«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Տարբերություն չկա)

13:58, 3 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։

Կենսագրություն

Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում։ Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում։

1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին։ 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։ 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ։ Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։

1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին։

Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։ Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ` կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։ Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Մակար Ա Թեղուտցին։

Արտաքին հղումներ


Նախորդող՝
Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1866–1882
Հաջորդող՝
Մակար Ա Թեղուտցի