«Վիլյամ Սարոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
Տող 143. Տող 143.
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]]
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]]
[[Կատեգորիա:Օսկարակիրներ]]
[[Կատեգորիա:Օսկարակիրներ]]
[[Կատեգորիա:Պուլիտցերյան մրցանակակիրներ]]

15:08, 11 Հուլիսի 2019-ի տարբերակ

Վիլյամ Սարոյան
Ծնվել էօգոստոսի 31, 1908(1908-08-31)[1][2][3][…]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էմայիսի 18, 1981(1981-05-18)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանԳերեզման Վիլյամ Սարոյանի և Արարատ Գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, վիպասան, գրող, բանաստեղծ և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖրեզնոյի բարձրագույն դպրոց
Ստեղծագործական շրջան1934-1980
Ուշագրավ աշխատանքներՔո կյանքի ժամանակը, Իմ անունն Արամ է և Մարդկային կատակերգություն
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինՔերոլ Գրեյս
ԶավակներԼյուսի Սարոյան և Արամ Սարոյան
ԱզգականներՌոս Բաղդասարյան
Изображение автографа
Վիլյամ Սարոյան Վիքիքաղվածքում
Վիլյամ Սարոյան Վիքիդարանում
 William Saroyan Վիքիպահեստում
Վիլյամ Սարոյանին նվիրված փոստային նամականիշ

Վիլյամ Սարոյան (օգոստոսի 31, 1908(1908-08-31)[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - մայիսի 18, 1981(1981-05-18)[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

Կենսագրություն

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։


Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…

1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։

1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։

1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։

1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Սարոյան-Հեմինգուեյ «հակամարտությունը»

Ժամանակին Վիլյամ Սարոյանը և նույն ժամանակների մեկ այլ նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյը միմյանց հետ բուռն վեճեր են ունեցել և նրանց կռիվների մասին կան բազմաթիվ պատմություններ: Երբեմն մարդիկ՝ հասարակությունը, գրաքննադատները, լագրողները իրենք եին Սարոյան-Հեմինգուեյ վեճերը արհեստականորեն ավելի թեժացրել: Իրականում երկու գրողների ու նրանց փոխհարաբերություների մասին ավելի շատ խոսվել է քան եղել է իրականում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սարոյանը նոր էր մուտք գործել գրական աշխարհ: Քննադատները միանգամից նրա գրելաոճը նմանեցրին Սթայնբեքին ու Ֆոլքներին: Շատերն էլ զուգահեռներ տարան Հեմինգուեյի հետ, վերջինս այդ փաստն ընդհանրապես չէր ընդունում: Պատճառը գուցե այն էր, որ հենց առաջին լույս տեսած գրքի, իր «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում Շեվուրդ Անդերոնի անվան կողքին Սարոյանը հիշատակել էր նաև Հեմինգուեյին՝ իրեն բնորոշ անչար հեգնանքով: Այդ առթիվ Հեմինգուեյը պատասխանել էր հանրահայտ «Esquire» ամսագրում և այդտեղ Սարոյանին բնութագրել որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրողի, որին թվում է թե ինքը կարող է ինչ-որ փոփոխութըուններ անել:

Նույնիսկ գրականագետների և լրագրողների համեմատականները սկսեցին ոչ միշտ Հեմինգուեյի օգտին աշխատել, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում մի այսպիսի տող հայտնվեց. «Ճիշտ է, գուցեև Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ ե ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»:

Այս խոսքերը մեծ ճանաչում ձեռք բերեցին այդ ժամանականերում և դա դարձավ պատճառ, որ Հեմինգուեյի, Սարոյանին ուղված, ուսուցողական տոնով հոդվածի մեջ մասնավորապես ասվեր. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քո համար»: Պատահական չէր նաև, որ այս դիտարկումը Հեմինգուեյը արել էր գրող-ստեղծագործություն փոխհարաբերություն տեսանկյունից:Թերևս երկու գրողների ընդհանրությունը միայն անձնապես՝ սեփական փորձով ստուգածի ու ապրածի մասին գրելն էր: Սակայն Հեմինգուեյի «Կորուսյալ սերնդի» հերոսին հակադրվում էր Սարոյանի գրական հերոսը:

1939թ-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար 32-ամյա Սարոյանը արժանացավ գրականության ամենահեղինաավոր Պուլիցերյան մրցանակի, որը կազմում էր 10.000 դոլար (այդ ժամանակ ահռելի գումար էր) և որից Սարոյանը հրաժարվում է՝(այդ ժամանակ Սարոյաննը և իր ընտանիքը կարիքի մեջ էին) պատճառաբանելով, որ պետությունը չպետք է միջամտի գրականության գործերին: Սարոյանի այս արարքը առաջացնում է ոչ միայն իր հակառակորդների, այլև առաջին հերթին իր ընտանիքի անդամների ու բարեկամների դժգոհությունը:Դրան հետևեց Հեմինգուեյի հեգնանքը: «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը: Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հետո Նոբելյան մրցանակ են ստանում»: Սինկլեր Լյուիսը հրաժարվել է Պուլիցորյանից և 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի:Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ: Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ:

Իսկ Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի խոսքերն իր արարքների վերաբերյալ, և նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքը` ասելով. «Իրականում այն (պատմվածքը) ինձ դուր է գալիս… անգամ եթե նա ( Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ թույլ չի տալիս, որ դեպքի արագությունն իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա, ինչ խոսք, մեծ նվաճում է»: Իսկ Հեմինգուեյը պատասխանւմ է. «Աստված վկա է, պարոն Սարոյան, եղել են մարդիկ՝ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել: Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են»:

1943 թվականը հաջողակ դարձավ միայն Սարոյանի համար: 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար նա արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Նույն թվին էկրան էր բարձրացել նաեւ Հեմինգուեյի «Ու՞մ համար է ղողանջում զանգը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ, ի դեպ, խաղում էր ազգությամբ հայ Ակիմ Թամիրովը և այդ ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել էր մրցանակի: Ֆիլմն առաջադրված էր 7 տարբեր անվանակարգերում, որոնցից ոչ մեկում Հեմինգուեյը ներառված չէր: Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջև խոնարհվեց ողջ Հոլիվուդը: Առհասարակ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն իր հաջողությամբ, կինոթատրոններում հաճախելիությամբ եւ ստացված հասույթով մի քանի անգամ գերազանցեց «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմին: Ու թեև մասնագիտական հաջողությունների պակաս Հեմինգուեյը չուներ, սա ևս մեկ անգամ ակամա լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում:

Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում

Պատմություններ կան նաեւ այն մասին, որ իբրև նրանց վեճերը երբեմն անցել են անգամ ծեծի: Ամենահայտնի պատմությունն այն է, որ հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, բացականչում է. «Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը»: Եվ այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, ու բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են սոսկալի ծեծկռտուք` ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը: Նման պահվածք սպասելի էր երկուսից էլ, քանի որ երկուսն էլ խառնվածքով շատ տաքարյուն էին, և գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի շատ կարևոր բայց: Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ, եւ անհնար էր, որ Հեմինգուեյի և Սարոյանի մասին շատ անգամ կեղծ պատմություններ գրող, անվերջ սենսացիաներ փնտրող այդ թվականների մամուլը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու մեծերի կռվին: Այդ ժամանակների համար դա իսկապես ցնցող սենսացիա էր: Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում տող անգամ չի գրվում այդ մասին: Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը, եւ թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը:

Կա ծեծկռտուքի ևս մի պատմություն, որը շատերի կարծիքով նույնպես հորինված է: Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում ինչ-որ գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում բոհեմական հայտնի բարերից մեկում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով Հեմինգուեյը բացականչում է. «Ի˜նչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը»: Եվ իբրև դրանից հետո Սարոյանը սկսում է բռունցքներով հարվածել Հեմինգուեյին: Ըստ էության, այս պատմությունը ևս քիչ հավանական է․ Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ կնոջ հետ գտնվում էր Փարիզում: Սակայն Հայաստանում տված հարցազրույցներից մեկում Սարոյանն ամեն դեպքում խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ և ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ ազգային արժանապատվությունս վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Հեմինգուեյին Սարոյանը, եւ հետո հավելել, - բայց նա հարբած էր»:

Ասում են նաև, որ Փարիզի սրճարաններից մեկում մինչև հիմա մի ցուցանակ է կախված, որի վրա գրված է․ «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»:

Վ. Սարոյանից մի շարք երկեր և մասնավորապես պիեսներ բնագրից հաջողությամբ հայերեն են թարգմանել Սամվել Մկրտչյանը, Զավեն Բոյաջյանը[6], Էլֆիք Զոհրաբյանը և ուրիշներ:

Վիլյամ Սարոյանի Տուն-Թանգարան

2018 թ․ Օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, գրողի տանը, որտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին 17 տարիրները, բացվեց գրողի տուն-թանգարանը[7]։ Տան մեջ ցուցադրված են գրողի կյանքի տարբեր շրջաններից լուսանկարներ, Սարոյանի գունանկարներ, գծանկարներ, նրա գրքերի շապիկները։ Թանգարանում կա նաև հատուկ սենյակ, որտեղ գտնվում է գրողի հոլոգրամը[8]։

Երկեր

  • The Summer of Beautiful White Horse (Սպիտակ ձիու ամառը), 1938
  • My name is Aram (Իմ անունը Արամ է), 1940
  • The Human Comedy (Մարդկային կատակերգություն), 1943
  • Սարոյեան Վիլյամ, Հայն ու աշխարհը, Անթիլիաս, 1940, 108 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Գահիրէ, 1943, 144 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պոսթըն, 1943, 268 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Անունս Արամ է (պատմուածքներ), Պոսթըն, 1945, 192 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Տասը նոր պատմուածքներ, Գահիրէ, 1947, 72 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պէյրութ, 1954, 268 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ժամում 60 մղոն (պատմվածքներ), Երևան, 1959, 216 էջ
  • Սարոյան Վիլյամ, Մարդկային կատակերգություն, Երևան, 1959, 236 էջ
  • Սարոյան Վիլյամ, Իմ սիրտը լեռներում է (պիեսներ), Երևան, 1963, 356 էջ
  • Սարոյան Վիլյամ, Վեսլի Ջեկսոնի արկածները, Երևան, 1965, 404 էջ
  • Սարոյան Վիլյամ, Խաղողի այգին (պիես), Երևան, 1971, 76 էջ
  • Սարոյան Վիլյամ, Թոմ Թրեյսիի վագրը, Երևան, 1978, 84 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Պէյրութ, 1978, 372 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պէյրութ, 1980, 264 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 1. Պատմվածքներ, Իմ անունը Արամ է, Մարդկային կատակերգություն, Երևան, 1986, 488 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 2. Պիեսներ, Պատմվածքներ, Թրեյսիի վագրը (վիպակ), Երևան, 1987, 400 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 3. Վեսլի Ջեքսոնի արկածները, Պատմվածքներ, Երևան, 1988, 480 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 4. Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Հայրիկ, դու խենթ ես, Հուշապատումներ, Երևան, 1991, 432 էջ
  • Սարոյեան Վիլյամ, 6 թատերախաղ, Պէյրութ, 1994, 276 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Անունս Արամ է (պատմուածքներ), Հալէպ, 1994, 240 էջ
  • Սարոյան Վիլյամ, Իմ անունն է Սարոյան (պատմվածքներ, բանաստեղծություններ, թատերգություն), Երևան, 1994, 104 էջ
  • Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Պէյրութ, 1994, 240 էջ
  • Սարոյան Վիլյամ, Պատմվածքներ: Հարցազրույցներ: Էսսեներ Հուշեր, Երևան, 1999, 132 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ահա եկավ, ահա գնաց, դուք գիտեք, թե ով (ինքնակենսագրություն), Երևան, 2003, 176 էջ
  • Սարոյան Վիլյամ, Հայաստանի Անդրանիկը (պատմվածքներ), Երևան, 2004, 88 էջ
  • Սարոյան Վիլյամ, Առակներ, Երևան, 2008, 152 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Ա. Պատմվածքներ, Երևան, 2008, 228 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Բ. Պիեսներ, Երևան, 2008, 228 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Գ. Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Հայրիկ, դու խենթ ես, Երևան, 2008, 304 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ծնունդներ: Օրագիր: Գրառումներ, Երևան, 2008, 124 էջ
  • Սարոյան Վիլյամ, Հայկական եռագրություն (պիեսներ), Երևան, 2008, 184 էջ
  • Սարոյան Վիլյամ, Մարդկության տոնը (պատմվածքներ), Երևան, 2008, 388 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ձեռնամարտ ի սեր Հայաստանի (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2009, 320 էջ
  • Սարոյան Վիլյամ, Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր, Երևան, 2010, 576 էջ
  • Սարոյան Վիլյամ, Բան ունեմ ասելու (հինգ պիես), Երևան, 2012, 160 էջ
  • Սարոյան Վիլյամ, Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 240 էջ
  • Սարոյան Վիլյամ, Վերջին բառը սեր էր (պատմվածքներ), Երևան, 2012, 109 էջ
  • Սարոյան Վիլյամ, Փող սարքելը և տասնիննը այլ շատ կարճ պիեսներ, Երևան, 2013, 104 էջ
  • Սարոյան Վիլյամ, Անունս Սարոյան է, Երևան, 2014, 108 էջ
  • Սարոյան Վիլյամ, Հեծանվորդը Բեվերլի Հիլզից, Երևան, 2016, 184 էջ

Ժառանգություն

Վիլյամ Սարոյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Գրականություն

  • Վահագն Դավթյան, «Բարի հսկան», Սովետական գրող», 1978։
  • Վարսիկ Գրիգորյան, Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Երևան, «Վան Արյան», 2010, 224 էջ։
  • Լևոն Մկրտչյան, Վիլյամ Սարոյանը մոտիկից, Երևան, «Սովետական գրող», 1978, 152 էջ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիլյամ Սարոյան հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սարոյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սարոյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սարոյան» հոդվածին։