«Գյուտ Աղանյանց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Chaojoker տեղափոխեց էջը «Գյուտ ավագ քահանա Աղանյանց»-ից «Գյուտ Աղանյանց»: առանց կոչման
(Տարբերություն չկա)

08:44, 27 Ապրիլի 2016-ի տարբերակ

Գյուտ ավ. քհն. Աղանյան
(Հարություն Տեր-Առաքելյան)
Դիմանկար
Ծնվել է1856 թվական, մարտի 1
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1920 թվական, դեկտեմբեր
Մահվան վայրԹիֆլիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
ԿրթությունԹիֆլիսի Ներսիսյան դպրոց
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ, ուսուցիչ, բանասեր, հրատարակիչ, խմբագիր, քահանա և ազգագրագետ
ԱշխատավայրԼումա[1]

Տեր Գյուտ Ավագ Քահանա Աղանյանց, (1856, 1 մարտի, Թիֆլիս 1919, դեկտեմբեր, Թիֆլիս), մշակութային, եկեղեցական ու հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, թարգմանիչ, բանասեր, ազգագրագետ, պատմաբան, հրատարակիչ, խմբագիր։

Կենսագրություն

Տ. Գյուտ ավագ քահանա Աղանյանցը (ավազանի անունով՝ Հարություն Տեր-Առաքելյան) ծնվել է հայաշատ Թիֆլիս քաղաքում՝ 1856 թվականի մարտի 1-ին։ Պահպանվել է նրա ծննդյան վկայականը` տրված Վրաստանի և Իմերեթի թեմական կոնսիստորիայից. «...սույնը տրվում է սարկավագ Հարություն Առաքելյանցի (Աղանյանցի) դիմումի համաձայն առ այն, որ ինչպես երևում է Թիֆլիսի հայկական Վանքի տաճարի 1856 թ. չափաբերական մատյանի 1-մասի 21-րդ հոդվածի` Ելիզավետա Հովհաննեսովայի հետ Կարապետ Առաքելյանցի օրինական ամուսնությունից ծնվել է արու զավակ` հազար ութհարյուր հիսունվեց թվականի մարտի մեկին, որը նույն ամսին կնքվել է քահանա Մարկոս Տեր-Սարգսյանի կողմից, և սուրբ կնքման ժամանակ նրան տրվել է Հարություն անունը, կնքահայրն էր Աստվածատուր Գաբրիելյանցը...»[Ն 1]:

Նախակրթություն

Պատանի Հարությունն իր սկզբնական կրթությունն ստացել է Տիրուհի Մամիկոնյանի մասնավոր դպրոցում` աշակերտելով հայ անվանի մանկավարժ Գարեգին Մուրադյանցին` Հայ Եկեղեցու ապագա նշանավոր գործիչ Մելքիսեդեկ արքեպիսկոպոսին։ Այնուհետև 1865 թվականին ընդունվել է և 1878 թվականին բարձր գնահատականներով ավարտել Ներսիսյան դպրոցը, որտեղ այդ շրջանում դասավանդում էին հայ հոգևորականության և մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերը, այդ թվում նշանավոր թարգմանիչ և մանկավարժ Գ. Բարխուդարյանը, Գաբրիել ավագ քահանա Պատկանյանը, Ղևոնդ քահանա Խարազյանցը, Սուքիաս վրդ. Պարզյանցը, Ստեփանոս Պալասանյանը, Պետրոս Սիմոնյանը, Ամիրան Մանդինյանը և ուրիշներ[2]: Դպրոցում տեսուչներ են եղել բժիշկ Հարություն Հովհաննիսյանը (1864-1865), Հովսեփ Փունդյանը (1865-1867), Հայկ Էլիմիրզյանը (1867-1869), Ստեփանոս Նազարյանցը (1869-1872), Հասան Ջալալյանը (ժամանակավոր, 1872-1873):

Մանկավարժական գործունեություն

Ուսումն ավարտելուց հետո Աղանյանցն սկսել է ուսուցչությամբ զբաղվել և ծավալել է արդյունավետ գործունեություն։ Դեռևս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին ձևավորվել էր նրա հոգևոր աշխարհը։ Աղանյանցը, երբ դեռ նոր էր առաջին քայլերն անում մանկավարժության բարդ և դժվարին աշխարհում, մեծ ցանկություն ուներ հոգևոր կոչում ստանալու։ Այդ նպատակով դիմում է Վրաստանի հայոց վիճակային կոնսիստորիային. «Ի մանկութենէ ունելով զդիտաւորութիւն մտանելոյ ի հոգևոր կոչումն, պատրաստեցի զանձն իմ չափաւոր ուսմամբք սրբազան և արտաքին գիտութեանց ի Ներսիսեան Ազգային հոգևոր դպրոցի. ուստի ընդ այսմ ներկայացնելով Ատենիդ զվկայագիր ուսման իմոյ տուեալն ինձ ի հոգաբարձութենէն քաղաքին Տփխիսոյ յ8-ն մայիսի 1871 ամի ընդ համարաւ 203, խոնարհաբար խնդրեմ ընկալնուլ զիս ի հոգևոր կոչումն և համաթուել ի կարգս ստորին եկեղեցական պաշտօնէից Վանաց Մայր Եկեղեցւոյ»[3]:

1875 թվականին Վրաստանի և Իմերեթի թեմական առաջնորդ, նշանավոր պատմաբան և բանասեր Մակար արքեպիսկոպոս Բարխուդարյանը Հաղպատի վանքում նրան դպիր է ձեռնադրում[4]: Հարություն դպիրը Թիֆլիսի նշանավոր Հավլաբարի Ս. Մինաս եկեղեցու մոտ մի մասնավոր ուսումնարան է բացում և սկսում դասավանդել, դասագրքեր պատրաստել` զարկ տալով աշակերտների մտավոր, բարոյական և կրոնական դաստիարակությանը։

Սկսած 1876 թվականից նա ուսուցչի պաշտոն է ստանձնում նաև Ներսիսյան դպրոցում, որտեղ մատչելի լեզվով ու շարադրանքով իր դասավանդած առարկայի միջոցով նպաստում է աշակերտների կրոնա-բարոյական դաստիարակությանը։ Գյուտ Աղանյանցն իր ոգեշունչ մասնակցությունն է բերում նաև Թիֆլիսի Ս. Գայանյան հայ օրիորդաց միջնակարգ ուսումնարանի աշակերտության դաստիարակության գործին։ 1880 թվականի հունիսի 20-ին, քահանա ձեռնադրվելու պատճառով, Աղանյանցը դիմում է գրում ուսումնարանի տեսչին, թե ձեռնադրության պատճառով. «անկարող եմ լինում շարունակելու ուսուցչութիւնս դպրոցիդ մէջ, վասնորոյ առաջիկայ սեպտեմբերի մէկից ինձ հրաժարուած համարիր ուսուցչական պաշտօնից»[5]:

Հոգևոր-եկեղեցական և գրական-ստեղծագործական գործունեություն

1879 թվականին Հարություն դպիրը ձեռնադրվում է սարկավագ, իսկ մեկ տարի հետո, Ս. Էջմիածնի Սինոդի հրամանով Ախլցխա քաղաքի Ս. Փրկիչ եկեղեցում ձեռամբ Տ. Գրիգոր արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռնադրվում է քահանա վերանվանելով Տեր Գյուտ[6]:

Գյուտ Աղանյանցի գրական-ստեղծագործական գործունեությունը սկսվում է 1875 թվականից, երբ մեկը մյուսի հետևից նրա հոդվածները տպագրվում են «Մեղու Հայաստանի» թերթում։ Այդ հոդվածները հավաստում էին, որ Աղանյանցը որպես գրող, մանկավարժ և հրապարակախոս արդեն կայացել է։ Սկզբից ևեթ նրա գրածները վերաբերում էին մանկական դաստիարակությանը, երեխաների հոգսերին և կարիքներին։ Զգալով հայ իրականության մեջ մանկական գրականության պակասը՝ նա ձեռնամուխ եղավ մանկական գրականության թարգմանությանը և կարճ ժամանակի ընթացքում հայկական բոլոր ուսումնարանների սաներն արդեն ունեին իր աշխատասիրությամբ հրատարակված հանրամատչելի և հետաքրքիր բովանդակությամբ գրքույկները, որոնք մեծ դեր խաղացին նրանց կրթական մակարդակի բարձրացման և գրական ճաշակի ձևավորման գործում։

Գյուտ ավ. քհն. Աղանյանցը 1889-1903 թթ. հրատարակել է պատի ամենօրյա հայերեն օրացույց, որն առաջինն էր ռուսահայ իրականության մեջ, որից այնուհետև օրինակ վերցրեցին հայ մշակույթի անվանի երախտավորները` Ա. Գուլամիրյանը, Մ. Չմշկյանը, Կ. Ափինյանը, Է. Թոփչյանը և այլք։

1896 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հաձնարարությամբ նա գործուղվում է Կ. Պոլիս՝ Մատթեոս արքեպիսկոպոս Իզմիրլյանի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ նրա համար բարեպատեհ առիթ է ստեղծվում ոչ միայն շրջագայելու, այլև օգտվելու Պատրիարքարանի դիվանից և Հովհաննես ավ. քհն. Մկրյանի հարուստ գրադարանից։ Այդ օրերին նա կարողացավ մեծաքանակ նյութեր հավաքել հետագա հրատարակությունների համար։ Կ. Պոլսից վերադարձին նա անցնում է Գերմանիա և Կաթողիկոսի հանձնարարությամբ Մայր Աթոռի տպարանի համար գնում ձուլարան ու տպագրական մեքենաներ։ Տարիներ անց, նա այս առիթով գրում է. «1896 թուի գարնան Նորին Սրբութիւն Ազգիս Վեհափառ Հայրապետը հրաւիրելով մեզ Ս. Էջմիածին, հրամայեց, իբրև տպարանական գործին հմուտ անձի, զննել Ս. Էջմիածնի տպարանը և մի տեղեկագիր ներկայացնել իրեն, յիշելով թէ ինչ նորանոր մեքենաներով հարկ կլիներ հարստացնել տպարանը: Հրամանը կատարելով` մատուցինք Նորին Օծութեան մի ընդարձակ տեղեկագիր, յիշելով մէկ առ մէկ որ անհարժեշտ են այս ու այն մեքենաները և յատկապէս մի նոր արագատիպ և նոր սիստեմի ձուլիչ, որպիսին մենք տեսած էինք 1895 թուին Բեռլինում»[7]:

Մկրտիչ Ա Խրիմյան Կաթողիկոսը հավանություն տալով Աղանյանցի ներկայացրած տեղեկագրին 1896 թվականի մարտի 12-ի թիվ 369 կոնդակով նրան գործուղում է Եվրոպա` ձեռք բերելու հիշյալ մեքենաները։ Տպագրական գործի հմուտ մասնագետը սիրով և մեծ բարեխղճությամբ է կատարում Հայոց Հայրապետի հանձնարարկանը և հատուկ կոնդակով արժանանում շնորհակալության։ Այս մասին գրել է նաև «Արարատ» ամսագիրը, թե Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ Գյուտ քհն. Աղանյանցի միջոցով շոգիով աշխատող մեքենաներ են ձեռք բերվել տպարանի համար[8]:

1885 թվականի դեկտեմբերի 30-ին Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի որոշամբ Գյուտ քահանա Աղանյանցը նշանակվում է Թիֆլիսի հայ եկեղեցիների բարեկարգության վերատեսուչ[9]: Թիֆլիսի վիճակային կոնսիստորիան 1886 թվականի հունվարի 3-ին Աղանյանցին գրում է. «Հրամայեցին` արձակ համարելով զՀամազասպ քահանայ Տէր Յովհաննիսեանց ի պաշտօնէ հոգաբարձութեան որբոց և այրեաց հոգևորականաց, նշանակել զՁեզ»[10]:

Յոթ տարի շարունակ Աղանյանցը լռությամբ և խոնարհությամբ վարում է Կուկիո նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու ծխատեր քահանայի պաշտոնը, սակայն երբ մեկը մյուսի հետևից վախճանվում են Վանաց Մայր եկեղեցու երեք քահանաները, Գյուտ քահանան ստիպված է լինում 1887 թվականի հունիսի 22-ին գրավոր դիմել Էջմիածնի Ս. Սինոդի միջնորդությանը՝ «Բարեհաճել առնել զտնօրինութիւն յաղագս տալոյ ինձ զամսն ի ծխոց հանգուցեալ քահանայից Վանա Մայր եկեղեցւոյ և փոխադրելոյ զիս ի յիշեալ եկեղեցին»[11], որը և կատարվում է։

Պետք է ասել, որ թե՛ Ս. Սինոդի և թե՛ վիճակային կոնսիստորիայի կողմից ինչպիսի պարտականություն էլ որ վստահվում էր Գյուտ քահանային այդ տարիներին, նա կատարում էր մեծ ջանասիրությամբ և պարտքի մեծ գիտակցությամբ` օժտված լինելով կենսուրախությամբ, համբերությամբ, ամուր կամքով և գործելու եռանդով։ Այդ տարիներին նա կարողացավ ձեռք բերել մեծ փորձառություն տեսչական, հոգեբարձական և մանկավարժական պաշտոններում, որի համար բազմիցս պարգևատրվել է Ամենայն Հայոց Հայրապետներից։ Նույնիսկ, երբ 1887 թվականի օգոստոսի 24-ին ընտանեկան հանգամանքներից ելնելով դիմում է ներկայացնում կոնսիստորիային ազատվելու համար Թիֆլիսի Հայոց եկեղեցիների բարեկարգության տեսչի պաշտոնից[12], դիմումը երկար ժամանակ չեն ընդունում։

1887 թվականի սեպտեմբերի 23-ին Գյուտ Աղանյանցը Ներսիսյան հոգևոր դպրոցի տեսչին դիմում է, գրելով. «Խոնարհաբար խնդրեմ ի Հոգաբարձութենէդ, եթէ արժան համարեսցիս տալ ինձ զդասս կրօնի ի պատրաստական դասարանս դպրոցիդ»: Այդ օրվանից Ներսիսյան դպրոցում վերստին ուսուցչի պաշտոն ստանձնելով (ընդհատվել էր 1891-1901 թթ.)՝ երկար ժամանակ իր հմտությամբ և ընդհանուր պատրաստվածությամբ արդյունավետ գործունեություն է ծավալել՝ Ներսիսյան դպրոցի աշակերտությանը դասավանդելով հոգևոր առարկաներ։

1894 թվականի մարտի 12-ին Գյուտ քահանա Աղանյանցը Վրաստանի և Իմերեթի Վիճակային Կոնսիստորիայի թիվ 75 հրամանով նշանակվում է «Գործակալ եկեղեցեաց Հայոց Ա մասի Տփխիսու»[13], իսկ նույն թվականի ապրիլի 13-ին հրամանով` «ի պաշտօն գործակալի Արարատա ամսագրոյ»[14]:

Հոգևոր-ծխական, մանկավարժական, հասարակակ ան լարված գործունեության այդ տարիներին Աղանյանցն ընդգրկվում է նաև թեմական բազմաթիվ հանձնաժողովների կազմում՝ դրսևորելով իր բացառիկ բարեխղճությունն ու պահանջկոտությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սկզբունքներին հավատարիմ լինելը։ Ուստի պատահական չէր, որ Վրաստանի թեմակալ առաջնորդի առաջադրմամբ, երբ 1894 թվականի հոկտեմբերի 10-ին Կոնսիստորիայի հրամանով Թիֆլիսի նշանավոր և վաստակաշատ քահանաներից կազմված միաբանական ժողով է ստեղծվում, որի կազմում ընդգրկվում են ավագ քահանաներ Ղևոնդ Խարազյանցը, Արսեն Բագրատունին, Եզնիկ Երզնկյանը, Սահակ Սահակյանցը, Գրիգոր Մանդակունին և ուրիշներ, Գյուտ քահանա Աղանյանցը նշանակվում է նախագահ և պատվիրվում է. «դմին տնօրինել զի նախ` միաբանական ժողովն գումարեսցի միշտ ի պահանջիլ հարկին ըստ հրաւիրանաց նախագահի ժողովոյ ի կատար ածեցին ոչ այլ ազգ, քան նախապես ենթարկելոյ զայնս ենթադատման և վախճանական վճռոյ Ատենիդ»[13]: Հետևաբար, վերոնշյալից կարելի է պատկերացնել, թե ինչպիսի մեծ հեղինակություն և համակրություն է ունեցել Գյուտ քահանան, որ Վրաստանի հարյուրավոր քահանաների շարքում` քահանայական դասի ամենաբարձր Ատյանի նախագահ է նշանակվել։

Ծանրաբեռնվածության պատճառով, իր դիմումի համաձայն 1895 թվականի մարտի 24-ին Վրաստանի վիճակային Կոնսիստորիան Աղանյանցին ազատում է Թիֆլիսի հայոց եկեղեցիների գործակալի պաշտոնից[15]:

Դեռևս 1877 թվականին առաջին անգամ լինելով` Թիֆլիսում հրատարակվող «Փորձ» ամսագիրը հարց էր բարձրացրել, որ անցյալի մեր հիշատակարանները, հնությունները, որոնք մոռացության մեջ են և անմխիթար վիճակում, անհրաժեշտ է ստեղծել մի մարմին, որը զբաղվի դրանց հավաքմամբ և ուսումնասիրությամբ։ Այդ նպատակի համար առաջարկվում էր հիմնել մի ընկերություն և կազմել գործունեության ծրագիր։ Այդ խնդիրը տարիներ հետո նորից արծարծվում է Թիֆլիսի հայ մտավորականների կողմից, և որոշվում է մի կրոնապատմական թանգարան հիմնել Թիֆլիսի Հայոց վանքի Մայր եկեղեցու բակում` Առաջնորդի հովանավորության ներքո։ 1897 թվականին ճանաչված բարերար Ավետիս Ղուկասյանը Խրիմյան Հայրիկի օրհնությամբ նախաձեռնում է Վանքի բակում թանգարանի շենքի կառուցումը, որի բացումը կատարվում է 1900 թվականին։ Խրիմյան Հայրիկի հատուկ կոնդակով` գրված 1900 թվականի հունիսի 15-ին, Գյուտ քահանա Աղանյանցը նշանակվում է այդ նորաստեղծ թանգարանի ցմահ նախագահ-վերահսկող[16]:

Իր վրա դրված բոլոր թեմական և հասարակական պաշտոններում մինչև իր կյանքի վերջին տարիները Գյուտ ավ. քհն. Աղանյանցը մշտապես հոգացել է եկեղեցու պայծառության համար, շարունակ աչքի առաջ ունեցել նրա շահերը` աշխատելով սեր և համերաշխություն պահպանել միաբանության մեջ, թեև միշտ էլ բարի գործերի մեջ, ցավոք, անպակաս են եղել չարաբարո անհատներ, որոնց նա պատասխանել է իր ազդու և անաչառ գրչով` դրսևորելով իր հրապարակախոսական վառ ձիրքերը։

Գյուտ ավ. քհն. Աղանյանցը մահացել է 1919 թ. դեկտեմբերին[Ն 2] և թաղվել Խոջիվանքի հայոց գերեզմանատանը, որը խորհրդային կարգերի օրոք քանդվել և ավերվել է։ Սակայն նրա կյանքն ու թողած գրական մնայուն հիշատակներն ընդմիշտ պիտի խոսեն և հիշեցնեն բացառիկ հոգևորականի և վաստակաշատ մտավորականի մասին։

Գրական ժառանգություն

ԺԹ դարի հայ մշակույթի և հայագիտության զարգացման ասպարեզներում իրենց ուրույն և պատվավոր տեղն ունեն հայ եկեղեցականները` հոգևոր, մշակությաին, մանկավարժական, հրատարակչական, պատմաբանասիրական, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործունեությամբ ու այլ բնագավառներում ունեցած հարուստ վաստակով։ Նրանց շարքում առաջիններից մեկը Տեր Գյուտ ավագ քահանա Աղանյանցն է, ով ապրեց ու գործեց Թիֆլիսում։

Հարուստ ու բազմաբնույթ է այս նշանավոր մշակութային գործչի, մանկավարժի, գրողի, թարգմանչի, բանասերի, պատմաբանի, հրատարակչի, խմբագրի և եկեղեցական ու հասարակական գործչի գործունեությունն իր կենդանության օրոք շատ բարձր է գնահատվել։

Այսօր պատմաբանները և բանասերները հաճախ են իրենց հետազոտություններում օգտագործում և հարգանքով խոսում հատկապես Աղանյանցի «Դիվան հայոց պատմության» դիվանական վավերագրերի հարուստ մատենաշարի մասին, որը սկսվել է հրատարակվել 1890 թվականից և շարունակվել մինչև 1917 թվականը[17]: Ոչ պակաս սիրված և փնտրված է «Լումա» ամսագիրը (1896-1912)[18]: Բավական է միայն հիշել, որ հանդեսին աշխատակցել են Կարապետ Եզյանը, Պերճ Պռոշյանը, Շիրվանզադեն, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Իսահակ Հարությունյանցը, Գարեգին Ենգիբարյանը, Մինաս Բերբերյանը, Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան), Նիկողայոս Քարամյանը, Երվանդ Շահազիզը, Մաղաքիա արք. Օրմանյանը և նման հեղինակավոր և աչքի ընկնող շատ ու շատ աշխարհական գիտնականներ և հոգևորականներ, որոնց շնորհիվ ամսագիրն իր պատմաբանասիրական և եկեղեցական հարուստ բովանդակությամբ դարձավ ժամանակի ամենաճանաչված ու հարգված հայկական պարբերականներից մեկը։

Արժանին մատուցելով՝ «Տարազ»-ի խմբագիր Տ. Նազարյանցը 1901 թվականին Գյուտ Աղանյանցի գրական-հասարակական գործունեության 25-ամյակի առթիվ գրում էր. «Մեր արդի քահանաների մէջ Տ. Գիւտ աւագ քահանա Աղանեանցը մի բացառութիւն է իր յարատև և ժրաջան աշխատասիրությամբ հայ գրական անդաստանում»[19]: Գյուտ Աղանյանցը սիրվել և բարձր է գնահատվել նաև ժամանակի Հայոց Հայրապետների կողմից։ Ցավալի է, որ նշանավոր մշակութային գործչի հոգևոր-գիտական ժառանգության ամբողջական ուսումնասիրությունը տակավին կատարված չէ, նույնիսկ Մայր Աթոռի պաշտոնական «Արարատ» և «Էջմիածին» ամսագրերում չկա գեթ մեկ հոդված, որ նվիրված լինի նրա գործունեությանը և կամ գրական ժառանգության արժևորմանը։

Այսօր, երբ մեծ է հետաքրքրությունը Հայ Եկեղեցու պատմության նկատմամբ, անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել ու արժեվորել նաև Գյուտ Աղանյանցի արդյունաշատ գործունեությունը՝ ժամանակի հասարակական-քաղաքական, հրատարակչական-եկեղեցական կյանքի ընդհանուր համապատկերում։

Երկերի և ժառանգության մատենագիտական ցանկ

Համառոտ ներկայացվում է նրա աշխատությունների ցանկը՝ ըստ հրատարակության տարեթվերի[Ն 3].

  1. Հօֆման Ֆրանց, Խաւարից դէպի լոյս։ II թարգմ. Յարութիւն դպիր Առաքելեանց։ Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1877
  2. Հօֆման Ֆրանց, Հաւատարմութիւնը ամէն արգելքներին յաղթում է։ Թարգմ. Յարութիւն Առաքելեանց։ (Գ. ք. Աղանեանց): Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1877,
  3. Սերվանտէս Միգէլ, Դօն Քիշօտ Լամանշեցի։ Թարգմ. Յարութիւն դպիր Առաքելեանց։ Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1878:
  4. Ռօլլէստօն Գէորգ, (Վէպ հասակաւոր պատանիների համար): Թարգմ. Յ. սարկ. Առաքելեանցի։ Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանց, 1879:
  5. Լակիդէ Ա., Երրորդ ոսկի։ Առակ Ա. Լակիդէի։ (Պարգեւատրուած Ս. Ժետերբուրգի ֆրէօբէլեան ընկ.): Թարգմ. Յարութիւն սարկաւագ Աղանեանց (Առաքելեանց): Թիֆլիս (Տփխիս), տպ. Ա. Հ. Մելիք-Շահնազարեանցի, 1879:
  6. Դէֆօ Դանիէլ, Ռօբինզօնի պատմութիւնը։ Թարգմ. Գիւտ քահ. Աղանեանց։ (Թիֆլ. հայ. գրք. հրատ.): Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանեանի, 1881:
  7. Չէստէրտօնի ժառանգը: Պատկերազարդ վէպ։ VII թարգմ. Գիւտ քահ. Աղանեանց։ Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1881:
  8. Աղանեանց Գիւտ, Աղօթատետր ի պէտս մանկանց Հայաստանեայց եկեղեցւոյ։ (Հրատ. Կենտր. գրավաճառանոց): Թիֆլիս, տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1884:
  9. Եան Էրնստ Սմօլեար։ IX թարգմ. Գիւտ քահ. Աղանեանց։ Արտատպած «Արձագանք» շաբաթաթերթից։ Թիֆլիս, տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1885:
  10. Սիսովեա, Ակտէա։ Պատմական վէպ հին յունաց եւ հռովմայեցւոց կեանքից։ Թարգմ. Գիւտ քահանայի Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1885:
  11. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք: 2-րդ տարուայ ուսումն հայոց եկեղեցական-ծխական ուսումնարանների համար։ Պատկերազարդ (համաձայն Ամենայն Հայոց վեհափառ կաթողիկոսից հաստատուած ծրագրի): Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1887:
  12. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք: երրորդ տարուայ ուսումն հայոց եկեղեցական-ծխական ուսումնարանների համար։ Պատկերազարդ (համաձայն Ամենայն Հայոց վեհափառ կաթողիկոսից հաստատուած ծրագրի): Թիֆլիս (Տփխիս), տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1887:
  13. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք: Ա տարի։ Բ տիպ։ Վաղարշապատ։ 1888:
  14. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք: երկրորդ տարուայ ուսումն. հայոց եկեղեցական-ծխական ուսումնարանների համար։ Պատկերազարդ։ Երկրորդ տպագր.: (Հրատ. Կենտրոնական գրավաճառանոցի): Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանյանի, 1888:
  15. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք երրորդ տարուայ ուսումն. հայոց եկեղեցական-ծխական ուսումնարանների համար։ Պատկերազարդ։ 2-րդ տպագր.: (Հրատ. Կենտրոնական գրավաճառանոցի): Թիֆլիս (Տփխիս), տպ. Մովսես Վարդանյանի, 1888:
  16. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1889 թուականի Քրիստոսի եւ տօմարական թուականին Ազգիս ՌՅԼԸ-1338: Յավելվածով։ Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանեանի, 1888:
  17. Աղանաեանց Գիւտ, Աղօթատետր հայոց եկեղեցական-ծխական եւ արքունի ուսումնարանների համար։ 2-րդ լրացրած տպագր.: (Հրատ. կենտր. գրավաճառանոցի): Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանեանի, 1889:
  18. Աղանեան Գիւտ, Դասագիրք կրօնի-ուղեցոյց հայ կրօնուսոյցների համար։ Վաղարշապատ (Էջմիածին), 1889:
  19. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք 2-րդ տարուայ ուս. հայոց եկեղեցական-ծխական ուսումն. համար։ 3-րդ տպագր.: (Փոփոխ. նոր ծրագրի համեմատ։ Հրատ. Կենտր. գրավաճառանոցի): Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանյանի, 1889:
  20. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1890 թուականին Քրիստոսի եւ Հայկեան ՏՅՁԲ (4382) թուականին եւ տօմարական թուականին Ազգիս ՌՅԼԹ-1339: (Հրատ. «Աղբիւր» պատկերազարդ ամսագրի): Թիֆլիս, տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1889:
  21. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք 3-րդ տարուայ ուս. հայոց եկեղեցական-ծխական ուսումն. համար։ 3-րդ տպագր.: (Փոփոխված նոր ծրագրի համեմատ։ Կենտր. գրավաճառ.): Թիֆլիս, տպ. Արոր, Տ. Նազարեանի, 1890:
  22. Աղանեանց Գիւտ, Տօմար եւ տօնացոյց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ։ Հայոց թեմական դպրոցների եւ հայ եկեղեցւոյ պատօնեաների համար։ Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածնի, 1890:
  23. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1891 թուականին Քրիստոսի եւ Հայկեան ՏՅՁԳ-4383 եւ տօմարական թուականին Ազգիս ՌՅԽ-1340: 4-րդ տարի։ (Թիֆլիսի կենտր. գրավաճառ. հրատ.): Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանեանի, 1890:
  24. Աղանեան Գիւտ, Կարնոյ գաղթը։ (1829-1830): Արտատպուած «Արձագանք» շբթթ-ից։ Թիֆլիս, տպ. Հովհաննես Մարտիրոսեանցի, 1891:
  25. Աղանեանց Գիւտ, Կրօնի դասագիրք երկրորդ տարոյ ուսումն. հայոց եկեղեցական-ծխական ուսումնարանների համար։ 4-րդ տպագր.: (Հրատ. կենտր. գրավաճառանոցի): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1891:
  26. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1891 թուականին Քրիստոսի եւ Հայկեան ՏՅՁԳ-4383 եւ տօմարական թուականին Ազգիս ՌՅԽ-1340: 4-րդ տարի։ (Թիֆլիսի կենտր. գրավաճառ. հրատ.): Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանեանի, 1891:
  27. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1892 նահանջ թուականին Քրիստոսի եւ Հայկեան ՏՅՁԴ-4384 եւ տօմարական թուականին Ազգիս ՌՅԽԱ-1341: 5-րդ տարի։ (Հրատ. կենտր. գրավաճառանոցի): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1891:
  28. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1893 թուականին Քրիստոսի եւ Հայկեան ՏՅՁԵ-4385 թուակ. եւ տօմար. թ. Ազգիս ՌՅԽԲ-1342: 6-րդ տարի։ (Հրատ. կենտր. գրավաճառանոցի): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1892:
  29. Բոգդանով Մոդեստ, Արծուի մտածմունքը։ Թարգմ. Գիւտ քահանայ Աղանեանցի։ (Վաճառվում էկենդր. գրավաճառանոցում): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1892:
  30. Դիկկէնս Չարլզ, Կեանքի դպրոցը։ Վէպ երիտասարդների համար։ Դիկկէնսի «Մարտին Չուզլվիտ» վէպից համառօտեց Ն. Բօրիսով։ Թարգմ. Գիւտ քահանայ Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1892:
  31. Սվեատօպօլկ Չեխ, Գիւղի սուրբը։ Թարգմ. Գիւտ քահ. Աղանեանցի։ (Արտատպած «Արձագանք» շաբաթաթերթից 1882, N 15: Վաճառվում է կենտրոն. գրավաճառանոցում): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1892:
  32. Դիւան հայոց պատմութեան։ Գիրք Ա-Բ (1780-1834): Խմբագրեց Գիւտ քահանայ Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1893:
  33. Լակիդէ Ա., Երրորդ ոսկի։ Առակ Ա. (պարգեւատրուած Ս. Պետերբուրգի ֆրէօբէլեան ընկ-ից): Թարգմ. Գիւտ քահանայի Աղանեանց։ 2-րդ տիպ։ Թիֆլիս Մ. Շարաձեի, 1893:
  34. Աղանեանց Գիւտ, Տօմար եւ տօնացոյց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ հայոց թեմական դպրոցների եւ հայ եկեղեցւոյ պատօնեաների համար։ 2-րդ սրբագրած տպագր.: Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1894:
  35. Այնօ Ալբէր, Քուրդի լեռան։ Թարգմ. նրանս.: (Արտատպած «Փորձ» ամսագրից։ Հրատ. Գիւտ քահ. Աղանեանց N 4): Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1894:
  36. Դիւան հայոց պատմութեան, Գիրք Գ. Սիմէոն կաթողիկոսի յիշատակարանը։ Կենսագր. եւ յաւելուածներով ու ծանօթութ.: Հրատ. Գիւտ քահանայ Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1894:
  37. Ճաղարբէգեան Յակոբ, Հայոց լեզու. 1-ին տարի։ Դասագիրք հայոց դպրոցների համար։ (Հրատ. Գիւտ քահ. Աղանեանց N 5): Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1894:
  38. Աղանեանց Գիւտ, Կարգ աստուածպաշտութեան Հայսատանեայց Ս. եկեղեցւոյ։ Դասագիրք թեմական եւ ծխական հոգեւոր դպրոցների համար։ 2-րդ տպագր.: Կազմեց Գիւտ քահանայ Աղանեանց։ Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1895:
  39. Սպիրի Եօհաննա, Այծարած Մօնի։ Գերմ, թարգմ. Իսահակ Յարութիւնեանց։ (Հրատ. Գիւտ քահ. Աղանեանցի N 6): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1895:
  40. Կիլիկիա։ (Հրատ. Գիւտ քահ. Աղանեանց N 7): Արտատպած «Լումայ» գրական հանդեսից։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1896:
  41. Պեստալոցցի Հենրիխ, Լինհարդ եւ Գերտրուդ։ Վէպ ժողովրդի համար։ Գերմ. թարգմ. Իսահակ Յարութիւնեանց։ Մաս Ա։ (Հրատ. Գիւտ քահանայ Աղանեանցի N 8): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1896:
  42. Պօտապենկօ Ի., Մի կտոր հաց։ Թարգմ. Գիւտ քահ. Աղանեանց։ (Արտատպած «Լումայ» գրակ. հանդեսից): Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1896:
  43. Սենկեւիչ Հենրիկ, Դէպի Աթէնք։ Թարգմ. Գիւտ քահ. Աղանեանցի։ (Արտատպած «Լումայ» գրական հանդեսից): Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1896:
  44. Պեստալոցցի Հենրիխ, Լինհարդ եւ Գերտրուդ։ Վէպ ժողովրդի համար։ Մաս Բ։ Գերմ. բնագր. թարգմ. Իսահակ Յարութիւնեանց։ (Հրատ. Գիւտ քահանայ Աղանեանցի 8): Թիֆլիս (Տփխիս), տպ. Մ. Շարաձեի, 1897:
  45. Աղանեանց Գիւտ, Աղօթատետր։ Հայոց եկեղեցական եւ արքունի ուսումնարանների համար։ 3-րդ լրաց. կպագր.: Հրատ. կենտր. գրավաճառ.: Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1898:
  46. Դիւան հայոց պատմութեան, Գիրք Դ։ Ղոիկաս կաթողիկոս (1780-1800): Յառաջաբ. յաւելուածն եւ ծանօթութ.: Կազմեց եւ հրատ. Գիւտ Աւագ քահանայ Աղանեանց։ Մի լուսանկար պատկ. եւ մի վիմատիպ կոնդակով։ Ազնուատոհմ Ստեփաննոս Խ. Թումանեանցի ծախքով։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1899:
  47. Պարոնեան Յակոբ, Երկասիրութիւններ։ Ա. ծիծաղ։ (Հրատ. Գիւտ քահ. Աղանեանց): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1899:
  48. Պարոնեան Յակոբ, Երկասիրութիւններ։ Բ. Արեւելեան ատամնաբոյժ։ Կատակ. երգախառն ի 5 արար.: (Հրատ. Գիւտ քահ. Աղանեանց): Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1899:
  49. Աղանեանց Գիւտ, Կարգ աստուածպաշտութեան Հայսատանեայց Ս. եկեղեցւոյ։ Դասագիրք թեմական եւ ծխական հոգեւոր դպրոցների համար։ 3-րդ տպագր. փոփոխած, 34 նկարներով։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1900:
  50. Աղանեանց Գիւտ, Հնից-նորից։ Հնախուզական ուեւորութիւն Գիւտ ք. Աղանեանցի։ Արտատպած «Լումայ» հանդեսից։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1900:
  51. Պարոնեան Յակոբ, Երկասիրութիւններ։ Գ. Քաղաքավարութեան վնասները։ Հրատ. Գիւտ քահ. Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1900:
  52. Նամակագիրք: Օտար աղբիւրների հետեւողութեամբ կազմեց Գիւտ ա. քահ. Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մնացական Մարտիրոսեանցի, 1901:
  53. Աղանեանց Գիւտ, Օրացոյց 1902 թուականին հայկեան ՏՅՂԴ թ. եւ տօմարական ՌՅԾԱ-ԾԲ։ Յաւելուած Առողջապահական խոհարարութիւն պրօֆ. Զալեսկու։ Կազմեց Գ. ա. ք. Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մովսես Վարդանեանցի, 1901:
  54. Շրայնէր Օ., Մատուռի աւերակներում։ Թարգմ. Գիւտ Ա. քահ. Աղանեանց։ (Արտատպած «Լումայ» հանդեսից): Թիֆլիս, տպ. Տ. Մարկիանոս Ռոստինեանցի, 1901:
  55. Կարգ աստուածպաշտութեան Հայսատանեայց Ս. եկեղեցւոյ։ Դասագիրք թեմական եւ ծխական հոգեւոր դպրոցների համար։ 35 նկարով։ Կազմեց Գիւտ Աւագ քահանայ Աղանեանց։ Չորրոդ տպագր.: Թիֆլիս, տպ. Մնացական Մարտիրոսեանցի, 1902:
  56. Դիւան հայոց պատմութեան, Գիրք Ե. Դանիէլ կաթողիկոս (1800-1808): Յառաջաբանով, յաւելուածներով, ծանօթութիւններով եւ մի վիմատիպ ինքնագիր կոնդակով։ Հրատ. Գիւտ քահանայ Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Տ. Մարկիանոս Ռոստինեանցի, 1902:
  57. Շրայնէր Օ., Որսորդ։ Թարգմ. Գիւտ Ա. քահ. Աղանեանց։ (Նոր մատենադարան ԺԳ): Թիֆլիս, տպ. Տ. Մարկիանոս Ռոստինեանցի, 1902:
  58. Պօտապէնկօ Ի., Մի կտոր հաց։ Թարգմ. Գիւտ Ա. քահ. Աղանեանց։ (Արտատպած «Լումայ» հանդեսից): Երկրորդ տպագր.: Թիֆլիս, տպ. Մարկիանոս Տ. Ռոստինեանցի, 1902:
  59. Սենկեւիչ Հ., Դէպի Աթէնք։ Թարգմ. Գիւտ ա. քահ. Աղանեանց։ (Արտատպած «Լումայ» գրական հանդեսից): Երկրորդ տպագր.: Թիֆլիս, տպ. Մարկիանոս Տ. Ռոստինեանցի, 1902:
  60. Աղանեան Գիւտ, Աղօթատետր Հայոց եկեղեցական եւ արքունի ուսումնարանների համար։ Կազմեց Գիւտ Ա. քահանայ Աղանեանց։ Չորրորդ տպագր.: (Հրատ. կենդրոնական գրաւաճառանոցի): Թիֆլիս (Տփխիս), տպ. Տ. Մարկիանոս Ռոստինեանցի, 1903:
  61. Աղանեան Գիւտ, Զաքար Ղարաղաճեանցի կտակը եւ «Մշակ»-ի զառացանքները։ 1903:
  62. Էրկման Շատրիան, Անտառապետ Ֆչեդերիկ։ Թարգմ. Գիւտ Ա. քահ. Աղանեանց։ (Արտատպած «Լումայ»-ից): Թիֆլիս, տպ. Տ. Մարկիանոս Ռոստինեանցի, 1903:
  63. Աղանեանց Գիւտ, Կարգ աստուածպաշտութեան Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ։ Դասագիրք թեմական, ծխական, հոգեւոր, պետական եւ քաղաքային դպչոցների համար։ Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանց։ Հինգերորդ տպագր. 35 նկարով։ Թիֆլիս, տպ. Հերմես, 1904:
  64. Դիւան հայոց պատմութեան, Գիրք Գ. Սիմէոն կաթողիկոսի յիշատակարանը։ Կենսագրութեամբ եւ յաւելուածներով ու ծանօթութիւններով։ Հրատ. Գիւտ քհ. Աղ.: Թիֆլիս, տպ. Մ. Շարաձեի, 1904:
  65. Դիւան հայոց պատմութեան, Գիրք Զ. Դաւիթ կաթողիկոս։ Մասն առաջին 1801-2: Հրատարակեց Գիւտ Աւագ քահանայ Աղանեանց։ Մի վիմատիպ կոնդակով։ Թիֆլիս, տպ. Տ. Ռոստինեանցի, 1904:
  66. Կարա։ (Իրլանդական կեանքից): Թարգմ. Գիւտ Ա. Ք. Աղանեան։ Թիֆլիս, տպ. Տ. Մարկիանոս Ռոստինեանցի, 1904/1905:
  67. Սրուանձտեան Գարեգին, Գար. Ե. Սրուանձտեանի երկասիրութիւնները Ա. Համով հոտով։ (Հրատ. Գիւտ ա. քահ. Աղանեանց): Թիֆլիս, տպ. Ա. Քութաթելաձեի, 1904:
  68. Աղանեանց Գիւտ, Կարգ աստուածպաշտութեան Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ։ Դասագիրք թեմական, ծխական, հոգեւոր, պետական եւ քաղաքային դպչոցների համար։ Կազմեց Գիւտ Ա. քահ. Աղանեանց։ Վեցերորդ տպագր. 35 նկարով։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանի, 1907:
  69. Դիւան հայոց պատմութեան։ Գիրք Ը Սիմէոն կաթողիկոսի յիշատակարան։ Մասն երկրորդ (1767-1776) մի նկարով։ Հրատարակեց Գիւտ Ա. Քահանայ Աղանեանց։ (Հրատ. Բագուի հայոց կուլտուրական միութեան հրատարակչական մասնաճիւղի N 4 Պատմական գրքերի շար N 1): Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1908:
  70. Նամակագիրք: Օտար աղբիւրների հետեւողութեամբ։ Կազմեց Գիւտ Ա. Ք. Աղանեանց։ Բ տիպ. ճոխացրած։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1909:
  71. Դիւան հայոց պատմութեան։ Գիրք Է Դաւիթ կաթողիկոս։ Մասն երկրորդ (1803-4): Մի գունատիպ ֆերմանով։ Յառաջաբանով, յաւելուածներով եւ ծանօթութիւններով։ Հրատարակեց Գիւտ Ա. Ք. Աղանեանց։ Թիֆլիս, տպ. Մարկիանոս Տ. Ռոստինեանցի, Նվարդ Աղանեանցի, 1909:
  72. Աղանեան Գիւտ, Աւետիս Ղուկասեան եւ նրա կտակը։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանի, 1911:
  73. Դիւան հայոց պատմության։ Գիրք Թ. Յովսէփ կաթողիկոս Արղութեան։ Մասն առաջին 1778-1800: Յավելուածներով եւ ծանօթութիւններով։ Հրատարակեց Գիւտ Աղանեանց Ա. քահ. մի պատկերով եւ 4 վիմատիպ վաւերագրով։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1911:
  74. Եղիշէ, Եղիշէի Վարդանանց պատմութիւնը։ Թարգմ. Գիւտ Աղանեանց ա. ք.: (Արտատպած «Լումայ» ամսագրի 1910 թ.): Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանի, 1911:
  75. Դիւան հայոց պատմության։ Գիրք Ժ. Մանր մատենագիրք ԺԵ-ԺԹ դար։ Կենսագրական տեղեկութիւններով եւ ծանօթութիւններով։ Հրատարակեց Գիւտ Աղանեանց Ա. Քահ. Փիլիպոս կաթողիկոսի մի վիմատիպ կոնդակով։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1912:
  76. Դիւան հայոց պատմության։ Գիրք ԺԱ. Սիմէոն կաթողիկոսի յիշատակարանը։ Մասն III-վերջին (1777-79): Յաւելուածներով եւ ծանօթութիւններով հրատարակեց Գիւտ Աղանեանց Ա. քահ.: Հնդկահայերի հանրագրի արտատիպով։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1913:
  77. Նամակագիրք: Օտար աղբիւրների հետեւողութեամբ։ Կազմեց Գիւտ Ա. Ք. Աղանեանց։ Երրորդ տպագրութիւն ընդարձակուած ռուսերէն բաժնով։ (Հրատ. Գ. Գալստեանի N 88): Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1915:
  78. Դիւան հայոց պատմության։ Գիրք ԺԳ. Հարստահարութիւններ Տաճկահայաստանում։ (Վաւերագրեր 1801-1888): Յաւելուածներով, ծանօթութիւններով եւ բառգրքով։ Հրատ. Գիւտ Աղանեանց Ա. քահ.: Տպուած Ազգայի բիւրոյի ծախքով։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1915:
  79. Մարտիրոսեան Հովհաննէս, Աղանեան Գիւտ, Կրօնի դասեր։ Տարրական դասըթացք։ Առաջին տարի։ Պատկերազարդ։ Կազմեցին Յովհ. ա. ք. Մարտիրոսեան եւ Գիւտ ա. ք. Աղանեան։ Առաջին տպագր.: (Համաձայն հոգեւոր իշխանութեան ծրագրի): Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանի, 1915:
  80. Մարտիրոսեան Հովհաննէս, Աղանեան Գիւտ, Հայոց եկեղեցու աստուածպաշտութեան համառօտ դասագիրք պետական եւ քաղաքային դպրոցների համար։ Կազմեցին Յովհ. ա. ք. Մարտիրոսեան եւ Գիւտ ա. ք. Աղանեան։ Պատկերազարդ։ Առաջին տպագր.: Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանի, 1915:
  81. Դիւան հայոց պատմության։ Գիրք ԺԲ։ Մանուէլ Կիւմիւշխանեցի։ Մասն 1. Ծանօթութիւններով հրատարակեց Գիւտ ա. ք. Աղանեանց։ Մեծ Միքայէլ Յովս. Արամեանցի ծախքով։ Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանեանցի, 1917:

Աղբյուր

  • Տ. Արարատ քահանա Պողոսյան,Գյուտ ավագ քահանա Աղանյանցի կյանքն ու գործունեությունը. (համառոտ ուրվագիծ), «Պատմություն և մշակույթ» Հայագիտական հանդես (գիտական հոդվածների ժողովածու), ԵՊՀ պատմ. ֆակուլտետ, ԵՊՀ հրատ., Երևան, 2015, էջ 150-161:

Նշումներ

  1. Պետք է նշել, որ այս հեղինակով և նրա ժառանգությամբ մասնակիորեն զբաղվել են լուսահոգի Տ. Զավեն աբղ. Հակոբյանը («Տ. Գյուտ ավագ քահանա Աղանյանց. կյանքը, հոգևոր-հասարակական գործունեությունը, գիտագրական ժառանգությունը», ԳՀՃ-ի ավարտաճառ, Ս. Էջմիածին, անտիպ, 2003), Սանդրո Բեհբուդյանը (ՀԱԱ, ֆ. 1734, ց.1, գ. 24, թ. 566, թ.1-90) և Տ. Արարատ քահանա Պողոսյանը (Պատմություն և մշակույթ» Հայագիտական հանդես (հոդվածների գիտական ժողովածու), ԵՊՀ պատմ. ֆակուլտետ, ԵՊՀ հրատ., 2015, էջ)
  2. Աղանյանցի մահվան թվականի առնչությամբ կան տարակարծություններ. սակայն համաձայն Աղանյանցի անձնական ֆոնդում պահվող փաստաթղթերի (տե՛ս ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 96, թ.1, և գ. 97, թ. 1) նա մահացել է 1919 թվականի դեկտեմբերին
  3. Ցանկում առանձին միավորներով ներկայացված է նաև վերահրատարակությունները

Ծանոթագրություններ

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. ՀԱԱ, ֆ. 2, ց. 1, գ. 32
  3. ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 2, թ. 1
  4. Անդ, թ. 2
  5. Անդ, գ. 5, թ. 1
  6. Անդ, գ. 2, թ. 3
  7. «Լումայ», 1903, № 1, էջ 270
  8. «Արարատ», 1897, էջ 272
  9. ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 18, թ. 1-2
  10. Անդ, գ. 15, թ. 2
  11. Անդ, թ. 4
  12. Անդ, ց. 1, գ. 28, թ. 8
  13. 13,0 13,1 Անդ, ֆ. 316, ց. 1, գ. 28, թ. 6
  14. Անդ, ֆ. 332, ց. 1, գ. 15, թ. 9
  15. Անդ, ֆ. 316, ց. 1, գ. 28, թ. 12
  16. «Լումա», 1901, գիրք Ա, էջ 348-349
  17. Մատենաշարի ամբողջական շարքի (Ա-ԺԳ հատորներ) թվային տարբերակը տե՛ս http://serials.flib.sci.am/openreader/test/index.html
  18. Ամսագրի ամբողջական (1896-1912 թթ.) թվային տարբերակը տե՛ս http://www.flib.sci.am/eng/luma/Main.html
  19. «Տարազ», 1902, № 42
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։