«Թոնդրակյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26. Տող 26.




{{ՀՍՀ}}





23:03, 19 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Թոնդրակյաններ կամ Թոնդրակյան շարժում, աղանդավորական-սոցիալական շարժում Հայաստանում ` IX-XI դարերում:

Պատմական ակնարկ

Շարժման հիմնադիրը Սմբատ Զարեհավանցին էր, ով Հայաստանի մի շարք վայրերում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո Թոնդրակ ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրել կենտրոն: Նա ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսություններից ստեղծել մեկ միասնական ուսմունք, միավորել խմբավորումները` դառնալով նոր աղանդի օրենսդիր: Շարժումն անվանել են «թոնդրակեցիների աղանդ» կամ պարզապես «թոնդրակեցիներ»:

Ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղացման հետևանքով աղանդը տարածվելով և նորանոր կողմնակիցներ ներգրավելով իր մեջ, վերաճել է հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման` իր դեմ հանելով ոչ միայն հայ եկեղեցուն և խոշոր ավատատերերին, այլև օտար բռնատիրողներին: Վերջիններից էր Մանազկերտի ամիր Աբուլ-Բարդը, ով 840-850-ական թվականներին դաժանորեն ճնշել է շարժումը, որի հետևանքով նահատակվել է նաև Սմբատ Զարեհավանցին:

Այդ դեպքերից հետո շարժումն անկում է ապրել, սակայն X դարի սկզբին Հայաստանի կենտրոնական և հյուսիս-արևելյան գավառներում բռնկված գյուղացիական ընդվզումների շնորհիվ կրկին աշխուժացել է:

Ընդվզումներն առանձնապես մեծ թափ են ստացել Սյունիքում (906-930թթ.) և Այրարատում (915-920թթ.), որոնք վերածվել են ապստամբության: Հատկանշական է Սյունիքի Ցուրաբերդ (Ցուր), Բերդ և Տամալեք գյուղերի բնակիչների պայքարը Տաթևի վանքի դեմ: Ցուրաբերդցիները հարձակվել են վանքի վրա, սպանել վանահորը և թափել մյուռոնը: Սակայն շուտով իշխանական զորախմբերը ճնշել են այդ ընդվզումները:

X դարի կեսերից Թոնդրակյան շարժումը նոր վերելք է ապրել: Հարք գավառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղյուսո, Թուլայլ գյուղերում, Խնուս, Անի և այլ քաղաքներում կազմակերպվել են համայնքներ, որոնք ծավալել են աշխույժ գործունեություն: Քարոզիչներ են գործել Շիրակում, Ռշտունիքում, Մոկքում:

X դարի վերջին և XI դարի սկզբին Թոնդրակյան շարժումը հասել է իր բարձրակետին: Հատկապես եռանդուն են գործել Հարքի և Մանանաղիի համայնքները: Հարքում, եպիսկոպոս Հակոբ Հարքացու գլխավորությամբ թոնդրակեցիները կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992-1019թթ.) հալածել է նրանց, դուրս քշել բնակավայրերից, իսկ Հակոբին բանտարկել և աղվեսադրոշմ խարանել դեմքին:

Մանանաղիի Կաշե և Աղյուսո գյուղերի համայնքները, Կունծիկ աբեղայի ղեկավարությամբ, տոհմիկ կանանց` Հրանույշի, Կամարայի, Ախնիի և իշխան Վրվեռի օժանդակությամբ, քանդել են եկեղեցիները, արտաքսել հոգևորականներին, իսկ 1005թ-ին (այլ տվյալով 1011թ-ին) կործանել Բազմաղբյուր ավանի (Խաչ գյուղ) սրբատեղին: Ի պատասխան` Մանանաղիի եպիսկոպոս Սամվելը ավերել է տվել Կաշե և Աղյուսո գյուղերը, ձերբակալել քարոզիչներին` տարել Ջերմ գյուղաքաղաք և հրապարակորեն աղվեսադրոշմ խարանել դեմքերին: Եպիսկոպոսին սատարել է բյուզանդական դատավոր Եղիան: Նույն ժամանակ Շիրակում մահապատժի է ենթարկվել թոնդրակյան քարոզիչ Ներսեսը:

XI դարի 30-ական թվականներին, երբ Բյուզանդիան ակնհայտ զավթողական քաղաքականություն էր վարում Հայաստանում, Թոնդրակյան շարժումը բռնկվեց նոր թափով: Այս անգամ էլ այն ընդունեց ազգային-ազատագրական բնույթ: Բյուզանդական ֆեոդալները` հայ ավատատերերի հետ պայքար են ծավալել Թոնդրակյան շարժման դեմ: Հայաստանի հարավային նահանգների և Միջագետքի հյուսիսային մասերի բյուզանդական կառավարիչ, հայ խոշոր ավատատեր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու զինվորական ջոկատները 1050-1053 թվականներին ավերել են Թոնդրակ, Կաշե, Թուլայլ, Խնուս և այլ բնակավայրեր` թոնդրակեցիներին արտաքսելով երկրից: Եկեղեցու, խոշոր ավատատերերի և օտար իշխանությունների հալածանքների ու բռնությունների, ինչպես նաև սելջուկյան արշավանքների հետևանքով XI դարի 2-րդ կեսից Հայաստանում ստեղծված աննպաստ իրադրության պատճառով Թոնդրակյան շարժումն սկսեց անկում ապրել և աստիճանաբար վերացավ:

Ուսմունքը

Թոնդրակեցիները ձգտում էին ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության վերացման, եկեղեցական ծեսերի պարզեցման այլ նաև մերժում էին խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները: Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի Աստծո» պաշտամունքը` թոնդրակեցիները մերժել են Հիսուս Քրիստոսի աստվածությունը, մարդկայնացրել նրան` համարելով սոսկ մարգարե: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը` մարդու երկրային արարքների համար: Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք` մարդու և Աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են: Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու: Մարդն ունի մեկ` երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա:

Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր: Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա: Թոնդրակյան շարժումը տարածված է եղել նաև Աղվանքում:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։