«Ալավերդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Ալավերդի ՀոթՔաթ գործիքով
Տող 215. Տող 215.


[[Կատեգորիա:Մ.թ.ա. 3-րդ դարի հիմնադրումներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 3-րդ դարի հիմնադրումներ Հայաստանում]]
[[Կատեգորիա:Ալավերդի]]

12:52, 17 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալավերդի (այլ կիրառումներ)
Քաղաք
Ալավերդի
Զինանշան

Ալավերդին Սանահին ավանից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Հիմնադրված է1899 թ.
Այլ անվանումներմինչև 1935Մանես
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես18 կմ²
ԲԾՄ1 000 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն13 000[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի,
Հույն ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունալավերդցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(253)
Փոստային դասիչ1701-1708
Պաշտոնական կայքalaverdi.am
Ալավերդի (Հայաստան)##
Ալավերդի (Հայաստան)
Ալավերդի (Լոռու մարզ)##
Ալավերդի (Լոռու մարզ)

Ալավերդի, հանքարդյունաբերական քաղաք Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզում՝ Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։

Անվան ստուգաբանություն

Որոշ աղբյուրների համաձայն, Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս արևելք, մոտ 10 կմ հեռավորության վրա։

Հիմք ընդունելով վրացի պատմաբան Յա. Լորդքիպանիձեի գրությունները, ով հիշել է երկրամասում 17-րդ դարի թուրք բորչալու ցեղի առաջնորդ Ալլահվերդի Մոլլա օղլի Թարխանի ունեցած դիրքի ու հեղինակության մասին, պատմաբան Կ. Կոզմոյանը գրել է.

Հենց այդ քոչվոր ցեղապետի անունն է, որ ցավոք սրտի, մինչև օրս կրում է Սովետական Հայաստանի գունավոր մետաղագործության կենտրոն, սոցիալիստական քաղաք Ալավերդին[2][3]։

Որոշ պատմական աղբյուրներ պնդում են որ քաղաքը որպես ավան ձևավորվել է 19-րդ դարի վերջերին երբ 1899 թվականին մի ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին։ Նոր կառուցված ձուլարանն առաջին արտադրանքը տվեց 1900 թ. հունիսի 10-ին։ Արտադրամասից ոչ հեռու բանվորների համար բարաքներ կառուցեցին՝ կամաց-կամաց դնելով ապագա քաղաքի հիմքը։ Այս ամենի նախաձեռնող ֆրանսիացի ինժեներ «Մանես»-ի անունով էլ կոչվեց նոր բնակավայրը։[4]

Պատմություն

Վաղնջական ժամանակներ

Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3–րդ հազարամյակի երկրորդ կեսին, իսկ մյուսները՝ մ. թ. ա. 13-10–րդ դարեր։

Վաղ միջնադարից արդեն Ալավերդին եղել է Հարավային Կովկասի և, ընդհանրապես, ամբողջ Առաջավոր Ասիայի մետաղագործական կարևոր օջախ։

Միջնադար

Ժամանակակից Ալավերդու տարածքը հայտնի էր դեռևս Արտաշես Ա-ի ժամանակվանից (մ. թ. ա. 189 - 160), որպես Մեծ Հայքի թագավորության մի մասը Գուգարքի նահանգի Ձորոփար գավառում։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանումից հետո այն անցել է Սասանյաններին։ Արաբական արշավանքների ժամանակ մինչև 9–րդ դարի վերջերը եղել է Արմինիա վարչական միավորի կազմում։

10–11–րդ դարերում այդտեղ իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվականին այն Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ 12-14–րդ դարերում եղել է Զաքարյան Հայաստանի կենտրոնական շրջաններից մեկը։

Պղնձահանքերի օգտագործման մասին տեղեկություններ են պահպանվել Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում։ Ալավերդին պատմական աղբյուրներում հիշատակվում է Մանես կամ Մանասգոմեր անուններով։

17-20–րդ դարեր

Ալավերդու շրջակա լեռները

Օգտվելով հայերի պառակտումից և թուլությունից՝ վրաց Հերակլ II թագավորն պղնձի հանքերն օգտագործելու համար 1770 թվականին Պոնտոսից 800 հույն ընտանիք բերել և բնակեցրել է Ալավերդիում։ Նրանք 1763 թվականին կառուցեցին Ախթալայի արծաթագործական, 1770 թվականին՝ Ալավերդու և Շամչաղի պղնձաձուլական գործարանները, Մադան գյուղը։ Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին։ Արխիվային նյութերում հանքագործները հիշատակվում են «արծաթաճորտ» անունով։

1795 թվականին Ալավերդին ասպատակեց Աղա-Մահմեդ խանը՝ ավերելով հանքերն ու գործարանները, կոտորելով ու գերելով շատ հանքագործների։

1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին։ Ալավերդու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։ 1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և մասնավորապես՝ Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ։

1887 թվականից գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը։ Ալավերդիում պղնձի արտադրության զարգացմանը խթանեց 1899 թվականին կառուցված Թիֆլիս–Ալեքսանդրապոլ երկաթուղին։

Ֆրանսիական ձեռնարկատերերի ջանքերով ծավալվեցին հանքահետախուզական աշխատանքներ, բացվեցին նոր հանքահորեր, կառուցվեցին հզոր հնոցներ, հալոցքային վառարաններ, արհեստանոցներ, օժանդակ շինություններ։ Ալավերդիում պղնձի արտադրությունը դրվեց արդյունաբերական հիմքի վրա։ 1909 թվականին Դեբեդի վրա կառուցած հիդրոէլեկտրակայանն սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Ալավերդու ձեռնարկություններին։ Բնական հարստությունների և բանվորական ուժի շահագործմամբ հանդերձ այս միջոցառումներն խթանեցին պղնձի արտադրության արագ աճը՝ մեծ շահույթ բերելով ձեռնարկատերերին։ 1913 թվականին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ հինգերորդը, որի 67 % բաժին էր ընկնում Ալավերդու և նրա շրջակայքի ձեռնարկություններին։

ԽՍՀՄ ժամանակաշրջան

Անգլիական զորքերի նախաձեռնությամբ 1919 թվականին հունվարին ստեղծվեց Լոռու «Չեզոք գոտին», որի մեջ 41 գյուղերի հետ մտավ նաև Ալավերդու արդյունաբերական շրջանը։ Իրենց տիրապետությունն ամրապնդելու համար անգլիական օկուպացիոն ուժերը ազգամիջյան կռիվներ էին հրահրում՝ ջանալով խախտել հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը։ Անգլիացիների թողտվությամբ «Չեզոք գոտին» զավթեցին Վրաստանի մենշևիկյան կառավարության զորքերը։ 1921 թվականին փետրվարի 11-ին «Չեզոք գոտու» աշխատավորները Լոռու հեղկոմի ղեկավարությամբ ապստամբեցին և 11-րդ կարմիր բանակի օգնությամբ, համառ մարտերից հետո, տապալեցին օկուպանտների լուծը։ Ալավերդիում փետրվարի 12-ին հաստատվեց խորհրդային իշխանություն։

Քաղաքաշինություն

Ալավերդու Մետալուրգ մարզադաշտը
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթող

1920–1930 թվականներին Ալավերդու բանվորական ավանն ընդգրկում էր միայն Մանեսը։ Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճելով՝ Ալավերդին աստիճանաբար իր շրջագծի մեջ է վերցրել Լենհանքերը, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը՝ ավանով հանդերձ, Ակները։ Ալավերդու հատակագծման աշխատանքներն սկսվել են 1929–1930 թվականներին՝ ճարտարապետ Մ.Մազմանյանի ղեկավարությամբ։ Այդ հատակագիծը վերահաստատվել է 1946 թվականին։

1959–1962 թվականներին ճարտարապետ Լևոն Չերքեզյանի գլխավորությամբ կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը։ Քաղաքը կառուցվել է բավականին բարդ ռելիեֆում, որին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրությունները՝ 750-1400 մ և ընդգծված թեքությունները՝ մինչև 35 աստիճան։ Ալավերդին

Հաղթահարվել են ռելիեֆով պայմանավորված կառուցապատման դժվարությունները՝ վերակառուցվել ու վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք, ստեղծվել են տրանսպորտային կապեր տարբեր բարձրությունների վրա գտնվող քաղաքի թաղամասերի միջև։ Դեբեդի ձախ ափին նախահեղափոխական շրջանում ֆրանսիացիների կառուցած բանվորական անշուք բարաքների փոխարեն կառուցվել է քարակերտ բազմահարկ շենքերի բնակելի թաղամասը։ Նախագծվել և կառուցվել են բազմաթիվ հասարակական, արտադրական ու վարչական շենքեր, այդ թվում՝ քիմիական կոմբինատի համալիրը, մշակույթի պալատը, պիոներների պալատը, լայնէկրան կինոթատրոնը, կապի տունը, հանրախանութը, հյուրանոցը, քաղաքապետարանի շենքը։ Դեբեդ և Լալվար գետերի վրա կառուցվել են նոր կամուրջներ։ Ալավերդիում և Սանահինում կառուցվել են 1941–1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշսւրձաններ։ Սանահին Սարահարթումկառուցվել է երկու միկրոշրջան՝ 12 000 մարդու համար։ Սարահարթը քաղաքի հետ կապված է խճուղով և 1000 մ երկարությամբ մարդատար ճոպանուղով։

Բնակչություն

Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից 1770–ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։

Ալավերդու ազգաբնակչության փոփոխությունը 1831–2010 թվականների ժամանակահատվածում[5][6]


Տնտեսություն

Հանքարդյունաբերություն

Ալավերդու պղնձամոլիբդենային գործարան

1934 թվականին շահագործման հանձնվեցին պղնձարջասպի, 1939 թվականին՝ ծծմբաթթվի, 1947 թվականին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ 1932 թվականին Ձորագետի հիղրոէլեկտրակայանի կառուցմամբ ընդլայնվեց Ալավերդու արդյունաբերության էներգետիկ հիմքը։ Երկրաբանական հետախուզությունների շնորհիվ հայտնաբերվեցին նոր հանքավայրեր։ 1945 թվականին պղնձարջասպի և ծծմբաթթվի գործարանների միացմամբ ստեղծվեց քիմիական գործարանը։ 1949 թվականին Ալավերդիում առաջին անգամ ստացվեց վայերբարսային պղինձ, որը որպես հումք օգտագործվում է հատկապես Երևանի կաբելի գործարանում։

1957 թվականին կազմակերպվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Ալավերդին մտավ Խորհրդային Միության գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնների շարքը։ 1969 թվականին քաղաքի արդյունաբերական արտադրանքի մոտ 90 %–ը տվել են արտադրության այդ ճյուղերը։ ԽՍՀՄ–ում և արտասահմանյան տասնյակ երկրներում հայտնի էր Ալավերդու պղնձարջասպը։

Ալավերդիում զարգացել էր նաև թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Ստեղծվեցին հացի, պանրի, գարեջրի գործարաններ, տեքստիլ և կարի ֆաբրիկաներ, բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններ։

1972 թվականին Ալավերդու ձեռնարկությունների բանվորների թիվն անցնում էր 5 հազարից, աշխատում էին բարձրագույն կրթությամբ ավելի քան 500 մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, գյուղատնտեսներ։ Ալավերդիում գործում է Երևանի լեռնա-մետալուրգիական ԳՀԻ-ի բաժանմունքը։

Զբոսաշրջություն

Ալավերդու զբոսաշրջային երթուղիները

Ալավերդին գտնվում է Հայաստանի հյուսիս–արևելյան զբոսաշրջային ճանապարհի խաչմերուկում և շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես անտառապատ սարեր և ձորեր, այնպես էլ քչքչան գետեր և լեռնային լճակներ։ Բնությունը հարուստ է վայրի մրգերով և հատապտուղներով։ Քաղաքին մոտ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի և 966 թվականի Սանահինի վանքային համալիրները, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 1171 թ․–ի Քոբայրի վանքը, 5–6-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 7–րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով։

Տրանսպորտ

Սանահին կայարանի գլխավոր շենքը

Ալավերդի քաղաքի ներքին և արտաքին տրանսպորտային համակարգը հիմնականում հարմարեցված է զբոսաշրջային ճանապարհներին։ Գործում է Երևան–Ալավերդի, Վանաձոր–Ալավերդի միկրոավտոբուսային ուղղությունները։ Վրաստանից Ալավերդի կարելի է հասնել Երևան–Թբիլիսի միկրոավտոբուսներով։ Ավտոբուսային ցանց է գործում նաև հարակից բնակավայրերի, այդ թվում՝ Հաղպատ, Սանահին, Օձուն գյուղերի, ինչպես նաև Ախթալա քաղաքի հետ տրանսպորտային կապը ապահովելու համար։ Օրվան ցանկացած ժամի աշխատում են տաքսիները, որոնք այցելուներին կհասցնեն վերընշված յուրաքանչյուր զբոսաշրջային օբյեկտ։ Ալավերդիով է անցնում նաև Երևան–Թբիլիսի երկաթուղին, որը կանգառ է կատարում Սանահին կայարանում։

Քաղաքի երկու մասերը՝ բուն քաղաքը և Սանահին ավանը միմյանց հետ կապվում են նաև ճոպանուղիով։

Թատրոն

  • Ալավերդու թատրոնը հիմնադրվել է 1934 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանի ղեկավարությամբ, որը գործել է մինչև 1952 թվականը։ 1953 թվականին թատրոնի փակվելուց հետո Ալավերդում մնացած դերասանները ստեղծում են ինքնագործ թատերախումբ, որը 1959 թվականին ստանում է ժողովրդական թատրոնի կոչում։ Այդ ժողովրդական թատրոնի բազայի վրա 1990 թվականին ստեղծվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Ալավերդու մասնաճյուղը, որը 1993 թվականց դառնում է համայնքային թատրոն և մինչև այժմ գործում է որպես Ալավերդու քաղաքային թատրոն։

Ալավերդու ժողովրդակն գործիքների համույթ

Հեռուստատեսություն և մեդիա

Կրթություն

Քաղաքում գործում է 6 մանկապարտեզ, որտեղ դաստիարակվում են 420 երեխա, 10 հանրակրթական դպրոց 2000 աշակերտով, արվեստի 3, այդ թվում՝ Ա. Պապոյանի անվան գեղարվեստի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներ ընդհանուր 60 աշակերտով, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն 15 սանով։

Կրթական համակարգի մաս են կազմում նաև Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղը, Ալավերդու պետական քոլեջը ավելի քան 100 ուսանողով և Ալավերդու արհեստագործական ուսումնարանը[7]։

Կլիմա

Ալավերդու եղանակը հիմնականում խոնավ է, գարնանը և աշնանը հաճախակի են անձրևները և մառախուղը։

Ալավերդիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին օրական °C (°F) −7.4
(18.7)
−5.5
(22.1)
−1
(30)
6
(43)
11.1
(52)
14.3
(57.7)
17.6
(63.7)
17.7
(63.9)
13.6
(56.5)
7.9
(46.2)
1.9
(35.4)
−3.9
(25)
6.1
(43)
Տեղումներ մմ (դյույմ) 23
(0.91)
27
(1.06)
35
(1.38)
67
(2.64)
111
(4.37)
104
(4.09)
64
(2.52)
49
(1.93)
45
(1.77)
41
(1.61)
31
(1.22)
22
(0.87)
615
(24.21)
աղբյուր: alaverdi.am[8]

Անվանի մարդիկ

Արտեմ Միկոյանի թանգարան, Ալավերդի
  • Արտեմ Միկոյան, աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող,
  • Անաստաս Միկոյան, Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ։
  • Խաջիև Կոնստանտին Իլյայի, ԽՍՀՄ հերոս
  • Լևոն Սիմոնի Ալավերդյան,1963-1980 թ.-ներին եղել է Թումանյանի շրջանի առաջին քարտուղար, նրա կառավարման տարիներին կառուցվել են Սանահին Սարահարթ թաղամասը, ճոպանուղին, մի շարք գործարաններ(հացի, պանրի, գարեջրի) և ֆաբրիկաներ(տեքստիլ և կարի)։ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի արտադրանքը կրկնապատկվել է։ Առաջին անգամ Լոռում կառուցվել են ջրանցքներ։ Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ։ Գրել է «Կյանքի դասեր» ինքնակենսագրական էսսեն։
  • Էդուարդ Շարմազանով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
  • Արշակ Ղազարյան-ԽՍՀՄ աշխատանքային հերոս։
  • Սվետլանա Նավասարդյան-ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար
  • Վոլոդյա Գրիգորյան-ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան։
  • Վլադիմիր Մսրյան-ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան, համանուն ֆիլմում Պագանինիի դերակատարումով դարձավ հանրահայտ

Քույր քաղաքներ

Տես նաև

Աղբյուրներ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. [Կ. Կոզմոյան, «Ալավերդի», Երևան, 1996, էջ 140)]
  3. Ալավերդի տեղանունը պետք է ջնջել սերունդների հիշողությունից
  4. [М. А. Цатурян, В. А. Мелконян “Алавердскому меднохимическому комбинату 200 лет”, Ереван, 1971]
  5. ՀՀ 2001թ.–ի մարդահամարի ընտրանքային տվյալներ
  6. ՀՀ բնակչության թվաքանակը ըստ ՀՀ ԱՎԾ–ի
  7. Ալավերդու կրթական համակարգի ընդհանուր նկարագիրը
  8. . alaverdi.am Alaverdi, Armenia http://www.alaverdi.am/index.php?option=com_content&view=article&id=292&Itemid=122&lang=am#: Alaverdi, Armenia. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  9. Ալավերդու քույր քաղաքները՝ Ռենտի
  10. Ալավերդու քույր քաղաքները՝ Քոբուլեթի
  11. Ալավերդու քույր քաղաքները՝ Դաուգավպիլս
  12. Ալավերդու քույր քաղաքները՝ Պոլոցկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։