«Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:1915 մահեր]]
[[Կատեգորիա:1915 մահեր]]
[[Կատեգորիա:Ցղնա գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ցղնա գյուղում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Բաքու քաղաքում մահացածներ]]

19:09, 27 հունվարի 2017-ի տարբերակ

Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան

Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, (29.3.1866 թ․, Ցղնա (Գողթն գավառ) – 2.12.1915, Բաքու), եպիսկոպոս (1909), աստվածաբան, պատմաբան, բանասեր։ Փիլիսոփայության դոկտոր (1893), աստվածաբանության լիցենցիատ (մագիստրոս, 1894)։

Կենսագրություն

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական, ապա՝ Զաքաթալայի գավառական դպրոցում։ 1888-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա՝ դասավանդել այնտեղ, վարել մատենադարանապետի պաշտոնը։ 1889-ին Գևորգ Չորեքչյանի (Գևորգ Զ Չորեքչյան) և Գարեգին Հովսեփյանի (Գարեգին Ա Հովսեփյան) հետ ձեռնադրվել է կուսակրոն սարկավագ։ 1889–94-ին աստվածաբանություն է ուսանել Լայպցիգի, Հալլեի և Բեռլինի համալսարաններում։ Դասախոսություններ է լսել Տյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության բաժնում, Փարիզի Սորբոնի համալսարանում, Մարբուրգի բողոքական աստվածաբանական ֆակուլտետում։ Ուսումնառության տարիներին գիտական հոդվածներով աշխատակցել է գերմանական հայտնի կրոնական հանդեսներին։ 1894-ին վերադարձել է Էջմիածին, ձեռնադրվել կուսակրոն քահանա, կարգվել Գևորգյան ճեմարանի տեսչի օգնական և աստվածաբանության ու կրոնական առարկաների ուսուցիչ։ 1894-ի դեկտեմբերին նշանակվել է «Արարատ»-ի կրոնական բաժնի խմբագիր, այնուհետև՝ մինչև 1899-ը, ամսագրի խմբագիր։ 1895-ին ստացել է վարդապետ. աստիճան, նույն թվին կարգվել Մայր աթոռի «Ուսումնական վարչական հանձնաժողովի» անդամ։ 1899–1902-ին կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1903–1905-ին՝ Երևանի թեմակալի փոխանորդ։ 1902, 1904, 1905–06-ին կարճ ժամանակով կրկին եղել է «Արարատ»-ի խմբագիր։ 1907-ին ստացել է ծ. վարդապետի աստիճան։ 1907-ին, խույս տալով Մայր աթոռի որոշ միաբանների հարուցած խոչընդոտներից ու զրպարտություններից, մեկնել է Բաքու, տեղի գիմնազիայում աշխատել ուսուցիչ։ 1907–12-ին եղել է Ատրպատականի թեմի առաջնորդը, Թավրիզում նախաձեռնել «Առավոտ» շաբաթաթերթի (1909–12) հրատարակումը։ Պարսկաստանի տարբեր վայրերից հայթայթել և Էջմիածնի մատենադարան է ուղարկել հայկական հին ձեռագրեր։ 1914-ից մինչև կյանքի վերջը վարել է Շամախու հայոց թեմի առաջնորդությունը։

Տեր-Մկրտչյանը նշանավոր հայ աստվածաբան հոգևորականներից էր, ում աշխատությունները, ձեռագրագիտական հազվագյուտ հայտնագործությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել Եվրոպայի գիտական աշխարհում, առատ նյութ տվել Ընդհանրական եկեղեցու և քրիստոնեության վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար։ «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց մերձավոր հերձվածային երևույթները Հայաստանում» (1893, գերմ.), «Թոնդրակեցիք մեր օրերում» (1895, գերմ.) աշխատություններում և «Պավլիկյանց և թոնդրակեցվոց աղանդները արդի քննադատությամբ» («Արարատ», 1900, հուլիս) հոդվածում անդրադարձել է միջնադարյան Հայաստանում տարածված աղանդավոր. այդ շարժումներին, դրանց վարդապետություններին։ Հատկապես ուշագրավ են XVIII–XIX դդ. դեռևս իրենց գոյությունը պահպանած թոնդրակեցիների հետևորդների և նրանց դավանագրքի՝ «Բանալի ճշմարտության» վերաբերյալ վերջին երկու ուսումնասիրությունները։ Տեր-Մկրտչյանը հերքել է արևելագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆ. Ֆ. Կոնիբերի «Բանալի ճշմարտության» երկի՝ IX դ. գրված լինելու մասին թեզը, հիմնավորել է նաև «նոր թոնդրակեցիների» կապը բողոքական մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ կրկնամկրտականության (անաբապտիզմ), մկրտականության, լյութերականության հետ։ «Ազգային եկեղեցի» (1903) գրքույկում հեղինակը Հայ առաքելական եկեղեցին ներկայացրել է իր երեք հիմնական գծերով՝ ազգային բնավորությամբ, կրոնական ոգով և հալածական վիճակով։ 1902–03-ին Տեր-Մկրտչյանին են հանձնարարվել Աստվածաշնչի նոր հրատարակության պատրաստման և խմբագրման աշխատանքները։ Նա Մայր աթոռի ձեռագրատան Աստվածաշնչի 40 ձեռագրերից ընտրել է 8–9 հիմնականները, համեմատել եբրայերեն բնագիրը և Յոթանասնից թարգմանությունը և տպագրության պատրաստել Ծննդոց ու Ելից գրքերը։ Սակայն 1903-ին եկեղեցական գույքի բռնագրավման և Մայր աթոռում ստեղծված իրավիճակի պատճառով գործը չի հրատարակվել և չի հասցվել իր ավարտին։

1904-ին Տեր-Մկրտչյանը Երևանի Կաթողիկե եկեղեցում հայտնաբերել է մի կարևոր հայերեն ձեռագիր, որը բովանդակել է II դ. հեղինակ Իրենիոս Լուգդոնացու գրվածքները։ Դրանցից առաջինը ՝ «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, մեծ արժեք է ներկայացնում II դ. քրիստոնեական դավանաբանության համար։ Հունարեն բնագիրը կորած է, և միայն վերնագիրն էր հայտնի Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ից։ Ե. Տեր-Մինասյանի հետ Տեր-Մկրտչյանը գերմաներեն է թարգմանել ձեռագիրը և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆ. Ա. Հառնակի ծանոթագրություներով, 1907-ին հրատարակել է Լայպցիգում՝ «Բնագրեր և հետազոտություններ» վերնագրով։ Նույն ձեռագրի մեջ էր նաև Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» աշխատության IV և V գլուխների հայերեն թարգմանությունը, որը Տեր-Մկրտչյանը 1910-ին Լայպցիգում Ե. Տեր-Մինասյանի հետ հրատարակել է «Բնագրեր և հետազոտություններ» շարքում՝ գերմաներեն առաջաբանով։ Այդ հրատարակություններով Եվրոպան ծանոթացել է քրիստոնեության վաղ շրջանի վրա լույս սփռող կարևոր գրվածքներին։

1897-ին Տեր-Մկրտչյանը Մայր աթոռի մատենադարանում հայտնաբերել է Ալեքսանդրիայի պատրիարք Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանությունը, որը գերմաներեն ու հայաերեն առաջաբանով Ե. Տեր-Մինասյանի հետ հրատարակել է Լայպցիգում, 1908-ին։ Տիմոթեոս Կուզի երկը կարևոր նշանակություն ունի V դ. դավանաբան. վեճերի և Ընդհանրական եկեղեցու պատմության ուսումնասիրման համար։ Աշխատության հունարեն բնագիրը կորած է և հայերեն թարգմանությամբ է միայն հայտնի դարձել գիտական աշխարհին։ Հայտնաբերած երրորդ ձեռագիրը, որը 1911-ին Տեր-Մկրտչյանը գտել էր Դարաշամբի սուրբ Ստեփանոս Նախավկա վանքում, «Կնիք հավատո» (1914, Ե. Տեր Մինասյանի հետ) դավանաբանական ժողովածուն էր։ Այդ գործին կցված ընդարձակ «Ներածությունը» գնահատելի ուսումնասիրություն է Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության, դավանական դիրքորոշումների և մատենագրության վերաբերյալ։ Աշխատության հետ առնչություն ունի հեղինակի մեկ այլ՝ «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի» (1913) ուսումնասիրությունը։ Այս գործերում Տեր-Մկրտչյանը անդրադարձել է Հայ եկեղեցու պատմության ամենակնճռոտ և վիճելի հարցերից մի քանիսին, այն է՝ քրիստոնյա աշխարհում դավանաբանական վեճերին հայոց մասնակցության, Քաղկեդոնի ժողովի մերժման, Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» հայերեն թարգմանության ժամանակին, «Գիրք թղթոց»-ի մի շարք գրությունների հեղինակային պատկանելության, գրելու շարժառիթների խնդրին ևն։ Պաշտպանել և հիմնավորել է այսօր արդեն հայագիտության մեջ ընդունված այն տեսակետը, թե Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովի հանդեպ իր բացասական դիրքորոշումը հստակեցրել է V դ. վերջին քառորդին՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք։

Տեր-Մկրտչյանը հրատարակել է մի շարք հիշատակարաններ Մայր աթոռի մատենադարանի ձեռագրերից։ Դրանցից երկուսը լույս են տեսել առանձին (Հովհան Երուսաղեմացու և Հովհաննես Գ Օձնեցու թղթերը)։ «Արարատ»-ում հրատարակել է «Գիրք թղթոց»-ի մի շարք գրություններ, մասնավորապես՝ Բաբկեն Ա Ոթմսեցի, Ներսես Բ Բագրեվանդցի, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերը, նոր լույս սփռելով Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության մի շարք հարցերի վրա։ 1908-ին Վաղարշապատում լույս է տեսել Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմության» առաջին հատորը։ Ժողովրդի կրոնաբարոյական դաստիարակության համար աշխարհաբար է փոխադրել Մատթեոսի Ավետարանը (անտիպ)։