«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 67. Տող 67.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Վրաստանի արվեստ]]
[[Կատեգորիա:Վրացական արվեստ]]

07:11, 27 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Վրացական արվեստ, Վրաստանի և նրան հարակից տարածքներում գտնվող կամ վրաց ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական մշակութային ժառանգություն։

Ճարտարապետություն

Հնագույն հուշարձանները պատկանում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակին։ 3-րդ հազարամյակից պահպանված Իմիրիս-լեռ գյուղատեղիի՝ հատակագծում շրջանաձև տները, կենտրոնում օջախով ուղղանկյուն շինություններս (Կվաօխելեբի) ուշ շրջանի վրացերեն՝ «դարբագի» բնակարանի նախօրինակն են։

տեսարան Վանի քաղաքից

Անտիկ շրջանի Վրաստանում (մ.թ.ա. 6-5-րդ դարեր-մ. թ. 3-րդ դար) ստեղծվել են մի շարք նշանավոր քաղաքներ (Մցխեթ, Վանի և այլն)։ Այդ շրջանի բազմաթիվ կառույցներ Վանիի տաճարը (մ.թ. ա. 2-րդ դար), Մցխեթի դամբարանը (մ. թ. 1-ին դար), և Զալիսի բաղնիքը (մ. թ. առաջին դարեր) վկայում են հելլենիստական, իսկ մյուսները (Դեդոփլիս-մինդորի տաճարը, մ.թ.ա. 1-ին դար)՝ Իրանի արվեստների հետ եղած կապերի մասին։

Վրացական արվեստի ազգային յուրօրինակությունը հատկապես ակնհայտ է միջին դարերի հուշարձաններում։ Բազմաթիվ կառույցներից (քաղաքների, ամրոցների, պալատների, կամուրջների ավերակներ) առանձնանում են պաշտամունքային շինությունները։ 4-րդ դարում և 5-րդ դարի առաջին կեսին վրաց. ճարտ. (ի սկզբանե քարի և թաղակապ) յուրացրել է համաքրիստոնեական ճարտարապետության ձևերը (բազիլիկ)։ Մշակվել է բազիլիկի յուրօրինակ ձևը, որ ներկայանում է 5-րդ դարի վերջի և 6-րդ դարի կառույցներով (Բոլնիսի Սիոն, Սվետիցխովելի, Մցխեթ և այլն)։

տեսարան Մցխեթ քաղաքից

6-րդ դարում ստեղծվել է յուրօրինակ ոչ գմբեթավոր տիպ, այսպես կոչված, «եռաեկեղեցի բազիլիկ», որի առավել կատարյալ տարբերակը մշակվել է 6-7-րդ դարերի սահմանագծում (Զեգանի, Նեկրիսի և այլն)։ 6-րդ դարի երկորդ կեսից առաջատար է դարձել գմբեթավոր ճարտարապետությունը։ 6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբի Մցխեթի Զվարի մեծ տաճարի ճարտ-ում զարգացվել է Նինոծմինդայի տաճարի (6-րդ դարի երկորդ կես, անկյունային սենյակներով քառակոնք) կոմպոզիցիոն գաղափարը։ Ցրոմիի գմբեթավոր տաճարը (630-ական թվականներ)՝ քրիստոնեական ճարտարապետության «ներգծված խաչ» տիպի հնագույն օրինակներից է։

13-րդ դարի երկորդ կեսից նկատելի են ճարտարապետության ճգնաժամի նշաններ՝ ամբողջ հորինվածքի անօրգանականություն, 14-րդ դարում՝ պրոֆեսիոնալ վարպետության անկում։

15-րդ դարում կատարվել է Լենկթեմուրի ավերած կառույցների վերականգնում, սակայն 16-17-րդ դարերի վերելքի շրջանում էլ ճարտարապետության (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ 14-15-րդ դարերի գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, 15-րդ դարի սկիզբ), իսկ 16-18-րդ դարերում ակնառու են արևելաքրիստոնեական ողջ արվեստի ճգնաժամին բնորոշ ընդհանուր գծեր։

Դավիթ Գարեջայի վանքային համալիր

Ռուսական կայսրությանը Վրաստանի միանալուց հետո (1801) վրացական արվեստը մերձեցել է արևմտաեվրոպական մշակութային ոլորտին։ 19-րդ դարի առաջին կեսի պաշտոն, կառույցները ռուսական կլասիցիզմի ոճի են, այն դեպքում, երբ «ամպիր»-ի տարրերի զուգորդումը ավան- դականին Վրաստանի տարբեր մարզերում և քաղաքներում ստեղծել է բնակելի տների տարբեր տիպեր։ 19-րդ դարի առաջին կեսի կերպարվեստի հիմնական բնագավառը այսպես կոչված «Թբիլիսյան դպրոցի» դիմանկարն է, որը ծաղկում է ապրել 1830-1860-ական թվականներին։ 19-րդ դարի կեսից հանդես են եկել ակադեմիական կրթությամբ մի շարք արվեստագետներ՝ Գ. Մայսուրաձե, Ռ. Գվելեսիանի, Ա. Բերիձե, իսկ 19-րդ դարի վերջին՝ Ա. Մրևլիշվիլի և, հատկապես, Գ. Գաբաշվիլի, որոնք ընդարձակել են վրացական արվեստի թեմատիկան։ 19-րդ դարի երկրորդ կեսի ճարտ-յան մեջ իշխել է համաեվրոպ. էկլեկտիզմը և միայն 20-րդ դարի սկզբին փորձեր են արվել վերածնելու հին վրացական ճարտարապետության ձևերը։

Վրաստանի ճարտարապետության և արվեստի պատմության նոր փուլը սկսվել է սովետական իշխանության հաստատումով։ Առաջին շրջանի (1921-32) ճարտարապետության մեջ «ազգ. ձևի» որոնումներին զուգընթաց (Վրաստանի թանգարանը, 1929, ճարտ. Ն. Սևերով և այլն) եղել են կոնստրուկտիվիստական լուծումների ներդրման փորձեր։ «Մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրով կանգնեցվել են մի շարք հուշարձաններ, զարգացել է քաղ. գրաֆիկան և պլակատը։

Գելաթի վանք

1920-ական թվականների նոր անուններից են գեղանկարիչներ Ե. Ախվլեդիանի, Կ. Մաղալաշվիլի, քանդակագործ Ն. Կանդելակի, բեմանկարիչ Ի. Գամրեկելի, Պ. Օցխելի և ուրիշներ։ Երկրորդ շրջանում (1932-54) ստեղծվել են Վրաստանի քաղաքների գլխավոր հատակագծերը, կառուցվել բնակելի տներ, հասարակական շենքեր, կիրառվել ինչպես դասական ճարտարապետության, այնպես էլ հին վրացական արվեստի ձևերը (Կառավարական տունը, 1938-53, ճարտարապետներ՝ Վ. Կոկորին, Գ. Լեժավա, «Դինամո» ստադիոնը, 1937, ճարտ. Ա. Կուրդիանի, երկուսն էլ Թբիլիսիում և այլն)։ Այդ շրջանի շատ արվեստագետներ 1922-ին հիմնադրված Թիֆլիսի Գեղարվեստի պետ. ակադեմիայի շրջանավարտներ էին (գեղանկարիչներ Ու. Զափարիձե, Ա. Քութաթելաձե, գրաֆիկներ Ի. Գաբաշվիլի, Վ. Գրիգոլիա, Ս. Քոբուլաձե, բեմանկա- րիչներ Ս. Վիրսալաձե, Դ. Թավաձե, քանդակագործներ Շ. Միկաթաձե, Վ. Թոփուրիձե և ուրիշներ)։

Ժամանակակից փուլի համար տիպական են ճարտարապետության մեջ հետահայեցության հաղթահարումը, արդի կոնստրուկցիաները ազգային ավանդույթների հետ համադրելու ձգտումը։ Կերպարվեստին բնորոշ են նոր արտահայտչամի- ջոցների որոնումները, մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության և մոնումենտալ քանդակագործության նկատմամբ հատուկ ուշադրությունը (գեղանկարիչներ և գրաֆիկներ Ա. Բանձելաձե, է. Կալանդաձե, Գ. Քութաթելաձե, Կ. Մախարաձե, Թ. Միրզաշվիլի, Զ. Նիժարաձե, Ռ. Թորդիա, Զ. Ծերեթելի, Դ. Էրիսթավի, քանդակագործներ է. Ամաշուկելի, Մ. Բերձևեիշվիլի, Դ. Օչիաուրի, բեմանկարիչներ Գ. Գունիա, Գ. Մեսխիշվիւի, «Սամեուլի» և ուրիշներ), խիստ բազմազան է դեկորատիվ-կիրառական արվեստը (խեցեգործություն, ապակի, գոբելեն, դրվագում)։

Կերպարվեստ

Հայտնի են այդ շրջանի խեցեղեն իրերն ու կավե արձանիկները։ Ոսկերչական արվեստը ծաղկում է ապրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, տարածում են գտել բրոնզե կերտվածքները՝ ձուլածո արձանիկներ, «կոլխյան» կացիններ, փորագրված գոտիներ։ Միաժամանակ տեղական առանձնահատկությունները արտահայտվել են բրոնզյա, այսպես կոչված, «կոլխյան վահանակածներում (մ.թ.ա. 3-րդ դար -մ. թ. 3-րդ դար)։ Հելլենիստական արվեստի հետ աղերսվում են նաև այնպիսի հուշարձաններ, ինչպես Վանիի (մ.թ.ա. 3-2-րդ դարեր), Սարկինայի (մ.թ.ա. 2-րդ դար) քանդակները, Զալիսի խճանկարները և այլն։

Շոթա Ռուսթավելի, Ընձենավորը

Համաքրիստոնեական և իրանական մոտիվների ու թեմաների գծա-դեկորատիվ վերամշակումը առկա է նաև քանդակազարդումների (ճարտարապետական հարդարանք, ստելաներ), խճանկարչության մեջ (5-6-րդ դարեր)։ 7-րդ դարի կեսից նկատելի է այդ, այսպես կոչված, «դասական ոճի» (Սամծերիսի) ավարտունությունը, որ դրսևորվել է 8-րդ դար-10-րդ դարի առաջին կես։ Մի շարք տեղական դպրոցներում կատարվել են նոր «ճարտարապետական լեզվի» որոնումներ (Գուրջաանիի 8-րդ դար, Վաչ-նաձիանիի 9-րդ դար, գմբեթավոր տաճարները)։ Քանդակագործության ասպարեզում վերջնականորեն հաղթահարվել է հելլենիստական ժառանգությունը (Աշոտ Կյուրապաղատի պատկերով հարթաքանդակը, Օպիզա, 9-րդ դար, Զարզմայի Աստվածածնի վերափոխման սրբապատկերը, 886 և այլն)։ Նույնը առկա է գեղանկարչության մեջ (Դավիթ Գարեջայի, Նեսգունի որմնանկարները, Ցիլկանի Աստվածածնի սրբապատկերը են), իսկ գրքի մանրանկարչությունը կախման մեջ է հին նմուշներից («Ադիշի ավետարան», 897)։

10-րդ կեսին հիմնականում ավարտվել է այսպես կոչված «գեղանկարչական ոճ»-ի կոնստրուկտիվ և գեղարվեստական-դեկորատիվ միջոցների ձևավորումը։ 11-րդ դարի սկզբի երեք գմբեթավոր կաթողիկեներում՝ Քութայիս (1003), Աչավերդի, Սվետիցխովելի (1010- 1029), արդեն չկա 10-րդ դարի ճարտարապետության յուրահատուկ ճկունությունը, իսկ 1030-ական թվականներին տեղի է ունեցել հատակագծերի միասնականացում (երկսյուն «ներգծված խաչ» և դահլիճավոր եկեղեցի՝ վաղ շրջանի բազմազան տիպերի փոխարեն) և կազմավորվել է ճակատների հարուստ հարդարանքի ամբողջովին փոխկապակցված համակարգը (Սամթավիսի, 1030 և այլն)։

Աթենի Սիոն

10-11-րդ դարերի նշանակալի զարգացում է ապրել քարի և մետաղի քանդակագործությունը։ 10-11-րդ դարերի սահմանագծին նախկին մասնակի որմնանկարների փոխարեն ստեղծվել են ճարտ. հետ խստորեն հարաբերակցված ամբողջական որմնանկարներ (Դավիթ-Գարեջա, Աթենի Սիոն և այլն), որոնք բյուգանդականի հետ ընդհանուր հատկանիշներից բացի ունեն պատկերագրության և ոճի ինքնատիպություն, առանձնանում են մի քանի տեղական դպրոցներ (տաոկլարջեթյան, գարեջիական, սվանո-ռաճյան)։

Մանրանկարչությունը, որ 10-րդ դարում ստեղծել էր վառ ինքնատիպ հուշարձաններ (I «Զրուչի ավետարան», 940), 11-րդ դարում նկատելիորեն հետևել է բյուզանդական կանոններին («Զաքարիա Վալաշկերտցու վարքը»)։ 12-13-րդ դարերի ճարտարապետությունը շարունակել է 11-րդ դարի ճարտարապետության միտումները, սակայն տաճարները դարձել են կամերային, փոքրաչափ, աչքի են ընկնում նուրբ դեկորատիվությամբ (Իկորթա, Փիտարեթի և այլ գմբեթավոր տաճարները)։ Դեկորատիվությունը գերակշիռ տեղ է գրավում նաև 12-13-րդ դարերի դրվագումներում։ Գծանկարով ու կոլորիտով հիանալի են նկարիչներ Տևդորեի (11-12-րդ դարեր) և Միքայել Մաղլակելիի (1140) արտահայտիչ որմնանկարները, Գելաթիի գլխավոր տաճարի, Վարձիայի, Բեթանիայի, Ղինծվիսիի, Տիմոթեսուբանիի, Բերթուբանիի նուրբ խճանկարները, որոնց մոտ են երփնագիր սրբապատկերները։ Մանրանկարներում միավորված են բյուզանդական կամ արևելյան արվեստի նվաճումներն ու որոշակիորեն ազգային կերպավորումը («Զրուչի ավետարան», 12-րդ դար, «Աստղագիտական տրակտատ», 1188, «Գրիգոր Աստվածաբանի ճառը», 13-րդ դար և այլն)։

19-20-րդ դարերի սահմանագծին Յա. Նիկոլաձեի ստեղծագործությամբ դրվել են վրացական ռեալիստական քանդակագործության հիմքերը, եվրոպական և ռուսական գեղանկարչության նվաճումները իրենց արտահայտությունն են գտել Մ. Թոիձեի և Ա. Ցիմակուրիձեի նկարներում, իսկ Վ. Սիդամոն էրիսթավին և, հատկապես, Դ. Կակաբաձեն, Լ. Գուդիաշվիլին, Շ. Քիքոձեն ձգտել են արվեստի նոր հոսանքները օրգանապես միահյուսել ազգ. ավանդույթներին։

Երաժշտություն

Վրաստանի հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ.թ.ա. 4-րդ դարի հույն պատմաբան Քսենոֆոնը։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային են), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։

Ժողովրդական պարերից տարածված են քարթուլի, փերխուլի, ցերուլի, խորումի և այլն։ Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները՝ չոնգուրի, փանդուրի, չանգի (լարային կսմիթավոր), չունիրի (լարային աղեղնավոր), գուդաստվիրի (պարկապզուկ), սալամուրի (շվի), լարչեմի (բազմափող ֆլեյտա), քնարի (քնար), բուկի (փող), սաղվիրի (ազդանշանային Փող), դհոլի (երկկողմանի թմբուկ), դայրա (դափ) են։ Վրացական երաժշտական բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խըմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։ 4-րդ դարում ծագել է վրաց. եկեղեցական երաժըշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։

10-րդ դարում ստեղծվել է Մ. Մողրեկիփի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես 17-րդ դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ 19-րդ դարում Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին Թիֆլիսում բացվել է օպերային թատրոն, 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտ. դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ. Սարաջիշվիլու անվան), 1883-ին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։ Վրացական նոր պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներն էին Մ. Ա. Բալանչիվաձեն, Դ. Ի. Արաղիշվիլին և ազգային կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Զ. Պ. Փալիաշվիլին։

Մինչխորհրդային շրջանի լավագույն ստեղծագործությունները Մ. Բալանչիվաձեի և Դ. Արաղիշվիլու ռոմանսներն էին, Մ. Բալանչիվաձեի «Նենգ Դարեջան» (հատվածներ, 1897), Դ. Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Զ. Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» (1919), Վ. Ի. Դոլիձեի «Քեթո և Կոտե» (1919) օպերաները, Ն. Մուլխանիշվիլու խմբերգերը։

Երաժշտությունը բուռն զարգացում է ապրել խորհրդային շրջանում:

Հայկական հետք

Վրաստանի ճարտարապետության մեջ ավանդ ունեն նաև հայերը։ Դեռևս 7-րդ դարի հայ ճարտարապետ Թոդոասկը շինել է Աթենիի Սիոն հռիփսիմեատիպ եկեղեցին, հայ վարպետները մասնակցել են Մցխեթի Ջվարի տաճարի կառուցմանը։ 11-րդ դարում կառուցվել են Խոժոռնիի հայկական եկեղեցին, Կյուրիկյանների առաջին մայրաքաղաք Սամշվիչդեի պաշտպանական, պալատական շենքերը և եկե- ղեցիներից երեքը։ Հայերը մեծ դեր են ունեցել Թբիլիսիի կառուցապատման գործում սկսած 13-րդ դարից։

Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցին հայաշատ Հավլաբար թաղամասում

16-րդ դարում Կախեթի թագավորության մայրաքաղաք Գրեմիում կազմավորվել է խոշոր հայկական գաղութ, որըզբաղեցնում էր մոա 30 հա տարածքով առանձին թաղամաս, ուր կառուցվել են տաս եկեղեցի, շուկա, իջևանատուն, բաղնիք։ Եկեղեցիների մեծ մասը գմբեթավոր են, նրանց շինությունների արձանագրությունները փորագրված են պատերի շարվածքում ագուցված խաչքարերի վրա։ Ինքնատիպ է սուրբ Աստվածածին եկեղեցու եռահարկ գմբեթավոր հորինվածքը (կառուցել է Մկրտիչը, 1595-ին), Թելեթի հայկական վանքը (11-19-րդ դարեր) վրաց.։ Հայկ. եկեղեցիներ են կառուցվել Ալիում (13-րդ դար), Քանդայում (1471) և Կավթիսխևիում (1595)։

Անանուրի ամրոցի Մեծ եկեղեցին կառուցել են Գրիգորը և շինարար վարպետները 1688 թվականին։ Կառուցման թվականը հայերեն փորագրված է շենքի արևելյան ճակատին, իսկ ճարտարապետի անունը, ուռուցիկ տառերով՝ հարավային պատին, քանդակազարդ խաչի տակ։ Մեկ զույգ մույթերով գմբեթավոր այս եկեղեցին ուշագրավ է արտակարգ հարուստ արտաքին հարդարանքով։ Ամրոցի ստորոտին կանգուն է Մ. Աստվածածին հայկ. եկեղեցին, որը կառուցել է Հակոբ Լազարիչը 1850-ին։ Գորիից ոչ հեռու գտնվում է Քվաքսվրեւիի հայկ. ժայռափոր վանքը (16-17-րդ դարեր)։ Թելեթի վանքը, ըստ պահպանված հայերեն արձանագրությունների, հիմնադրվել է 11-րդ դարում (եկեղեցին կառուցել են Ուտա և Գրիգոր վարպետները 1002-ին, հիմնովին վերակառուցվել է 19-րդ դար)։

Եռանավ բազիլիկի հորինվածքով եկեղեցուն կից է քառահարկ զանգակատունը (1832), որի պատին ագուցված է վիշապասպան Սուրբ Գևորգի հարթաքանդակը (1792)՝ երկլեզվյան (հայերեն ու վրացերեն) նվիրատվական արձանագրությամբ։ Վրաստանում հայերը աշխարհիկ ու պաշտամունքային շատ շենքեր են կառուցել հատկապես 19-րդ դարում, որոնց թվում են Սղնախի, Վեչիսցքւխեի, Թելավի, Աբասթումանի, Մուխրանի, Լենինգորիի եկեղեցիները են։ Ախալցխայի Մ. Վարդան եկեղեցին (1862-68) իր բարձրադիր տեղադրությամբ իշխող դիրք է գրավում քաղաքի համայնապատկերում։ Այն կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից և ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Արմ. կողմից կից է եռահարկ զանգակատունը։ Արևելյան, հարավային և հյուսիսային ճակտոնների վրա կան փոքրիկ սյունազարդ ռոտոնդաներով զանգակատներ, որոնց շնորհիվ եկեղեցին ձեռք է բերում հնգագմբեթ ինքնատիպ ուրվագիծ։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։