«Ալեքսանդրիայի գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Ալեքսանտրիոյ Գրադարան}}
{{Տեղեկաքարտ Գրադարան
{{Տեղեկաքարտ Գրադարան
|անուն= Ալեքսանդրիայի գրադարան
|անուն= Ալեքսանդրիայի գրադարան

14:02, 29 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Ալեքսանդրիայի գրադարան
ԵրկիրԵգիպտոս (Հռոմեական պրովինցիա)
Տեսակգիտական գրադարան
Հիմնվել էմ.թ.ա 3-րդ դար
Լուծարվել է4-րդ դար
ՏեղադրությունԱլեքսանդրիա
Հավաքածուներ
Չափ1 000 000 արխիվային միավոր[1]

Ալեքսանդրիայի գրադարան, անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը, գործել է Ալեքսանդրիայի մուսեյոնին՝ հելլենիստական գիտության կենտրոնին կից, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 3-րդ դարում Պտղոմեոս Լագոսի իշխանության տարիներին, մինչև Հռոմեական կայսրության կողմից Եգիպտոսի գրավումը (մ. թ. ա. 3-րդ դար) եղել է գիտության կորևոր կենտրոններից մեկը։ Պտղոմեոսը մակեդոնացի գեներալ էր՝ Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդողը[2]: Գրադարանի առաջին պահապանը եղել է Զենոդոտոս Եփեսացին (մինչև մ.թ.ա.. 234), նրանից հետո՝ Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա.. 236-195), Արիստոփանես Բյուզանդացին (մ.թ.ա.. 185-180) և Արիստարքոս Սամոփրակիացին (մինչև մ.թ.ա.. 146)։ Գրադարանում աշխատել են հելլենիստական դարաշրջանի այլ նշանավոր գիտնականներ, այդ թվում՝ Եվկլիդեսը: Գրադարանը նվիրված է եղել արվեստի յոթ աստվածուհիներին՝ Մուսաներին[3]:

Գրադարանը այրել են, ոչնչացվել է գրքերի մեծամասնությունը. այս պատճառով այն դարձել է մշակութային ժառանգության ավերման խորհրդանիշ։ Գրադարանի այրման պատասխանատուն և տարեթիվը աղբյուրներում տարբերվում է։ Չնայած որ կա Ալեքսանդրայի գրադարանի այրման առասպելը, գրադարանը, ամենայն հավանականությամբ, բազմիցս դիմակայել է այրման և ավերման փորձերը։ Ամենահավանական դեպքերը, որոնց ժամանակ գրադարանը մասամբ կամ ամբողջությամբ կարող էր ավերված լիներ Հուլիոս Կեսարի գրադարանի այրումն է (մ. թ. ա. 48), Ավրելիանոսի հարձակումը (270-ականներ) ղպտացի պապ Թեոֆիլիուսի կարգադրությունը (391 թվական)։

Հիմնական գրադարանի ամբողջական ավերումից հետո, հին գիտնականներն օգտագործում էին «քույր գրադարան», որը գործում էր Սերաֆեում տաճարում՝ Ալեքսանդրիա քաղաքի մյուս ծայրում։ Ըստ Սոկրատ Սքոլաստիկոսի՝ Թեոֆիլիուս պապը ավերել է Սերաֆեումը 391 թվականին։

Պատմություն

Ալեքսանդրիա քաղաքը հիմնելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին նրա կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ով հիմնադրեց Ալեքսանդրիայի գրադարանը։ Նա հիմնադրեց գրադարանը՝ դարձնելով այն նաև հնագիտական հարստության և ակադեմիայի պես մի բան։ Նա Հունաստանից այստեղ հրավիրեց նշանավոր գիտնականների, փիլիսոփանների, մաթեմատիկոսների, աստղագետների, բնագետների և ստեղծեց բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան զբաղվել գիտությամբ։ Պտղոմեոսը իր վրա վերցրեց մի պարտականություն, որով նա պետք է կառուցեր գրադարան՝ բառի բուն իմաստով։ Նա հավաքեց և ձեռք բերեց ձեռագրեր, պապիրուսներ, փորագրություններից հանված պատճեններ, և այն ամենը, ինչը կարող էր գիտական արժեք ներկայացնել։ Շատ քիչ ժամանակ անց գրադարանը լցվեց բազմաթիվ ձեռագրերով, մագաղաթներով, պապիրուսներով։ Գրանդարանը ավելի հարստացնելու համար Պտղոմեոսը հազարավոր պապիրուսներ ձեռք բերեց Հնդկաստանից, Եվրոպայից և աֆրիկյան շատ երկրներից։ Ի վերջո նա սահմանում է մի կարգ, ըստ որի Ալեքսանդրիայի նավամատույցին մոտեցող ամեն մի նավ պարտավոր է մատուցել մի արժեքավոր գիրք՝ որպես հարկ։ Եվ ոչ մի միջակ գործ չէր ընդունվում։ Երեք հայրուր տարի անց գրադարանը շատ արագ հարստացել էր, նրա համաբավը տարածվել աշխարհով մեկ։ Եվրոպայի և Ասիայի հեռավոր ծայրերում անգամ գիտեին Ալեքսանդրիայի գրադարանի մասին։ Գրադարանն այնքան էր հարստացել որ նրա պարունակությունը հաշվելն անհնար էր դառում։ Մ.թ.ա. 50-40-ական թվականներին Ալեքսանդրիայի գրադարանն ունեցել է շուրջ 800 000 անուն գիրք, մագաղաթ, պապիրուս, ձեռագիր։

Սակայն գրադարանին վիճակված չէր երկար գոյատևել։ Մ.թ.ա. 48 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից շրջափակվում է Ալեքսանդրիա քաղաքը, Անտոնիոս-Կլեոպատրա զույգը դիմադրում էր և փորձում զավթել Կեսարի նավերը ու այդ կերպ զրկել նրան ծովի հետ ունեցող կապից։ Այս հասկանալով՝ հենց իր՝ Կեսարի հրամանով հրկիզվում են նավերը։ Բայց ով կարող էր կանխատեսել, որ այդ պահին ուժեղ քամի կբարձրանար, և նավերի հրդեհը, անցնելով ցամաք, կհասնի բուն քաղաքին, և մի ակնթարթում գրադարանը կհայտնվի բոցերի մեջ. գրադարանը այրվում է մինչև վերջին մագաղաթը։

Սակայն ըստ Պլուտարքոսի՝ հենց ինքը՝ Կեսարն է հրկիզել գրադարանը։ Գիտական աշխարհը որոշ չափով կարող էր հանդուրժել Կլեոպատրայի նկատմամբ Պլուտարքոսի վատ տրամադրվածությունը, սակայն ոչ մի կերպ չէր կարող ներել նրան այն բանի համար, որ նա Հուլիոս Կեսարին է մեղադրում Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզման մեջ։ Կեսարը խելացի մարդ էր, արիստոկրատ ընտանքիքից, փայլուն կրթություն ստացած, իր ինտելեկտով ժամակաշրջանի բացառիկ դեմքերից մեկը. նա ոչ մի կերպ չէր կարող գնալ այդպիսի բարբարոս քայլի՝ հրկիզել գրադարանը, այն էլ այդպիսի գրադարան։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր Կեսարը շրջափակել քաղաքը։ Շատերը կմտածեն, որ դա պետական անհրաժեշտությունն էր։ Բնա՛վ... Իրականում Կլեոպատրան էր ձգել, բերել հեռավոր Հռոմից մինչև այս ծովախորշը։ Իզուր չեն ասել՝ «ամեն մի մութ գործում կի՛ն փնտրիր...»

Ներկայումս Ալեքսանդրիայի գրադարանի հստակ տեղը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն այնքան էլ հեռու չի եղել նավահանգստից։

Անտիկ աղբյուրներ․ Եզրութաբանություն

Ալեքսանդրիայի գրադարանն աղբյուրներում շատ աղոտ է ներկայացված, որոնք մեծամասամբ առնչվում են հռոմեական դարաշրջանին, երբ փոխվեցին գրադարանի հավաքագրման և գործունեության սկզբունքները։[4][5] Հնագույն աղբյուրը, որը տեղեկություններ ունի գրադարանի մասին, համարվում է Արիստեի նամակը՝ թվագրված մ.թ.ա.. 2-րդ դարին կամ մ․թ․ա․ 1-ին դարին: Որոշ տեղեկություններ պարունում են նաև Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունը, Սենեկայի գործերը, ինչպես նաև Պլուտարքոսի և Սվետոնիուսի աշխատությունները։ Երգիծական ժանրի որոշ տեղեկություններ ներկայացված են 2-րդ դարի բժիշկ Գալենի, ինչպես նաև Աֆինեի և այլ հեղինակների մոտ։ Մի շարք կարևոր տեղեկություններ ներկայացված են 12-րդ դարի բյուզանդացի գիտնական Հովհան Ցեցեսի աշխատություններում, սակայն այդ տվյալների աղբյուրները հայտնի չեն։[6]

Անտիկ ժամանակաշրջանի աղբյուրներում Ալեքսանդրիայի գրադարանն այլ կերպ էին անվանում։ Հաճախ այն պարզապես անվանվում էր՝ «Մեծ գրադարան» (իսպ.՝ ἡ μεγάλη βιβλιοθήκη), «արքայական գրադարան», «Մուսեյոնի գրադարան» և այլն։[7]

Հիմնում

Անտիկ Ալեքսանդրիայի հատակագիծը Պտղոմեոսների դարաշրջանում

Ալեքսանդրիայի գրադարանը ըստ երևույթին հիմնադրվել է Պտղոմեոս I Փրկիչ կայսեր նախաձեռնությամբ[8], որի մասին իմանում ենք Պլուտարքոսի «Բարոյախոսություններ» աշխատությունից (Non posse suaviter vivi, 13, 3)։ Ալեքսանդրիայի գրադարանի՝ որպես պետական գիտական և կրթական հաստատության ստեղծման համար ըստ էության օրինակ են ծառայել Պլատոնի և Արիստոտելի դպրոցներին կից հավաքածուները։ Երբ Պլատոնը Ակադեմոսի հովտից դպրոցը տեղափոխեց իր տուն, կից ստեղծեց Մուսեյոնը՝ մուսաների տաճարը. Թեոֆրաստուսը պերիպատետիկյան դպրոցների համար հատուկ լսարաններ ու գրադարանի շենք կառուցեց[9]:

Ալեքսանդրայի գրադարանի հիմնադրման գործում մասնակցություն ունեցան Դեմետրիոս Ֆալերացին և հնարավոր է Ստրատոնը Լամփսակայից, բայց Դեմետրիոս մ.թ.ա. 297 թվականից շուտ Ալեքսանդրիայում հայտնվել չէր կարող։ Նրա հայտնվելու ժամանակ գրադարանի հիմքերն ադեն գցված էին, համենայն դեպս, Եպիֆանիոս Կիպրոսացին հայտնում է, որ մի անգամ Պտղոմեոս Ֆիլադելֆոսը հարցրեց Դեմետրիոսին՝ քանի՞ գիրք են հավաքել գրադարանում։ Նա պատասխանեց, որ հավաքված է 54 800 գիրք, բայց շատերը դեռ պետք է գտնվեն և պատճենվեն[10]:

Ալեքսանդրայի գրադարանն իրենից ներկայացնում էր ավելի քան ակադեմիա, քան սովորական գրքերի հավաքատեղի. այստեղ ապրում և աշխատում էին գիտնականներ, որոնք զբաղվում էին ոչ միայն հետազոտություններով, այլև դասավանդում էին։ Գրադարանին կից կար գրքերն կրկնօրինակող գրիչների հաստիք, կազմվել է գրքերի ամբողջական ցանկ։ Ալեքսանդրիայի գրադարանի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ նրա ֆոնդերը հիմնականում համալրվում էին տեղում. անտիկ շրջանում Ալեքսանդրիան պապիրուսի արտադրության կենտրոնն էր, իսկ Պտղոմեոսների քաղաքականությունն ուղղված էր պատրաստված մասնագետ կադրերի՝ գրագիրների և քերական-տեքսաբանների ստեղծմանը։ Առաջին անգամ այդ մասին գրել է Ավլիոս Հելիոսը, որը նաև ներկայացրեց գրադարանային ֆոնդի առավելագույն գնահատականը՝ 700 000 գիրք («Աթթիկական գիշերներ», VII, 17, 1-3)[11]:

Գրադարանն ու Մուսեումը ստեղծվեցին միաժամանակ և պետք է լրացնեին մեկմեկու։ Մուսեումը պաշտամունքային հաստատություն էր, բայց Մուսաների երկրպագումը պրակտիկ բնույթ ուներ՝ հաստիքային գիտնականների և գրականագետների կողմից անցկացվող տարբեր գիտական և գրականագիտական պարապմունքների տեսքով։ Նման գործունեության ամենամոտ նմանատիպը Աթենքում բերմադրված դասական ժամանակաշրջանի ողբերգությունն էր՝ որպես Դիոնիսոս աստծո պաշտամունքի ծիսակարգ[12]: Աթենոսի հավաստմամբ՝ գրադարանային ֆոնդի սկզբնական հիմքը կազմում էր Պտղոմեոսի գնած Արիստոտելի գրադարանը (I, 3 b), բայց այս փաստը կարելի է մեկնաբանել նաև այնպես, որ ֆոնդի հիմքը կազմում էին հենց Արիստոտելի աշխատությունները։ Գալենիոսը հայտնում է բնութագրիչ անեկդոտ, ըստ որի՝ Ալեքսանդրիայի նավահանգիստ այցելած բոլոր նավերը պետք է տային իրենց գրքերը և ստանային պատճենները։ Պտղոմեոս III Բարերարը Աթենքից փոխարինաբար վերցրեց աթենացի ողբերգակների ստեղծագործությունների պետական օրինակը և վերադարձրեց միայն պատճենները՝ կորցնելով հսկա՝ 18 տաղանդ գրավը[13]:

Գրադարանի առաջին պահապանն էր Զենոդոտոս Էթենացին (մինչ մ.թ.ա. 234 թվականը), որից հետո Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա. 236 թվականից 195 թվականը), Արիստոթենես Բյուզանդացին (մ.թ.ա. 185-180 թվականները), Արիսարքոս Ինքնաթրակիացին (մ.թ.ա. 146 թվական)։ Գրադարանում աշխատում էին հելլենիստական դարաշրջանի բազմաթիվ այլ գիտնականներ, այդ թվում Էվկլիդեսը, Հերոն Ալեքսանդրիացին, Արքիմեդը: Այդ մասին տեղեկություններ են բերվում Սուդայի բյուզանդական հանրագիտարանում։ 1241 Օքսիրինքուսյան պապիրուսում բերվում է ալեքսանդրյան գրադարանավարների մեկ այլ ցուցակ, բայց ըստ Վ. Բորուխովիչի խոսքերի՝ դա չի կարող հիմք հանդիսանալ գրադարանի ժառանգական կառավարման հարցի լուծման համար։ Ապոլլոնիոս Հռոդոսացին այստեղ անվանվում է առաջին արքայի ուսուցիչ (երրորդի փոխարեն), իսկ Ապոլլոնիոսի հաջորդ նշվում է Էրատոսթենեսը, որին հաջորդում են Արիստոթենես Բյուզանդացին և Արիստարքոսը[14]:

Գրադարանի ֆոնդեր

Ալեքսանդրիայի գրադարանը 19-րդ դարի նկարչի պատկերացումներով

1819 թվականին Ֆ. Օսաննը, ուսումնասիրելով Պլավտոսի կատակերգության 15-րդ դարի ձեռագիրը, հայտնաբերեց Ալեքսանդրիայի գրադարանի մասին տեղեկություններ պարունակող լատինական մեկնաբանություններ, բայց դրանք հրապարակվեցին ավելի ուշ[15]: Բովանդակությունը հետևյալն է.

(Արքան) հիմնեց երկու գրադարան. մեկը արքայական ապարանքի սահմաններից դուրս: Արտաքին գրադարանում հաշվվում էր 42 800 ձեռագիր, իսկ նրանում, որը գտնվում էր արքունիքում, պահվում էին 40 000 «խառը ձեռագրեր» (Voluminum commixtorum), «պարզ ու տարանջատված» (Simplicium autem et digestorum)՝ 90 000, ինչպես հայտնում է Կալիմաքոսը՝ արքունական գրադարանավարը, ով նաև յուրաքանչյուր ձեռագրի համար գրեց տիտղոսաթերթեր:[13]

Մեկնաբանության անանուն հեղինակը այդուհանդերձ հղում է կատարում բյուզանդացի գիտնական Հովհան Ցեցեսուսին: Հետաքրքրական է, որ վերջինիս հունական տեքստը Ալեքսանդրիայի գրադարանի մասին մեկնաբանությունների մասունքներ են Արիստոֆանեսից և պահպանվել են Միլանի Ամբրոզիանիայի գրադարանի հավաքածուներից միայն մի ձեռագրում։ Այստեղ բերված են թվերի այլ դասավորություն՝

Անվանադիր արքա Պտղոմեոս Ֆիլադելֆոսը… երբ Ալեքսանդրիայում բոլոր տեղերից արքունական գանձարանի հաշվին հավաքեց գրքեր, Դեմետրոս Ֆալերացու և այլ ծերերի խորհրդով տեղ հատկացրեց երկու գրադարանում: Արտաքին գրադարանում գրքերի թիվը հասնում էր 42 800-ի: Արքունիքի ներսում տեղակայված մյուս գրադարանն ուներ 40 000 «խառը» գրքեր (հուն․՝ συμμίκτων), «պարզ» ու «չտարանջատված»՝ 90 000, ինչպես «Աղյուսակներում» ներկայացրել է Կալիմաքոսը, որը պալատական դարձավ, երբ այս ամենը կարգի բերեց[16]:

Հատկանշական է, որ ժամանակակից հետազոտողները հակված են գրադարանում պահված ստեղծագործությունների թվի ստորին գնահատականներին[17]: Վեճի առարկա է նաև «պարզ», «տարանջատված», «չտարանջատված» հասկացությունները գրադարանում պահվող գրքերի վերաբերյալ։ Ըստ Վ. Բորուխովիչի՝ «պարզ» գրքեր, ըստ սովորության, ալեքսանդրիացի գիտնականներն անվանում են միջին չափերի գրքերը, որոնք իրենց մեջ ներառում էին միայն մեկ ստեղծագործություն, «խառը» գրքերն իրենցից ներկայացնում էին գրքերի հավաքածուներ՝ կապված կամ հավաքված մեկ արկղում, այսպես կոչված խառնված իրար հետ այնպես, որ պահանջվում էր փնտրել նրանց մեջ հիշատակարանի անհրաժեշտ մասը [14]:

Գրադարանի պահապանների տեքստաբանական աշխատանքն անբաժան էր դրանց բովանդակության համակարգումից։ Շատ գրքեր հեղինակների կողմից միտումնավոր գրվել էին այլ անձի անունից (այսպես կոչված «կեղծ բնաբաններ») կամ ընդհանրապես հեղինակ չունեին։ Հաճախ հեղինակներն ունեին միևնույն անունը, իսկ ձեռագրերի արտագրման ընթացքում տեքստերը աղճատվում էին, առաջանում էին բացթողումներ ու ավելացումներ։ Այդ իսկ պատճառով հավաքված գրքային ֆոնդի մշակմամբ զբաղվող ալեքսադրիացի քերականների առջև կանգնած էր լուրջ խնդիր. խմբագրվող պատճենները հնարավորինս մոտեցնել հեղինակային բնօրինակին [18]: Գրադարանավարների հետաքրքրությունները ներառում էին ոչ միայն հունական ստեղծագործությունները, այլև արևելյան։ Հենց Մուսեյոնում կատարվեց Սեպտուագինտայի թարգմանությունը, իսկ եգիպտացի քուրմ Մանեթոնը հունարեն գրեց «Եգիպտոսի պատմությունը»: Ինչպես նաև, ըստ վարկածների, նա էր գրադարանի Սերապեումի մասնաճյուղի հիմնադիրը։

Կալիմաքոս Կիրենացին հանդիսանում էր գիտական մատենագրության հիմնադիրը։ Սուդայի հանրագիտարանում նրան վերագրվում էր ստեղծագործությունների 800 գիրք և առաջին հերթին Ալեքսանդրիայի գրադարանի ծանոթագրությունների կատալոգը՝ «աղյուսակներ, որոնք հայտնի դարձան բոլոր գիտություններում ու արվեստներում, ինչպես նաև նրանց կողմից ստեղծված» 120 գրքերում։ «Աղյուսակներում» յուրաքանչյուր գրողի անուն ուղեկցվում էր նրա համառոտ կենսագրությամբ, որում տեղեկություններ էին հայտնվում նրա ուսուցիչների և կրթության մասին։ Աշխատությունը չի պահպանվել, բայց նրա մասին հիշատակումները թույլ են տալիս ենթադրել, որ կատալոգը կազմված է եղել ըստ ժանրերի, որոնց մեջ առանձնացված են եղել էպիկական բանաստեղծները, քնարերգուները, դրամատուրգները, փիլիսոփաները, պատմաբանները, հռետորները և այլք։ Կարելի է ենթադրել, որ դրամատուրգիական բաժնում յուրաքանչյուր պիեսին տրված էր համար, ընդ որում նշված էին տաղաչափական տվյալներ (տողերի քանակը), ինչպես նաև բերված էր գրականագիտական կոթողի առաջին նախադասությունը, ինչը ավելի դյուրին էր դարձնում հստակ նույնականացման համար[19]: Ըստ Աթենեոսի՝ Կալիմաքոսի հետնորդը շարունակեց նրա աշխատանքը. Արիստոֆանես Բյուզանդացին գրեց «Կալիմաքոսի աղյուսակներին» երկեր, որտեղ ներառված էին Կալիմաքոսի կազմած մատենագրության վերաբերյալ բազմաթիվ լրացումներ և ուղղումներ (Athen., IX, 408)։

Գրադարանի ֆոնդերի կորուստը

Պրեֆեկտ Տիբերիուս Կլավդիոս Բալբիլոսի արձանագրությունը, որտեղ 8-րդ տողում հիշատակվում է Ալեքսանդրիայի գրադարանը: Մոտ 56 թվականին

մ.թ.ա.. 48-47 թվականներին Հուլիոս Կեսարը պատերազմում էր Եգիպտոսում՝ խառնվելով Կլեոպատրայի և նրա եղբայր Պտղոմեոս XIII-ի արքայատոհմիկ կռվին։ Ռազմական գործողությունների արդյունքում քաղաքում և գրադարանում սկսվեց մեծ հրդեհ, և գրքերի մի մասն այրվեց։ Այս իրադարձությունը նկարագրած անտիկ հեղինակները հակասում էին միմյանց. ըստ Սենեկայի՝ (De tranquilitate 9, 5) այրվել է 40 000 գիրք այն ժամանակ, երբ Պողոս Օրոզիոսը (Oros., VI, 15, 3) բերում էր 400 000 թիվը, իսկ Դիոն Կասսիոսը (XLII, 38) պնդում էր, որ այրվել են նավաշինարանները, հացի և գրքերի պահեստները (ըստ երևույթին Հռոմ ուղարկվելիք), բայց ոչ գրադարանը։ Պլուտարքոսը հայտարարում էր, որ Մարկոս Անտոնիոսը վնասված ֆոնդերը վերականգնել է հելլենական աշխարհի մեկ այլ խոշոր գրադարանի՝ Պերգամոնյանի հաշվին՝ այսպիսով ցանկանալով հաճոյանալ Կլեոպատրային[20]:

Մոտ երկու դար Ալեքսանդրիայի գրադարանը գոյություն ունեցավ համեմատաբար խաղաղ հանգամանքներում։ Սվետոնիուսի Կլավդիոսի կենսագրականում (42, 2) պատառիկ կա, որում վերջինս հրամայել է Մուսեոնին կից կառուցել նոր շինություն՝ լայսեր ստեղծագործությունները հասարակայնորեն կարդալու և արտագրելու համար։ Որոշ հեղինակներ սրանից եզրակացնում են, որ գրադարանի անկումն արդեն սկսվել էր[21]: Նույն տեղում Սվետոնիուսը հայտնում է, որ այն բանից հետո, երբ հռոմեական կայսերական գրադարանը վնասվեց հրդեհից, Դոմիցիանոսը մասնագետներ ուղարկեց Ալեքսանդրիա՝ պատճենելու և համեմատելու կորսված տեքստերը («Տասներկու կայսրերի կյանքը», «Դոմիցիանուս», 20)։ Սրանից Ռ. Բեգնալը եզրակացնում է, որ հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գրադարանը կորցրել էր իր կրոնական կարգավիճակը և վերաուղղորդվել էր կրթական համակարգի կարիքները հոգալու համար[22]:

2-րդ դարում Ալեքսանդրիա այցելեց Մուսեոնում մի քանի նոր անդամներ նշանակած Ադրիանոս կայսրը։ Առիթ կա կարծելու, որ այս քաղաքականությունը նրան առաջարկել են նրա հետնորդները՝ Անտոնինոս Պիոսը և Մարկոս Ավրելիոսը: Բայց հռոմեական կայսրության ճգնաժամի սկզբի հետ՝ 216 թվականին, կայսր Կարակալլան Ալեքսանդրիան հանձնեց իր զինվորների թալանին, ինչը նույնպես կարող էր վնասել գրքերի ամբողջականությանը։ Նրա օրոք իջեցվեց Մուսեոնի ու գրադարանի պահապանների կարգավիճակը, նրանք կորցրեցին մի շարք արտոնություններ, որոնք գալիս էին դեռ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից[23]:

Գլխավոր գրադարանն ըստ էության անկում ապրեց 273 թվականին, երբ կայսր Ավրելիանոսը Ալեքսանդրիան վերցնելու ժամանակ ավիրեց և հրդեհեց Բրուհեյոնը՝ ճնշելով Զենոբիա թագուհու ապստամբությունը. Սերապիսի տաճարում պահվող գրադարանի մի մասը հավանաբար ավելի ուշ կորսվեց։ Գրադարանի անկման ստույգ թվականը հայտնի չէ[10]: 391 թվականին Ալեքսանդրիայում բախում տեղի ունեցավ քրիստոնյաների և հեթանոսների միջև։ Գոյություն ունեն տարբեր տեսակետներ բախման ծագման և ընթացքի մասին։ Ի վերջո, պատրիարք Թեոֆիլոս Ալեքսանդրացին Թեոդոսիոս I կայսրից թույլտվություն ստացավ ավիրելու բոլոր հեթանոսական տաճարները, ինչը հանգեցրեց Սերապեումի ավիրմանը։ Եկեղեցական պատմաբան Սոկրատես Սքոլաստիկոսն այսպես է նկարագրում այդ ամենը.[24]:

Հենվելով նման իրավասությունների վրա՝ Թեոֆիլոսն օգտագործեց ամեն բան, որպեսզի անփառունակությամբ ծածկի հեթանոսական գաղտնիքները. նա պղծեց միտրական տաճարը, ավիրեց Սերապիսի տաճարը… Տեսնելով այս ամենը՝ ալեքսանդրացի հեթանոսները, հատկապես փիլիսոփա կոչվածները չհանդուրժեցին նման վիրավորանքը և իրենց նախկին արյունակցական գործերը պղծվեցին ավելի շատ, բոլոր նրանք, ըստ նախնական համաձայնության, նետվեցին դեպի քրիստոնյաները և սկսեցին ամեն տեսակ սպանությունները: Իրենց կողմից նույն կերպով էին վարձահատույց լինում քրիստոնյաները…

Հնարավոր է՝ այս իրադարձությունների ժամանակ այրվեցին տաճարում գտնվող գրքերը[10]: Իրադարձությունների մասին գրել է նաև հեթանոս հեղինակ Եվնապիոս Սարդինացին: Երկուսն էլ՝ Սոկրատեսն ու Եվնապիոսը, հայտնում են հեթանոսական տաճարի ավիրման մասին, բայց հենց գրքերի ոչնչացման մասին հիշատակումներ չկան։ Ավելին, անհայտ է՝ քանի՞ գիրք էր գտնվում այդ պահին Սերապեումում, և արդյո՞ք դրանք այնտեղ էին։ Օրոզիոսը (VI, 15, 32) հայտնում է, որ գրադարակներ հնարավոր էր տեսնել Ալեքսանդրիայի բոլոր տաճարներում[25]: Հայտնի է, որ Մուսեոնը և գրադարանը գոյություն են ունեցել 391 թվականի իրադարձություններից հետո էլ, մասնավորապես, ժամանակի հայտնի ինտելեկտուալներից մեկը, ով աշխատում էր այնտեղ, մաթեմատիկոս և փիլիսոփա Թեոնիոս Ալեքսանդրացին էր, ով մահացել է մոտավորապես 405 թվականին (այս մասին վկայություններ են հայտնվում Սուդայի հանրագիտարանում)[26]:

13-րդ դարի սիրիացի եպիսկոպոս Գրիգորիոս Բար-Էբրեյի Chronicon Syriacum աշխատության մեջ հայտնում է, որ փրկված ձեռագրերը ոչնչացվել են 7-13-րդ դարերում՝ արաբ-մուսուլմանների տիրապետության ժամանակաշրջանում, բայց այս փաստը վկայող հավաստի տեղեկություններ չկան։ Հանարաճանաչ է այս պատումը. 641 թվականին խալիֆ Օմար իբն Խատտաբը հրաման տվեց իր սպարապետ Ամր իբն ալ-Ասին այրել Ալեքսանդիայի գրադարանը՝ ասելով.

Եթե այդ գրքերում ասվում է այն, ինչ կա Ղուրանում, ապա դրանք անօգուտ են: Եթե այդ գրքերում ասվում է մեկ այլ բան, ապա դրանք վնասակար են: Ուստի երկու դեպքում էլ պետք է այրել դրանք[25]:

: Ռուս պատմաբան-արաբագետ Վ. Բոլշակովը դա մեկնաբանում է այսպես[27].

Մասնագետները լավ գիտեն, որ դա ընդամենը բարեպաշտ լեգենդ է՝ Ումարին վերագրելով «բարեգործի» արարք՝ Ղուրանին հակասող գրքերի ոչնչացում, բայց հանրամատչելի գրականության մեջ այս լեգենդը մատուցվում է որպես պատմական փաստ: Բայց ո՛չ Հովհան Նիկեացին, ով շատ է հիշատակել արաբական նվաճումների շրջանում թալանի ու ավերածությունների մասին, ո՛չ մեկ այլ իսլամին թշնամի քրիստոնյա պատմագիր չի հիշատակում գրադարանի հրդեհը:

Այսպիսով, դժվար է գրադարանի կորուստը վերագրել որևէ կոնկրետ իրադարձության կամ մեղադրել դրանում բացառապես հեթանոսներին, քրիստոնյաներին կամ մուսուլմաններին։ Այս մասին վեճերը բազմադարյա ավանդույթ են։ Մասնավորապես, Պլուտարքոսը մեղադրում էր Կեսարին, Էդուարդ Գիբոնը՝ քրիստոնյաներին, Գրիգորիոս Բար-Էբրեյը՝ մուսուլմաններին, իսկ ժամանակակից Բրիտանական հանրագիտարանի հեղինակները ամբողջ մեղքը դրեցին Ավրելիանոսի վրա[28]: Ռ. Բեգնոլի տեսանկյունից Ալեքսանդրիայի գրադարանի անկումն ու մահը երկարատև գործընթաց է, իր բնույթով՝ բնական։ Դասական բանասիրության անկման հետ և իշխանությունների հետաքրքրության բացակայության հետևանքով միջոցներ չգտնվեցին քայքայված ձեռագրերը վերականգնելու համար, որոնք պահանջում էին մշտական համալրում։ Անտիկ ժամանակաշրջանում 200 տարեկան ձեռագիր գրքերը համարվում էին հազվագյուտ երևույթներ[21]:

Պատմագրություն․ հնագիտական վկայություններ

Չնայած չափազանց քիչ քանակությամբ հավաստի տեղեկատվությանը Ալեքսանդրիայի գրադարանի մասին՝ նա դարերի ընթացքում դարձել է գիտելիքների և մշակույթի պահպանման, ինչպես նաև կյանքի անցողիկության նախատիպ-խորհրդանիշ[29]: Այս կերպարը ստեղծվեց Վերածննդի դարաշրջանում և համարյա անփոփոխ փոխանցվել սերունդներին[30]: Ալեքսանդրիայի գրադարանի թեման նոր հարթության վրա բարձրացավ Էդուարդ Գիբբոնի «Հռոմեական կայսրության անկումն ու քայքայումը» (1776-1789) լայնակտավ ստեղծագործությունում, որտեղ հեղինակը գրադարանի վերացման մեջ մեղադրեց քրիստոնյաներին, այլ ոչ թե մուսուլմաններին։

Ժամանակակից գիտական պատմագրության հաշվումն Ալեքսանդրիայի գրադարանում կատարվում է 1823 թվականից, երբ Լեյդենում լույս տեսավ Գերհարդ Դեդելի «Historia critica bibliothecae Alexandrinae» փոքրիկ մենագրությունը։ 1838 թվականին նմանատիպ գիրք հրատարակեց Ֆ. Ռիչլը[31], և դրանից հետո Ալեքսանդրիայի գրադարանի մասին հրատարակությունները դարձան քիչ թե շատ պարբերական։ Գրադարանի ուսումնասիրության գործում էական ավանդ է համարվում ամերիկացի հետազոտող Է. Փարսոնսի մենագրությունը, որը լույս տեսավ 1952 թվականին[32]: 1986 թվականին հրատարակվեց Լ. Քանֆորի «Անհետացած գրադարան» հետազոտությունը[33], որը դարձավ բեսթսելլեր, բայց դարձավ քննադատությունների թիրախ փաստերի և գրականագիտական հնարանքի խառնելու և եզրակացությունների «մշուշոտ» լինելու համար[34]: Բայց քանի որ գրքում բերված էին համարյա բոլոր հնագույն աղբյուրները և նկարագրված են ժամանակակից հետազոտությունները, գիրքը թարգմանվեց մի շարք լեզուներով և պարբերաբար վերահրատարակվում է։ 1990 թվականին հրատարակվեց Մուսթաֆա ալ-Աբբադիի մեծ հետազոտությունը, որը մինչ այժմ հրատարակվածներից համարվում է ամենահիմնարարը[35]:

Հնագիտական տեսանկյունից Ալեքսանդրիայի գրադարանը վատ է մեկուսացված։ Ստրաբոնի նկարագրությունից հետևում է, որ գրադարանն ընդհանրապես առանձին շինություն չի ունեցել (համենայն դեպս չի հիշատակվում)։ Պատմական Ալեքսանդրիայի արքայական թաղամասի պեղումների ղեկավար Ժան-Իվ Էմպերյորը հոռետեսորեն է վերաբերվում Գրադարանի շենքի մնացորդների բացահայտման հնարավորություններին[36]: Գրադարանի գոյության նյութական գոյության հետքերից մեկն էլ համարվում է քարե արկղը, որը գտնվել է 1847 թվականին։ Ենթադրվում է, որ այն օգտագործվում է գրքերի պահպանման համար. այժմ գտնվում է վիենական Մշակույթի պատմության թանգարանի հավաքածուում[37]: Ալեքսանդրիայի Սերապեումի պեղումների արդյունքում ընդունված է կարծել, որ գրքերի պահպանման համար ծառայել է 3 × 4 մ չափերով 19 սենյակներից կազմված սենեկաշարքը (անֆիլադա), որը տեղակայված էր պալատում՝ հարավային փոքր նավահանգստից այն կողմ[38]:

Մշակույթում

1980-ական թվականներից սկսած՝ Ալեքսանդրիայի գրադարանի ճակատագիրը հետաքրքրեց պատմական և արկածային արձակագիրներին։ Լույս տեսան Սթիվ Բերիի[39], Քլայվ Քասլերի[40], մաթեմատիկոս և գիտության պատմաբան Դենի Գեժի[41], աստղագետ և գրող Ժան-Պիեր Լյումինեի[42] վեպերը։

Ալեքսանդրիայի գրադարանը որոշակի դեր է խաղում, ըստ էության, անտիկ թեմաներով երկու ֆիլմերի դիպաշարերում. «Կլեոպատրա» (1963) պատմական դրամայում եգիպտական թագուհին Կեսարին անվանում է «բարբարոս» մարտական գործողությունների արդյունքում ընկած գրադարանի համար. ֆիլմում ցուցադրված է դրա հրդեհը։ 2009 թվականին դուրս եկավ «Ագորա» ֆիլմը՝ նվիրված Հիպատիայի ճակատագրին, որն ըստ դիպաշարի աշխատում էր Ալեքսանդրիայի գրադարանում։ Այս ֆիլմ առաջ բերեց քննադատական մեծ ալիք պատմական փաստերի փոխանցման քաղաքավարության առումով՝ ներառյալ պրոֆեսիոնալ պատմաբան Ֆեյթ Ջասթիսի վերլուծությունը[43]:

Ներկա վիճակը

2002 թվականին աշխարհը մեծ իրարանցման մեջ էր, վերականգնվել է Ալեքսանդրիայի գրադարանը, ավելի ճիշտ կառուցվել, ստեղծվել է նոր ուլտրաժամանակակից գրադարան։ Գրադարանի շենքը բացարձակ անկիզելի է։ Այս գրադարանի ստեղծման համար ծախսվել է 300 միլիոն դոլար։ Նույնքան էլ նախատեսվում է ծախսել գրականություն հավաքելու համար։ Եգիպտոսում գրադարանի կառուցման արդյունքում կառավարությունից անկախ ստեղծվեցին կրթական նոր համակարգ և կրթական հանրային կազմակերպություն։ Այս հաստատությունը կատարում է մի շարք մշակութային գործառույթներ[44]: 2011 թվականի հեղափոխության ժամանակ Ալեքսանդրիայի բնակիչները կենդանի շղթա էին կազմել գրադարանի շուրջը, որպեսզի պաշտպանեին թալանչիների ամբոխից, որոնք այրելով ոչնչացնում էին իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ[44]:

Պատկերասրահ

Գրականություն

  • Борухович В. Г. В мире античных свитков. — Саратов: Изд-во Саратовского университета, 1976. — 224 с.
  • Браво Б., Випшицкая-Браво Е. Судьбы античной литературы // Античные писатели. Словарь. — СПб.: Лань, 1999. — С. 7-20.
  • Мецгер Б. Текстология Нового Завета: Рукописная традиция, возникновение искажений и реконструкция оригинала. — М.: Библейско-богословский ин-т св. апостола Андрея, 1996. — 334 с.
  • Поластрон Л. Книги в огне: история бесконечного уничтожения библиотек / Пер. с фр. Н. Васильковой, Е. Клоковой, Е. Мурашкинцевой, А. Пазельской. — М.: Текст, 2007. — 397 с. — ISBN 978-5-7516-0653-1

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 The Shores of the Cosmic Ocean — 1980.
  2. Murray, S. (2009). The library: An illustrated history. Chicago, IL: Skyhorse Publishing, (pp. 15).
  3. Murray, S. A., (2009). The library: An illustrated history. New York: Skyhorse Publishing, p.17
  4. Mostafa El-Abbadi. The life and fate of the ancient Library of Alexandria. — 1990. — P. 78.
  5. Angelika Zdiarsky. Bibliothekarische Überlegungen zur Bibliothek von Alexandria. — 2011. — S. 162, 166.
  6. Rudolf Blum. Kallimachos. The Alexandrian Library and the Origins of Bibliography. — University of Wisconsin Press, 1991. — P. 104-105.
  7. Uwe Jochum. Kleine Bibliotheksgeschichte. — 2007. — S. 34.
  8. Elgood P. G., Les Ptolémées d’Egypte, Փ. 7, էջեր 7 — 7 էջ։
  9. Борухович, 1976, էջ 153-154
  10. 10,0 10,1 10,2 Александрийская библиотека // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 447. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
  11. Борухович, 1976, էջ 154
  12. Борухович, 1976, էջ 157
  13. 13,0 13,1 Борухович, 1976, էջ 159
  14. 14,0 14,1 Борухович, 1976, էջ 161
  15. Ritschl F. Die alexandrinischen Bibliotheken. — Breslau, 1838. — S. 3.
  16. Ioannis Tzetzae scholiorum in Aristophanem Prolegomena // Rheinisches Museum. — № VI. — Էջ  108.
  17. «In Our Time: The Library at Nineveh». BBC iPlayer. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19–ին-ին.
  18. Борухович, 1976, էջ 161-162
  19. Борухович, 1976, էջ 166-167
  20. Борухович, 1976, էջ 169
  21. 21,0 21,1 Roger S. Bagnall Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 359.
  22. Roger S. Bagnall Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 357.
  23. Heinz-Günther Nesselrath Das Museion und die Große Bibliothek von Alexandria. — 2013. — S. 86-88.
  24. «Сократ Схоластик. Книга V. Глава 16». Библиотека Гумер. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19–ին-ին.
  25. 25,0 25,1 Борухович, 1976, էջ 170
  26. J. J. O'Connor and E. F. Robertson. «Theon of Alexandria» (անգլերեն). School of Mathematics and Statistics University of St Andrews, Scotland. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23–ին-ին.
  27. Большаков В. О. История Халифата. — М.: Вост. лит., 2000. — Т. 2. — С. 122.
  28. «Library of Alexandria» (անգլերեն). Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 04 Mar. 2012. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19–ին-ին..«Музей и библиотека сумели уцелеть в течение многих веков, но были уничтожены в гражданской войне при римском императоре Аврелиане» («The museum and library survived for many centuries but were destroyed in the civil war that occurred under the Roman emperor Aurelian»)
  29. Monica Berti, Virgilio Costa. The Ancient Library of Alexandria. A Model for Classical Scholarship in the Age of Million Book Libraries. — 2009. — P. 1.
  30. Roger S. Bagnall. Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 361.
  31. Ritschl F. Die alexandrinischen Bibliotheken. - Breslau, 1838.
  32. Edward A. Parsons., The Alexandrian Library, London, 1952։
  33. Luciano Canfora., La biblioteca scomparsa, 1986։
  34. Поластрон, 2007, էջ 30
  35. Mostafa El-Abbadi., The life and fate of the ancient Library of Alexandria, 1990։
  36. Jean-Yves Empereur., What Happened to the Ancient Library of Alexandria?, հ. The Destruction of the Library of Alexandria. An Archaeological Viewpoint, 2008, էջ 77-80, 88։
  37. Roger S. Bagnall, Alexandria. Library of Dreams, 2002 — 353 էջ։
  38. Robert Barnes., Cloistered Bookworms in the Chicken-Coop of the Muses. The Ancient Library of Alexandria, 2010, էջ 68։
  39. Steve Berry. The Alexandria link: a novel. - New York, 2007.
  40. Clive Cussler. Treasure: a novel. - New York, 1988.
  41. Denis Guedj. Les Cheveux de Bérénice. - Paris, 2003.
  42. Jean-Pierre Luminet. Le Bâton d’Euclide: le roman de la bibliothèque d’Alexandrie. - Paris, 2002.
  43. Faith L. Justice (01.06.2010). «Agora: the «Reel» vs. the «Real» Hypatia» (անգլերեն). Historian's Notebook Author Faith L. Justice's blog. Վերցված է 2014-08-25-ին.
  44. 44,0 44,1 Thomas Fagernes (նոյեմբերի 28, 2012). «Snøhetta. Архитектурное бюро, Норвегия. Лекция Томаса Фагернеса, партнёра бюро и Senior Architect в Snøhetta» (ռուսերեն). BLUEjeansWITHblueCORNFLOWERS.blogspot.com. Վերցված է 2013-04-10-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիայի գրադարան» հոդվածին։