, Ղըզըլ-Քիլիսան, Կոշը:

1914 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը մղված Սարիղամիշի ճակատամարտում պարտություն կրելուց հետո, Օսմանյան կայսրությունը փորձում էր վերակազմակերպել իր ուժերը: Հայոց ցեղասպանությունը հսկայական խնդիր էր դարձրել օսմանյան զորքերի մատակարարումը [1] Հայերի կողմից վարվող առևտուրը, գյուղատնտեսական և արհեստավորական գործունեությունը որոնք մեծապես նպաստում էին Օսմանյան Թուրքիայի բանակների մատակարարմանը, այժմ խափանված էին:[1] Հայ զինվորների պլանավորված քշվելը դեպի աշխատանքային գումարտակներ, իսկ ապա նրանց կոտորածները, առավել խորացրեցին թուրքական բանակի թիկունքային ապահովման հիմնախնդիրները:[1]։ Այնուամենայնիվ, 1915 թվականի ընթացքում ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ռազմաճակատում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում, առանձնապես խոշոր ռազմագործողություններ տեղի չունեցան: Սա Հայոց պատմության՝ պարզաբանում պահանջող հարցերից մեկն է: Հենց 1915-ի ընթացքում էր, որ ապրիլից սկսած Արևմտյան Հայաստանը ենթարկվում էր հայազրկման՝ եղեռնի մեթոդով (Հայոց ցեղասպանություն):

Միևնույն ժամանակ, 1915 թվականի վերջին ավարտվեց Դարդանելյան ռազմագործողությունը, որից հետո ազատվեց թուրքական զորքերի մի զգալի ռազմական խմբավորում, որը թուրքական հրամանատարությունը պլանավորում էր նետել ռուսական, այսինքն՝ Կովկասյան ռազմաճակատ՝ Արևմտյան Հայաստան, նպատակ ունենալով մարտական գործողությունների ընթացքը փոխել հոօգուտ իրեն:[1] Մասնավորապես՝ ռուսական Կովկասյան ռազմաճակատի զորքերի դեմ նախատեսվում էր նետել դարդանելյան դիվիզիաներից ութը:[1] Դա հասկանում էր ռուսական Կովկասյան բանակի հրամանատարը՝ հետևակի գեներալ Նիկոլայ Յուդենիչը: Նա որոշեց, կանխելով թուրքական համալրումների ժամանումը Եվրոպական Թուրքիայից դեպի Արևմտյան Հայաստան, ինքն անցնել հարձակման, հուսալով ջախջախել թուրքական III բանակը և գրավել Էրզրումը, իսկ ապա նաև՝ կարևոր նավահանգստային քաղաք Տրապիզոնը: Դա բարդ խնդիր էր, քանզի, ակնհայտ էր, որ Էրզրում-Կարինը բնականից լավ պաշտպանված էր լեռներով:[1] Ամեն դեպքում, գեներալ Յուդենիչը վստահ էր, որ կկարողանա հարձակման անցնել նախքան թուրքական այդ ութ դիվիզիաները պատրաստ կլինեն իր զորքերի դեմ մարտնչելու համար:

Թուրքերը ռուսական բանակի ձմեռային հարձակմանը չէին սպասում, որոշելով, թե Կովկասյան ռազմաճակատում վրա է հասել ձմեռային անխուսափելի դադարը, ուստի և Արևմտյան Հայաստանից դեպի Իրաք՝ անգլիական զորքերի դեմ նետեցին Խալիլ-բեյի բանակային կորպուսը: Բացի այդ, թուրքական հրամանատարությունը սկսեց Իրաք ուղարկել նաև Դարդանելում ազատված զորքերի առաջին էշելոնները: Պլանավորվում էր մինչև 1916 թվականի գարուն ջախջախել անգլիացիների զորքերը Միջագետքում, իսկ ապա՝ բոլոր ուժերով ուղղվել գեներալ Յուդենիչի Կովկասյան բանակի վրա:

Այն, որ Օսմանյան բարձր հրամանատարությունը չէր սպասում ռուսական ձմեռային հարձակմանը, երևում է նաև նրանից, որ Արևմտյան Հայաստանում օսմանյան զորքերի հրամանատար Մահմուտ Քյամիլը (Mahmut Kamil) այդ ժամանակ Կոստանդնուպոլսում էր, իսկ նրա բանակի շտաբի պետը՝ գերմանացի գնդապետ Ֆելիքս Գուսեն (Felix Guse) Գերմանիայում էր: Այսպիսով, գեներալ Յուդենիչը ընտրել էր ձմեռային հարձակման հարմար ժամանակ: 1916 թ. հունվարի կեսին Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում ուժեղ ձյուն էր գալիս, և ձնածածկույթը երբեմն գերազանցում էր 4 ոտնաչափը (1 ոտնաչափ = 30,48 սմ, 4 ոտնաչափ = 121,92 սմ):

Ուժերի հարաբերակցությունը Էրզրումի ճակատամարտի նախօրեին

Ռուսական կողմն Էրզրումի ճակատամարտից առաջ ուներ քանակական և տեխնիկական որոշակի գերակշռություն: Դրան նպաստում էր նաև Արևելյան Հայաստանի հայ բնակչության և Արևմտյան Հայաստանի հայության մնացորդների շարունակվող աջակցությունը ռուսական զորքերին, այդ թվում՝ հայկական բազմաթիվ զորամասերի ու ստորաբաժանումների առկայությունը Կովկասյան ռազմաճակատում:

Ռուսական բանակ

Ռուսաստանի Կովկասյան բանակն այդ ժամանակ իր կազմում ուներ 154.000 սվին, 27.500-35.000 թուր, 375 հրանոթ և 450 գնդացիր: Բացի այդ ռուսներն ունեին 150 բեռնատար մեքենա և 20 սավառնակ: Վերջիններս պատկանում էին ռուսական Սիբիրյան էսկադրիլիային:[1] Բացի այդ, ռուսական բանակն ուներ ևս 160.000-անոց զորք իր ռեզերվում:[1]

Օսմանյան բանակ

Օսմանյան բարձր հրամանատարությունը չկարողացավ վերականգնել 1915-ին ունեցած կորուստները: Դարդանելի ռազմագործողությունը տարավ բոլոր մարդկայն և ռազմատեխնիկական ռեսւրսները: Օսմանյան բանակի IX, X և XI բանակային կորպուսները չուժեղացվեցին, չվերահամալրվեցին և, հավելումն դրան, 1-ին և 5-րդ Ռազմարշավային զորախմբերը նետվեցին դեպի Միջագետք: Ի դեպ, Միջագետքում անգլիական զորքերի դեմ մարտական գործողությունների ավարտը գնալով հեռանում էր: Օսմանյան բարձր հրամանատարությունը, ընդունելով հանդերձ այլ ռազմաճակատներում իրավիճակի բարդությունը, այնուամենայնիվ որոշեց, թե հենց Միջագետքն է այն ռազմաճակատը, որտեղ պետք է կիրառվեն իր հիմնական ռազմական ջանքերը: Արդյունքում Կովկասյան ռազմաճակատը երկրորդական նշանակություն ստացավ: 1916 թվականի դրությամբ, Օսմանյան զորքերը կազմում էին 126.000 սվին և թուր, այլ տվյալներով՝ մինչև 134.000: Ընդ որում, դրանցից միայն 50.539-ն էին մարտական զինվորներ: Այստեղ առկա էր 74.057 հրացան, 77 գնդացիր և 180 միավոր հրետանի: Այլ տվյալներով՝ թուրքերը III բանակի կազմում ունեին 134.000 սվին ու թուր, 122 հրանոթ, դրանց գումարած՝ 400 հրանոթ բերդային հրետանու կազմում: Ի դեպ, մինչև այդ, Էրզրումի պաշտպանության համար նախատեսված հրետանու մեծ մասն ուղարկվել էր Դարդանել՝ մարտնչելու բրիտանական զորքերի դեմ և փրելու Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս-Ստամբուլը: Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում թողնված հրանոթները ավելի հին տեսակի զենքեր էին և առանձնապես լավ վիճակում չէին: Օսմանյան բանակի անձնակազմը ևս լավ վիճակում չէ: Նրանք տառապում էին սննդի պակասությունից, ինչը սովորական բան էր այդ ժամանակվա թուրքական բանակի զինվորներից շատերի համար: Օսմանյան զորքերը Արևմտյան Հայաստանում մեծաքնակ էին թղթի վրա, սակայն իրականում պատկերը շատ տխուր էր: Աղբյուրներից մեկի համաձայն՝ Էրզրում-Կարինում և շրջակա տարածաշրջանում առկա էր մոտ 78.000 թուրքական զինվոր,[1] սակայն որոշ մասնագետների կարծիքով իրականում դա հրացանների թիվն է, այլ ոչ թե զինվորների:

Մարտական գործողությունների ընթացք

Թեպետ ռուսական կողմն ուներ որոշակի քանակական առավելություն, սակայն չէր կարող հենվել միայն դրա վրա: Այդ իսկ պատճառով ռուսական հրամանատարությունը ճիշտ որոշում կայացրեց՝ ճեղքելու թշնամու պաշտպանական գիծը նրա թույլ տեղում[2]։

Կովկասյան բանակի շտաբը մշակել էր Էրզրումի ճանապարհը փակող թուրքական Քյոփրյուքյոյի դիրքերի և Հասան-Ղալա բերդի գրավման օպերացիա: Նախատեսված էր, որ Կովկասյան բանակի հյուսիսային աջ թևում (այսինքն՝ օսմանյան III բանակի ձախ թևում) գլխավոր արվածը հասցնելու են գեներալ Միխայլի Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսը և հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտինի Կովկասյան I բանակային կորպուսը: Նրանց հանձնարարվում էր հարձակվել Հայ-Դաղ և Կոջուխ լեռներով, ճեղքել թուրքական զորքերի պաշտպանության մի քանի գիծ և դուրս գալ Քյոփրիքյոյի դիրքերը զբաղեցնող թշնամու զորքերի թիկունքը:

Հետևակի գեներալ Ն.Ն. Յուդենիչի լուսանկարը «Летопись войны» (Պատերազմի տարեգրություն) հանդեսում, 1916, № 78, էջ. 1243:
Հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտին՝ Կովկասյան I բանակային կորպուսի հրամանատարը Էրզրումի ճակատամարտի ժամանակ:
Գեներալ Դե-Վիտտը՝ Կովկասյան IV բանակային կորպուսի հրամանատարը 39-րդ դիվիզիայի շտաբի հետ:
Գրավված թուրքական դրոշները Էրզրումում:
Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված Էրզրումում. 1916 թվականի սկիզբ:
Հին հայկական տաճար, թուրքերի կողմից վերածված զինապահեստի. ազատագրված Էրզրումը 1916 թվականին:
Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հեռագիրը կայսր Նիկոլայ II-ին՝ Էրզրումի գրավման մասին:

Ռազմաճակատի կենտրոնում, օժանդակ հարված հասցնելով Խնուսին և Մուշին, թուրքերի դեմ պետք է գրոհեին Կովկասյան IV բանակային կորպուսի զորքերը՝ Վլադիմիր Դե-Վիտտի հրամանատարությամբ, այնինչ գեներալ Վլադիմիր Լյախովի Մերձծովյան զորախումբը հարձակվելու էր Սև ծովի առափին, միաժամանակ՝ Բաթումի նավաջոկատը պետք է խափաներ թուրքերի ծովային փոխադրումները Տրապիզոն նավահանգստով:

1916 թվականի հունվարի 7-ին ուժեղ հրետանային նախապատրաստությունից հետո գեներալ Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսի զորամասերը գրոհի գնացին և գրավեցին թշնամու առաջնագծի խրամատները Հայ-Դաղի լեռներում: 1916 թվականի հունվարի 10-ին նախնական հարձակում սկսվեց օսմանյան III բանակի մաս կազմող XI բանակայի կորպուսի դեմ: Առաջին մարտերն ընթացան Ազկանի (Azkani) գյուղի մոտ և նրա մերձակա Կարա Ուրգան լեռան մոտ: Հունվարի 12-ին սկսվեց գեներալ Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսի և հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտինի Կովկասյան I բանակային կորպուսի ընդհանուր հարձակումը: Երկու օրվա անընդհատ մարտերի ընթացքում Կովկասյան բանակի այս երկու կորպուսները ճզմեցին թուրքական պաշտպանության ձախ՝ հոյւսիսային թևը և հունվարի 14-ին դուրս եկան թշնամու զորքերի զբաղեցրած Քյոփրիքյոյի դիրքերի թիկունքը՝ սպառնալով Էրզրում-Կարինի հետ Քյոփրիքյոյի հաղորդակցությամը: Այսպիսով՝ 4 օրվա ընթացքում ռուսական զորքերին հաջողվեց ճեղքել XI բանակային կորպուսի պաշտպանական գծերը: Օսմանյան XI կորպուսը ծանր կորուստներ կրեց: Թուրքերը սկսեցին հակահարձակվել: Սկսվեցին ծանր, արյունահեղ մարտեր: Սակայն թուրքական հրամանատարությունը զորքերը մարտի էր նետում հապշտապ, մաս-մաս, և գեներալ Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսը, հետ մղելով հանդիպակաց հարվածները, շարունակում էր աստիճանաբար առաջ շարժվել:

Քյոփրիքյոյի դիրքի և Հասան-Ղալա բերդի գրավում

Քյոփրյուքյոյ (tr:Köprüköy) բնակավայրը, որը մի փոքր քաղաք էր, կարևոր ռազմավարական դիրք էր զբաղեցնում դեպի Էրզրում տանող ճանապարհին:

Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան (tr:Mahmut Kamil Paşa), ռուսական Կովկասյան բանակի ճնշմանը դիմանալու համար սկսեց իր զորքերը հարավային թևից նետել դեպի հոյւսիս: Ի վերջո, նա դրանով իսկ թուլացրեց իր հարավային թևը, որից էլ օգտվեց գեներալ Նիկոլայ Յուդենիչը:

1916 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ Քյոփրուքյոյի մարտը: Օսմանյան բանակի զորքերը, որոնք դիրքավորվել էին Քյոփրյուքյոյ (tr:Köprüköy) բնակավայրում, ստիպված եղան թողնել այն: Հունվարի 18-ին ռուսական Կովկասյան բանակի զորքերը սկսեցին մոտենալ պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառում գտնվող Հասան-Ղալա (Hasankale) բերդաքաղաքին: Այստեղ էր նորերս տեղակայված Օսմանյան III բանակի շտաբը, և քաղաքը գտնվում էր դեպի Էրզրում գնացող ճանապարհի վրա:

Հունվարի 18-ին Յուդենիչի զորքերը հարված հասցրին թուրքական պաշտպանության թուլացած հարավային թևին: Թուրքերի պաշտպանությունը սասանվեց և փլուզվեց: Սկսվեց անկանոն նահանջը: Ռուսական Կովկասյան բանակի զորքերը վերցրեցին ավելի քան 2 հազար գերի և նետվեցին հետապնդելու թշնամուն: Գեներալ Յուդենիչը ճեղքման նետեց իր ռեզերվում գտնվող Սիբրիյան կազակական բրիգադը՝ գեներալ Էռնեստ-Ավգուստ Ռադդացի հրամանատարությամբ, և վերջինս սրընթաց հարձակմամբ հունվարի 19-ին ներխուժեց Հասան-Ղալայի բերդ, թույլ չտալով, որ նահանջող թուրքերը կարողանան այստեղ պաշտպանության անցնել: Իրար խառնված թուրքական զորամասերը հետ գլորվեցին դեպի Էրզրում-Կարին:

Հունվարի 23-ին Կովկասյան բանակի զորքերը մոտեցան Կարգաբազար Դաղ, Հինիսին (Խնուս) tr:Kargabazar Dag Hinis: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական պաշտպանական դիրքերը գրավվեցին:

Խնուսի և Մուշի գրավում

Հունվարի 29-ին Կոստանդնուպոլսից վերադարձավ Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան (tr:Mahmut Kamil Paşa): Նա զգում էր, որ ռուսները ոչ միայն Էրզրումի վրա կհարձակվեն, այլև կվերսկսեն հարձակումը ռազմաճակատի հարավային թևում՝ Վանա լճի շուրջ: Խնուս քաղաքը (tr:Hınıs), որը գտնվում էր Էրզրումից դեպի հարավ-արևելք, փետրվարի 7-ին գրավվեց ռուսական զորքերի և նրանց շարքերում մարտնչող հայկական զորամասերի կողմից: Դրա նպատակն էր կանխել թուրքական համալրումների ժամանումը Մուշ քաղաքից՝ tr:Muş դեպի Էրզրում-Կարին:[2] Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան շարունակում էր փորձել ամրացնել իր զորքերի պաշտպանական գծերը: Արդյունքում նրա տրամադրության ներքո գտնվող զորային ռեզերվների մեծ մասը հեռացրեց Էրզրումից և միաժամանակ թուրքական հրամանատարության ուշադրությունը շեղեց դեպի Արևմտյան Հայաստանի հարավային ու կենտրոնական գավառները: Ռուսական զորքերին՝ հայկական զորաասերի աջակցությամբ, հաջողվեց նույն օրը ևեթ գրավել Մուշը՝ Մուշի ճակատամարտից հետո: Մուշ քաղաքը գտնվում էր Էրզրում-Կարինից 70 մղոն (մոտ 113 կմ) հեռավորության վրա:

Փետրվարի 11-ին և 12-ին ծանր մարտերի թատերաբեմ դարձավ Դեվե-Բոյուն լեռը: Վերջինս օսմանյան հրետանու դիրքերի համար շատ կարևոր հենակետ էր: Դեվե-Բոյունից դեպի հյուսիս Կովկասյան բանակի զորասյուները մոտեցան Կարգապազար լեռանը, որը թուրքերը համարում էին անանցանելի: Օսմանյան III բանակի X բանակային կորպուսը պաշտպանում էր ռուս-թուրքական ռազմաճակատի այս տեղամասը, և այդ կորպուսի հրամանատարը իր ենթակա դիվիզիաները այնպես էր տեղակայել, որ դրանք չէին կարող միմյանց աջակցել:[2] Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան հինգ դիվիզիա ուներ Դեվե-Բոյունի շրջանը պաշտպանելու համար, սակայն դանդաղ արձագանքեց այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում այդ դիրքերից դեպի հյուսիս:

Էրզրումի բերդ

Էրզրում-Կարինի ամրությունների գլխավոր համակարգն իրենից ներկայացնում էր դժվարանցանելի լեռներ, որոնք հմտորեն սարքավորված-կահավորված էին հզոր ամրաշինական կառույցներով:

Ակնառու լինելու համար կարելի է պատկերացնել, թե Էրզրումի մերձակայքի լեռներն ունեն լատինական «Z» տառի (հյուսիսը՝ «վերևից»): Վերին գիծը Գյաուր-դաղ լեռնաշղթան է (Շան լեռներ), ստորին գիծը՝ Փալանդյոքեն լեռները: Իսկ թեք գիծը Դեվե-Բոյնու լեռներն են, որոնք պաշտպանում են ճանապարհը դեպի Էրզրում քաղաք և նրա միջնաբերդ, որը գտնվում է 10 կմ դեպի արևմուտք, տառի «ստորին անկյան» հետևում:

Իսկ «վերին աջ անկյունը» ծածկված, պաշտպանված է Կարգա-բազարի լեռներով, որոնց և Գյաւոր-Դաղ լեռան միջև կա մի լեռնանցք՝ Գյուրջի-Բողազ: Այդ բոլոր լեռները բարձրաբերձ են, հասնելով մինչև 2400 մետրի, ընդ որում՝ դրանք բոլորը լավ պաշտպանված են հմտորեն կառուցված ամրություններով:

Հյուսիսային կողմից կառուցված էր դաշտային պաշտպանություն, իսկ Գյուրջի-Բողազով անցնող ճանապարհը «կողպված էր» երկու բերդերով: Դեվե-Բոյնու լեռը ընդհանրապես վերածված էր միասնական ամրաշինական դիրքի՝ նրա վրա երկու գծով կառուցված էր 11 ֆորտ: Այդ ֆորտերը քարե բազնայարուս աշտարակներ էին՝ հրանոթների համար նախատեսված հրակնատներով, և հարմարեցված էին շրջանաձև պաշտպանության համար: Հարավային կողմից՝ Փալանդյոքեն լեռնաշղթայի կողմից կառուցված էր ևս երկու ֆորտ: Ֆորտերի մատույցները պաշտպանված էին հողաթմբերով, խանդակների համակարգերով, նրանց միջև հաստատված էին միջանկյալ մարտկոցներ և գնդացրային բներ, որոնք կարող էին խաչաձև կրակով հրետակոծել և գնդակոծել ամբողջ տեղանքը: Պաշտպանական դիրքերի ընդհանուր երկարությունը կազմում էր 40 կմ:

Բերդաքաղաքը ռուսական զորքերի հրաձակման սպառնալիքի ներքո էր, թե՛ հյուսիսային, թե՛ հարավային կողմից: Իրենց նախորդ հաղթանակներով Կովկասյան բանակի զորքերն արդեն մաքրել էին իրենց ուղին դեպի Էրզրումի մատույցները: Այժմ ռուսները մտադիր էին գրավել Էրզրումը, որը Արևմտյան Հայաստանի ամենաուժեղ բերդաքաղաքն էր, և Օսմանյան կայսրության ու աշխարհի ամենահզոր բերդաքաղաքներից մեկը: Օսմանյան կայսրությունում Էրզրումը համարվում էր երկրորդ հզորագույն պաշտպանված քաղաքը: Էրզրումի պաշտպանության համար բերդաքաղաքում կար միավոր 235 հրետանի: Ամրությունները քաղաքը պաշտպանում էին 180 աստիճան աղեղով՝ երկու օղակ կազմելով: Էրզրումն ուներ 11 ֆորտեր՝ բերդեր և մարտկոցներ, որոնք պաշտպանում էին կենտրոնական տարածքը[3]։ Թևերը պաշտպանված էին երկու ֆորտերից բաղկացած խմբով՝ յուրաքանչյուր կողմից: Նախորդ ժամանակաշրջանում մղված մարտերի արդյունքում այժմ III Օսմանյան բանակի զինվորները քանակապես չէին բավարարում, որպեսզի այդ հսկայական բերդաքաղաքը պաշտպանեին իր ամբողջ պարագծով:[3] Թուրքական կորուստները կազմում էին 10.000 զինվոր, ևս 5.000 օսմանյան զինվոր գերի էր ընկել, շարքից դուրս էր եկել 16 միավոր հրետանի և 40.000 մարդ ապաստան էր գտել Էրզրումի բերդաքաղաքում:

Յուդենիչի պլան

Էրզրում-Կարինի ամրությունները գրավել ընթացքից, ինչպես Հասան-Ղալա բերդը, իրատեսական չէր: Գեներալ Յուդենիչը, հասկանալով դա, կանգնեցրեց իր զորքերի հարձակումը և սկսեց նախապատրաստել Էրզրումի գրոհը: Նա անձամբ էր ղեկավարում իր բանակի ավիաջոկատի աշխատանքը, վերջինսի խնդիրներ դնելով՝ մանրամասն օդային հետախուզություն կատարելու թուրքական դիրքերն ու ամրությունները: Յուդենիչի Կովկասյան բանակի զինվորներին սովորեցնում էին վարել գալիք մարտական գործողությունները՝ իրենց թիկունքում գտնվող բարձունքների վրա: Կշռադատվում և մշակվում էր զորքերի բոլոր տեսակների (հետևակ, հեծելազոր, հրետանի, օդուժ և այլն), հստակ փոխգործակցությունը: Դրա համար Կովկասյան բանակի հրամանատարը նորարարություն կիրառեց՝ ստեղծելով գրոհային ջոկատներ: Այսինքն՝ կարևորագույն ուղղությունների վրա հետևակի գնդերին տրվում էին հրանոթներ, լրացուցիչ գնդացիրներ և սակրավորական ստորաբաժանումներ, որպեսզի կարողանային քարուքանդ անել թշնամու երկարաժամկետ ամրությունները:

Գրոհին մասնակցելու համար ներգրավվեցին II Թուրքեստանյան բանակային կորպուսը և Կովկասյան I բանակային կորպուսը, իսկ ռեզերվը կազմում էին Սիբիրյան կազակական և 2-րդ Օրենբուրգյան կազակական բրիգադները: Էրզրումի գրավման համար նախատեսված զորքերի ընդհանուր է թվաքանակը կազմում էր 60.000 սվին և թուրք, 166 դաշտային հրանոթ, 29 հաւոբից և 16 միավոր 152 մմ տրամաչափի հրասանդներից կազմված ծանր դիվիզիոնը: Նախապատրաստման համար հատկացվեց 3 շաբաթ:

Գեներալ Յուդենիչի մտահղացումը կայանում էր նրանում, որ հյուսիսային աջ թևում ճեղքի թշնամու ճակատը, և, շրջանցելով թուրքերի ամենահզոր պաշտպանական դիրքերը, Էրզրումին հարվածի Դեվե-Բոյնու լեռնաշղթայի արևմտյան՝ ներքին կողմից՝ սպառնալով թուրքական III բանակի թևին և թիկունքին: Իսկ որպեսզի թշնամին չկարողանար մի տեղամասը ուժեղացնել մյուսի հաշվին, ապա անհրաժեշտ համարվեց, որպեսզի ռուսական զորքերը թշնամու դիրքերը գրոհեն միաժամանակ՝ ամրությունների ամբողջ գշի երկայնքով, տասը զորասյունով, առանց դադարներ առնելու, շուրջօրյա: Իր ուժերը գեներալ Յուդենիչը դասավորեց անհամաչափ՝ հարձակվող զորասյուները՝ ուժի տեսակետից անհավասար էին: Հարվածները հասցվում էին մի տեսակ «աստիճանաձև» աճեցմամբ և փոխադարձ ուժեղացման ջանքերով՝ դեպի աջ թևի կողմը:

Էրզրումի գրավում

Գրոհի սկզբում գեներալ Յուդենիչը որոշեց օգտագործել հանկարծակիության գործոնը և հարձակվել թուրքական դիրքերի վրա գիշերը, ձյունահողմի ներքո թաքնված: Հարձակվող ռուսական զորամասերը իրենց քողարկման խալաթներով (маскхалат) անտեսանելի էին դառնում թշնամու համար:

Հարձակումը նշանակված էր 1916 թվականի փետրվարի 11-ին: 1916 թվականի փետրվարի 11-ին ռուսական զորքերը սկսեցին հրետակոծել Էրզրումի շուրջ գտնվող ռազմական ամրությունները: Հրետանային նախապատրաստությունը սկսվեց ժ. 14.00-ին, իսկ ժամը 23.00-ին ռուսական Կովկասյան բանակի զորամասերն արդեն անցան գրոհի: Գեներալ Յուդենիչի սպասումներն արդարացան, քանզի թուրքերը, չտեսնելով սպիտակազգեստ հարձակվող ռուսական զորամաասերը, հարկադրված էին կրակը վարել կուրորեն, ենթադրաբար, գործնականում վնաս չհասցնելով: Կովկասյան բանակի զինվորները ներխուժեցին թշնամու դիրքերը:

Երկու օր շարունակ Կովկասյան բանակի հարվածային խմբավորումների մարտիկները քարուքանդ էին անում թուրքական պաշտպանության հյուսիսային թևը: Կովկասյան բանակի զորամասերը մեկը մյուսի հետևից վերցնում էինթուրքական ամրացված դիրքերը, մի ֆորտը մյուսի հետևից: Փետրվարի 12-ին Կովկասյան բանակը գրավեց Կարա-Գյոբեկ ֆորտը (tr:Kara-gobek): Փետրվարի 13-ին ռուսական զորքերը շարունակեցին իրենց գրոհները:

Կատաղի մարտեր սկսվեցին: Թուրքական գումարտակները, որոնք իրենց կազմում ունեին 350-ական զինվոր ստիպված էին պաշտպանվել 1.000-ական մարդուց բաղկացած ռուսական գումարտակների դեմ: Մարտնչող թուրքական կողմը շատ քիչ համալրումներ ուներ:

Փետրվարի 13-ին ռուսական զորքերը հայտնվեցին Էրզրումի ամրացված շրջանի հյուսիսային թևի ամենաուժեղ ու վերջին բնագծի մոտ, որը ֆորտ Թաֆթան էր: Փետրվարի 14-ին Կովկասյան բանակի զորքերը, մասնավորապես՝ կուբանյան պլաստունները և II թուրքեստանյան կորպուսի հրաձիգները վերցրեցին ֆորտ Թաֆեթը (tr:Fort Tafet): Դրանով իսկ ռուսական զորքերը ներթափանցեցին Էրզրումի երկու պաշտպանական օղակների ներսը:

Փաստորեն թուրքական ամրությունների համակարգի ամբողջ հյուսիսային թևի քարուքանդ լինելու հետևանքով Կովկասյան բանակի զորքերը մտան Էրզրումի պաշտպանության թիկունքը: Այնժամ Յուդենիչը հրամայեց գեներալ Պրժևալսկու բանակային կորպուսին՝ փոխել հարված ուղղությունը և շարժվել ոչ թե դեպի Էրզրում, այլ, թեքվելով դեպի արևմուտք՝ դեպի Հաշ-Կալա, գրավել III օսմանյան բանակի հաղորդակցության ուղիները: Ճեղքման մեջ մտցվեց հեծելազորը: Մասնավորապես Սիբիրյան բրիգադը և V կազակական դիվիզիայի զորագնդերը: Միաժամանակ՝ գեներալ Կալիտինի Կովկասյան I բանակային կորպուսը վերսկսեց գրոհները ճակատից, և թուրքերը սասանվեցին՝ Կովկասյան բանակը մտնում էր նրանց խորը թիկունքը, սպառնալով կտրել նահանջի ուղիները: Դեռ պաշտպանվող ֆորտերը վերացվեցին ծուղակների: Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել այդ ֆորտերը՝ Ուզուն-Ահմեդ, Կաբուրգա, Օրթայունով, Սիվշիկ[4]։

Երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը կարողացան հասնել Էրզրումի դաշտի վրա գերիշխող բարձունքներին: III Օսմանյան բանակի հրամանատարության համար ակնհայտ էր դառնում, որ քաղաքը կորսված է: Թուրքական զորամասերն ու ստորաբաժանումները սկսեցին նահանջել ռազմաճակատի ամրացված գոտիներից դեպի քաղաք, իսկ ապա սկսեցին տարհանվել նաև բուն քաղաքից:

Փետրվարի 15-ին, Էրզրումի շուրջ գտնվող մնացած ֆորտերից, ըստ որոշ աղբյուրների՝ թուրքական զորքերը տարհանվեցին: Այլ տվյալներով՝ թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերմանական հրամանատարության գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:[4]

Փետրվարի 16-ի վաղ առավոտյան Կովկասյան բանակի կազակական զորքերը առաջինն էին, որ մտան Էրզրում:[1] Թուրքական զորքերին հաջողվեց դուրս գալ քաղաքից և կարողացան խուսափել շրջապատվելուց, թեպետ նրանց կորուստները արդեն իսկ շատ մեծ էին: Ռուսները գրավել էին թուրքական հրետանու 327 միավոր հրանոթ: III Օսմանյան բանակի օժանդակ զորամասերը և շուրջ 250 վիրավորներ, որոնք գտնվում էին Էրզրումի հոսպիտալում, գերեվարվեցին: Այլ տվյալներով՝ գերի ընկավ թուրքերի ամբողջ 4-րդ զորագունդը:

Երբ ռուսական բանակի օդային հետախուզությունը պարզեց, որ թուրքական զորքերը նահանջում են, ռուսական հետապնդումը այնքան արդյունավետ չեղավ, որքան այն կարող էր լինել:[3] Սա ևս հայոց պատմության՝ պարզաբանման կարիք ունեցող հարցերից է: Այնինչ, III Օսմանյան բանակի X և XI բանակային կորպուսների մնացորդներին հաջողվեց մեկ այլ պաշտպանական գիծ ստեղծել Էրզրումից 8 կմ դեպի արևմուտք:

Արդյունքներ

Յուդենիչ Կովկասյան բանակը 150 կմ առաջ շարժվեց: Թուրքական III բանակն ամբողջությամբ ջախջախվեց: Այն կորցրեց իր կազմի կեսից ավելին. 66 հազար մարդ սպանված և վիրավոր, 13 հազարը գերի ընկավ: Վերցվեցին 9 զինադրոշ և 323 հրանոթ:

Մ.Կ. Լեմկեն (Лемке М. К.) իր «250 օր ցարական զորակայանում» (Մինսկ, 2003 թ.), ռուսերեն՝ «250 дней в царской ставке» (Мн., 2003), հաղորդում էր ռուսական բանակի հետևյալ կորուստների թվաքանակի մասին. «Ամբողջ Էրզրումի ռազմական օպերացիան մեզ արժեցավ 14 450 մարդ սպանված, վիրավոր և գերեվարված. սա դեռ շատ չէ»: Ռուսերեն՝ «Вся эрзерумская операция стоила нам 14 450 чел. ранеными, убитыми и попавшими в плен; это ещё не много»[5].

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Walton, 1984
  2. 2,0 2,1 2,2 W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9
  3. 3,0 3,1 3,2 Allen & Muratoff
  4. 4,0 4,1 Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.
  5. Лемке М. К. в книге «250 дней в царской ставке» (Мн., 2003)

Գրականություն

  • Կաղապար:Книга:Корсун Н. Г.: Эрзерумская операция
  • Масловский Е. В. Мировая война на кавказском фронте, 1914—1917 г.: стратегический очерк. — М. :Вече, 2015. — 544 с. — ISBN 978-5-4444-1754-6
  • Российская государственная библиотека (2014). «Забытые герои. Потерянные победы. Кавказский фронт Первой мировой войны 1914-1918». Виртуальные выставки Российской государственной библиотеки.
  • Walton, Robert (1984). The Fall of Erzerum. Marshall Cavendish Illustrated Encyclopedia of World War I, vol iv. New York: Marshall Cavendish Corporation. էջեր 1262–1264. ISBN 0-86307-181-3.
  • W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921, 351-363. ISBN 0-89839-296-9

Արտաքին հղումներ