«Իսլանդիայի մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 104. Տող 104.
[[Պատկեր:IcelandicHorseInWinter.jpg|thumb|left|225px|[[Իսլանդական ձի]] ]]
[[Պատկեր:IcelandicHorseInWinter.jpg|thumb|left|225px|[[Իսլանդական ձի]] ]]


[[Կլիմա]]ն մեծ ազդեցություն է թողնում իսլանդացիների կյանքի վրա։ Դարեր շարունակ ձին հանդիսանում էր հիմնական տրանսպորտային միջոցը, օգտագործվում էր բեռնափոխադրումների համար, հողը վարելիս։ Ներկայումս Իսլանդիան եզակի երկրներից է, որում ձիերի քանակը գերազանցում է բնակչության քանակին։ Իսլանդիայում նույնիսկ գոյություն ունի ձիու հատուկ տեսակ՝ [[իսլանդական ձի]], որին հատուկ է կարճ հասակ՝ մինչև 144 սմ, կոպտություն, մեծ գլուխ, հաստ ճակատային մազածածկույթ։
[[Կլիմա]]ն մեծ ազդեցություն է թողնում իսլանդացիների կյանքի վրա։ Անձրևները ամռանը և ձնաբուքը ձմռանը դժվարություններ էին ստեղծում երկրով տեղաշարժվելու և բեռներ տեղափոխելու համար։ Դարեր շարունակ ձին հանդիսանում էր հիմնական տրանսպորտային միջոցը, օգտագործվում էր բեռնափոխադրումների համար, հողը վարելիս։ Ներկայումս Իսլանդիան եզակի երկրներից է, որում ձիերի քանակը գերազանցում է բնակչության քանակին։ Իսլանդիայում նույնիսկ գոյություն ունի ձիու հատուկ տեսակ՝ [[իսլանդական ձի]], որին հատուկ է կարճ հասակ՝ մինչև 144 սմ, կոպտություն, մեծ գլուխ, հաստ ճակատային մազածածկույթ։


== Նշումներ ==
== Նշումներ ==

12:32, 19 հունվարի 2016-ի տարբերակ

Իսլանդիայի մշակույթ — Իսլանդիայի հիմնական բնակչության՝ իսլանդացիների մշակույթն է, որը, սկիզբ առնելով վիկինգների քաղաքակրթությունից մ.թ. 9-րդ դարում, զարգացել է հեթանոսական կրոնի, իսկ հետագայում քրիստոնեության ազդեցության ներքո, ընդ որում՝ վերջին հազարամյակի ընթացքում չկրելով մեծ փոփոխություններ և պահպանելով ինքնակայությունը, որի պատճառը ոչ այնքան մայրցամաքային Եվրոպայի ազգերից կտրվածությունն է, որքան իսլանդացիների հիմնական ազգային հատկանիշները՝ էթնոկենտրոնությունը և պահպանողականությունը[1]։ Սակայն այնպիսի աշխարհագրական գործոնները, ինչպիսիք են մերձարկտիկական գոտու խստաշունչ կլիման, երկարատև բևեռային գիշերները և ցերեկները, ֆլորայի և ֆաունայի աղքատությունը, հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը, հրաբուխների ժայթքումները, ջրհեղեղները, ձնաբքերը և այլ տարերային աղետները չէին կարող չազդել այդ հյուսիսային ժողովրդի մշակույթի վրա։

Իսլանդական գրականությունը և լեզուն

Իսլանդերեն

Մայրցամաքային Եվրոպայից Իսլանդիայի կտրվածության պատճառով իսլանդացիների լեզուն պահպանել է նմանությունը հին սկանդինավերենի հետ։ Իսլանդացիները պահպանում են լեզվի մաքրություն, հետևաբար լեզվում գրեթե բացակայում են օտարաբանությունները. նոր բառերը կազմվում են բառակազմության միջոցով։ Իսլանդերենի բառարանային կազմում բացարձակապես գերակշռում է բուն իսլանդական բառապաշարը[2]։ Իսլանդական բանահյուսության լեզվական մաքրամոլության [3] և դասական իսլանդական գրականությանը դրա կողմնորոշման պատճառով նոր բանասիրական միավորների համար բառերը ստեղծվում են բառապատճենման օգնությամբ։ Գրական իսլանդերենում համարյա չկան այլ լեզուներից փոխառված բառեր. բառերը, կայուն բառակապակցությունները, դարձվածաբանական միավորները, արտահայտությունները ստեղծվում են այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Խոսակցական լեզվում դանիերենից և անգլերենից փոխառությունների թիվը համեմատաբար մեծ է։ Իսլանդերենը համարվում է աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկը ոչ միայն հարուստ բառապաշարի, այլ նաև հսկայական գրական ժառանգության պատճառով։ Միջին դարերում օգտագործվում էին ռուները[4], իսկ հետագայում ստեղծվել է իսլանդերենի այբուբենը, որի հիմքում ընկած է լատինական այբուբենը։ 1990-ական թվականներին սկսվել է իսլանդերենը օտարաբանություններից մաքրազտելու շարժումը, իսկ 21-րդ դարի սկզբում հայտնվել է լեզվի ուլտրապուրիստական (գերմաքրամոլական) տարբերակը, որը անվանվել է բարձր իսլանդերեն (իսլ.՝ Háfrónska)[K 1]։ Չնայած, որ լեզուն չունի պաշտոնական կարգավիճակ, գոյություն ունի Բարձր իսլանդերենի կենտրոն, որի նպատակը ոչ միայն նորաբանությունների և օտարաբանությունների փոխարինումն է բուն իսլանդերեն բառերով կամ դրանցից կազմվածներով, այլ նաև նոր լեզվի պրոպագանդան է։

Սակայն վերը ասվածից չի հետևում, որ իսլանդերենը ընդհանրապես չի փոխվել վերջին հազարամյակի ընթացքում։ Այն կրել է փոփոխություններ, բայց դրանք տեղի չեն ունեցել այլ լեզուների ազդեցությամբ։ Մ.թ. 9-րդ դարում, երբ սկսվել է կղզու բնակեցումը, սկանդինավյան լեզուները գրեթե չեն տարբերվել մեկը մյուսից։ 12-րդ դարի կեսերին Իսլանդիայում գրված «Առաջին քերականական տրակտատի» (իսլ.՝ Fyrsta Málfræðiritgerðin[5]) հեղինակը դեռևս իր լեզուն անվանում է դանիերեն (իսլ.՝ dönsk tunga). Այդպես են կոչվել բոլոր սկանդինավյան ժողովուրդների լեզուները մինչև 13-րդ դարը։ 13-14-րդ դարերում իսլանդացիների և նորվեգացիների լեզուն անվանվում էր «հյուսիսային լեզու» (իսլ.՝ norrœnt mál), իսկ «իսլանդերեն» բառեզրը (իսլ.՝ íslenska) հայտնվել է միայն 15-րդ դարում[6]։

1925 թվականին իսլանդիայում ընդունվել է օրենք, որը արգելում է երկրի քաղաքացիներին ունենալ ազգանուններ։ Չնայած դրան՝ երկրի քաղաքացիների չնչին մասը, հիմնականում՝ ներգաղթյալները, ունեն ազգանուններ, որոնք չեն նշվում անձնագրերում կամ պաշտոնական փաստաթղթերում, իսկ քաղաքացիների մեծ մասը կրում են միայն հայրանուններ, որոնք կազմվում են՝ հոր անվանը ավելացնելով son (որդի) կամ dóttir (դուստր)։ Հեռախոսահամարների տեղեկատուի մեջ ցուցակը գրված է ըստ անունների, որոնց ցանկը մինչև վերջերս սահմանափակ էր. Ոչ ոք չէր կարող դառնալ իսկանդիայի քաղաքացի՝ առանց անունը փոխելու։ Այդ օրենքը փոփոխություն է կրել 90-ական թվականներին և հիմա նման սահմանափակում չի դնում [7]։

Միջնադարյան իսլանդական գրականություն

«Նյալի մասին սագայի» մատյանի օրինակ

Իսլանդական գրականությունը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան ժողովրդական բանահյուսությանը։ Մեզ են հասել տասնյակ իսլանդական սագաներ, որոնք համարվում են Եվրոպայի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից։ Ամենահայտնի սագաներից են «Նյալի մասին սագան» և «Գիսլիի մասին սագան» են։ Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»[6][8]։

Թագավորական սագաները պատմություններ են Նորվեգիայի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին Սնորրի Ստուրլուսոնի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է։ Վերջինիս կողմից գրվել է նաև «Կրտսեր Էդդան», որը «Ավագ Էդդայի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը։ Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ։ 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին[6][9]։

18-րդ դարում թողարկված «Կրտսեր Էդդայի» տիտղոսաթերթը

Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ սկալդերի պոեզիան, որոնցից ամենահայտնին Էգիլ Սկալլագրիմսսոնն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ Հարալդ Ա-ի և Էյրիկուր Ա-ի հետ, և ում կյանքը նկարագրված է «Էգիլի մասին սագայում»։ Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին[6]։

Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:

13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը։ Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով[10]։ Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային բալլադները, որոնք կղզի էին թափանցել Ֆրանսիայից Նորվեգիայի և Դանիայի տարածքով։ Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն։ Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»։

17-րդ դարում, երբ սրվել էր Իսլանդիայի պայքարը Դանիայից անկախություն ձեռք բերելու համար, իսլանդական գրականությունը ստացավ նոր զարկ զարգացման համար։ Իսլանդիայի գրականության վերածնության ժամանակ, որը սկսվել էր 19-րդ դարում՝ ռոմանտիզմի ժամանակաշրջանում, որը սերտ կապի մեջ էր քաղաքական պայքարի հետ, գրական գործիչներին միավորեց «Ֆյոլնիր» ամսագիրը (1835—1839, 1844—1847), որը լույս ընծայվեց ընդամենը ինն անգամ։ 19-րդ դարում Իսլանդիայում զարգացում ապրեց ռեալիզմը, որը ազդարարեց միջնադարյան գրականության ավարտը[10]։

Ժամանակակից իսլանդական գրականություն

Էյնար Հակոնարսոնի կտավը, որում պատկերված է Հալդոր Լաքսնեսը, 1984

Ժամանակակից իսլանդական գրականության մեջ մեծ դեր է խաղացել Նոբելյան մրցանակի դափնեկիր Հալդոր Կիլյան Լաքսնեսը, որը շարունակել է ռեալիստական գրականության սովորույթները և գրել է հանրահայտ «Սալկա Վալկա», «Աշխարհի լույսը», «Ատոմային էլեկտրակայանը», «Ինքնուրույն մարդիկ» և այլ վեպեր[K 2]։ Բացի այդ՝ Լաքսնեսը թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ Զենքին» վեպը։ Անհնար է գերագնահատել Լաքսնեսի ներդրումը Խորհրդային Միության և Իսլանդիայի միջև։ Հեղինակը գրել է բազմաթիվ վեպեր Խորհրդային միություն կատարած իր այցերի մասին։ Դրանցից հիշատակման արժանին են «Ճանապարհ դեպի արևելք» («I Austurvegi», 1933) և «Ռուսական հեքիաթ» («Gerska oefintyrid», 1938) երկերը[11]

Ժամանակակից Իսլանդիայի ամենահայտնի գրողներից մեկը Հաթլգրիմուր Հելգասոնն է, ով 1996 թվականին գրել է «101 Ռեյկյավիկ» վեպը, որի հիման վրա Բալտազար Կորմակուրի կողմից նկարահանվել է նույնանուն ֆիլմը։ Իսլանդիայում և երկրի տարածքից դուրս մեծ տարածում են գտել նաև Առնալդուր Ինդրիդասոնի դետեկտիվ գրքերը, որոնցից ամենահայտնին բազմաթիվ գրական մրցանակներ նվաճած «Պիղծ արյունն» է։ Մեծ է նաև Թոր Վիլհելմսսոնի ներդրումը իսլանդական գրականության մեջ։ Նրա «Արագ-արագ էր թռչունը խոսում» պատմվածքը հետաքրքրություն է առաջացրել գրաքննադատների շրջանում, իսկ «Շիկացած մոխրագույն մամուռ» վեպը արժանացել է Հյուսիսային Խորհրդի Գրական մրցանակին։

Ճարտարապետություն և գեղարվեստ

Ճարտարապետություն

Ավանդական իսլանդական տներ

Կղզու առաջին բնակիչները տները կառուցում էին տորֆից։ Այդպիսի տները թույլ էին տալիս պաշտպանվել ցրտից ձմռանը և անձրևներից ամռանը։ Տները կոչվում էին «երկար տներ» (իսլ.՝ langhús), որոնք բնորոշ էին սկանդինավյան ժողովուրդների համար։ Երկար տները ունեին մեկ սենյակ, ինչը թույլ էր տալիս ամբողջ տունը տաք պահել ձմռան ընթացքում։ Ավելի ուշ միջնադարում երկար տները բաղկացած էին մի քանի սենյակներից, որոնցից մեկը ջեռուցվող բաղնիքն էր՝ բադստովան (իսլ.՝ baðstofa).

17-19-րդ դարերում, երբ կղզու բնակչությունը արագ աճում էր, սկսվեց քարե տների կառուցումը։ 19-րդ դարում 2-3-հարկանի տները կառուցվում էին տուֆից, բազալտից, ներկրված փայտից։ Տների պատերը դրսից պատվում էին ծալքավոր երկաթով, որը պաշտպանում էր ուժեղ հյուսիսային քամուց և տեղումներից։

Ռեյկյավիկի Ազատ եկեղեցին

Ժամանակակից իսլանդական ճարտարապետության ավանդույթները սկիզբ են առել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Երբ Իսլանդիան դարձավ անկախ պետություն։ Ժամանակակից իսլանդական ճարտարապետությունը իր մեջ ամփոփում է ինչպես միջնադարյան իսլանդական ճարտարապետության, այնպես էլ ժամանակակից համաշխարհային ճարտարապետության բնորոշ գծերը։ 21-րդ դարի սկզբում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կառուցվեցին առաջին երկնաքերները՝ Սմաուրատորգը և Հյովդատորգը, ինչպես նաև Իսլանդիայի նոր օպերային թատրոնը՝ Հարպան, որը համարվում է համաշխարհային ճարտարապետության մարգարիտ։ Իսլանդիայի ամենահայտնի ճարտարապետներն են Սիգուրդ Գուդմունդսսոնը և Գուդյոն Սամուելսսոնը[10].

Իսլանդական ճարտարապետության գանձերն են Ռեյկյավիկի Մայր տաճարը, Հաթլգրիմկիրկյան, Ռեյկյավիկի Ազատ եկեղեցին, Ակուրեյրիի եկեղեցին և այլն։ Իսլանդիայում զարգացած է նաև քանդակագործությունը։ Էյնար Յոունսսոնը (1874-1954) առաջին և գուցե միակ իսլանդացի քանդակագործն էր, ով հայտնի է դարձել իր երկրի սահմաններից դուրս։ Նրա ձեռքով կերտված արձանները կարելի է տեսնել ոչ միայն Իսլանդիայի տարբեր քաղաքների փողոցներում և հրապարակներում, այլ նաև Իսլանդիայից դուրս։ Քանդակագործի մեծ ներդրումը գնահատողների կողմից հիմնադրվել է Էյնար Յոունսսոնի թանգարանը, որում ցուցադրվում են արվեստագետի աշխատանքները և դրանց կրկնօրինակները։

Գեղանկարչություն

Թոուրարիր Թոուրլախսսոն «Թինգվելլիր»

Իսլանդական գեղանկարչության զարգացման զարկ է հանդիսացել 19-րդ դարի սկզբին սկսված ազգային-ազատագրական շարժումը։ Ամենահայտնի իսլանդացի գեղանկարիչը Թոուրարիր Թոուրլախսսոնն է (1867-1924), ով նկարում էր բացառապես գեղանկարներ: Նա առաջին իսլանդացի գեղանկարիչն էր, ով ստացել է պետական դրամաշնորհ։ Իսլանդական նկարչական արվեստի մեջ մեծ ներդրում են ունեցել նաև Սիգուրդ Գուդմունդսսոնը, Աուսգրիմուր Յոունսսոնը, Գուդմունդուր Թորստեյնսոնը, Կրիստին Յոունսդոտտիրը, Յոուն Ստեֆաունսսոնը, Գերդուր Հելգադոտտիրը և Էրրոն։ Նրանց և այլ նկարիչների կտավները ցուցադրվում են Իսլանդիայի պետական պատկերասրահում, իսկ ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները կարելի է տեսնել աշխարհի հայտնի թանգարաններում։

20-րդ դարի կեսերին Ռեյկյավիկի տարբեր մշակութային, կրթական հաստատություններ ունեին իրենց մասնավոր հավաքածուները, սակայն խոշոր թանգարան չկար։ 1973 թվականին Քյարվալստադիր (իսլ.՝ Kjarvalsstaðir) պատկերասրահի հիմնումով նոր ժամանակաշրջան սկսվեց քաղաքի թանգարանային կյանքում։ Մասնավոր հավաքածուների մի մասը սկսեց ցուցադրվել մեկ հարկի տակ՝ Ռեյկյավիկի Գեղարվեստի թանգարանում, որում հիմա զետեղված են 640 նկարիչների և քանդակագործների ավելի քան 4000 աշխատանքներ։ Տարեկան թանգարան են այցելում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։[12]

Ազգային տարազ

Ֆալդբունինգյուր կրող աղջիկ

Իսլանդացիների ազգային հագուստի հավաքական անվանումը թյոուդբունինգյուրինն է (իսլ.՝ Þjóðbúningurinn): Այդ հագուստները վերջին դարերի ընթացքում կրել են բազմաթիվ փոփոխություններ, սակայն ներկայումս հատուկ հանձնաժողովը հետևում է, որպեսզի դրանք հետագայում չփոխվեն [13]:

Գոյություն ունեն կանանց տարազների հինգ տեսակներ՝ կիրտիլ (իսլ.՝ kyrtill), սկյոյտբունինգյուր (իսլ.՝ skautbúningur), ֆալդբունինգյուր (իսլ.՝ faldbúningur), պեյսուֆետ (իսլ.՝ peysuföt) և ուպպլյուտուր (իսլ.՝ upphlutur): Առաջին երկուսը ստեղծվել են հայտնի իսլանդացի նկարիչ Սիգուրդ Գուդմունդսսոնի կողմից, իսկ մնացածը հայտնի են միջնադարից։

Տղամարդկանց ազգային հագուստը ունի երեք տարբերակ, սակայն նրանցից միայն մեկը՝ թյոուդբունինգյուր կադլան (իսլ.՝ þjóðbúningur karla) է ավանդական տարազի ուղիղ ժառանգը։

20-րդ դարում առաջացել է հագուստի նոր ոճ և ամբողջ աշխարհով հայտնի իսլանդական սվիտերը՝ լոպապեյսան: Լոպապեյսան առաջացել է 20-րդ դարի կեսերին, երբ արտասահմանյան ապրանքների ներմուծումը ճնշել էր ազգային արտադրությունը և չսպառվող բուրդը օգտագործելու համար ստեղծվել էր իսլանդական սվիտերը։ Հավանաբար ոճը վերցվել է գրենլանդական կանանց ազգային հագուստից, սակայն Իսլանդիայում որպես սվիտեր այն կրում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։

Կատարողական արվեստ

Երաժշտություն

Բյորկ

Ժողովրդական իսլանդական երաժշտությունը, որը ծագել է հին ժամանակներում, ինքնատիպ է և անկրկնելի։ Քրիստոնեության ընդունումից հետո Իսլանդիայում տարածվում է գրիգորիանական, իսկ հետագայում՝ բողոքական խորալը, սակայն պահպանվում էին հին և միջնադարյան ազգային իսլանդական երաժշտության ավանդույթները։ Եկեղեցական խմբերգից բացի՝ միջնադարյան իսլանդական երաժշտության հիմնական ժանրերից էին ռիմերը և վիկիվակիները՝ ասպետների կյանքի մասին հերոսական երգերը։ Երգերը կատարվում էին առանց նվագակցության, ինչը նշանակում էր, որ ազգային երաժշտությունը բացարձակապես վոկալային էր. չնայած դրան որոշ դեպքերում օգտագործվում էր ջութակ և որոշ այլ երաժշտական գործիքներ: Իսլանդիայի հիմնը՝ «Մեր երկրի աստվածը» (իսլ.՝ Ó Guð vors lands) գրված է 1874 թվականին։ Բառերի հեղինակը Մաթիաս Յոհումսսոնն է, իսկ երաժշտությունը գրվել է Սվեյնբյորն Սվեյնբյորնսսոնի կողմից[14]:

Պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցը առաջացել է 19-րդ դարում, երբ սրվել է իսլանդացիների ազգային-ազատագրական պայքարը։ 20-րդ դարում՝ հեռահաղորդակցման և կապի միջոցների զարգացմանը զուգահեռ, իսլանդական երաժշտության վրա ազդեցություն է գործել եվրոպական երաժշտությունը, սակայն ազդեցությունը այնքան մեծ չէր, որ իսլանդական երաժշտությունը կորցներ իր ինքնատիպությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իսլանդիան դարձավ անկախ հանրապետություն, նրա մշակույթը, այդ թվում՝ երաժշտությունը ստացան զարգացման նոր զարկ։ 1950 թվականին հիմնվեց Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախումբը և բացվեց Իսլանդիայի ազգային թատրոնը[15]: 1993 թվականին Ակուրեյրի քաղաքում հավաքվեց երկրորդ իսլանդական մասնագիտացված նվագախումբը՝ Հյուսիսային Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախումբը, որը մեծ դեր ունեցավ Իսլանդիայի հյուսիսային շրջաններում երաժշտության զարգացման գործում[16]:

1980-90-ական թվականներին զարգացում ապրեցին նաև այնպիսի երաժշտական ուղղությունները, ինչպիսիք են ջազը, ռոք երաժշտությունը, փոփ երաժշտությունը և այլն։ Բազմացիվ իսլանդացի երաժիշտներ և երգիչներ հայտնի դարձան Իսլանդիայի սահմաններից դուրս։ Դրանց շարքին են պատկանում մասնավորապես Բյորկը, Էմիլիանա Տորրինին, Sigur Rós խումբը, Օլոֆ Արնալդսը, Օլաֆուր Առնալդսը, Of Monsters and Men խումբը և այլն։

Իսլանդիան մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթում՝ սկսած 1986 թվականից։ Այդ ընթացքում իսլանդացի կատարողներին հաջողվել է երկու անգամ գրավել 2-րդ հորիզոնականը՝ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում և Եվրատեսիլ 1999 երգի մրցույթում:[17][18].

Դրամատիկական թատրոն

Պատկեր:Harpa Reykjavík Concert Hall and Conference Centre (7115812043).jpg
Իսլանդիայի օպերայի թատրոնի նոր շենքը՝ Հարպա համերգասրահը

Չնայած որ թատերական արվեստի որաշակի տարրեր հանդիպել են միջնադարյան իսլանդական գրականության մեջ, սակայն առաջին պրոֆեսիոնալ բեմականացումները ցուցադրվել են միայն 18-րդ դարի սկզբում Սկաուլհոլտի լատինական դպրոցի կողմից, որը հետագայում գործունեությունը ծավալել էր Ռեյկյավիկում։ 1897 թվականին մայրաքաղաքում ստեղծվել է Ռեյկյավիկի թատերական միությունը, որը դարձել էր թատերական արվեստի զարգացման առաջին հարվածը։ Միության աշխատանքի առաջին տարիներին բեմադրվում էին հիմնականում իսլանդացի հեղինակների պիեսները։ Հետագայում՝ 20-րդ դարի սկզբից, Իսլանդիայում սկսեցին բեմադրել նաև Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Բերնարդ Շոուի և այլոց պիեսները։ Ավելի ուշ միությունը վերանվանվել է Ռեյկյավիկի քաղաքային թատրոն, իսկ 1950 թվականին հիմնվել է Ազգային թատրոնը, որում բեմադրվում էին դրամատիկական և երաժշտական բեմականացումներ։ Իսլանդիայի Ազգային թատրոնում ժամանակ առ ժամանակ ներկայացվում էր օպերա։ Մի շարք իսլանդացի օպերային երգիչներ և երգչուհիներ հայտնի են դարձել երկրի սահմաններից դուրս։ Նրանցից Սիգրուն Հյալմտիսդոտտիրը (Դիդդու) երգել է Ռեյկավիկի, Լոնդոնի, Տրոնհեյմի, Գյոտեբորգի, Պեկինի բեմերում։ 1980 թվականին ստեղծվել է Իսլանդիայի օպերայի թատրոնը (իսլ.՝ Íslenska óperan), որում ամեն տարի բեմականացվում են 2-3 օպերային ներկայացումներ։ Իսլանդիայի օպերայի թատրոնը երկրի եզակի մշակութային հաստատություններից է, որը սուբսիդավորվում է պետական բյուջեից։ Ռեյկյավիկից դուրս մեծ կարևորություն ունի Ակուրեյրիի թատերական խումբը, ինչպես նաև ամբողջ երկրում գործող մոտավորապես 80 սիրողական թատերական խմբերը, որոնց գործունեությունը կարգավորվում է պրոֆեսիոնալ թատերական հաստատությունների կողմից։[15]

Իսլանդիայում թատրոնի դերը այնքան բարձր է, որ չորս բնակիչներից երեքը ամեն ամիս հաճախում են ներկայացումներին, իսկ Ռեյկյավիկի քաղաքային թատրոնի տնօրեններից մեկը՝ Վիգդիս Ֆիննբոգադոտտիրը, նույնիսկ ընտրվել է Իսլանդիայի նախագահ 1980 թվականին։[15][19]

Կինեմատոգրաֆ

Բալտազար Կորմակուր

Իսլանդական կինոյի պատմությունը սկսվում է 1906 թվականից, երբ այդ երկրում Ալֆրեդ Լինդի կողմից նկարահանվել է առաջին վավերագրական ֆիլմը, որի տևողությունը ընդամենը երեք րոպե է: Նույն թվականին Ռեյկյավիկում բացվում է երկրի առաջին կինոթատրոնը: 20-րդ դարի սկզբին Իսլանդիայում նկարահանված բոլոր ֆիլմերը արտասահմանյան արտադրության էին (հիմնականում նկարահանվում էին Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների կողմից): Առաջին իսլանդական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը «Յոունի և Գվենդարի արկածներն» է՝ նկարահանված 1923 թվականին:[20].

Իսլանդական կինոիդիստրիան շատ զարգացած է, ինչը հետևանք է ոչ միայն այդ երկրում կինոարտադրության նկատմամբ գործող մեղմ հարկային քաղաքականությանը, այլ նաև այն հանգամանքին, որ երկրի բնակիչները սիրում են արվեստի այդ ճյուղը: Ամեն տարի Իսլանդիայում արտադրվում են տասնյակ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Ամենահայտնի ռեժիսորներն են Բալտազար Կորմակուրը, ով հայտնի է իր իր «101 Ռեյկյավիկ» (իսլ.՝ 101 Reykjavík )[21], «Ծովը» (իսլ.՝ Hafið) ֆիլմերով, Ֆրիդրիկ Թոուր Ֆրիդրիկսսոնը, ում «Բնության զավակները» (իսլ.՝ Börn náttúrunnar) ֆիլմը առաջադրվել է Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում, իսկ 10-րդ Սկանդինավյան փառատոնի արդյունքներով դարձել է 1991-1993 թվականների լավագույն իսլանդական ֆիլմը:[20] Վերջինս Իսլանդիայի կինեմատոգրաֆում խաղացել է ամենամեծ դերը: Նա ստեղծել է Իսլանդիայի առաջին ամսագիրը՝ նվիրված կինեմատոգրաֆին՝ դառնալով դրա գլխավոր խմբագիրը և կինոքննադատը, կազմակերպել է Ռեյկյավիկի կինոփառատոնը (1978), բացել է իր սեփական կինոընկերությունը՝ «Icelandic Film Corporation», և նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից մի քանիսը դարձել են աշխարհահռչակ: [22][23].

Լողավազանում ֆիլմի ցուցադրում 2009 թվականի Ռեյկյավիկի կինոփառատոնի օրերին

Իսլանդիայի կինոմատոգրաֆը անցել է զարգացման մի քանի փուլեր. մինչը 1970-ական թվականները նկարահանվում էին տարբեր ժանրերի ֆիլմեր, իսկ 1980-ական թվականներին վերելք էին ապրում պատմական ֆիլմերը, նկարահանվում էին նաև վավերագրական ֆիլմեր:

1984 թվականին Հրաբն Գյուդնլոյգսսոնը (իսլ.՝ Hrafn Gunnlaugsson) նկարահանել է «Ագռավի թռիչքը» պատմական ֆիլմը, իսկ 1988 թվականին՝ «Ագռավի ստվերը» ֆիլմը, որը, չլինելով նախորդ ֆիլմի շարունակությունը, հանիսանում էր Իսլանդիայի վիկինգների մասին նկարահանված ֆիլմաշարի մասը: Հետագայում ռեժիսորը մի քանի անգամ վերադարձել է Միջնադարյան Իսլանդիայի թեմային և նկարահանել է մի քանի ֆիլմեր, որոնցից առավել սիրված է «Սպիտակ վիկինգը»՝ նկարահանված 1991 թվականին:

1990-ական թվականներին նախապատվությունը տրվում էր սիրային ֆիլմերին, դրամաներին, ինչպես նաև վավերագրական ֆիլմերին, իսկ 2000-ական թվականներին զարգացում է ապրել նաև մուլտիպլիկացիան, այդ թվում՝ 3-D անիմացիան:

Ավանդույթներ և սովորույթներ

Բնակչության կենսակերպը

Իսլանդացիների կենսակերպը և ազգային բնավորության գծերը որոշ չափով պայմանավորված են կղզու կլիմայով և բնությամբ, ինչպես նաև ժողովրդի պատմական անցյալով։ Իսլանդացիները իրենց համարում են բնության մասնիկ և սիրում են հանգստանալ բնության գրկում։ Հավանաբար դրանով է պայմանավորված այն փստը, որ իսլանդացիների մեծ մասը ունեն ամենագնաց ավտոմեքենաներ, որոնցով տարեկան մի քանի անգամ մեկանում են քաղաքից դուրս գտնվող իրենց ամառային տնակներ։ Իսլանդացիները սիրում են ճանապարհորդել, բայց ոչ թե արտասահմանում, այլ իրենց երկրի ներսում․ ամեն տարի իսլանդական ընտանիքները այցելում են երկրի տարբեր պատմական վայրեր և բնության հուշարձաններ։[1]

Իսլանդացիները սիրում են արվեստի բոլոր ճյուղերը։ Նույնիսկ փոքր քաղաքներում կարելի է հանդիպել թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ և պատկերասրահներ։ Միջին իսլանդական քաղաքում մեկ շնչի հաշվով կինոթատրոնների նստատեղերի քանակը չորս անգամ գերազանցում է եվրոպական քաղաքների նույն ցուցանիշին։ Իսլանդացիները սիրում են նաև կազմակերպել խնջույքներ․ ստիպված լինելով դարերի ընթացքում երկարատև ձմեռային երեկոներին զվարճանալ կոլեկտիվով, իսլանդացիների մոտ ձևավորվել է համատեղ խնջույքներ կազմակերպելու ազգային գիծ։[1].

Իսլանդական ձի

Կլիման մեծ ազդեցություն է թողնում իսլանդացիների կյանքի վրա։ Անձրևները ամռանը և ձնաբուքը ձմռանը դժվարություններ էին ստեղծում երկրով տեղաշարժվելու և բեռներ տեղափոխելու համար։ Դարեր շարունակ ձին հանդիսանում էր հիմնական տրանսպորտային միջոցը, օգտագործվում էր բեռնափոխադրումների համար, հողը վարելիս։ Ներկայումս Իսլանդիան եզակի երկրներից է, որում ձիերի քանակը գերազանցում է բնակչության քանակին։ Իսլանդիայում նույնիսկ գոյություն ունի ձիու հատուկ տեսակ՝ իսլանդական ձի, որին հատուկ է կարճ հասակ՝ մինչև 144 սմ, կոպտություն, մեծ գլուխ, հաստ ճակատային մազածածկույթ։

Նշումներ

  1. «frónska» բառը առաջացել է իսլանդերենի պոետիկ անվանումներից մեկից՝ «frón» բառից, որը Երկրի անվանումներից մեկն էր՝ նշված սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի ժողովածուի մեջ՝ Ավագ Էդդայում և Կրտսեր Էդդայում
  2. «Ինքնուրույն մարդիկ» վեպը հայերեն թարգմանությամբ կարելի է գտնել Հայաստանի Ազգային Ակադեմիայի գրադարանում. ԼԱՔՍՆԵՍ Հ. Ինքնուրույն մարդիկ.-Եր.1967,636էջ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ричард Сейл Эти странные исландцы. — М: Эгмонт Россия, 2004. — С 96. — ISBN 5-9539-0372-3.
  2. Исландский язык Большая советская энциклопедия
  3. Руденко Е. Н. Введение в германскую филологию: Курс лекций. Раздел IV. (ռուս.)
  4. Гуревич Е. А. Руны, руническое письмо // Словарь средневековой культуры. — М.: 2003. — С. 415—423.
  5. The First Grammatical Treatise digital reproduction at Old Norse etexts.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.
  7. Lög um mannanöfn — Անունների մասին օրենք՝ ընդունված 1996 թվականին (իսլանդ.)
  8. Margaret Clunies Ross Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.
  9. Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
  10. 10,0 10,1 10,2 Исландия (государство) Большая советская энциклопедия
  11. Сурков А. А. Лакснесс // Краткая литературная энциклопедия. В 9 томах. — М.: Гос. науч. изд-во Сов. энциклопедия, 1966. — Т.3.
  12. Reykjavik Art Museum Ռեյկյավիկի Գեղարվեստի թանգարանի պաշտոնական կայքը(անգլ.)
  13. Íslenski Þjóðbúningurinn Իսլանդացիների ազգային հագուստի մասին հոդված:(իսլանդ.)
  14. «Государственный гимн Исландии». musik og saga. Արխիվացված է օրիգինալից 2011-08-15-ին. Վերցված է November 11, 2005-ին. (անգլ.)
  15. 15,0 15,1 15,2 Performing Arts in Iceland Իսլանդիայի երաժշտության և թատրոնի մասին հոդված (անգլ.)
  16. SINFÓNÍUHLJÓMSVEIT NORÐURLANDS — SAGA HLJÓMSVEITARINNAR 1993—2009(իսլանդ.)
  17. Case closed — It’s True for Iceland! (անգլ.)
  18. Իսլանդիայի Եվրատեսիլի պաշտոնական կայք(իսլանդ.)(անգլ.)(ֆր.)(գերմ.)
  19. Վիգդիս Ֆիննբոգադոտտիրի կենսագրությունը biography.com
  20. 20,0 20,1 Icelandic Films Իսլանդական կինեմատոգրաֆի մասին հոդված (անգլ.)
  21. Сергей Кузнецов (2001, июнь). «Слава Богу, пятница! «101 Рейкьявик», режиссер Бальтазар Кормакур». Искусство кино (ռուսերեն). kinoart.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6–ին-ին.
  22. icelandicfilmcentre.com Իսլանդական ֆիլմի կենտրոնի պաշտոնական կայքը (անգլ.), (իսլանդ.)
  23. Дети Природы Հոդված «Բնության զավակները» ֆիլմի մասին (ռուս.)

Գրականություն

  • Стеблин-Каменский М. И. Древнеисландский язык — 2-е изд. — М։ Едиториал УРСС, 2002. — С 288. — ISBN 5-354-00039-4.
  • Стеблин-Каменский М. И. История скандинавских языков. — М.-Л., 1953.
  • Андрессон К. Современная исландская литература. 1918—1948. — М., 1957.
  • Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М։ АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
  • Стеблин-Каменский М. И. Древнескандинавская литература. — М., 1979.
  • Литературная энциклопедия в 11 тт. — М.։ 1929—1939.
  • Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л։ Наука, 1967. — С 183.

Հղումներ