«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: tl:Kordong espinal
Տող 218. Տող 218.
[[te:వెన్నుపాము]]
[[te:వెన్నుపాము]]
[[th:ไขสันหลัง]]
[[th:ไขสันหลัง]]
[[tl:Kurdong panggulugod]]
[[tl:Kordong espinal]]
[[tr:Omurilik]]
[[tr:Omurilik]]
[[uk:Спинний мозок]]
[[uk:Спинний мозок]]

08:10, 24 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ


Պատկեր:Центральная нервная система-Central nervous system.jpg
Կենտրոնական Նյարդային Համակարգ (ԿՆՀ) I. Պարանոցային նյարդեր II. Կրծքային նյարդեր III. Գոտկային նյարդեր IV. Սրբանային նյարդեր V. Պոչուկային նյարդեր
-/-
1. Գլխուղեղ 2. Միջանկյալ ուղեղ 3. Միջին ուղեղ 4. Վարոլյան կամուրջ 5. Ուղեղիկ 6. Երկարավուն ուղեղ 7. Ողնուղեղ 8. Պարանոցային հաստացում 9. Գոտկային հաստացում 10. Ձիու պոչ

Ողնուղեղը (Medulla spinalis) կազմում է կենտրոնական նյարդային համակարգի բաժիններից մեկը:

Ողնուղեղի զարգացումը

Ողնուղեղը ֆիլոգենետիկորեն (նշտարիկի իրանային ուղեղը) երևան է գալիս նյարդային համակարգի զարգացման երրորդ էտապում (խողողակավոր նյարդային համակարգ):Այդ ժամանակ գլխուղեղ դեռևս չկա, ուստի իրանային ուղեղը ունի օրգանիզմի բոլոր պրոցեսները` և վեգետատիվ, և անիմալ (ընդերային և մարմնային կենտրոններ) կարգավորող կենտրոններ: Մարմնի հատվածավոր կառուցվածքին համապատասխան իրանային ուղեղն ունի հատվածավոր կառուցվածք:Այն բաղկացած է իրար միացած նևրոմերներից, որոնց սահմաններում միակցվում է պարզագույն ռեֆլեկտոր ուղեղը: Մետամեր կառուցվածք ունի նաև մարդու ողնուղեղը, որով և պայմանավորված է նրա օրգանիզմում գոյություն ունեցող կարճ ռեֆլեկտոր ուղեղի առկայությունը:

Ձկների գլխուղեղի հանդես գալու (ցեֆալիզացիայի էտապ) և հետագա զարգացմանը զուգընթաց ցամաքային կենդանիների գլխուղեղում հանդես է գալիս ամբողջ օրգանիզմը կարգավորող բարձրակարգ կենտրոններ, իսկ ողնուղեղը ընկնում է ենթակա դրության մեջ: Ողնուղեղը մնում է ոչ միայն որպես հատվածային ապարատ, այլև դառնում է ծայրամասից գլխուղեղ և հակառակ ուղղությամբ գրգիռներ հաղորդող օրգան, և նրա մեջ են զարգանում երկկողմանի կապերը գլխուղեղի հետ: Որքան շատ է զարգանում գլխուղեղը. այնքան ողնուղեղի զարգացումը ավելի շատ է կախված մնում նրանից: Օրինակ` գլխուղեղի կեղևի և նրա մեջ գտնվող շարժիչ նեյրոնների (բացի բրգային բջիջների) զարգացմանը զուգընթաց զարգանում են նրանից սկսվող թելերի համակարգերը (բրգային համակարգ): Քանի որ նոր կեղևն առաջանում է կաթնասուների մոտ, ուրեմն բրգային համակարգը ողնուղեղում հանդես է գալիս միայն այդ կենդանիների մոտ և կատարյալ զարգացմանն է հասնում մարդու մոտ` մեծ ուղողի կեղևի ամենաբարձր զարգացմանը համապատասխան, որտեղից և սկիզբ է առնում բրգային ուղին: Այսպիսով, ողնուղեղի էվոլուցիայի ընթացքում առաջանում են երկու ապարատներ` մեկը ավել հին, ողնուղեղի սեփական կապերի հատվածավոր ապարատն է, իսկ երկրորդը` ավելի նոր, գլխուղեղի հետ կապվող երկկողմանի հաղորդչական ուղիների ապարատը: Կառուցվածքի այսպիսի սկզբունք նկատվում է նաև մարդու մոտ:

Իրանային ուղեղի առաջացման գործում վճռական գործոն է հանդիսանում շարժման միջոցով շրջապատի միջավայրին հարմարվելը: Ուստի ողնուղեղի կառուցվածքը ցույց է տալիս կենդանու տեղաշարժման միջոցը: Օրինակ, սողունների (չունեն վերջույթներ և սողում են ամբողջ մարմնով. օրինակ, օձերը) ողնուղեղն ամբողջ երկարությամբ զարգացած է հավասարաչափ և չունի հաստացումներ: Վերջույթերից օգտվող կենդանիների մոտ առաջանում են երկու հաստացումներ, ընդ որում, եթե ավելի զարգացած են առջևի վերջույթները (օրինակ, թռչունների թևերը), ապա գերակշռում է ողնուղեղի առաջային (վզային) հաստացումը, եթե ավելի զարգացած են հետին վերջույթները (օրինակ, ջայլամինը), ապա մեծացած է հետին (գոտկային) հաստացումը, իսկ եթե քայլելուն մասնակցում են և’ առաջին, և’ հետին վերջույթները հավասարապես (չորքոտանի կաթնասուններ), ապա երկու հաստացումներն էլ զարգացած են միատեսակ: Ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, ավելի բարդ գործունեության հետ կապված մարդու ողնուղեղի պարանոցային հաստացումն ավելի է զարգացել, քան գոտկայինը:

Ֆիլոգենեզի նշված գործոնները դեր են խաղում նաև ողնուղեղի օնտոգենեզում: Ողնուղեղը զարգանում է ուղեղային խողովակի հետին հատվածից (առջևինից զարգանում է գլխուղեղը): Խողովակի ներքին մակերեսին, նրա յուրաքանչյուր կողքային պատի վրա ի հայտ են գալիս սահմանային ակոսներ (sulcus limitans), որոնք խողովակը ներսից բաժանում են փորային ու մեջքային մասերի: Փորային բաժնից գոյանում են ողնուղեղի գորշ նյութի առաջնային սյուները (շարժիչ նեյրոնների բջջային մարմինները), նրանց հպված երկայնաձիգ նյարդաթելերի խրձերը և նշված նեյրոնների ելունները (շարժիչ արմատները): Մեջքային բաժնից առաջանում են գորշ նյութի հետի սյուները (զգացող նեյրոնների բջջային մարմինները), հետին պարանները (նեյրոնների ելունները):

Այսպիսով, ուղեղային խողովակի փորային մասը սկզբնական շարժիչ շրջանն է, իսկ մեջքայինը` սկզբնական զգացողը:

Պետք է նկատել, որ ուղեղային խողովակի պատերի ներքին երեսով ձգվող սահմանային ակոսները (sulcus limitans) շարունակվում են նաև խողովակի գանգային մասի մեջ, այսնպես որ այդ բաժանումն զգացող և շարժիչ շրջանների տարածվում է ուղեղային խողովակի ամբողջ երկարությամբ և պահպանվում է գլխուղեղի ցողունի մեջ:

Երբ խողովակի կողմնային պատերը հաստանում են, նրա մեջքային և փորային պատերը ձգվում են ու խրվում նրանց արանքը. նրանք հետագայում առաջացնում են ողնուղեղի առաջային և հետային կպուկները, որոնք իրար են կապում ողնուղեղի աջ ու ձախ կեսերը: Փորային և մեջքային մասերի համեմատությամբ կողմնային պատերի այդպիսի հաստացման շնորհիվ ողնուղեղն արտաքինից երկու երկայնաձիգ ակոսներով բաժանվում են աջ ու ձախ կեսերի: Ուղեղային խողովակի պատերի աճման շնորհիվ նրա խոռոչը (կենտրոնական խողովակը) աստիճանաբար տեղ-տեղ նեղանում են, հատկապես պոչային ծայրում, և խցանվում է այնպես, որ այստեղ նյարդային հյուսվածքից առաջանում է մի բարակ երկորուկ` ապագա սահմանային կամ տերմինալ թելը (filium terminale):

Սկզբում` ներարգանդային կյանքի երրորդ ամսում, ողնուղեղը գրավում է ամբողջ ողնաշարի խողովակը, այնուհետև ողնաշարն սկսում է ավելի արագորեն աճել, քան ողնուղեղը, որի հետևանքով վերջինիս ծայրը աստիճանաբար տեղափոխվում է վեր (գանգի ուղղությամբ), ըստ որում սահմանային թելը ձգվում է որպես բարակ թել: Ծնվելու ժամանակ ողնուղեղի ծայրը գտնվում է գոտկային III ողնի բարձրության վրա, իսկ հասուն մարդունը հասնում է I և II գոտկային ողների բարձրությանը: Ողնուղեղի այդ ձևի բարձրացման շնորհիվ (ascensus medullae spinales) նրանից դուրս եկող նյարդամատները ընդունում են թեք ուղղություն:

Ողնուղեղի անատոմիան

Ողնուղեղի կառուցվածքը

Ողնուղեղի արտաքին կառուցվածքը

Պատկեր:Medula.jpg
Մարդու ողնուղեղը
Ողնուղեղի լայնական կտրվածքը

Ողնուղեղ (medulla spinalis). չափահասների ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում և առջևից հետ տափակացած մի երկար գլանաձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ` 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է երկարավուն ուղեղի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)` գոտկային II ողնի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով (conus medullaris): Այս փաստի գիտենալը ունի գործնական նշանակություն (որպեսզի ողնուղեղային հեղուկ վերցնելու կամ ողնուղեղի անզգայացման նպատակով գոտկային պունկցիայի ժամանակ ողնուղեղը չվնասեն, հարկավոր է ներարկիչի ասեղը մտցնել III և IV ողների փուշ ելունների արանքը): Conus medullaris – ից դուրս է գալիս սահմանային թելը (filium terminale), որը ողնուղեղի ստորին հետ աճած մասն է և վերին մասում է միայն ուղեղային նյութ պարունակում, ներքևում կազմված է ողնուղեղի պատյանների շարունակությունից: Իր ստորին ծայրով ծայրային թելը կպչում է պոչուկի երկրորդ ողնին: Ողնուղեղի ամբողջ երկարության վրա կա երկու հաստացում, որոնք համապատասխանում են վերին ու ստորին վերջույթների նյարդարմատներին. սրանցից վերինը կոչվում է պարանոցային (intumesentia cervicalis), իսկ ստորինը` գոտկային (intumesentia lumbalis) հաստացում: Այս երկու հաստացումներից ավելի ծավալուն է գոտկայինը, իսկ ավելի դիֆերենցված` պարանոցայինը, որը կապված է ձեռքի, որպես աշխատանքի օրգանի ավելի բարդ նյարդավորման հետ:

Ողնուղեղի յուրաքանչյուր կեսը բաժանում են երեք երկայնաձիգ պարանիկների (ճոպանների)` առաջային (funiculus anterior), կողմնային (funiculus lateralis) և հետին (funiculus posterior): Հետին պարանիկը պարանոցային և վերին կրծքային բաժիններում (մոտավորապես Th5 սեգմենտի մակարդակին) մի միջանկյալ ակոսով` sulcus intermedius posterior, բաժանվում է երկու խրձերի` Գոլլի (fusciculus gracilis) և Բուրդախի (fusciculus cuneatus): Այս խրձերը նույն անուններով վերևում անցնում են երկարավուն ուղեղի հետին երեսը:

Ողնուղեղի վերը նշված կողմնային ակոսներից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները: Յուրաքանչյուր նյարդարմատ բարակ նյարդաթելերի մի խուրձ է. նյարդաթելերը կազմված են նյարդային բջիջների ելուստներից:

Առաջնային նյարդարմատը (radix dorsalis s. anterior) դուրս է գալիս առաջային կողմնային ակոսից և կազմված է շարժիչ նեյրոնի նեյրիտներից (կենտրոնախույս կամ էֆերենտ), որոնց բջիջների մարմինները գտնվում են ողնուղեղում, այն դեպքում, երբ հետին կողմնային ակոսից դուրս եկող հետին նյարդարմատը (radix posterior) պարունակում է նեյրոնների զգացող ելուններ (կենտրոնաձիգ կամ աֆերենտ), որոնց մարմինները գտնվում են ողնուղեղի (միջողային) հանգույցներում:

Ողնուղեղից մի փոքր դուրս զգացող և շարժիչ նյարդարմատները, մոտենալով իրար, կազմում են ողնուղեղային նյարդի ցողունը, որը նևրոպաթոլոգները առանձնացնում են պարանիկ անունով (funiculus): Պարանիկի բորբոքման դեպքում (ֆունիկուլիտ) միաժամանակ առաջանում են զգացող և շարժիչ շրջանների հատվածային խանգարումներ, արմատների հիվանդությունների ժամանակ (ռադիկուլիտ) նկատվում է միայն մեկ շրջանի` կամ զգացող, կամ շարժիչ, հատվածային խանգարում, իսկ նյարդաճյուղերի բորբոքման ժամանակ (նևրիտ) խանգարումը համապատասխանում է տվյալ նյարդի տարածման շրջանին: Funiculus-ը սովորաբար շատ կարճ է, քանի որ նա շուտ դուրս է գալիս միջողնային անցքից, որից հետո միջողնային նյարդը բաժանվում է իր հիմնական ճյուղերին:

Քանի որ ողնուղեղը ողնաշարային խողովակից կարճ է, նյարդարմատների ծագման տեղը չի համապատասխանում միջողնային անցքերի մակարդակին: Որպեսզի ընկնեն անցքերի մեջ, նյարդարմատներն ուղղվում են ոչ միայն ուղեղից դուրս, այլև ցած, ընդ որում ողնուղեղում իչքան ներքևից են սկսվում, այնքան վերընթաց են դառնում: Գոտկային հատվածում նրանք իջնում են դեպի համապատասխան միջողնային անցքերը սահմանային թելիկին զուգահեռ (filium terminalet) և, շրջապատելով ու ողնուղեղային կոնը (conus medullaris), կազմում են նյարդաթելերի մի խուրձ, որը կոչվում է ձիու պոչ (cauda equina):

Ողնուղեղի ներքին կառուցվածքը

Ողնուղեղը կազմված է գորշ նյութից, որը պարունակում է նյարդային բջիջներ, և սպիտակ նյութից, որը կազմված է միելինապատ նյարդաթելերից:

Ողնուղեղի գորշ նյութը

Գորշ նյութը տեղավորված է ողնուղեղի կենտրոնական մասում և շրջապատված է սպիտակ նյութով: Նա կազմում է երկու անկանոն ձևի ուղղաձիգ սյուներ, որոնք տեղավորված են ողնուղեղի աջ ու ձախ կեսերում և միացած են իրար նեղ լայնական գորշ կպուկով (commissura grisea), որի կենտրոնու գտնվում է ողնուղեղի կենտրոնական նեղ խողովակը (canalis centralis ): Վերջինս անցնում է ողնուղեղի ամբողջ երկարությամբ և պարունակում է ուղեղ – ողնուղեղային հեղուկ (liquor cerebrospinalis):

Տարիքի հետ միասին կենտրոնական խողովակը (canalis centralis) նեղանում է և տեղ-տեղ խցանվում, այնպես որ 40 տարեկանից հետո (93%-ում) այն դադարում է ամբողջական խողովակ լինելուց : Canalis centralis-ը գորշ կպուկը բաժանում է երկու մասի` առաջնային և հետին (commissura grisea anterior et posterior): Ճիշտ նույն ձևով էլ գորշ նյութի յուրաքնչյուր սյան մեջ լինում են 2 սյուներ` առաջային և հետին (commissura grisea anterior et columna posterior): Ողնուղեղի լայնական կտրվածքների վրա այս սյունակները ունեն եղջյուրների տեսք` առաջային լայնացած (cornu anterius) և հետին (cornu posterius) սրացած: Դրա շնորհիվ գորշ նյութի ընդհանուր տեսքը սպիտակ նյութի ֆոնի վրա նման է H տառի:

Գորշ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք խմբավորվում են կորիզների ձևով, որոնց դասավորությունը հիմնականում համապատասխանում է ողնուղեղի հատվածային կառուցվածքի և նրա նախնական եռանդամ ռեֆլեկտոր աղեղին: Այս աղեղի առաջին զգացող նեյրոնը գտնվում է միջողնային հանգույցներում, ծայրամասային ելունը նյարդերի կազմի մեջ գնում է դեպի օրգաններն ու հյուսվածքները, որտեղ կապի մեջ են մտնում ընկալիչների հետ, իսկ կենտրոնական ելունը, մտնելով հետին զգացող նյարդի արմատի մեջ, ողնուղեղի հետին կողմնային ակոսի միջով թափանցում է ողնուղեղի մեջ, որտեղ միանում է հետին եղջյուրների բջիջների հետ:

Ամենաշատ թվով բջիջներ գտնվում են ողնուղեղի պարանոցային հաստուկի առաջային եղջյուրում, որտեղից նյարդավորվում են վերին վերջույթները, որոնք մասնակցում են մարդու աշխատանքային գործունեությանը: Մարդկանց ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, շարժումների բարդացման հետ կապված այդ կորիզները նշանակալի չափով ավելի շատ են , քան կենդանիներինը (ներառյալ նաև անտրոպոիդները): Այսպիսով, գորշ նյութի հետին և առջևի եղջյուրներն առնչություն ունեն կենդանական կյանքի օրգանների, հատկապես շարժողական ապարատի նյարդավորման հետ, որի կատարելագործմանը զուգընթաց էվոլուցիայի ընթացքում զարգացել է և ողնուղեղը:

Ողնուղեղի յուրաքանչյուր կեսում առաջային ու հեըտին եղջյուրները միացած են իրար գորշ նյութի մի միջանկյալ շերտով (zona intermedia), որը ողնուղեղի կրծքային ու գոտկային հատվածներում, կրծքային հատվածից մինչև գոտկային II – III հատվածները հատկապես արտահայտված են և դուրս է գալիս կողմնային եղջյուրների ձևով (cornu laterales): Դրա հետևանքով գորշ նյութը նշված բաժինների լայնական կտրվածքի վրա նմանվում է թիթռնիկի:

Ողնուղեղի սպիտակ նյութը, ողնուղեղի հաղորդող ուղիներ

Սպիտակ նյութը բաղկացած է 3 աղբյուրներից առաջացող նյարդային ելուններից:

  • Միջողնային հանգույցների նյարդային բջիջների (աֆերենտ նեյրոնների) ելուններ:
  • Անմիջապես ողնուղեղի գորշ նյութի բջիջների (միջադիր և էֆերենտ նեյրոնների) ելուններ:
  • Գլխուղեղի բջիջների (էֆերենտ նեյրոնների) ելուններ:

Այս ելունները կազմում են նյարդաթելերի 3 համակարգեր.

  • Ասոցիացիոն թելերի կարճ խրձեր, որոնք միացնում են ողնուղեղի տարբեր

բարձրության հատվածները (աֆերենտ և միջադիր նեյրոններ):

  • Երկար կենտրոնաձիգ (զգացող, աֆերենտ) թելեր, որոնք կամ կազմում են միջողնային հանգույցներից ծագող հետին արմատների շարունակությունը (աֆերենտ նեյրոններ), կամ սկսվում են ողնուղեղի գորշ նյութից (երկրորդ նեյրոն). թե՛ մեկ և թե՛ մյուս խրձերը բարձրանում են դեպի մեծ ուղեղ կամ ուղեղիկ:
  • Երկար կենտրոնախույս (շարժիչ, էֆերենտ) թելեր, որոնք իջնում են գլխուղեղից

դեպի ողնուղեղ` առաջնային եղջյուրի հետ միանալու համար (էֆերենտ նեյրոններ):

Առաջին համակարգը (կարճ թելերի) պատկանում է ողնուղեղի սեփական ապարատին, իսկ մնացած երկու հանակարգերը (երկար թելերի) գլխուղեղի հետ կազմում են երկկողմանի կապի հաղորդչական ապարատը:

Գլխուղեղի հետ երկկողմանի կապերի ապարատը ֆիլոգենետիկորեն ավելի երիտասարդ է, որովհետև առաջացել է միայն այն ժամանակ, երբ ի հայտ է եկել գլխուղեղը:

Վերջինիս զարգացմանը զուգընթաց, զարգանում են նաև հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղը կապում են ողնուղեղի հետ: Սրանով է բացատրվում այն փաստը, որ ողնուղեղի սպիտակ նյութը բոլոր կողմերից շրջապատում է գորշ նյութը: Հաղորդչական ուղիների շնորհիվ ողնուղեղի սեփական ապարատը կապվում է գլխուղեղի հետ, որը միավորում է ամբողջ նյարդային համակարգի աշխատանոը: Նյարդաթելերը խմբավորվում են խրձերի մեջ, իսկ խրձերից կազմվում են անզեն աչքով տեսանելի 3 պարանիկներ` հետին, կողմնային և առաջային:

Հետին պարանիկները պարունակում են ողնուղեղային հետին նյարդարմատների թելեր: Նարանց մեջ կարելի է առանձնացնել 3 համակարգեր:

  • Նազելի խուրձ (Գոլլի) (fasciculus gracilis Golli)
  • Սեպաձև խուրձ (Բուրդախի) (fasciculus cuneatus Burdachi)
  • Թիկնային սեփական խրձեր (fasciculus propril dorsales)

Կողմնային պարանիկները պարունակում են հետևյալ խրձերը.

  • Վերել ուղիներ.

Դեպի հետին ուղեղը.

  • Ողնուղեղ – ուղեղիկային հետին (ֆլեքսիգյան) խուրձ (tractus

spinocerebellaris posterior)

  • Ողնուղեղ – ուղեղիկային առաջային (Հովերսի) ուղի (tractus spinocerebellaris anterior)

Դեպի միջին ուղեղը.

  • Ողնուղեղ – ծածկային ուղի (tractus spinotectalis)

Դեպի միջանկյալ ուղեղը.

  • Ողնուղեղ – տեսաթմբային կողմնային ուղի (tractus spinothalamicus tateralis)
  • Ողնուղեղ – տեսաթմբային առաջային ուղի (tractus spinocerebellaris anterior)
  • Վայրէջ ուղիներ.

Մեծ ուղեղի կեղևից.

  • Կեղև - ողնուղեղային կողմնային ուղի (կամ կողմնային բրգային ուղի) (tractus corticospinalis (pyramidalis) lateralis)

Միջին ուղեղից.

  • Կարմիր կորիզ - ողնուղեղային ուղի (կամ Մոնակովի խուրձ) (tractus rubrospinalis (Monakow))

Հետին ուղեղից.

  • Օլիվաողնուղեղային ուղի (tractus olivospinalis)
  • Սեփական խուրձ (fasciculus proprius lateralis)

Առաջնային պարանիկները պարունակում են վայրէջ ուղիներ:

Գլխուղեղի կեղևից.

  • Կեղև - ողնուղեղային առաջային ուղի (կամ առաջանին բրգային ուղի) (tractus coricospinalis (pyramidalis) anterior):

Միջին ուղեղից.

  • Ծածկա - ողնուղեղային ուղի (tractus tectospinalis)
  • Նախադուռ – ողնուղեղային ուղի (tractus vestibulospinalis)
  • Ցանցաողնուղեղային ուղի (tractus reticulospinalis)
  • Սեփական խուրձ (fasciculi proprii ventrales)

Ողնուղեղի պատյանները

Ողնուղեղը պատվում է երեք շարակցահյուսվածքային պատյաններով, որոնք առաջանում են մեզոդերմից` ուղեղային խողովակի շուրջը: Այս պատյանները դրսից ներս հետևյալներն են` կարծր պատյան կամ կարծրենի (dura mater s. pachymenix), ոստայնային պատյան կամ ոստայնենի (arachgnoidea) և անոթային պատյան կամ նրբենի (pia mater): Վերջին երկու պատյանները, հակառակ առաջինի, կոչվում են նաև փափուկ պատյաններ: Գլխի շրջանում երեքն էլ դառնում են գլխուղեղի պատյաններ:

  • Ողնուղեղի կարծրենին (dura mater spinalis) երկար, սպիտակավուն, ամուր պարկի

նման պատում է ողնուղեղը դրսից: Այն սերտորեն չի հպված ողնաշարի խողովակի պատերին, որոնք ծածկված են սեփական շրջոսկրով (edrorachis): Վերջինս կոչվում է նաև կարծր թաղանթի արտաքին թերթիկ: Endorachis – ի և կարծրենու միջև գոյանում է էպիդուրալ տարածությունը (cavum epidurale): Նրա մեջ գտնվում են ճարպային բջջանքը և երակային ցանցը (plexus venosi vertebralis interni), որի մեջ է թափվում ողնուղեղից և ողներից եկող երակային արյունը:

  • Ողնուղեղի ոստայնենին (arachnoidea spinalis) ունի բարակ թափանցիկ անանոթ

թերթի ձև, ներսից հպված է կարծրենուն և բաժանվում է նրանից միայն մի ճեղքով` ենթակարծրենային ծոցով (cavum subdurale): Այս պատյանի արտաքին ու ներքին երեսները նույնպես ծածկված են էնդոթելերով: Ոստայնենու և ողնուղեղի միջև գտնվում է լայն ենթաոստայնային տարածությունը (cavum subarachoideale), որի մեջ ողնուղեղը և նյարդարմատները ազատ են և շրջապատված են մեծ քանակությամբ ուղեղ – ողնուղեղային հեղուկով:

  • Ողնուղեղի անոթապատյանի (pia mater spinalis) մակերեսը ծածկված է էնդոթելով և բաղկացած է արտաքին ու ներքին շերտերից, որոնց արանքով անցնում են անոթները. այն շրջապատում է ողնուղեղը և անոթների հետ միասին խրվում է ուղեղի նյութի մեջ` անոթների շուրջը ավշային բունոցներ առաջացնելով: Դեպի գլուխը պատյանը պատվում է վերջնային թելիկով և վերջում ձուլվում է նրա հետ: Բացի բազմաթիվ անոթներից, նրբենին հարուստ է նաև նյարդերով, որոնց թելերը դուրս են գալիս գլխավորապես սիմպաթիկ ցողունից` ողնուղեղային նյարդերի ճյուղերի հետ միասին:

Լրացուցիչ նկարներ

Գրականություն

  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով

Կաղապար:Link GA